Երկու այծով բնանկար
Երկու այծով բնանկար | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Գոգեն |
տարի | 1897[1] |
բարձրություն | 92,5 սանտիմետր[1] |
լայնություն | 73 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Ֆրանսիա[1] |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[1] |
սեփականատեր | Իվան Մորոզով |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Երկու այծով բնանկար (թահիթ. Tarari maruru, ֆր.՝ Paysage Tahitien avec deux chèvres), ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի նկարը Էրմիտաժի հավաքածուից։
Նկարում պատկերված են բաց գույնի երկու այծեր` բլրի լանջին, նրանցից ավելի աջ և ավելի բարձրում կանգնած է կապույտ զգեստով կին, իսկ նրա ոտքերի մոտ շուն կա։ Ավելի ձախում, ծառերի բների հետևում երևում է ծովափը։ Նկարի ներքևի ձախ հատվածում երևում են շուշաններ։ Նկարի ներքևի աջ մասում դժվարությամբ երևում է նկարի անունը տահիտերենով, նկարչի ստորագրությունն ու ամսաթիվը. TARARU MARURU P. Gauguin 97:
Լուվրի գրաֆիկայի դեպարտամենտի հավաքածուում պահվում է Պոլ Գոգենի «Ноа Ноа» գրքի ձեռագիրը։ Այս ձեռագրի 61-րդ էջում առկա է ջրանկար` այս կտավի էսքիզը[2]։ Գոգենի ստեղծագործության կատալոգում, որը կազմել է Ժորժ Վիլդենշտեյնը, սխալմամբ նշված է, թե այս ջրանկարը սոսնձված է 61 և 62 էջերի միջև[3]։ Այս սխալը շարունակել է կրկնել նաև Ա. Բարսկայան[4]։ Էքսիզում այծերի մոտ երևում է մանկական կամ կանացի փոքրիկ կերպար, որը բացակայում է հիմնական կտավում։
Ինչպես հետևում է հեղինակային ստորագրությունից, նկարը պատկերվել է 1897 թվականին. 1898 թվականի դեկտեմբերի 9-ին Գոգենն այն Տահիտիից ուղարկել է Փարիզ, Ամբրուազ Վոլարի պատկերասրահ, որտեղ այն գնել է արդյունաբերող և կոլեկցիոներ Միխայիլ Մորոզովը. գնման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, սակայն արդեն 1900 թվականին նկարը գտնվել է Մոսկվայի նրա առանձնատանը։ Նրա մահից հետո, 1903 թվականին նկարը ժառանգել է նրա այրին` Մարգարիտա Մորոզովան, որը 1910 թվականին այն նվիրաբերել է Տրետյակովյան պատկերասրահին[5]։ 1925 թվականին նկարը փոխանցվել է Արևմտյան նոր արվեստի պետական թանգարան։ 1934 թվականին այն տեղափոխվել է Էրմիտաժ[4]։ 2014 թվականի վերջից այն ցուցադրվում է Գլխամասի շենքի չորրորդ հարկում, 412 սենյակում[6]։
Այն բանի պատճառով, որ Գոգենը որպես նկարի հիմք օգտագործել է ջուտե անորակ կտավ և խնայելու նպատակով փորձարկումներ է արել ներկերի հետ, նկարը հասել է շատ անբարենպաստ դրության և խիստ մգացել է։ Այդ պատճառով ի սկզբանե նկարի հեղիակային անվանումը սխալ է ընթերցվել. Արևմտյան նոր արվեստի պետական թանգարանի կատալոգում այն նշվել է «Parahi maruru», իսկ 1976 թվականի էրմիտաժյան կատալոգում` «Farari maruru»: Միևնույն ժամանակ` Բ. Դանիելսոնը դեռ 1964 թվականին իր գրքում նշել է ճիշտ` «Tarari maruru» անվանումը[7]։ Տահիտերենից անվան թարգմանության հետ բարդություններ կան. այն կարելի է թարգմանել որպես «Փոքրիկ պոզիկների բարեխնամությունը» կամ «Տարարիի բարեխնամությունը», եթե Tarari բառը թարգմանվի որպես հատուկ անուն[5]։ Բ. Դանիելսոնը խոստովանում է, որ երկու ենթադրություններն էլ որևէ կերպ չեն արտահայտում նկարի սյուժեի էությունը[7]։
Նկարի վերականգնումից հետո նոր կտավ է կրկնորդվել։
«Երկու այծով բնանկարը» սերտորեն կապված է Գոգենի Որտեղի՞ց ենք մենք եկել։ Ովքե՞ր ենք մենք։ Ո՞ւր ենք գնում մեծ կտավի հետ (Գեղարվեստի թանգարան, Բոստոն). բոստոնյան կտավի կանացի կերպարը համընկնում է այս նկարի կանացի կերպարի հետ[8]։ Ա. Կոստենևիչը կարծում է, որ այս բնանկարի այծերի կերպարը նման է Գոգենի` Էրմիտաժում պահվող մեկ այլ` «Ծառից պտուղներ հավաքող տղամարդը» նկարի վրա պատկերված այծերին[5], սակայն նկարների տեսողական համեմատության արդյունքում երևում է, որ այծերը պատկերված են տարբեր դիտանկյունից և տարբեր դիրքերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28183/
- ↑ Louvre. Les collections du department des arts graphiques. — Gauguin Paul. Figures et animaux dans un paysage.
- ↑ Wildenstein, 1964, էջ 234
- ↑ 4,0 4,1 Барская, Костеневич, 1991, էջ 166
- ↑ 5,0 5,1 5,2 Братья Морозовы, 2019, էջ 152
- ↑ Государственный Эрмитаж. — Гоген, Поль. «Пейзаж с двумя козами».
- ↑ 7,0 7,1 Барская, Костеневич, 1991, էջ 165
- ↑ Барская, Костеневич, 1991, էջ 165—166
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Барская А. Г., Костеневич, А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
- Братья Морозовы. Великие русские коллекционеры: каталог выставки / Государственный Эрмитаж; Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. — СПб.: Изд-во Гос. Эрмитажа, 2019. — 368 с. — ISBN 978-5-93572-861-8
- Wildenstein G. Gauguin. I. Catalogue. — Paris, 1964. — 283 p.