Գևորգ Մանիակես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Մանիակես
998[1] - 1043[1]
ԾննդավայրՄակեդոնիա
Մահվան վայրՍալոնիկ, Բյուզանդական կայսրություն
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Կոչումգեներալ

Գևորգ Մանիակես (հուն.՝ Γεώργιος Μανιάκης, իտալ.՝ Giorgio Maniace, 998[1], Մակեդոնիա - 1043[1], Սալոնիկ, Բյուզանդական կայսրություն), 11-րդ դարի բյուզանդական հայազգի[2] զորահրամանատար։ 1038-1040 թվականներին վերջին անգամ Բյուզանդիայի համար գրավել էր Սիցիլիան[3]։ Սկանդինավյան սագաներում հիշատակվում է Գիրգիր անվանումով։ Հայտնի է, որ եղել է չափազանց բարձրահասակ, ամուր կազմվածքով, գրեթե հսկա էր[4]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Մանիակեսի հետ անձամբ հանդիպելուց հետո իր տպավորություններն է թողել բյուզանդացի վանական և գիտնական Միքայել Փսելլոսը. «Նրա հասակը հասնում էր գրեթե երեք մետրի և որպեսզի նրա դեմքին նայեն, մարդիկ ստիպված էին գլուխներն այնպես բարձրացնել, կարծես նայում էին բլրի գագաթին կամ բարձր լեռանը։ Նրա պահվածքը նուրբ ու հաճելի էր, սակայն հիշեցնում էր փոթորկի։ Նրա ձայնը թնդում էր ինչպես որոտ, իսկ ձեռքերը, թվում էր թե պատեր փլուզելու համար էին կամ բրոնզե դռներ կործանելու։ Նա կարող էր ցատկել ինչպես առյուծ, իսկ խոժոռ հայացքը սարսափազդու էր։ Մնացած ամեն-ինչ նրա մեջ չափից ավելի էր։ Նրանք, ովքեր տեսել էին նրան, հասկացել էին, որ նրա մասին լսած ցանկացած բնութագիր, ինչ-որ չափով նվազեցված է»։

Գևորգ Մանիակեսը առաջին անգամ հիշատակվում է 1031 թվականին, երբ բյուզանդացիները գրավեցին Եդեսիան, որից հետո նրանց զորքը ջախջախվեց Հալեպի մոտակայքում։ Միքայել IV Պափլագոնացու իշխանության գալուց հետո վերսկսվեց Սիցիլիայի վրա արշավելու նախապատրաստությունը, որը դեռևս սկսվել էր Վասիլ II Բուլղարասպանի օրոք։ Այդ արշավանքների ղեկավար է նշանակվում Գևորգ Մանիակեսը։

Արշավանք դեպի Սիցիլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եդեսիայի գրավումը Գևորգ Մանիակեսի կողմից (1032) (Հովհաննես Սկիլիցեսի ժամանակագրությունից)

1038 թվականին Գևորգ Մանիակեսի բյուզանդական նավատորմը լողում է դեպի Սիցիլիա՝ ճանապարհին մտնելով նաև Սալեռնո։ Արշավանքին բացի հույներից, մասնակցում էին լանգոբարդներ, վարյագներ՝ Նորվեգիայի ապագա թագավոր Հարալդի (Հարալդ III Խստաբարո) գլխավորությամբ և նորմաններ, որոնք ծառայում էին Սալեռնոյի իշխան Գվեմար IV-ին։ Այս ռազմական գործողության մասին շատ քիչ բան է հայտնի։ 1038 թվականին նրանք գրավել են Մեսինան, իսկ 1040 թվականին՝ Սիրակուզան։ Այսպիսով, 1038-1040 թվականներին Բյուզանդիայի իշխանության ներքո են անցել Սիցիլիայի արևելյան ափերը, որտեղ բնակչության մեծամասնությունը հույներ էին։ Ժամանակագիրներից հայտնի է միայն դարձել Տրոինայի ճակատամարտի մասին, որի ժամանակ Գևորգ Մանիակեսը ջախջախել է Սիրակուզայի էմիր Աբդուլլայի զորքին։ Անձամբ Աբդուլլան ընկել է նորման Վիլհելմ Հոտվիլի ձեռքով, որի փառքն էլ սկիզբ է առել հենց այս սխրանքից։

Սիրակուզան գրավելուց հետո, արշավանքի ընթացքի մեջ բեկում ի հայտ եկավ։ Վարյագներն ու նորմանները գժտվեցին Գևորգ Մանիակեսի հետ և լքեցին Սիցիլիան։ Անձամբ Գևորգը վիրավորանք հասցրեց կայսր Միքայել IV-ի քրոջ ամուսնուն՝ Ստեփանոս Կալաֆաթոսին, ով նավատորմի հրամանատարն էր։ Ստեփանոսը կայսրին հաղորդեց զորահրամանատարի հնարավոր դավաճանության մասին։ Գևորգին կանչեցին Կոստանդնուպոլիս և արդարանալու հնարավորություն չտալով՝ բանտարկեցին։ Գևորգ Մանիակեսի հեռանալուց հետո, արաբներն անմիջապես հետ գրավեցին Բյուզանդիայի կողմից գրաված Սիցիլիայի արևելյան ափերը։

