Բերանաբորբ
Բերանաբորբ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ստոմատոլոգիա և մաշկաբանություն |
ՀՄԴ-9 | 528.0 |
ՀՄԴ-10 | K1212. |
Stomatitis Վիքիպահեստում |
Բերանաբորբ (ստոմատիտ), բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում։ Կարող է առաջանալ որպես ինքնուրույն հիվանդություն կամ լինել այլ հիվանդությունների (կարմրուկ, քութեշ, գրիպ, կանդիդոզ և այլն) ախտանշան։ Միայն լեզվի վրա առաջացած բորբոքումը կոչվում է լեզվաբորբ (գլոսիտ), լնդերինը՝ լնդաբորբ (գինգիվիտ)։
Բերանաբորբին նպաստում են ներքին օրգանների, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդությունների սրացումները, սննդի մեջ վիտամինների անբավարարությունը, նյութափոխանակության, ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարումները։ Ծխելը, թունդ սպիրտային խմիչքների օգտագործումը, շատ տաք կամ սառը, չափից ավելի թթու և աղի սննդի ընդունումը նույնպես կարող են բերանաբորբի պատճառ լինել։ Վերջինս երբեմն առաջանում է որոշ դեղանյութերի նկատմամբ օրգանիզմի բարձր զգայնության (հատկապես ինքնաբուժման դեպքում), սեռական հասունացման շրջանում, իմաստության ատամի դժվար ծկթման ժամանակ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան բերանաբորբի տարբեր ձևեր, որոնք բոլորն էլ ունեն ընդհանուր աշխտանշաններ՝ բերանի խոռոչի լորձաթաղանթի կարմրություն, մոտակա հյուսվածքների այտուց, ցավ, ենթածնոտային ավշահանգույցների մեծացում։
Բերանաբորբը կարող է ընթանալ սուր ձևով, երբ լորձաթաղանթը բորբոքվում է արագ, լինում է խիստ ցավոտ, իսկ քրոնիկ ձևի դեպքում հիվանդությունը երկարատև է, թույլ արտահայտված ցավերով։
Լորձենաբորբային բերանաբորբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լորձենաբորբային (կատառային) բերանաբորբին բնորոշ է բերանի խոռոչի լորձաթաղանթի վառ կարմրությունը, հաճախ այտուցվածությունը, առատ թքարտադրությունը, ցավոտությունը (հատկապես սնունդ ընդունելիս)։ Նշված երևույթները հաճախ նկատվում են անգինայի, գրիպի և այլ վարակիչ հիվանդությունների դեպքում։
Խոցամեռուկային բերանաբորբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցամեռուկային բերանաբորբը սովորաբար սկսվում է լնդերի վրա խոցերի առաջացմամբ, որոնք պատվում են մոխրագույն փառով։ Խոցերը տարածվում են բերանի խոռոչի լորձաթաղանթի մյուս հատվածների, երբեմն՝ լեզվի վրա։ Առավել հաճախ հիվանդանում են պատանեկան, երբեմն՝ հասուն տարիքում։ Հիվանդությունն ընթանում է ջերմաստիճանի բարձրացումով, նկատվում է դող, ընդհանուր թուլություն, բերանի տհաճ հոտ, ենթածնոտային ավշահանգույցների մեծացում։ Սննդի ընդունումը դժվարանում է։
Աֆթոզ բերանաբորբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆթոզ բերանաբորբն առաջանում է որպես ինքնուրույն հիվանդություն, սակայն հաճախ կապված է լինում մարսողության օրգանների հիվանդությունների հետ։ Սկզբում նկատվում է ընդհանուր թուլություն, այնուհետև բերանի խոռոչում առաջանում են մակերեսային խոցոտումների ոչ մեծ, կլորավուն, դեղին փառով պատված օջախներ՝ աֆթեր, որոնք շրջապատված են լինում կարմիր երիզով և հաճախ շատ ցավոտ են։
Աֆթոզ բերանաբորբի սուր ձևով հաճախ հիվանդանում են երեխաները (1-3 տարեկան)։ Այն ունենում է քրոնիկական ընթացք՝ պարբերական սրացումներով, առաջանում են փոքրաթիվ և քիչ ցավոտ նոր աֆթեր։ Քրոնիկական ձևը հաճախ կապված է ստամոքսաղիքային համակարգի (ստամոքսաբորբ, հաստ աղիքների բորբոքում և այլն), լյարդի և այլ հիվանդությունների հետ։
Դեղորայքային բերանաբորբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղորայքային բերանաբորբն առաջանում է որոշ դեղանյութերի (հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային, յոդի, բրոմի պատրաստուկներ) ընդունումից։ Հիվանդության դրսևորումները խիստ բազմազան են։ Միևնույն դեղանյութը տարբեր մարդկանց օրգանիզմում կարող է առաջացնել բերանաբորբի տարբեր ձևեր, առավել հաճախ՝ լորձենաբորբային։ Որոշ քիմիական նյութերի հետ շփվելիս նույնպես առաջանում է բերանաբորբ, որը նման է դեղորայքային ձևով։
Կանդիդոզային բերանաբորբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանդիդոզային բերանաբորբը կարող է առաջանալ հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործման դեպքում, ինչպես նաև ծանր հիվանդ տարեցների և խիստ թուլացած, հատկապես անհաս կրծքի երեխաների մոտ։ Դրսևորվում է լորձաթաղանթի տարբեր հատվածների վրա սպիտակ թաղանթային փառի առաջացմամբ։
