Լոլա Ալվարես Բրավո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոլա Ալվարես Բրավո
Ի ծնեիսպ.՝ Dolores Concepción Martínez de Anda
ԿեղծանունLola Álvarez Bravo[1]
Ծնվել էապրիլի 3, 1903(1903-04-03)[2] կամ 1907[3]
ԾննդավայրԽալիսկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել է1993[3]
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5]
ԿրթությունEscuela Nacional Preparatoria?
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱմուսինՄանուել Ալվարես Բրավո

Լոլա Ալվարես Բրավո (իսպ.՝ Lola Álvarez Bravo, ծննդյան անունը՝ Դոլորես Մարտինես դե Անդա, ապրիլի 3, 1903(1903-04-03)[2] կամ 1907[3], Խալիսկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - 1993[3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի լուսանկարիչ։ Թինա Մոդոտտիի, Ֆրիդա Կալոյի, Դիեգո Ռիվերայի և ամուսնու՝ Մանուել Ալվարես Բրավոյի հետ միասին Մեքսիկայում հետհեղափոխական վերածննդի առանցքային գործիչ։

Դոլորես Մարտինես դե Անդան ծնվել է հարուստ ընտանիքում Մեքսիկայի Խալիսկո նահանգի Լագոս դե Մորենոս քաղաքում։ Մայրը մահացել է, երբ Լոլան երկու տարեկան է եղել, հինգ տարի հետո՝ 1916 թվականին, մահացել է հայրը[6]։ Եղբոր հետ հաստատվել են մեծ եղբոր մոտ Մեխիկոյում։ Լոլան սովորել է Սագրադո Կորասոն քոլեջում[7]։

1925 թվականին Լոլան ամուսնացել է իր երկար տարիների ընկեր Մանուել Ալվարես Բրավոյի հետ[8] և տեղափոխվել Օախակա, որտեղ Մանուելն աշխատել է ֆեդերալ կառավարությունում, իսկ Լոլան սկսել է ստեղծել իր առաջին լուսանկարները[6][9]։ Նրանք Մեխիկո են տեղափոխվել և 1927 թվականին ծնվել է նրանց որդին՝ Մանուել կրտսերը։ Լոլան և ամուսինը խնդիրներ են ունեցել և առանձնացել են 1934 թվականին, ամուսնալուծվել են 1948 թվականին[9]։

Մանուելը լուսանկարչությամբ զբաղվել է պատանի տարիքում։ Նա Լոլային սովորեցրել է լուսանկարել և միասին լուսանկարներ են ստեղծել Օախակայում։ Մանուելը Լոլային նաև սովորեցրել է ֆիլմեր ստեղծել, ինչպես նաև մութ սենյակում դրանք տպել։ Երբ նա լրջորեն սկսել է զբաղվել լուսանկարչությամբ, Լոլան դարձել է նրա օգնականը, չնայած Լոլայի մոտ մեծ է եղել ինքնուրույն նկարիչ դառնալու ցանկությունը։ Նրանց բաժանումից հետո Լոլան պահել է Ալվարես Բրավո ազգանունը[7]։

1930-ական թվականներին ամուսնուց բաժանվելուց հետո Լոլան տարրական դպրոցում աշխատել է որպես արվեստի ուսուցիչ, այնուհետև՝ Կրթության վարչությունում զբաղեցրել է լուսանկարներ ցուցակագրողի պաշտոնը[9]։ Պատահական հանդիպման ժամանակ լուսանկարել է կրթության նախարարին, ով հավանելով նկարը՝ Լոլայի աշխատանքները ցույց է տվել ազդեցիկ մարդկանց, ովքեր 1930-ական թվականներին նրան աշխատանքի են տեղավորել El Maestro Rural (Գյուղական ուսուցիչ) ամսագրում՝ որպես գլխավոր լուսանկարիչ[10]։ Լոլան լուսանկարում էր Մեքսիկայի դպրոցները, գործարանները, ագարակները, որբանոցները, հրշեջ կայանները, հիվանդանոցները, որոնք հայտնվում էին ամսագրի հոդվածներում։ Ալվարես Բրավոն հայտնի է դարձել, երբ 1940-ական թվականներին լուսանկարել է իր մոտ ընկերոջը՝ Ֆրիդա Կալոյին, որտեղ արտիստին լուսանկարել է ավտոբուսի պատահարի և Դիեգո Ռիվերայի հետ հարաբերությունների ցավը վերապրելու ժամանակահատվածում։

