Բույսերի կարանտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի կարանտին, պետական միջոցառումների համալիր, որն ուղղված է գյուղատնտեսական բույսերի վտանգավոր վնասատուների, հիվանդությունների և չարորակ մոլախոտերի թափանցումը և տարածումը կանխարգելելուն։

Բույսերի կարանտինը կիրառվում է բուսական հարստությունները պաշտպանելու համար։ Յուրաքանչյուր տարի բույսերի վնասատուները և հիվանդությունները ոչնչացնում են աշխարհի պարենային կուլտուրաների պոտենցիալ բերքի 20—25%-ը։

Բույսերի կարանտինին վերաբերող առաջին օրենքը հրապարակվել է Ֆրանսիայում (1660)։ 1870—1915-ին կարանտինային օրենքներ են ընդունվել գյուղատնտեսական զարգացած արտադրություն ունեցող ՝ և կուսական նյութեր փոխանակող երկրների մեծ մասում։

Կարանտինային միջոցառումները կարող են լինել արտաքին և ներքին։ Արտաքինի դեպքում նավահանգիստներում, օդանավակայաններում, սահմանամերձ երկաթուղային կայաններում, արտասահմանից ներմուծվող մթերակայաններում և այլ կառույցներում ստուգում և վարակազերծում են բուսական ծագում ունեցող մթերքները, հումքը, տնկանյութը, սերմնանյութը և փոստային ծանրոցները։ Արգելվում է վարակված բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների ներմուծումը։ Ներքին կարանտինային միջոցառումներով հսկում են երկրի ներսում բուսական նյութերի փոխադրումները։

Հայաստանում սահմանափակ օջախներով տարածված կարանտին վնասատուներից են. խնձորենու բրդապատ լվիճը՝ հյուսիսարևելյան, Ստեփանավանի, Գուգարքի, Վանաձորիի, Դիլիջանի, Գորիսի, Սիսիանի, Կոտայքի շրջաններում և Երևան քաղաքում, Մեղրու գնդաձև կեղծ վահանակիրը՝ Մեղրու և Արտաշատի շրջաններում, խաղողի ֆիլոքսերան՝ Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի, Թումանյանի շրջաններում, կոլորադյան բզեզը՝ Շամշադինի շրջանում, կալիֆոռնիական վահանակիրը և արևելյան պտղակերը՝ հյուսիսարևելյան շրջաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 302