Վնասվածքային բերանաբորբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վնասվածքային բերանաբորբն առաջանում է լորձաթաղանթը կտրող կամ ծակող առարկաներով, քայքայված ատամներով, ոչ սարքին պրոթեզներով վնասվելիս։ Առավել հաճախ ախտահարվում են լնդերը և լեզուն։ Վնասվածքի հատվածը խոցոտվում է։ Վնասվածքային բերանաբորբի ձևերից է Բեդնարի կամ նորածինների աֆթերը, որի դեպքում նորածին և կրծքի երեխաների քիմքի միջին մասի լորձաթաղանթի վրա գոյանում են ոչ մեծ, կլորավուն խոցոտումներ։ Դրանց պատճառը նորածնի բերանի խոռոչն անզգույշ մաքրելը կամ երեխային շշով կերակրելիս կոպիտ և երկար ռետինե ծծակով լորձաթաղանթը վնասելն է։
ժամանակին չբուժելու դեպքում առանձին խոցերը կարող են ձուլվել և առաջացնել թիթեռանման վերքային մակերես, որը հաճախ պատվում է դեղնավուն փառով։ Արհեստական կերակրման դեպքում պետք է հետևել, որ ծծակը լինի կարճ և հարթ մակերեսով։
Լնդաբորբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լնդաբորբը, բերանաբորբին բնորոշ ընդհանուր պատճառներից բացի, կարող է առաջանալ նաև ատամի քարի գոյացման, անհաջող դրված ատամի պլոմբի, պրոթեզի ճնշման հետևանքով կամ կոպիտ խոզանակով լնդերը գրգռելիս։ Լնդաբորբը միշտ նկատվում է հարատամնաբորբի և ատամնակծվածքի զգալի խանգարումների, ինչպես նաև լնդախտի դեպքերում։ Բորբոքումը կարող է սահմանափակվել 2-3 ատամների հատվածում կամ տարածվել ամբողջ լնդերի վրա։
Հիվանդությունը մեծ մասամբ սկսվում է միջատամնային լնդային պտկիկների ուռածությամբ, ցավոտությամբ և արյունահոսությամբ, կարող է առաջանալ լնդերի քոր (լորձենաբորբային լնդաբորբ)։ Օրգանիզմի պաշտպանական ուժերի նվազման, ծանր ընդհանուր հիվանդությունների դեպքում լնդաբորբն ունենում է խիստ ծանր ընթացք, ատամների շուրջ լնդերի վրա առաջանում են խոցեր, լնդերն ուժեղ այտուցվում են, թեթևակի հպումից արյունահոսում, բերանից տհաճ հոտ է գալիս։ Սովորաբար հիվանդության այս ձևն առաջանում է սննդի մեջ վիտամին C-ի կտրուկ նվազման դեպքում (լնդախտային լնդաբորբ)՝ ընդ որում ատամներն սկսում են շարժվել։
Լեզվաբորբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզվաբորբը հաճախ լինում է մակերեսային՝ բորբոքվում է միայն լեզվի լորձաթաղանթը։ Սակայն լեզվի խոր վնասվածքներից մկանի հաստության մեջ կարող է առաջանալ թարախային բորբոքում, որն ուղեկցվում է լեզվի այտուցով, կլման խանգարումով, ջերմաստիճանի բարձրացումով։ Երբեմն գոյանում է թարախակույտ։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ անհրաժեշտ է լինում կատարել ընդհանուր հետազոտություն՝ հայտնաբերելու բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքմանը նպաստող ներքին օրգանների հիվանդությունները։ Ուստի կարևոր է ժամանակին դիմել ստոմատոլոգին և կատարել նրա նշանակումները։ Ինքնուրույն բուժումը կարող է բարդություններ առաջացնել, չպետք է օգտագործել հակամանրէներ կամ այրող միջոցներ։ Անհրաժեշտ է դադարեցնել ծխելը, չօգտագործել կծու, թթու, աղի և տաք սնունդ, ալկոհոլային խմիչք։ Սնունդը պետք է լինի վիտամիններով հարուստ, փափուկ, չգրգռող։ Բերանի խոռոչի լորձաթաղանթի ցավը մեղմելու համար բժշկի խորհրդով բերանը կարելի է ողողել ջրածնի գերօքսիդի (1 թեյի գդալը՝ 0,5 բաժակ ջրում), ֆուրացիլինի (1 հաբը՝ 1 բաժակ ջրում), կալիումի պերմանգանատի վարդագույն լուծույթներով, երիցուկի կամ եղեսպակի գոլ եփուկով։
Կարելի է օգտագործել «սպիտակուցային լոգնոց» (1 ձվի սպիտակուցը խառնել 0,5 բաժակ ջրում և այդ հեղուկը որոշ ժամանակ պահել բերանում)։
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների կանխարգելման համար մեծ նշանակություն ունի ատամների ճիշտ խնամքը, ատամի քարը հեռացնելը, պետք է փոխել անհաջող ատամների պրոթեզները, ժամանակին բուժել ատամների ոսկրափուտը, հեռացնել քայքայված ատամները, որոնք վարակի օջախ են։ Հատկապես կարևոր է շաքարախտով, սիրտանոթային հիվանդություններով տառապողների, ինչպես նաև երեխաների, դեռահասների և հղի կանանց բերանի խոռոչի առողջացումը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stomatitis // Merck, July 2012 by David F. Murchison, DDS, MMS (անգլ.)
- МКБ-10։ K12 Stomatitis and related lesions // Всемирная организация здравоохранения] (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 417)։ |