Լոլա Ալվարես Բրավոն եղել է Գեղարվեստի ազգային ինստիտուտի լուսանկարների բաժնի տնօրեն։ 1951 թվականին նա բացել է պատկերասրահ և առաջինն է եղել, որ Մեխիկոյում ցուցադրել է Ֆրիդա Կալոյի աշխատանքները[11]։ Լոլան Սան Կառլոս ակադեմիայում լուսանկարչություն է դասավանդել[փա՞ստ]:

Շուրջ 50 տարի Լոլան լուսանկարել է տարբեր թեմաներ՝ ստեղծելով Մեքսիկայի գյուղերի ու քաղաքների փողոցների առօրյա կյանքի վավերագրական պատկերներ[11], տարբեր երկրների առաջնորդների դիմանկարներ։ Նա հմտացել է նաև ֆոտոմոնտաժի գործում։ Լուսանկարել է մինչև 79 տարեկան հասակում կուրանալը[12]։

Լոլայի աշխատանքները վավերագրում են Մեքսիկան և նրա ժողովրդի կենսակերպը մարդասիրական տեսանկյունից[7]։ Նա առաջին լուսանկարիչն է եղել, ում աշխատանքները ցուցադրվել են Մեքսիկական պլաստիկայի սալոնում, և նա դարձել է այս հաստատության անդամ[7]։ Լոլա Ալվարես Բրավոյի աշխատանքների արխիվը գտնվում է Թուսոնի Արիզոնայի համալսարանի Ստեղծարար լուսանկարչության կենտրոնում (CCP)[11], որը տնօրինում է նրա աշխատանքների հեղինակային իրավունքը[13]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ (1903-1927)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլորես Կոնսեպսիոն Մարտինես դե Անդան[14], որը երիտասարդ տարիքից հայտնի է որպես Լոլա[15], ծնվել է 1903 թվականի ապրիլի 3-ին, Լագոս դե Մորենո քաղաքում (Խալիսկո նահանգ, Մեքսիկա) Սառա դե Անդայի և Գոնսալո Մարտինեսի ընտանիքում, որը վաճառական է եղել և զբաղվել է Մեքսիկա արվեստի առարկաներ և կահույք ներմուծելով։ Նրա ծնողները հավանաբար ամուսնալուծվել են, երբ Լոլան շատ փոքր է եղել[16]։ Երբ նա մոտ երեք տարեկան էր, հայրը նրան և ավագ խորթ եղբորը՝ Միգելին տարել է իր մոտ՝ Մեխիկո, որտեղ նրանք ապրել են 28 սենյակներով մեծ առանձնատանը[16]։ Նրա եղբոր ընկերներից մեկը, ով ապրում էր մոտակայքում՝ Մանուել Ալվարես Բրավոն, հաճախակի է այցելել Ֆակտոր փողոցի վրա գտնվող իրենց տուն (այժմ՝ Ալյենդե փողոց)[17]։

Գոնսալո Մարտինեսը մահացել է սրտի կաթվածից 1916 թվականին՝ դստեր հետ գնացքով ճանապարհորդելիս[18]։ Հոր մահից հետո Լոլան լքել է նրա տունը՝ տեղափոխվելով եղբոր և նրա կնոջ հետ ապրելու Սանտա Թերեզա փողոցի վրա գտնվող բնակարանում (այժմ՝ Գվատեմալա փողոց)։ Փորձելով ապահովել, որ նա դառնա պատասխանատու կին և տնային տնտեսուհի, եղբոր կինը[17] նրան ուղարկել է սովորելու Սագրադո Կորասոն քոլեջում (իսպ.՝ Colegio del Sagrado Corazón)[19][20]: Դժգոհ լինելով իրեն առաջարկված ճակատագրից՝ Մարտինեսն ավելին է ուզել՝ ասելով.

