Jump to content

Արցախի ֆիզիկաաշխարհագրական շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արցախի ֆիզիկաաշխարհագրական շրջան, Հայկական լեռնաշխարհի արևելքում՝ Կուրի և Արաքսի հովիտների միջև։ Հյուսիս-արևմուտքում ընդգրկում է Քարվաճառի, հարավ-արևմուտքում՝ Քաշաթաղի ենթաշրջանները։ Մակերևույթն արևմուտքում լեռնային է, ձգվում են Փոքր Կովկասի արտաքին շարի հարավարևելյան հատվածի լեռնաշղթաները, հյուսիսում Մռավի լեռնաշղթան է, որը, աստիճանաբար ցածրանալով, արևելքում ձուլվում է Դարաբաղյան հարթավայրին (բարձր.՝ 200-400 մ), վերջինս ձևավորվել է Թարթառ, Խաչեն, Կարկառ գետերի և Արաքսի մի շարք վտակների արտաբերման նյութերի կուտակումներից։

Արիության լեռը, նույն ինքը՝ Գոմշասարը

Լեռնաշղթայի լանջերը զառիթափ են՝ մասնատված խոր հովիտներով, գերիշխում են ժայռոտ լերկ կատարները, քարացրոնները, սողանքները։ Միջին բարձրություններն անտառապատ են։ Շրջանի կենտրոնով, գրեթե միջօրեականի ուղղությամբ, ձգվում է Արցախի լեռնաշղթան, որի ամենաբարձր տեղամասը Կուսանաց լեռնաշղթան է՝ համանուն գագաթով (2832 մ)։ Արցախի լեռնաշղթան ունի անհամաչափ կառուցվածք, արևելյան լանջերը մեղմաթեք են և երկար, դեպի արևելք տարածվում են մի շարք անտառապատ լեռնաճյուղեր։ Այստեղ է Շուշիի սարավանդը, որն ունի նեղ լեզվակի տեսք և գահավեժ իջնում է հարևան հովիտները։ Արցախի ամենացածր կետը Սև ջրի հովիտն է (112 մ, Մարտունու շրջան), ամենաբարձրը՝ Արիության լեռը (3724 մ)։ Ռելիեֆի բնորոշ ձևերից են նաև լճային, գետային հեղեղաբերուկային նստվածքներով լցված միջլեռնային գոգավորությունները (Քարվաճառի, Հաթերքի, Խաչենի, Ստեփանակերտի, Խոնաշենի, Վարանդայի և այլն)։ Արևմուտքում Սյունիքի բարձրավանդակն է (Դալի, 3616 մ)։ Կան մատչելի լեռնանցքներ՝ Բադարայի, Լիսագորի (Ճաղատսարի, 2080 մ), վերջինով անցնում է Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղին։ Լեռներին հատուկ է միաթեք կառուցվածքը (հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք), միջին բարձրության գոտիներին՝ հարթեցված մակերևույթները, որոնք ռելիեֆին տալիս են աստիճանաձև տեսք։

Երկրաբանական կառուցվածքի ձևավորումը սկսվել է վերին կավճից։ Բնորոշ են հրաբխածին, նստվածքահրաբխածին, նստվածք ապարները։ Լայն տարածում ունեն յուրայի հրաբխածին ապարները, որոնք ներկայացված են պորֆիրիտներով, տուֆիտներով, տուֆափշրաքարերով և ավազի, թերթաքարերի ու կավերի շերտերով։ Թարթառի վերին և Հագարիի աջափնյա ավազանում հիմնականում նեոգենի և անթրուկոգենի հրաբխային ապարներն են՝ բազալտներ, անդեգիտաբազալտներ, իսկ Փոքր Կովկասի նախալեռների երկայնքով տարածված են անթրոպոգենի ցամաք, նստվածքները։ Զարգացած են սողանքային, կարստային երևույթները, հայտնի է հնադարյան Ազոխի քարայրը։ Օգտակար հանածոներից կան պղինձ, ոսկի, բազմամետաղներ, մարմար, պեմզա, գիպս, ասբեստ, բարիտ, կրաքար, կավ և այլն։ Ստեփանակերտի և Շուշիի շրջակայքում տարածված են հիդրոկարբոնատային, քլոր-սուլֆատային հանք, աղբյուրները՝ 20-40 °C ջերմաստիճանով (Թթուջուր, Չարեքտար, Տումի և այլն)։

