Հերբիցիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերբիցիդի հետքը
Picloram.svg
2,4-Dichlorophenoxyacetic-acid-3D-spacefill.png

Հերբիցիդներ` քիմիական նյութեր. կիրառվում են, անհրաժեշտության դեպքում, բուսականությունը ոչնչացնելու համար։ Լինում են համատարած ազդեցության հերբիցիդներ՝ ոչնչացնում են բույսերի բոլոր տեսակները, ընտրողական ազդեցության հերբիցիդներ՝ ոչնչացնում են միայն որոշակի տեսակի բույսեր։ Առաջիններն օգտագործվում են արդյունաբերական օբյեկտների, անտառահատված տեղամասերի, օդանավակայանների, երկաթուղային և խճուղային ճանապարհների շուրջը, բարձր լարվածության էլեկտրահաղորդականության գծերի տակ, ցամաքաային ջրանցքներում, լճերում, ջրամբարներում եղած բուսականությունը ոչնչացնելու, իսկ երկրորդները՝ գյուղատնտեսական բույսերը մոլախոտերից պաշտպանելու համար։ Այս բաժանումը պայմանական է, քանի որ նույն նյութի տարբեր կոնցենտրացիաները, ծախսի նորմաները և կիրառման պայմանները կարող են փոփոխել ազդեցության բնույթը։ Հերբիցիդների ազդեցության ընտրողականությունը որոշվում է պատրաստուկի քիմիական բաղադրությամբ, ձևով և չափաքանակով, ցանքսերի մշակման մեթոդներով և ժամկետներով, բույսերի աճի փուլերով, նրանց անատոմիական և մորֆոլոգիական կառուցվածքով, հողակլիմայական պայմաններով ևս։ Տարբերվում են հերբիցիդների կենսաքիմիական և տեղագրական ընտրողականություն։ Կենսաքիմիական դեպքում հերբիցիդների ազդեցությունը կախված է բույսերի նյութափոխանակությանը դրանց մասնակցությունից, իսկ տեղագրականը՝ բույսերի անատոմիա-մորֆոլոգիական կառուցվածքների տարբերությունից և հերբիցիդների ներմուծման եղանակից։ Բույսերի մեջ հերբիցիդների տեղաբաշխվելու ունակությանը համապատասխան լինում են կոնտակտ և համակարգային։ Կոնտակտ հերբիցիդներ (հանքայուղեր, ԴՆՕԿ, նիտրաֆեն, ռեգլոն ևն), ընկնելով բույսի վրա, առաջացնում են հյուսվածքի տարբեր մասերի տեղական թունավորում։ Համակարգայինները (դալապոն, 2,4-Դ, սիմազին, ատրազին, մոնուրոն, Տորդոն-22 Կ, Բանվել-Դ ևն) կարող են տեղաշարժվել բույսերի անոթային համակարգով սննդանյութերի և նյութափոխանակության արգասիքների հետ և առաջացնել ընդհանուր թունավորում (ցողունների և տերևների ձևափոխում, աճի աստիճանական ընկճում ևն)։ Հերբիցիդներով կարելի է պատել բույսերի տերևային մակերեսը (տերևայիև հերբիցիդներ) և մտցնել հողի մեջ (հողային հերբիցիդներ)։ Հերբիցիդների հատկությամբ հայտնի է 1000-ից ավելի միացություն, որոնցից մոլախոտերի դեմ պայքարելու համար օգտագործվում է մոտ 140-ը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png