Չգիտեմ, թե ինչու մանկուց ես մտածում էի, որ ուզում եմ անել այն, ինչ ոչ բոլորն են անում։ Իմ կյանքում ամենաշատը ատում էի այն, որ նրանք ինձ հրամայում էին և սահմանափակում իմ ազատությունը[20]։

Լոլան ուսումը շարունակել է Ազգային նախապատրաստական դպրոցում, որտեղ 1922 թվականին ծանոթացել է Ֆրիդա Կալոյի հետ[21]։ Երկու կանանց միջև մտերիմ ընկերություն է ստեղծվել, որը շարունակվել է ամբողջ կյանքի ընթացքում[22]։ Միևնույն ժամանակ նրա մտերմությունը մանկության ընկեր Մանուել Ալվարեսի հետ վերածվել է ռոմանտիկ հարաբերությունների։ Զույգը հաճախ միասին թափառել է փողոցներում՝ քաղաքի կեղտից և աղքատությունից վեր գտնելով գեղեցկությունը[23]։

1925 թվականին Մարտինեսն ու Ալվարեսն ամուսնացել են, և Լոլան վերցրել է ամուսնու ազգանունը[24]։ Նրանք տեղափոխվել են Օախակա նահանգ, որտեղ Մանուելը որպես հաշվապահ աշխատանք է գտել Ազգային հաշվապահական վարչությունում[23]։ Նա համարվել է նաև տեղական նկարիչների համայնքի անդամ[15]։ Ազատ ժամանակ Մանուելը, ով դեռահաս տարիքում լուսանկարչություն է սովորել, կնոջը սովորեցրել է, թե ինչպես օգտագործել տեսախցիկը և երևակել ժապավենը[17][25]։ Ինչպես Մեխիկոյում, զույգը սիրում էր շրջել փողոցներով, բայց այժմ սկսել էին վավերագրել իրենց տպավորությունները՝ լուսանկարելով դրանք[17]։ Ալվարեսն իր առաջին լուսանկարներն էր կատարել Օախակայում[19][15]՝ ամուսնու կողմից նախընտրած այլաբանական ոճով[21]։ Երբ Լոլան հղիացել է, զույգը 1927 թվականին որոշել է վերադառնալ Մեխիկո, որպեսզի մոտ գտնվի համապատասխան բժշկական հաստատություններին և ընտանիքին։ Հենց այստեղ էլ ծնվել է նրանց միակ երեխան՝ Մանուել Ալվարես Բրավո Մարտինեսը[26]։ Չնայած Մանուելը դեռ աշխատել է Ազգային հաշվապահական վարչությունում, նա ազատվել է աշխատանքից որդու՝ Մանուելիտոյի ծնվելուց անմիջապես հետո, որպեսզի ավելի կենտրոնանա պրոֆեսիոնալ լուսանկարչի կարիերայի վրա[23]։ Երբ Լոլան սկսել է զարգացնել լուսանկարչության արվեստի իր սեփական տեսլականը և դժգոհել է իր ամուսնու լուսանկարները պարզապես երևակելուց, նրանց հարաբերություններում սկսել է լարվածություն առաջանալ[15][23]։

Լուսանկարչի կարիերայի սկիզբը (1927-1934)[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին, իրենց տանը արվեստի պատկերասրահ բացելուց հետո, զույգը ցուցադրել է նկարիչ ընկերների, այդ թվում՝ Խոսե Դավիդ Սիկեյրոսի, Խոսե Կլեմենտե Օրոսկոյի, Դիեգո Ռիվերայի[23] և Ռուֆինո Տամայոյի[19] ստեղծած լուսանկարներն ու նկարները։ Մանուելը լուսանկարչական դիմանկարների ստեղծման պատվերներ է ընդունել և Լոլային է վստահել իրենց որդու կրթությունը[26]։ Նրան վստահելով երկրորդական գործեր, ինչպիսիք են քիմիական նյութերը խառնելը և լուսանկարների տպագրությունը, Մանուելը դժկամությամբ է թույլ տվել կնոջը ժամանակ անցկացնել ֆոտոխցիկով, բայց նա գաղափարներ է տվել նրա աշխատանքի համար և աստիճանաբար սովորեցրել արհեստը[27]։ Այն ժամանակ, երբ թերթերի լուսանկարիչների մեծամասնությունը ամենաշատը հետաքրքրված էր նկարներ ստեղծելով, որոնք կարող էին գրավել հնարավորինս լայն լսարանի ուշադրությունը, Մանուելը Լոլային սովորեցրել է հեռու մնալ թեմաներից, որպեսզի կարողանա լուսանկարչական ժապավենի վրա դրոշմել նկարահանվածի խորը էությունը[28]։ Նա նաև ուսումնասիրել է իր նկարիչ ընկերների նկարները պատկերասրահում՝ ուսումնասիրելով կոմպոզիցիան[23]։ 1930 թվականին նա ստացել է իր սեփական լուսանկարչական ապարատը, երբ Թինա Մոդոտտին վաճառել է նրան իր «Գրաֆլեքսը», նա գումար է հավաքել իր սիրեցյալի՝ Խուլիո Անտոնիո Մելյայի սպանությունից հետո երկրից հեռանալու համար[29]։ 1931 թվականին երբ Մանուելը ծանր հիվանդացել է, նա ստանձնել է նրա պատվերների կատարումը և ղեկավարել պատկերասրահը՝ իրենց եկամուտները ապահովելու համար[27]։

