Անաբասիս, «Նահանջ Բյուրոց» (հունարեն՝ Ἀνάβασις - վերելք, շարժում երկրի խորքով), Քսենոփոնի պատմա-հուշագրական երկը։ Բաղկացած է 7 գրքից, որոնցում նկարագրված է մ.թ.ա. 401 թվականին գահատենչ Կյուրոս Կրտսերի վարձկան ուժերի՝ 10 հազար հույների անհաջող արշավանքը Աքեմենյան թագավոր Արտաքսերքսես II դեմ և Կունաքսայի (Միջագետք) ճակատամարտում պարտվելուց հետո նրանց նահանջը Հայաստանի վրայով դեպի Սև ծով։ Հեղինակը մասնակցել է ամբողջ արշավանքին ու նահանջին (հելլեն զորավարների նենգաբար սպանվելուց հետո նա նահանջող զորքի հրամանատարն էր)։ Անաբասիսը արժանահավատ և անփոխարինելի սկզբնաղբյուր է հատկապես Հայաստանի հնագույն պատմության ուսումնասիրման համար։ Անաբասիսում Հայաստանը պատկերված է իբրև ընդարձակ երկիր որի սատրապն էր Օրոնտեսը, իսկ արմատական մասում հյուպարքոս էր Տիրիբազոսը։ Ըստ Անաբասիսի, Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել, հիմնականում, հայերով։ Արևելյան Տիգրիսից մինչև Արաքսի վերին հոսանքը հելլեններն անցել են հայկական գյուղերով։ Անաբասիսի տվյալների համաձայն, Հայաստանի բնակչության գլխավոր զբաղմունքը գյուղատնտեսությունն էր։ Գյուղերում «տները լեցուն էին» մթերքներով (ցորեն, գարի, հաց, գարեջուր, անուշաբույր գինիներ, ընդեղեն, քունջութի, նշի և բևեկնի յուղ, կենդանական ճարպ և այլն)։ Երկրագործության տեսակարար կշիռը մեծ էր Հայաստանի տնտեսության մեջ, հանգամանք, որը կարևոր նշանակություն ուներ պետականության կազմավորման ընթացքի համար։ Անաբասիսի տվյալներից երևում է, որ Հայաստանում տիրապետող է եղել գյուղական-տերիտորիալ համայնքը։ Անաբասիսը տեղեկություններ է հաղորդում նաև Հայաստանի սատրապային վարչակարգի մասին։ Հիշատակվում են գյուղերում կանգնած ապարանք-ամրոցներ, որոնք պատկանել են սատրապներին։ Օրոնտեսի զորքը հայերից էր բաղկացած։ Սատրապն օգտվում էր նաև վարձկաններից։ Հայաստանի Աքեմենյան ժամանակաշրջանի նյութական մշակույթի ուսումնասիրման համար կարևոր են գյուղական ճարտարապետության, զենքերի, կենցաղային առարկաների մասին տեղեկությունները։ Անաբասիսը որոշ պատկերացում է տալիս մ.թ.ա. 5-6-րդ դարերի Հայաստանի քաղաքական վիճակի մասին, լուսաբանում հին հայկական հասարակության կյանքի տարբեր կողմերը։ Անաբասիսի շնորհիվ հելլենները ծանոթացան պարսկական ընդարձակածավալ տերության ներքին թուլությանը և հող պատրաստվեց Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքի համար։ Անաբասիսը իր պատմագիտական ու գեղարվեստական արժանիքների համար դարեր շարունակ եղել է ընթերցանության հաճելի գիրք, որն այսօր ևս առինքնում է պատմաբաններին, ռազմական գործիչներին և աշխարհագրագետներին։ 1970 թվականին Երևանում լույս տեսավ Անաբասիսի հայերեն թարգմանությունը (թարգմանված և ծանոթագրված Կրկյաշարյան, Սիմոն Միսակի)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 356)։