Զանգեգուրի ֆիզիկաաշխարհագրական շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զանգեգուրի ֆիզիկաաշխարհագրտկան շրջան, Հայաստանի Հանրապետության հարավ-արևելքում։ Ընդգրկում է Սյունիքի մարզը, Որոտան, Ողջի գետերի վերին ու միջին հոսանքների և Մեղրի գետի ավազանները, Զանգեզուրի լեռնաշղթայի գագաթնային մասը, արևելյան լանջերը։ Արևելքում սահմանակից է Արցախի Շահումյանի, Քաշաթաղի շրջաններին, արևմուտքում՝ Նախիջևանի Հանրապետությանը, հարավում՝ Իրանին։ Տարածքը 4506 կմ² է։

Խուստոփ լեռը Կապանից, առաջին պլանում Վաչագան գետն է

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերևույթը խիստ լեռնային է, հրաբխային զանգվածների ու սարավանդերի, ծալքաբեկորավոր լեռնաշղթաների, անդնդախոր կիրճերի, ձորերի ու գետահովիտնեիի բարդ համակցություն է Օրդուբադի (արևմուտքից) և Հագարիի (արևելքից) միջլեռնային գոգավորությունների միջև։ Բնորոշ են ռելիեֆի էրոզային և հրաբխային ձևերը, բնական բրգաձև գոյացումները (Գորիսի բուրգեր), քարանձավները, քարակարկառները։ Առավելագույն բարձրությունը 3904 մ է (Կապուտջուղ), նվազագույնը՝ 375 մ (Մեղրու կիրճ)։ Հիմնական լեռնագրական միավորից՝ Զանգեզուրի լեռնաշղթայից, ճյուղավորվում և տարածքը արևմուտքից արևելք հատում են Բարգուշատի լեռնաշղթան, Մեղրու լեռնաշղթան, հարավ-արևելքում է Խուստուփ–Կատարի աղեղնաձև լեռնաշղթան (Խուստուփ, 3202 մ), որը Ողջիի հովտով բաժանվում է Խուստուփ և Կատար զանգվածների։ Հյուսիս-արևելյան մասը զբաղեցնում են Սյունիքի բարձրավանդակը, Անգեղակոթի, Եռաբլրի և Գորիսի սարավանդները, Ողջիի միջին հոսանքում՝ Կապանի գոգավորությունը։

Տեսարան Խնձորեսկից

Պաշարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի հյուսիսը բնութագրվում է ողորկ և փոքրաթեք լեռնալանջերով, դյուրանցանելի լեռնանցքներով՝ Որոտանի (2344 մ) և Սիսիանի (2345 մ), հարավում Մեղրու պլուտոն ներժայթուքն է, որով պայմանավորված է օգտակար հանածոների (պղինձ, մոլիբդեն, ոսկի, երկաթ, նեֆելինային սիենիտներ) պաշարների բազմազանությունը, կան նաև շինանյութերի, դիատոմիտի, կրաքարի, հրաբխային խարամի հանքավայրեի, հանքային ջրերի ելքեր (Քարաշամբի, Տաթև, Սիսիան և այլն)։ Երկրաշարժամետ գոտի է։ Ուժեղ երկրաշարժեր են եղել 1931 և 1968 թվականներին։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայական հակադրությունների շրջան է, ըստ բարձրության՝ հերթափոխվում են Հայաստանի Հանրապետության տարածքին բնորոշ կլիմայի գրեթե բոլոր տիպերը՝ չոր մերձարևադարձայինից մինչև ձնամերձ։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 2120-ից (Գորիս) 2660 ժ է (Սիսիան)։ Հունվարի միջին ջեիմաստիճանը 0, 9-ից -9, 8 °C է, նվազագույնը՝ -40 °C (Սիսիան), հուլիս-օգոստոսին՝ 13, 9-25 °C, առավելագույնը՝ 41 °C (Մեղրի), տարեկան տեղումները 250 -ից (Մեղրի) - 800 մմ (Կապան) են։ Ցածրադիր գոտում ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի։

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանդարյան ջրամբարը Վայքի լեռնաշղթայի ֆոնին

Ջրագրական ցանցը խիտ է։ Շրջանի հարավով հոսում է Արաքսը։ Գետերը լեռնային բնույթի են՝ V-աձև հովիտներով, արագահոս, սահանքավոր, ունեն մեծ անկում, ջրաէներգիայի մեծ պաշարներ, առաջացրել են ջրվեժներ (Շաքի և այլն)։ Խոշոր գետերն են Որոտանը՝ Շաղատ, Սիսիան, Վարարակ, Խնձորեսկ, Շաքի, Ողջին՝ Գեղանուշ, Քաջարանց, Գեղի վտակներով, և Մեղրին։ Կան սառցադաշտային ծագման (Կապույտ, Ալ, Սև, Ղազանի և այլն) լճեր։ Որոտանի վիա կառուցվել են Սպանդարյանի, Տոլորսի, Անգեղակոթի, Շամբի ջրամբարները։

Հողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են սևահողերը, լեռնաանտառային դարչնագույն, լեռնամարգագետնային, ճմատորֆային և ձնամերձ գոտու հողերը։

Բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերիշխում են անտառային և ալպյան բուսատեսակները։ Մեղրու շրջանում, Արաքսի հովտում (մինչև 600 մ բարձր.) լեռնաչորասեր խմբակցություններն են, ավելի վերև՝ սաղարթավոր նոսրանտառների և շիբլյակի խմբակցություններ։ Տարածքի շուրջ 20%-ը անտառապատ է, գերիշխում են կաղնին, բոխին, թխկենին, հացենին, գիհին և այլն, Եռաբլրի և Գորիսի սարավանդներում՝ տափաստանը։

Գոտիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանում հերթափոխվում է վերընթաց լանդշաֆտային հինգ գոտի՝ չոր մերձարևադարձային (Մեղրի գետի ավազան), չոր լեռնատափաստանային՝ մինչև 900-1000 մ բարձրություն, լեռնաանտառային՝ մինչև 2500-2600 մ (Ծավ, Ողջի, Որոտան գետերի հովիտներում, Մեղրու շրջանում), լեռնամարգագետնային և ձնամերձ։ Շրջանի հարավային մասը ներառված է Շիկահողի արգելոցի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։