1933 թվականին Լոլան հանդիպել է ամերիկացի լուսանկարիչ Պոլ Ստրենդին, ում վավերագրական լուսանկարչական ոճը գրավել է նրա ուշադրությունը և նրան ավելի է դուր եկել, քան ամուսնու ոճավորված լուսանկարները[21]։ Նա եզրակացրել է, որ լուսանկարչությունը պատմության տարեգրություն է, որը վավերագրում է հասարակության վերափոխումը։ Ալվարեսը լուսանկարչական ապարատը համարել է «երրորդ աչք»[30]։ Նրա վաղ շրջանի աշխատանքներից մեկը կոչվում է «Այցելություն» (իսպ.՝ La Visitación) և նկարվել է Մանուելի և ֆրանսիացի լուսանկարիչ Անրի Կարտիե Բրեսոնի հետ շրջագայության ժամանակ։ Նրանք գնացել են Թեհուանտեպեկ, որտեղ Լոլան նկարել է դռան մոտ կանգնած երկու կնոջ, որոնք մխիթարել են միմյանց[31]։ Մարդկանց տարբեր դիրքերով լուսանկարերելու փոխարեն, ինչպես բնորոշ է եղել իր ամուսնու աշխատանքին[21], կամ Մոդոտտիին բնորոշ գաղափարական դիմանկարներին[32], Ալվարեսի աշխատանքները կենտրոնանում էին լուսանկարչական ապարատով պատկերված առօրյա կյանքի նուրբ մանրամասների և պահերի վրա[21][31]։ 1934 թվականին նա դարձել է Հեղափոխական գրողների և նկարիչների նորաստեղծ լիգայի անդամ (իսպ.՝ Liga de Escritores y Artistas Revolucionarios) և Մանուելի և Էմիլիո Ամերոյի հետ հիմնադրել է Մեքսիկայի ամենաառաջին կինոակումբներից մեկը[33]։ Երբ ձևավորվել է իր սեփական ոճը և Լոլան ցանկացել է դառնալ լիովին անկախ ստեղծագործող անձնավորություն, ամուսինների միջև լարվածությունն ուժեղացել է, և 1934 թվականին Ալվարեսը վերցրել է որդուն և հեռացել Մանուելից[15][34], չնայած նրանք պաշտոնապես ամուսնալուծվել են միայն 1948 թվականին[15]։ Երբ նրանք բաժանվել են, նա արդեն հաստատվել է որպես պրոֆեսիոնալ լուսանկարիչ։ Տեղական մի քանի ամսագրերում[35] աշխատանք ստանալուց հետո նա պահպանել է Ալվարես Բրավո ազգանունը՝ այն օգտագործելով իր մասնագիտական գործունեության մեջ[20][25]։

