Գլորիա Վանդերբիլթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլորիա Վանդերբիլթ
անգլ.՝ Gloria Vanderbilt
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1924(1924-02-20)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունիսի 17, 2019(2019-06-17)[4][5] (95 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
ԳերեզմանVanderbilt Family Cemetery and Mausoleum
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն և անգլերեն
ԿրոնԵպիսկոպոսյան եկեղեցի և կաթոլիկություն
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Օրիորդ Փորթերի դպրոց, Neighborhood Playhouse թատերական դպրոց և Wheeler School?
Մասնագիտությունդերասանուհի, վիպասան, գրող, ինքնակենսագիր, նկարչուհի, գործարար, բարձրաշխարհիկ հեղինակություն, հեռուստատեսային դերասանուհի, նորաձևության դիզայներ, դիզայներ և օրագրի հեղինակ
ԱմուսինPat DiCicco?, Լեոպոլդ Ստոկովսկի, Սիդնի Լյումետ և Wyatt Emory Cooper?
Ծնողներհայր՝ Reginald Claypoole Vanderbilt?[3], մայր՝ Գլորիա Մորգան Վանդերբիլթ[3]
ԵրեխաներLeopold Stanislaus Stokowski?[3], Christopher Stokowski?[3], Carter Vanderbilt Cooper?[3] և Անդերսոն Հեյս Քուփեր[3]
 Gloria Vanderbilt Վիքիպահեստում

Գլորիա Լաուրա Վանդերբիլթ (անգլ.՝ Gloria Laura Vanderbilt, փետրվարի 20, 1924(1924-02-20)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 17, 2019(2019-06-17)[4][5], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասանուհի, գրող, կապույտ ջինսերի առաջին դիզայներներից մեկը։ Վանդերբիլթների հայտնի ընտանիքի անդամ էր, «CNN»-ի հաղորդավար Անդերսոն Հեյս Քուփերի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլորիա Լարա Վանդերբիլթը ծնվել է Նյու Յորքում 1924 թվականին։ Եղել է խոշոր երկաթուղային Ռեջինալդ Կլեյպուլ Վանդերբիլթի (1880—1925)[7] և նրա երկրորդ կնոջ՝ Գլորիա Մորգանի (1904—1965) ընտանիքի միակ երեխան[8]։ Ծնվելուց հետո, Վանդերբիլթների ընտանիքի ավանդույթի համաձայն, նրան մկրտել են Եպիսկոպոսական Եկեղեցում, սակայն հոր մահից մեկ տարի անց նրա մայրը, լինելով շվեյցարացի կաթոլիկ, վերակնքել է դստերը իր տոհմի ավանդույթներով[9]։

Մեկ տարեկան հասակում Գլորիա Վանդերբիլթը դարձել է իր հոր, որը մահացել էր 1925 թվականին լյարդի ցիռոզից, հինգմիլիոնանոց նպատակային ֆոնդի կեսի ժառանգորդը[10]։ Նրա մայրը, լինելով աղջկա ժառանգության տնօրինողը, հաճախ նրան իր հետ տարել է Եվրոպա, որտեղ նրանք շատ ժամանակ են անցկացրել Փարիզում։ Նրանց ընկերակցել է Գլորիայի դայակը՝ Դոդոն, որը կարևոր դեր է ունեցել աղջկա մանկության մեջ[11] և նրա մոր երկվորյակ քույրը՝ Թելման, որը այդ ժամանակ հանդիպում էր արքայազն Էդուարդ VII-ի հետ[12]։

Մոր հետ 1928 թվականին

ԱՄՆ-ից Փարիզ նման ուղևորությունները բացասական է ընդունել Գլորիայի հորաքույրը՝ Գերտրուդ Վանդերբիլթ Ուիթնին, և փորձել է իր զարմուհու նկատմամբ խնամակալություն ստանալ։ 1934 թվականին սկսվել է աղմկոտ դատական նիստ՝ ուղեկցվող բազմաթիվ սկանդալներով, Գլորիայի մոր լացով և ճիչերով, ինչի պատճառով դատավորը մի քանի անգամ լքել է դահլիճը՝ չկարողանալով դիմանալ այնտեղ տեղի ունեցածին[13][14]։ Արդյունքում Գլորիա Մորգանը պարտվել է գործը, և աղջկա խնամակալությունը ստացել է Գերտրուդ Ուիթնին[12]։ Գլորիայի մանկությունն անցել է հորաքրոջ՝ Գերտրուդի՝ Լոնգ Այլենդում գտնվող շքեղ տանը՝ իր հարազատների ընկերակցությամբ, որոնք ապրում էին հարևանությամբ։ Գլորիա Մորգանին թույլ էր տրված այցելել աղջկան, բայց նրա յուրաքանչյուր այց խիստ հսկողության տակ էր՝ դստեր վրա որևէ ազդեցություն չունենալու համար։