Ապստամբություն կայսրի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Մանիակեսը մարտնչում է արաբների դեմ (1038) (Հովհաննես Սկիլիցեսի ժամանակագրությունից)

1042 թվականին, հաջորդ կայսր, Ստեփանոսի որդի Միքայել V Կալաֆաթոսի գահընկեց լինելուց հետո, Գևորգ Մանիակեսը ազատ արձակվեց բանտից։ Այդ ժամանակ Հարավային Իտալիայում Բյուզանդիայի վիճակն աղետալի էր։ Ապստամբած լանգոբարդները, նորմանների աջակցությամբ գրավել էին ողջ Ապուլիան, բացառությամբ Տրանի քաղաքից։ Գևորգը նշանակվեց Հարավային Իտալիայի կատապան (կուսակալ) և թարմացված զորքով անմիջապես այնտեղ մեկնեց։ Ամառվա ընթացքում, աննկարագրելի դաժանությամբ նա ետ գրավեց Ապուլիայի մեծ մասը, սակայն այդ ընթացքում կրկին դարձավ պալատական խարդավանքների զոհը։

Գևորգի բացակայության ժամանակ, նրա կինը սիրախաղ է սկսում Կոստանդին IX Մոնոմախոսի սիրուհու եղբոր՝ Ռոմանուս Սկլերուսի հետ։ Վերջինս ցանկանալով կործանել խաբված ամուսնուն, կայսրի մոտ չարախոսում և փնովում է նրան։ Զայրացած կայսրը Գևորգին կանչում է Կոստանդնուպոլիս։ Գևորգը հրաժարվում է ենթարկվել հրամանին, քանի որ մեկ անգամ արդեն վստահել էր կայսրի արդարադատությանը։ Նա ինքն իրեն կայսր հռչակեց և իր բանակով անցավ Բալկաններ՝ ուղղություն վերցնելով դեպի Կոստանդնուպոլիս։ Իր մեկնելուց առաջ նա սպանեց կայսրի կողմից նշանակված նոր կատապանին՝ նրա ականջների, քթի և բերանի մեջ գոմաղբ խոթելով։ Թեսաղոնիկեի ճանապարհին, Օստրովոյի մոտ Գևորգը ջախջախիչ հարված է հասցրել Կոստանդին IX-ի բանակին, սակայն կռվի ժամանակ զոհվել է (1043 թ.): Նրա զոհվելուց հետո իր զորքը պարտություն է կրել։ Որպես պատիժ, կայսրը Գևորգի ողջ մնացած զինվորներին գերի վերցնելով, Կոստանդնուպոլսի ձիարշավարանում ցուցադրել է ավանակների վրա՝ դեմքով դեպի ետ նստած։

Հետքերը պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատի վրայի անցքը (Սանտա-Լյուչիա-ֆուորի-լե-Մուրի եկեղեցին Սիրակուզայում) — այս անցքի միջով Գևորգ Մանիակեսը առևանգել է Սուրբ Լյուչիայի մարմինը

Սիցիլիական պատմության մեջ Գևորգ Մանիակեսը գլխավորապես հայտնի է, որպես Սիրակուզայի հովանավոր Սուրբ Լյուչիայի մասունքներն առևանգող։ Սուրբը թաղված էր Սիրակուզայի իր անունը կրող կատակոմբներում։ Գրավելով Սիրակուզան, Գևորգը քանդել էր դամբարանը ծածկող պատը, վերցրել էր մարմինը, որը ըստ Մոնտեկասինոյի կուսակրոն վանական Ամատուսի վկայության, դեռևս անապական էր, անեղծ ու անուշաբույր, և մասունքներն ուղարկել էր Կոստանդնուպոլիս։ Սանտա-Լյուչիա-ֆուորի-լե-Մուրի եկեղեցում մինչ օրս պահպանվում է Գևորգի բացած անցքը պատի վրա, որի միջով նա առևանգել էր մասունքները։

Գևորգ Մանիակեսի անունով են կոչվում նաև.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 opac.vatlib.it
  2. Peter Charanis The Armenians in the Byzantine Empire. — Лиссабон: изд. фонда Галуста Гюльбенкяна, 1963. — С. 46. — 63 с.
  3. П.Харанис // Studies on the demography of the Byzantine empire: collected studies // Variorum Reprints, 1972 г. — стр 230(360)

    In 1047 one of them, Leo Tornikios. attempted to seize the throne. His failure was less heroic than that of another Armenian, George Maniakes. the famous general, who had attempted the same thing several years earlier (1042)

  4. Byzantino-Nordica 2004: Papers Presented at the International Symposium of Byzantine Studies Held on 7-11 May 2004 in Tartu, Estonia. Morgenstern Society. 2005. ISBN 9949112664.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Մանիակես» հոդվածին։