Ստեղծագործական ծաղկունք (1935-1971)[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին նկարչուհի Մարիա Իսկերդոյի տուն տեղափոխվելուց հետո, որը գտնվում էր Գեղարվեստի ազգային ինստիտուտի մոտակայքում[19][21], Ալվարեսը սկսել է աշխատել տարրական դպրոցում՝ որպես նկարչության ուսուցիչ։ Մարիայի տունը ծառայել է որպես մտավորականների, նկարիչների և քաղաքական գործիչների հանդիպման վայր, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել մեքսիկական մշակութային ինքնության ձևավորման վրա, որը սահմանվել է հետհեղափոխական դարաշրջանում[36]։ Նա նաև լուսանկարչական պատվերներ է վերցրել «Avance», «Espacio», «Futuro», «Vea» և «Voz» ամսագրերից[15] և շուտով ձեռք բերել բարձր պրոֆեսիոնալ ֆոտոլրագրողի համբավ[21]։ 1935 թվականին նա մասնակցել է իր առաջին խմբակային ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր երկու սյուրռեալիստական կոլաժները Գվադալահարայի Գեղարվեստի դեպարտամենտում[37][38]։ Նույն թվականին նա պաշտոն է ստացել Կրթության նախարարությունում, որտեղ զբաղվել է լուսանկարների քարտացուցակագրմամբ[15][19]։ Նա պատահաբար հանդիպել է Լասարո Կարդենասին՝ այն ժամանակ կրթության նախարարին (հետագայում՝ Մեքսիկայի նախագահին) և խնդրել լուսանկարել նրան։ Գնահատելով նրա աշխատանքը՝ Կարդենասը ցույց է տվել նրա աշխատանքներն այլ ազդեցիկ անձանց, ովքեր նրան հրավիրելեն աշխատելու երիտասարդ ուսուցիչների «El Maestro Rural» (Գյուղական ուսուցիչ) ազդեցիկ մանկավարժական ամսագրում[15][39]։ Բարձրանալով ծառայողական աստիճաններով, նա դարձել է «El Maestro Rural»-ի հաստիքային լուսանկարիչը[21], իսկ ավելի ուշ՝ հրատարակչության գլխավոր լուսանկարիչը[39]։ Իր առաջին խոշոր պատվերը 1936 թվականին նա ստացել է Սան Ագուստինի եկեղեցուց, որը նրան հանձնարարել է նկարել աստվածաշնչյան տեսարաններ[40]։

1937 թվականին Ալվարեսը սկսել է աշխատել որպես լուսանկարիչ Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի (UNAM)[19] գեղագիտական հետազոտությունների ինստիտուտում։ Նա զբաղվել է հնագիտական վայրերի լուսանկարչական փաստաթղթերի ստեղծմամբ՝ այցելելով երկրի տարբեր շրջաններ[41]։ Հինգ տարի անց նա նշանակվել է Կրթության և գեղագիտության գլխավոր տնօրինության լուսանկարչության բաժնի վարիչ, որտեղ աշխատել է հետագա 30 տարիներին[19]։ Ալվարեսը լուսանկարչության դասեր է տվել, կազմակերպել սեմինարներ և ճամփորդական շնորհանդեսներ[21]։ Միևնույն ժամանակ նա շարունակել է իր աշխատանքը որպես ֆոտոլրագրող՝ մնալով Մեքսիկայում միակ կինը, ով աշխատել է այս բնագավառում 1950-ական թվականներին[19]]։ Նա լուսանկարել է գործարաններ, ֆերմաներ, հրշեջ կայաններ, դպրոցներ, հիվանդանոցներ և մանկատներ ամբողջ երկրում, նկարազարդել ամսագրերի հոդվածներ[42], կատարել է պատվերներ գովազդի և նորաձևության լուսանկարչության ոլորտում։ Ազատ ժամանակ Ալվարեսը նկարել է ընկերների և գործընկերների դիմանկարները, ինչպես նաև լուսանկարել նրանց աշխատանքները[41]։

Ալվարեսը ներկայացված է մեքսիկացի սյուրռեալիստ նկարիչ Խուան Սորիանոյի «Լոլա Ալվարեսի դիմանկարը Խուան Սորիանոյի և կրտսեր Սորիանոյի հետ» կտավում (իսպ.՝ Retrato de Lola Álvarez con Juan Soriano Niño Soriano): Համարվելով Սորիանոյի լավագույն գործերից մեկը՝ Ալվարեսը պատկերված է որպես լուսանկարիչ, որն իր օբյեկտիվն ուղղել է Սորիանոյի հորն ու որդուն՝ մեծ պատուհանի ֆոնին, որտեղից տեսարան է բացվում դեպի երազային երկինք, որը բնութագրվում է կարմիր և կապույտ գույնի մրրիկով[43]։ Ալվարեսն իր աշխատանքում փորձարկել է նաև այնպիսի մեթոդներ, ինչպիսին է ֆոտոմոնտաժը, երբ մեկ լուսանկարով չէր կարողանում ամբողջությամբ փոխանցել իր գաղափարը։ Այդպիսի պատկերներից մեկում՝ «Մեխիկոյի ճարտարապետական անարխիան» (իսպ.՝ Anarquía arquitectónica de la ciudad de México, նա իրար վրա է դրել երկնաքերերի լուսանկարներ՝ ցույց տալու ուրբանիզացիայի հետևանքով առաջացած գերբնակեցումը[34]։ Իր մյուս աշխատանքում, որը վերնագրված է «Աղքատների երազանքը» (իսպ.՝ El sueño de los pobres), քնած երեխան պառկած է փող աշխատելու մեքենայի տակ, ինչը կարելի է մեկնաբանել որպես քաղաքական հայտարարություն աղքատների վրա կապիտալիզմի ազդեցության մասին։ Նմանատիպ մոնտաժ նա օգտագործել է «Աղքատների երազանքը 2» (իսպ.՝ El sueño de los pobres 2) աշխատանքում։ Ալվարեսը անդրադարձել է այդ միջոցին 1940-ականների վերջին և 1950-ականներին մեծ պաստառների ստեղծման ժամանակ, որոնք պատվիրվել են տարբեր ձեռնարկությունների և հաստատությունների կողմից, որոնց նախորդել են 1930-ականների El Maestro Rural-ի տարբեր շապիկներ[36]։ 1939 թվականին Ալվարեսը տեղափոխվել է իր սեփական բնակարան, որը գտնվել է Ավենիդա Խուարեսում ար-դեկո ոճի շենքում, սակայն այդ ժամանակ նա իրեն ստեղծագործող չի համարել, չնայած այդ պահի իր բոլոր ձեռքբերումներին[44]։

