Երկու քույր (նկար, Գոգեն)
Երկու քույր | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Գոգեն |
տարի | 1892[1] |
բարձրություն | 90,5 սանտիմետր |
լայնություն | 67,5 սանտիմետր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[1] |
Ծանոթագրություններ |
Երկու քույր (Գոգեն) («Piti Teina»), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ Պոլ Գոգենի նկարը, որը մտնում է նրա տաիտական շրջանի ստեղծագործությունների և Էրմիտաժի հավաքածուի մեջ։
Նկարում պատկերված են երկու աղջիկ՝ տասը տարեկան վարդագույն զգեստով ավագ քույրը, որը ձախ ձեռքը դրել է իր կրտսեր՝ հինգից-վեց տարեկան կարմիր զգեստով քրոջ ուսին։ Աղջիկների հայացքները ուղղված են տարբեր կողմեր։ Կտավի ձախ կողմում տաիտերեն նկարի անվանումն է (Piti Teina) և հեղինակի ստորագրությունը P Gauguin 92 ամսաթվով։
Կտավը նկարվել է 1892 թվականին՝ Գոգենի՝ Տաիտի կատարած առաջին ուղևորության ծամանակ։ Լուվրում պահպանվող տաիտական ալբոմում նկարների հետ կա աղջիկների երկու մատիտային ուրվանկար, որոնցում դրսևորվում է ակնհայտ նմանություն դիմանկարի հերոսների հետ։ Հենց այնտեղ էլ գրված են երկու աղջիկների անունները։ Ավագ քրոջ անունն է Տետուա, իսկ կրտսեր քրոջը՝ Տեխապաի։ Չնայած նրան, որ այս նկարները ցուցադրվել են դեռևս 1954 թվականին[2], երկար ժամանակ համարվում էր, որ նրանք տարբեր ու ինքնուրույն նկարներ են, քանի որ նկարը ուսումնասիրողների համար անհայտ էր։ Գոգենի արվեստի կատալոգ-պատճառաբանության մեջ ևս բերված է Գոգենի մեկ այլ նկար՝ թվագրված 1891 թվականով, որտեղ պատկերված է ձեռքերը վեր պարզած Տետուան։ Այդ նկարը պատկանել է Ուիլիամ Պալեյին և այժմ գտնվում է Ժամանակակից արվեստի թանգարանում (Նյու Յորք)։ Ավելի ուշ այս նկարի կոմպոզիցիան կրկնվել է «Վարդագույն պարեոյով տաիտական աղջիկը» ուրվանկարում, որը պահպանվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում[3]։
Գրականության մեջ նկարի առաջին հիշատակումը արվել է 1895 թվականին (առանց վերարտադրման)։ Այն նշվել է Գոգենի՝ երկրորդ անգամ Տաիտի մեկնելու ֆինանսավորման համար կազմված նկարների վաճառքի կատալոգի մեջ։ 1949 թվականին գրականության մեջ նկարը հիշատակվել է երկրորդ անգամ։ Գոգենի՝ Փարիզի հետադարձ ցուցահանդեսի կատալոգում հրապարակվել է նրա՝ տաիտական վաճառված նկարների առաջին ցուցակը՝ նշումով, որ այն 430 ֆրանկով ձեռք է բերել Մ․ Սլևինսկին։ Այն վաճառքի ժամանակ նկարը գնել էր Գոգենի ընկերը և աշակերտը՝ լեհ նկարիչ Վլադիսլավ Սլևինսկին։ 1900-ական թվականներին Լեհաստան վերադառնալուց առաջ Սլևինսկին վերավաճառում է իր հավաքածուն և «Երկու քույր» կտավը վաճառքի է դրվում փարիզյան «Հյուրանոց Դրուո» աճուրդային տանը, ինչի արդյունքում նկարը ձեռք է բերում գերմանացի ձեռնարկատեր և կոլեկցիոներ Օտո Կրեբսը։ Դրանից հետո երկար ժամանակ նկարի մասին ոչինչ հայտնի չէր։ Այն նույնիսկ չէր ներառված Գոգենի գիտական կատալոգ-պատճառաբանության մեջ, իսկ լուվրյան և նյույորքյան նկարները համարվում էին ինքնուրույն ստեղծագործություններ։
Նկարը պահպանվում էր Վայմարի տակ գտնվող Կրեբսի հոլցդորֆյան կալվածքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կրեբսի հավաքածուն թաքցվում է կալվածքի տնտեսական շենքերից մեկի տակ գտնվող հատուկ սարքրվորված պահոց-թաքստոցում։ 1945 թվականի Հոլցդրոֆը զբաղեցվում է սովետական զորքերի կողմից։ Կրեբսի կալվածքում տեղավորվում է Գերմանիայում խորհրդային ռազմական վարչակազմի ղեկավարությունը։ Հավաքածուն հայտնաբերվում է և տեղում նկարագրվում սովետական ռազմաավարային թիմիերի կողմից, որոնք զբաղվում էին արվեստի գործերի հավաքագրմամբ և դրանց ԽՍՀՄ տեղափոխմամբ։ Դրանից հետո նկարը ուղարկվում է Էրմիտաժ[4], որտեղ երկար ժամանակ պահպանվում էր պահոցում և հայտնի չէր լայն հասարակությանը և նույնիսկ ուսումնասիրողների մեծ մասին։ Արևմուտքում կարծում էին, որ Կրեբսի հավաքածուն ոչնչացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Նկարն առաջին անգամ ցուցադրվել է հանրությանը միայն 1995 թվականին Էրմիտաժի ռազմաավարային արվեստի ցուցահանդեսի ժամանակ[5]։ 2001 թվականից սկսած համարվում է Էրմիտաժի մշտական էքսպոզիցիա, իսկ 2014 թվականից սկսած ցուցադրվում է Սերգեյ Շուկինի և Մորոզով եղբայրների հիշատակին նվիրված պատկերասրահում՝ Գլխավոր շտաբի շենքում՝ 411-րդ դահլիճում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/39536/
- ↑ Dorival P. Carnet de Tahiti. — Paris, 1954. — P. 41.
- ↑ Paul Gauguin, Tahitian Girl in a Pink Pareu, 1894
- ↑ Государственный Эрмитаж. «Перемещённое искусство». 1945—1958: Архивные документы. — СПб., 2014. — Ч. 1. — С. 233—234.
- ↑ Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 222—226.
- ↑ Государственный Эрмитаж. — Гоген, Поль. «Piti Teina»