Ծնվել է Կ. Պոլսում, Ակնից գաղթած Չոպանյան (Հովվյան) հայտնի գերդաստանի ճյուղավորումներից մեկում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Մաքրուհյաց վարժարանում, ապա սովորել ֆրանսիացի գրող տիկին Ֆյուրեի մասնավոր դպրոցում։ Հայերենը կատարելագործելու համար մասնավոր դասեր է վերցրել բանաստեղծներ Թովմաս Թերզյանից և Խորեն Նար Պեյից։ 1893 թվականին «Մասիս» հանդեսում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը։ Այնուհետև հաճախ է երևացել պարբերական մամուլում արձակ և չափածո երկերով։
Համիդյան տարիներին մեկնել է Շվեյցարիա, օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել է Պոլիս, աշխատակցել մամուլին («Բիւզանդիոն», «Արեւելեան մամուլ», «Շանթ» և այլն)։ Առաջին աշխարհամարտից հետո եղել է «Հայ կին» հանդեսի աշխատակիցներից մեկը։ 1922 թվականին անցել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը, շարունակելով աշխատակցել սփյուռքահայ մամուլին («Հայաստանի կոչնակ», «Անահիտ» և այլն)։ Նրա բանաստեղծություններն ամփոփված են «Այգ եւ վերջալոյս» ժողովածուում (Փարիզ, 1942)։ Մահից մի տարի առաջ լույս են տեսել նրա արժեքավոր հիշողությունները «Յուշերս» վերնագրով (Փարիզ, 1949)[5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 362)։