Արմաշի դպրեվանք
Արմաշի դպրեվանք, հոգևոր բարձրագույն ուսումնական հաստատություն։ Հիմնվել է 1889 թվականի սեպտեմբերի 18-ին, Արմաշ գյուղի Չարխափան Ս․ Աստվածածին վանքում, Կոստանդնուպոլսի պատրիարք Խորեն Աշըգյանի հովանավորությամբ և Մաղաքիա Օրմանյանի վերատեսչությամբ՝ իբրև Կոստանդնուպոլսի պատրիարքարանի դպրեվանք։ Ընդունվում էին 17-22 տարեկան պատանիներ։ Նպատակն էր պատրաստել ոչ միայն հոգևորականներ, այլև ուսուցիչներ։
1895-1896 թվականներին դպրեվանքում է տպագրվել Կոստանդնուպոլսի «Մասիս» կրոնական հանդեսը։ 1896 թվականից գործել է որբերի դասարան։ Աշակերտների թիվը 1889-1914 թվականներին հասնում էր շուրջ 300-ի։ Կրոնական առարկաներից բացի դասավանդվում էին իմաստասիրություն, բնական գիտություններ, հայագիտություն, հայերեն, ֆրանսերեն, թուրքերեն։ Ուսման տևողությունը 7 տարի էր։ 1915 թվականին վանքը թալանվել է, միաբանությունը տարագրվել։
Մատենադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմաշի Չարխափան վանքում գրչագրեր են ժողովվել դեռևս 17-րդ դարից։ 1786 թվականին կառուցվել է մատենադարանի հատուկ շենք։ 18-րդ դարի վերջին, Չակր Հասանի արշավանքի ժամանակ, ոչնչացվեցին վանքի բոլոր գրչագրերը։
Նոր հավաքածու սկսեց գոյանալ 19-րդ դարի սկզբից։ Նվիրատվությունների և տեղում ընդօրինակված ձեռագրերի հիման վրա 1889 թվականին ստեղծվեց դպրեվանքի մատենադարանը։ 1904 թվականին Արմաշի դպրեվանքի մատենադարանի գրչագրերի թիվը հասել է 223-ի (գիտականորեն ցուցակագրել է Հակոբ Թոփճյանը)։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը դրանց թիվը կրկնապատկվել է։ 1915 թվականին Մեծ եղեռնի ժամանակ այդ ամենը ոչնչացավ։ Արմաշի դպրեվանքի մատենադարանի ձեռագրերը ընդօրինակվել են 14-19-րդ դարերում։ Հնագույնը 1351 թվականից էր, սակայն եղել են նաև ձեռագրեր, որոնց կողերին կարված էին մեսրոպյան երկաթագրով գրված պահպանակներ։ 14-րդ դարում կար 4, 15-րդ դարում 7, 16-րդ դարում 8, 17-րդ դարում 30, 18-րդ դարում 58, 19-րդ դարում 116 ձեռագիր։ Մեծ մասը գրվել է Արմաշում, ինչպես նաև Կ․ Պոլսում, Սեբաստիայում, Կեսարիայում, Ամասիայում, Եկեղյաց գավառում, Կարինում, Էջմիածնում, Հռոմում, Ղրիմում, Լեհաստանում, Երուսաղեմում և հայաբնակ այլ վայրերում։ Այդտեղ են պահվել Թովմա Մեծոփեցու «Պատմության» 1597 թվականին ընդօրինակված մի գրչագիր, Հովհան Ոսկեբերանի անտիպ գործերը, Սիմեոն Երևանցու ինքնագիր քարոզ-գիրքը, բժշկարաններ, բառարաններ, խազագրված ձեռագրեր, Միքայել Չամչյանի նամականին, որը Կիլիկիայի Հայկական թագավորության անտիպ մի դատաստանագիրք է։ Սակավաթիվ մանրանկարչական ձեռագրերում կային Գրիգոր Մագիստրոսի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Տաթևացու և այլոց դիմանկարները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոփճյան Հ․, Ցուցակ ձեռագրաց Արմաշի վանքին, Վնտ․, 1962
- Քոլանջյան Ս․, Մեր ձեռագրական կորուստները, «Էջմիածին», 1967, № 5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 90)։ |