Ատամնակծվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարդու ատամների նորմալ ատամնակծվածքը։

Ատամնակծվածք, վերին և ստորին ատամնաշարերի դիրքը ատամները կծելիս։ Տարբերում են կաթնատամների ատամնակծվածք (մինչև 6 տարեկանը), փոխարինվող ատամնակծվածք (6-13 տարեկանը), երբ կաթնատամներն աստիճանաբար փոխարինվում են մնայունով, և մնայուն ատամնակծվածք, որը կայունանում է 13-14 տարեկանում։ Առանձնացնում են նաև ֆիզիոլոգիական և ախտաբանական ատամնակծվածք։

Ֆիզիոլոգիական ատամնակծվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիոլոգիական ատամնակծվածքի դեպքում վերին ծնոտի առջևի կաթնատամները և մնայուն ատամները թեթևակի ծածկում են ստորին ծնոտի առջևի ատամները։ Վերին ծնոտի կողմնային ատամները ստորինի նկատմամբ դուրս են ցցված՝ վերին ծնոտի յուրաքանչյուր ատամը հպվում է ստորինի 2 ատամներին, բացառություն են կաթնատամների ատամնակծվածքի 5-րդ և մնայուն ատամնակծվածքի 8-րդ (իմաստության) ատամները, որոնք հպվում են հակադիր ծնոտի միայն 1 ատամին։ Ֆիզիոլոգիական ատամնակծվածքը կարող է լինել տարբեր տիպի, բայց այդ դեպքում բոլոր ատամները հպվում են ճիշտ հարաբերակցությամբ՝ ապահովելով կոշտ սննդի կծելն ու լիարժեք ծամելը։ Ծնոտների կազմությունից և ատամների թեքությունից կախված՝ տարբերում են ֆիզիոլոգիական ատամնակծվածքի հետևյալ ձևերը, ուղղածնոտություն՝ վերին կտրիչները ծածկում են ստորիններին դրանց պսակի 1/3-ի չափով, ուղղակզակություն՝ ստորին ծնոտի առջևի ատամները թեթևակի ծածկում են վերիններին, ուղիղ ատամնակծվածք, երբ վերին և ստորին առջևի ատամները կտրիչ եզրերով աքցանանման հպվում են միմյանց։

Ախտաբանական ատամնակծվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամնակծվածքի դասավորության I դասի խախտում

Ախտաբանական ատամնակծվածքը կամ դրա շեղումներն ատամնաշարերի հարաբերակցությունների այնպիսի խախտումներն են, երբ ծնոտների կցման դեպքում հակադիր ատամներից շատերը միմյանց չեն հպվում։ Այդպիսի շեղումների մեծ մասը կապված է դեմքի կմախքի զարգացման շրջանում կրած հիվանդությունների, ծնոտների վնասվածքի, այդ թվում ծննդաբերական, ծնոտի և քիմքի ճեղքվածքի, ռախիտի, քթաըմպանի գեղձանմանների աճի և դրանց հետ կապված ոչ ճիշտ (բերանային) շնչառության, կաթնատամների վաղ հեռացման հետ։ Ծնոտների ձևախախտումները և համապատասխան շեղումները դանդաղ են առաջանում, երբեմն՝ կրած հիվանդություններից մի քանի տարի անց։

Երեխաների ատամնակծվածքի շեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամնակծվածքի շեղումների պատճառ կարող են դառնալ երեխաների վնասակար սովորությունները (ծծակ և պինդ առարկաներ ծծելը և այլն)։ Դրանք կարող են լինել նաև բնածին (ժառանգական)։ Ատամնակծվածքի շեղումների դեպքում, բացի ծամելուց, հաճախ խախտվում է որոշ հնչյունների արտասանությունը, լինում է ցավի զգացողություն քունքաստործնոտային հոդում, բերանի չորություն և այլն։ Նկատվում են ատամնակծվածքի մի քանի ձևի շեղումներ։ 2 ծնոտների գերաճի դեպքում առջևի ատամներն առաջ են ցցվում, դրանց միջև առաջանում է տարածություն, շրթունքները ևս առաջ են գալիս։ Վերին ծնոտի գերաճի դեպքում այն կտրուկ առաջ է ցցվում բնականոն զարգացած ստորին ծնոտի նկատմամբ, ծնոտների կցման դեպքում առջևի ատամները չեն հպվում, վերին շրթունքը թվում է կարճացած, և բերանի լրիվ փակումը չի ապահովվում։ Գերաճած ստորին ծնոտը կտրուկ առաջ է ցցվում, առջևի ատամները չեն հպվում, ստորին շրթունքն առաջ է գալիս։ 2 ծնոտների թերզարգացման դեպքում, որը հազվադեպ է լինում, դեմքի ստորին հատվածը կարճանում է և կարծես հետ գնում։ Վերին ծնոտի թերզարգացման դեպքում նկատվում է վերին շրթունքի հետանկում, և ատամները կցելիս համապատասխան ատամները չեն հպվում, ստորին ատամները զգալի ծածկում են վերիններին։ Թերզարգացած ստորին ծնոտով մարդկանց կզակը հետ է մնում, ծնոտների կցման դեպքում վերին և ստորին առջևի ատամները չեն հպվում, վերին ատամները զգալի չափով ծածկում են ստորիններին։ Բաց ատամնակծվածքի դեպքում կցվում են միայն աղորիքները, առջևինների միջև տարածություն է մնում։ Խորը ատամնակծվածքի դեպքում վերին կտրիչները խորը ծածկում են ստորիններին։ Ծնոտների թերզարգացման դեպքում որոշ ատամներ ծկթում են ատամնաշարերից դուրս կամ ընդհանրապես չեն ծկթում մնալով ծնոտների խորքում։

Ախտաբանական ատամնակծվածքը կարող է առաջանալ նաև ատամների շատ մաշվածությունից (միջին և մեծ տարիքում)։ Ատամնակծվածքի խախտումներն անհրաժեշտ է բուժել 6-12 տարեկանում՝ ատամնաշարն ուղղող սարքերի միջոցով։ Ավելի ուշ ատամնակծվածքի շտկումը դժվար է և պահանջվում է երկար ժամանակ։ Հասուն տարիքում երբեմն լինում է վիրահատության անհրաժեշտություն։ Ատամները շատ մաշվելուց առաջացած ատամնակծվածքը ուղղում են ատամների պրոթեզով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png