Մահ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարեսը մահացել է 1993 թվականի հուլիսի 31-ին Մեխիկոյում[19]։ Նա իր արխիվը կտակել է Արիզոնայի Թուսոն քաղաքի Արիզոնայի համալսարանի Ստեղծագործական լուսանկարչության կենտրոնին[45]։ 1994 թվականին Կենտրոնը ստացել է հարյուր լուսանկար և կազմակերպվել Օլիվիե Դեբրուազի կողմից, մեկնարկել է «Լոլա Ալվարես Բրավո. իր սեփական լույսի ներքո» շրջիկ ցուցահանդեսը և համանուն հրատարակությունը[46]։ Ալվարեսի որդին՝ Մանուելը, շարունակել է ավելացնել հավաքածուն[45], և 1996 թվականին հաքածուն հավալրվել է շուրջ 200 լուսանկարներով և նեգատիվներով[47]։ 2007 թվականին Մեխիկոյում հայտնաբերվել են այլ լուսանկարներ, երբ ընկերներից մեկը, ով գնել է Ալվարեսի հին բնակարանը, հայտնաբերել է Ալվարեսի, նրա ամուսնու, ինչպես նաև իր ուսանողների աշխատանքների պատկերներով լի արկղեր։ Լատինամերիկյան արվեստի մասնագետ և Ուելսլի քոլեջի դասախոս Ջեյմս Օլեսի խոսքերով, նոր նյութը տվել է «մեզ օրիգինալ վերնագրեր և տարեթվեր, որոնք արմատապես փոխում են Ալվարեսի որոշ ստեղծագործությունների իմաստն ու մեկնաբանությունը»[48]։ Նկարները համալրել են Կենտրոնի արխիվը, և դրան հաջորդել են մի քանի ցուցադրություններ, այդ թվում՝ «Լոլա Ալվարես Բրավոն և դարաշրջանի լուսանկարչությունը» ցուցահանդեսը, որը ցուցադրել է ավելացված լուսանկարները 2013 թվականին[48]։

1953 թվականին, երբ Excélsior-ի լրագրողը խնդրել է բացահայտել Մեքսիկայի ամենակարևոր նկարչին, մեքսիկացի նկարիչ Ալֆոնսո Միշելը պատասխանել է․ «Լոլա Ալվարես Բրավո», քանի որ «նրա ստեղծագործությունները մի կնոջ ստեղծագործություններն են, ով գիտի, թե ինչպես տեսնել իրը»[49]։ Անտեսելով այնպիսի արվեստագետների, ինչպիսիք են Խոսե Դավիդ Սիկեյրոսը, Խոսե Կլեմենտե Օրոսկոն և Դիեգո Ռիվերան, Միշելը կերպարվեստի համատեքստում բարձր է գնահատել Ալվարեսի կոմպոզիցիայի և պատկերների հմտությունը, նրա լուսանկարչական տաղանդը բարձրացրել է նույն մակարդակին, ինչ նկարչությունը և գովել է նրա հմտությունը՝ առանց հաշվի առնելու նրա սեռը[49]։ Ալվարեսի ստեղծագործություններից գտնվում են մի շարք թանգարանների մշտական հավաքածուներում, ներառյալ Հյուսթոնի Գեղարվեստի թանգարանում և Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում[50]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alvarez Bravo, L., & Ferrer, E. (2006). Lola Alvarez Bravo. New York, Aperture. ISBN 1-931788-94-4
  • Alvarez Bravo, Lola. Recuentro fotografico. Collection de Arte—Fotografia, Mexico, 1982. ISBN 9687199059