Կլիման բարեխառն է, մեղմ, լավ արտահայտված վերընթաց գոտիականությամբ։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 1700-ից (գոգավորություններ) 2300 ժ (նախալեռներ) է։ Ձմեռը խիստ չէ, ցածրադիր մասերում ձնածածկույթ գրեթե չի ձևավորվում, սակայն ըստ բարձրության, ձմռան տևողությունը երկարում է։ Հարթավայրերում և նախալեռներում տարեկան միջին ջերմաստիճանը 12-16 °C է, միջին լեռնային շրջաններում՝ 6-8 °C, լեռնային շրջաններում՝ 2-4 °C, 3000 մ-ից բարձր.՝ 0 °C-ից ցածր։ Նվազագույն ջերմաստիճանը -27 °C է. առավելագույնը՝ 40, 2 °C: Տարեկան տեղումները ցածրադիր մասերում 250-300 մմ են, բարձրադիրում՝ 800-1000 մմ առավելագույնը՝ գարնանը, նվազագույնը՝ ձմռանը։

Ջրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թարթառը Չարեքթարի մոտ

Գետային ցանցը պատկանում է Կուր (75%) և Արաքս գետերի ավազաններին։ Այստեղ հաշվվում է 2639 գետ ու գետակ, որոնց ընդհանուր երկարությունը 8395 կմ է։ Գետերը հիմնականում սկիզբ են առնում բարձր լեռնաշղթաներից, ունեն մեծ անկում։ Կուրի ավազանի խոշոր վտակներից են Թարթառը, Հևջան, Խաչենը, Կարկառը, Խոնաշենը, Արաքսի ավազանի վտակներից՝ Հագարին, Վարանդան, Իշխանագետը։ Արցախի տնտեսական զարգացման համար ջրային պաշարների դերն անգնահատելի է, սեփական վառելիքաէներգետիկ պաշարների բացակայության պայմաններում ջուրը միակ էներգետիկ պաշարն է։ Տարածքը գտնվում է չորային շրջանում, մշակաբույսերի ոռոգումը խիստ անհրաժեշտություն է։ Թարթառ գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն արդյունավետ օգտագործելու համար կառուցվել է Սարսանգի ջրամբարը, որի ջրերն օգտագործվում են ոռոգման և ջրաէներգետիկ նպատակներով։

Լանդշաֆտային գոտիները նույնպես կախված են բացարձակ բարձրությունների տատանումներից։ Մինչև 400-500 մ բարձրները տիրապետում են կիսաանապատային գորշ և մոխրահողերը՝ ծածկված օշինդրային բուսականությամբ (Դարաբաղյան և Միլի հարթավայրեր), շատ են նաև ճահճային տարածքները։ Կիսաանապատային տարածքները ոռոգվում են Վերին Դարաբաղյան ջրանցքի ջրերով։

Բուսականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսաանապատներից վեր՝ շագանակագույն հողերի վրա, տարածվում են չոր տափաստանները՝ ծածկված չորասեր հացազգիներով, թփուտային ֆրիգանոիդ բուսականությամբ, ավելի վեր (1500-2300 մ) անտառն է՝ ստորին հատվածում՝ դարչնագույն, վերինում՝ գորշ հողերի վրա։ Հողերը ճմապատված են, ունեն բարձր ներծծանցման հատկություն, տիրապետող են կաղնին, բոխին, հաճարենին, թխկին, լորենին, հացենին և բազմաթիվ պտղատուներ՝ ընկուզենի, հոնենի, զկեռենի և այլն։ Անտառային գոտուց վեր լեռնամարգագետնային լանդշաֆտն է։

Կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիներից տարածված են վայրի այծը, այծյամը, վայրի խոզը, գորշ արջը, գայլը, աղվեսը, սկյուռը, խլուրդը և այլն, թռչուններից՝ արծիվը, ուրուրը, տատրակը, հոպոպը և այլն։

Գանձասար

Ճարտարապետական հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ են պատմաճարտարապետական հուշարձանները։ Հանրահայտ են Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, բազմաթիվ այլ կառույցներ ու միջնադարյան հարյուրավոր խաչքարեր, որոնք լուռ վկայությունն են այն բանի, որ Արցախն անընդմեջ բնակեցված է եղել հայերով։ Շրջանի շռայլ բնությունը տալիս է բոլոր նախադրյալները բարձրորակ առողջարաններ, հանգստյան տներ և տուրիստական հանգրվաններ հիմնելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։