Վանդերբիլթը կրթություն է ստացել Լոնգ Այլենդում՝ սովորելով նաև Կոնեկտիկուտի և Ռոդ Այլենդ մասնավոր դպրոցներում[15][16]։ Նա նաև հաճախել է Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայի սեմինարներին, ինչի շնորհիվ նրա մոտ սերմանվել է արվեստի նկատմամբ սեր և հարգանք։ Դառնալով չափահաս՝ նա իր հսկողության տակ է վերցրել իր նպատակային կապիտալը` դրանով հանդերձ հրաժարվելով մորը ֆինանսական օգնություն տրամադրել[17], որի հետ հետագա տարիներին ունեցել է բավականին լարված հարաբերություններ[18]։ Մայրը մնացյալ կյանքն ապրել է իր քրոջ հետ Բևեռլի Հիլզում, որտեղ էլ մահացել է 1965 թվականին։

1950-1960-ական թվականների սահմանին Գլորիա Վանդերբիլթը իրեն դրսևորել է որպես դերասանուհի՝ նկարահանվելով մի քանի հեռուստասերիալներում։

1960-ական թվականների վերջում Վանդերբիլթը զբաղվել է սպիտակեղենի, սպասքի և սեղանի պարագաների սեփական գծի մշակմամբ։ 1970-ական թվականներին նա իր համար բացել է մոդելային բիզնես` սկզբնական շրջանում որպես շարֆերի գծի բրենդ օգտագործելով իր անունը։ 1976 թվականին հնդկական մոդելային կորպորացիաներից մեկի առաջարկությամբ Վանդերբիլթը թողարկել է ջինսերի սեփական գիծը, որոնց հետևի գրպանին եղել է սկրիպտ՝ նրա անունով և կարապի տեսք ունեցող պատկերանիշով։ Շուտով «Gloria Vanderbilt» բրենդը անցել է նաև շապիկների, կոշիկների, կաշվե արտադրանքի, լիկյորների, օծանելիքների և զանազան աքսեսուարների գծին։ Ժամանակի ընթացքում Գլորիա Վանդերբիլթի ջինսերը, ինչպես և «Calvin Klein»-ի և «Armani»-ի ջինսերը, դարձել են դասական ֆիրմային մարկա, որոնք ողջ աշխարհում մեծ ճանաչում են վայելել։

Իր ողջ կյանքի ընթացքում Գլորիան բացի մոդելային բիզնեսում մասնակցությունից, եղել է շատ մեծանուն անձնավորություն՝ մասնակցելով բազմաթիվ հասարակական միջոցառումների։

Հետագայում Գլորիա Վանդերբիլթը վաճառել է իր անունով բոլոր մարկաների իրավունքները և չի մասնակցել մոդելային բիզնեսին։ Gloria Vanderbilt օծանելիքը վերջին երեսուն տարիներին թողարկել է «L’Oréal» ընկերությունը[19]։

2009 թվականի ամռանը լույս է տեսել նրա ինքնակենսագրությունը՝ «Obsession: An Erotic Tale»,-ը, որը ԶԼՄ-ներում ուշադրության է արժանացել նրա բազմաթիվ սիրավեպերի բացահայտ նկարագրության պատճառով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսոն Քուփերը՝ Գլորիա Վանդերբիլթի որդին

1941 թվականին դեռևս լինելով 17 տարեկան աղջիկ, Վանդերբիլթը տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ նույն թվականին ամուսնացել է գործակալ Պասկալուե «Փեթ» ԴիՉիկոյի (անգլ.՝ Pasquale "Pat" DiCicco) հետ, որին համարում էին գանգստեր՝ Լաքի Լուչանոյի մոտ աշխատող[20]։ Նրա կյանքի առաջին ամուսնությունը կարճատև է եղել և 1945 թվականին ավարտվել է ամուսնալուծությամբ։

Ամուսնալուծությունից անմիջապես հետո նա կրկին ամուսնացել է և այս անգամ նրա ընտրյալն է դարձել Լեոպոլդ Ստոկովսկին։ Երկրորդ ամուսնուց ամուսնալուծվել է 1955 թվականին (ունեցել է 2 որդի)։

Նրա երրորդ ամուսինն էր հայտնի ռեժիսոր Սիդնի Լյումետը, որի հետ հարսանիքը կայացել է 1956 թվականի ամռանը։ Յոթ տարվա ամուսնությունից հետո Լյումետը ինքնասպանության անհաջող փորձ է արել իրենց բաժանման պատճառով, 1963 թվականին, այնուամենայնիվ, զույգը բաժանվել է։