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://awarewomenartists.com/artiste/lola-alvarez-bravo/
  2. 2,0 2,1 Lola Alvarez Bravo — 2008.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Société des auteurs dans les arts graphiques et plastiques Liste des auteurs au 07/01/2019Société des auteurs dans les arts graphiques et plastiques, 2019.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119184540 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. 6,0 6,1 Whitelegg, Isobel. «Lola Alvarez Bravo». Oxford Art Online. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Mujeres del Salón de la Plástica Mexicana. Vol. 1. Mexico City: CONACULTA/INBA. 2014. էջեր 22–23. ISBN 978 607 605 255 6.
  8. «National Museum of Women in the Arts». Lola Alvarez Bravo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  9. 9,0 9,1 9,2 Congdon, Kristin G.; Hallmark, Kara Kelley (2002). Artists from Latin American Cultures: A Bibliographical Dictionary. Westport, CT: Greenwood Press. էջ 1.
  10. Ferrer, Elizabeth (2006). Lola Álvarez Bravo. New York: Aperture Foundation. էջ 17.
  11. 11,0 11,1 11,2 Kristin G. Congdon; Kara Kelley Hallmark (2002 թ․ հոկտեմբերի 30). Artists from Latin American cultures: a biographical dictionary. Greenwood Publishing Group. էջ 3. ISBN 978-0-313-31544-2. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
  12. Congdon, Kristin G.; Hallmark, Kara Kelley (2002). Artists from Latin American Cultures: A Bibliographical Dictionary. Westport, CT: Greenwood Press. էջ 3.
  13. http://www.creativephotography.org/documents/CCP_LAB.pdf Արխիվացված 2009-12-29 Wayback Machine CCP's "Conditions for Publication of Photographs by Lola Álvarez Bravo" (PDF file)
  14. Ramírez Zapatero, 2016, էջ 2
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 15,8 Congdon, Hallmark, 2002, էջ 1
  16. 16,0 16,1 Ferrer, 2006, էջ 6
  17. 17,0 17,1 17,2 17,3 Ferrer, 2006, էջ 43
  18. Sills, 2000, էջ 32
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 19,7 19,8 Whitelegg, 2006
  20. 20,0 20,1 20,2 Fernández, Santacruz, 2013, էջեր 22–23
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 21,6 21,7 21,8 Maynard, 1996, էջ 29
  22. Hooks, 2002, էջեր 11, 18
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 Sills, 2000, էջ 33
  24. National Museum of Women in the Arts, 2012
  25. 25,0 25,1 Debroise, 1994, էջ 2
  26. 26,0 26,1 Ferrer, 2006, էջ 7
  27. 27,0 27,1 Comisarenco Mirkin, 2008, էջ 156
  28. Debroise, Oles, 1994, էջ 17
  29. Comisarenco Mirkin, 2008, էջ 157
  30. Comisarenco Mirkin, 2008, էջ 162
  31. 31,0 31,1 Comisarenco Mirkin, 2008, էջ 174
  32. Comisarenco Mirkin, 2008, էջ 163
  33. Debroise, Oles, 1994, էջեր 23, 25
  34. 34,0 34,1 Sills, 2000, էջ 34
  35. Hooks, 2002, էջ 22
  36. 36,0 36,1 Debroise, Oles, 1994, էջ 25
  37. Swiss Foundation for Photography, 2013
  38. Hope College, 2012
  39. 39,0 39,1 Ferrer, 2006, էջ 14
  40. Ferrer, 2006, էջ 17
  41. 41,0 41,1 Sills, 2000, էջ 36
  42. Congdon, Hallmark, 2002, էջ 2
  43. Segre, 2005, էջեր 39—65
  44. Ferrer, 2006, էջ 21
  45. 45,0 45,1 Congdon, Hallmark, էջ 3
  46. Debroise, 1994, էջ 4
  47. Center for Creative Photography, 2010
  48. 48,0 48,1 Gonzalez, 2013
  49. 49,0 49,1 Debroise, Oles, էջ 11
  50. Aperture Foundation, 2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]