Նույն թվականի ձմռանը Վանդերբիլթը հերթական անգամ ամուսնացել է գրող, սցենարիստ և դերասան Ուայթ Էմորի Քուփերի հետ։ Այս ամուսնությունը միակն էր, որ ավարտվել է ոչ թե ապահարզանով, այլ ամուսնու մահով․ Քուփերը մահացել է 1978 թվականին՝ սրտի բաց վիրահատության ժամանակ։ Այդ ամուսնությունից նրա ավագ որդին՝ Քարթեր Վանդերբիլթ Քուփերը, 1988 թվականին 23 տարեկան հասակում ինքնասպան է եղել մոր աչքի առաջ, որը ապարդյուն փորձում էր նրան կանգնեցնել՝ նետվելով 14-րդ հարկում գտնվող ընտանեկան բնակարանների պատուհանից։ Կրտսեր որդին՝ Անդերսոն Քուփերը, մոդել է եղել մանկության տարիներին, իսկ հետո դարձել է լրագրող, 2003 թվականից սեփական լրատվական շոուն է վարել CNN հեռուստաալիքով։

Երկար տարիներ Գլորիան ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել լուսանկարիչ և երաժիշտ Գորդոն Փարքսի հետ, որը ավարտվել է 2006 թվականին նրա մահով[21]։

Վանդերբիլթը եղել է հագուստի դիզայներ Դիանա ֆոն Ֆյուրստենբերգի մոտ ընկերուհին։ 2011 թվականի սեպտեմբերի 19-ին, հանդես գալով որպես հյուր իր որդու՝ Անդերսոն Կուպերի հեռուստատեսային թոք-շոուի ժամանակ, Վանդերբիլթը դերասանուհի Քեթի Գրիֆինին անվանել է իր «երևակայական դուստրը»[22]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանդերբիլթը մահացել է 2019 թվականի հունիսի 17-ին Մանհեթենի իր տանը 96 տարեկան հասակում` նրա մոտ ստամոքսի քաղցկեղ ախտորոշվելուց 9 օր հետո[23]։

Վանդերբիլթը փոփ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլորիա Վանդերբիլթի մանկության դատական վիճաբանությունները ընկած են NBC հեռուստաալիքի «Փոքրիկ Գլորիան» մինի սերիալի հիմքում, որը էկրան է բարձրացել 1982 թվականին և արժանացել է «Էմմի» մրցանակի 6 անվանակարգի, նաև «Ոսկե գլոբուս»-ի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Eldridge A. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 Fashion icon and artist Gloria Vanderbilt dies at 95 — 2019.
  5. 5,0 5,1 5,2 GeneaStar
  6. 6,0 6,1 6,2 https://www.hollywoodreporter.com/news/gloria-vanderbilt-dead-fashion-icon-886196
  7. Vanderbilt, Gloria 2 // A mother's story. — first edition. — New York: Alfred A. Knopf[en], 1996. — С. 5. — ISBN 0-679-45052-1
  8. Vanderbilt, Gloria 3 // A mother's story. — first edition. — New York: Alfred A. Knopf[en], 1996. — С. 7. — ISBN 0-679-45052-1
  9. Gloria Morgan Vanderbilt, with Palma Wayne, Without Prejudice (E P Dutton, 1936), page 118.
  10. Vanderbilt, Gloria 2 // A Mother's Story. — first edition. — New York: Alfred A. Knopf, INC., 1996. — С. 5. — ISBN 0-679-45052-1
  11. «Mrs. Vanderbilt's Paris Life Exposed». Lewiston Daily Sun. 1934 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  12. 12,0 12,1 Goldsmith, Barbara, ed. (1982), Little Gloria...Happy at Last, Dell, ISBN 0440151201, Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին
  13. Vanderbilt, Gloria "The Scarlet Sting Of Scandal" (2) // It Seemed Important At The Time: A Romance Memoir. — New York, NY: Simon & Schuster, 2004. — С. 9. — ISBN 0-7432-6480-0
  14. «Gloria Vanderbilt Is Ward Of Court». Lewiston Daily Sun. 1934 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  15. Maroni, Gloria (1985 թ․ մայիսի 26). «SOCIAL SIDE Vanderbilt at home at Wheeler, her happy place». Providence Journal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  16. Times Daily — Google News Archive Search
  17. Vanderbilt, Gloria "Wedded Bliss..." (5) // It seemed important at the time: a romance memoir. — New York: Simon & Schuster, 2004. — ISBN 0-7432-6480-0
  18. Vanderbilt, Gloria It seemed important at the time: a romance memoir.
  19. Gloria Vanderbilt Fragrances
  20. Ripley, George; Dana, Charles A., The American Cyclopædia..
  21. «Frances Wright biography».
  22. Schlereth, Eric R. Fits of Political Religion: Stalking Infidelity and the Politics of Moral Reform in Antebellum America. — С. 288–323..
  23. Anderson Cooper Reveals Mom Gloria Vanderbilt Died 9 Days After Stomach Cancer Diagnosis

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլորիա Վանդերբիլթ» հոդվածին։