Ալեքսանդր Պովետկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պովետկին
Լուսանկար
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 2, 1979(1979-09-02) (44 տարեկան)
ԾննդավայրԿուրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Ալեքսանդր Վլադիմիրովիչ Պովետկին (ռուս.՝ Алекса́ндр Влади́мирович Пове́ткин, սեպտեմբերի 2, 1979(1979-09-02), Կուրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգի ներկայացուցիչ։ 91 կիլոգրամից բարձր քաշային կարգում 28-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն (2004)։ Մինչև 91 կիլոգրամ (2000) և 91 կիլոգրամից բարձր քաշային կարգում Ռուսաստանի չեմպիոն (2001, 2002)։ Բարի կամքի խաղերի չեմպիոն (2001)։ Աշխարհի չեմպիոն (2003)։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2002, 2004)։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2002)։

Ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի կանոնավոր չեմպիոն (2011-2013)։ Արժանացել է նաև նաև երկրորդական տիտղոսների՝ WBC Silver (2014), WBO International և WBA Inter-Continental (2017):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Վլադիմիրովիչ Պովետկինը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 2-ին Կուրսկում։ Բռնցքամարտով սկսել է զբաղվել 1992 թվականին Կուրսկի «Սպարտակ» մարզահամալիրում՝ իր հոր՝ Վլադիմիր Իվանովիչ Պովետկինի գլխավորությամբ[1], ավելի ուշ՝ Ալեքսանդր Իվանովիչ Ռոգոզինի գլխավորությամբ։ Մինչև բռնցքամարտով լուրջ զբաղվելը, Ալեքսանդրը հաճախել է ուշուի, ձեռնամարտի, կարատեի մարզումների։ Մարզիկի խոսքերով, նա բռնցքամարտով լուրջ սկսել է հետաքրքրվել Ռոկկի ֆիլմը դիտելուց հետո[2]։

Կարիերա սիրողական բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հաջողություններին Պովետկինը հասել է 1995 թվականին՝ հաղթելով Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում։ Երկու տարի անց դարձել է ազգային երիտասարդական առաջնության հաղթող։

2000 թվականին Ալեքսանդրը պետք է մասնակցեր Սիդնեյում կայանալիք Ամառային Օլիմպիական խաղերին։ Սակայն վնասվածքի պատճառով ստիպված է եղել բաց թողնել այդ մրցաշարը։ Արդյունքում Սիդնեյի Օլիմպիական խաղերին Պովետկինի փոխարեն մասնակցել է Սուլթան Իբրահիմովը[3], որը մրցաշարում ստացել է արծաթե մեդալ։

2001 թվականին Ալեքսանդրը սկսել է հանդես գալ գերծանր քաշային կարգում։ Պովետկինը Բելֆաստում առաջին անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը։ Քառորդ եզրափակչում միավորներով (30:36) զիջել է ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսեյ Մազիկինին։ Սեպտեմբերին Բրիսբենում կայացած Բարի կամքի խաղերի կիսաեզրափակչում Ալեքսանդրը ռևանշ է վերցրել Մազիկինից և հաղթել 15:6 հաշվով։

Մայրցամաքային «ոսկի» ստանալու ճանապարհին Պովետկինը հաղթանակ է տարել գերմանացի հայտնի բռնցքամարտիկ Սեբաստիան Կյոբերի դեմ (կիսաեզրափակչում), իսկ որոշիչ մարտում՝ իտալացի Ռոբերտո Կամարելեի դեմ (20:16)։ Տարվա վերջում հաղթել է Վարշավայի մրցաշարում՝ եզրափակիչ փուլում պարտության մատնելով Ալեքսեյ Լեզինին։

2003 թվականին Ռուսաստանի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ եզրափակչում պարտություն կրելով հենց նույն Լեզինից։

2004 թվականի փետրվարին հաղթել է Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունեցել Խորվաթիայի Պուլա քաղաքում։ Որոշակի դժվարություններ են առաջացել միայն իտալացի գերծանր քաշային կարգի բռնցքամարտիկ Ռոբերտո Կամարելեի դեմ մարտում, որի հետ հանդիպել է առաջնության եզրափակիչ փուլում։

Բայց սիրողական բռնցքամարտում իր գլխավոր հաջողությանը հասել է 2004 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում։ Քառորդ եզրափակչում Պովետկինը հանդիպել է Ղազախստանի ներկայացուցիչ Մուխտարխան Դիլդաբեկովի հետ։ Կիսաեզրափակչում նա հաղթել է իտալացի Ռոբերտո Կամարելեին։ Եզրափակչում Ալեքսանդրը պետք է հանդիպեր եգիպտացի գերծանր քաշային կարգի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հետ։ Սակայն Օլիմպիադայի «ոսկին» Ալեքսանդրին հասել է առանց մարտի։ Նրա հակառակորդը ստացել էր աջ ձեռքի վնասվածք և չէր կարողացել դուրս գալ ռինգ։ Այդպես Ալեքսանդրը դարձել է առաջին ռուս օլիմպիական չեմպիոնը գերծանր քաշային կարգում։

2005 թվականին Պովետկինը որոշել է կարիերան սկսել պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ Նա համաձայնագիր է ստորագրել գերմանական «Sauerland Event» կազմակերպության հետ․ պայմանով, որ պետք է մարզվի «Վիտյազյա» բազայում[4][5][6][7][8][9][10]։

Քիքբոքսինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիքբոքսինգում Ալեքսանդրը մասնակցել է 4 առաջնությունների, բոլորին էլ նվաճելով ոսկի։

Պրոֆոսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2006: Պրոֆեսոինալ կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պովետկինը պրոֆեսիոնալ ռինգում առաջին անգամ ներկայացել է 2005 թվականին։ Առաջին մրցակիցը եղել է գերմանացի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալի Դուրմազը։ Երկրորդ ռաունդի միջին հատվածում Ալեքսանդրը աջ ուղիղ հարված է հասցրել մրցակցի կզակին։ Վերջինս հայտնվել է ռինգի հատակին։ Ալին իր մեջ ուժ է գտել և բարձրացել է։ Սակայն մրցադատավոր Էռնստ Զալցգեբերը որոշում է ընդունել կանգնեցնել մարտը։

2005 թվականի սեպտեմբերին Ալեքսանդրը նոկաուտի է ենթարկել ամերիկացի Սերոն Ֆոքսին, իսկ հոկտեմբերին՝ ամերիկացի Ջոն Քաստլին։

2005 թվականի նոյեմբերի 12-ին Ալեքսանդր Պովետկինը միավորների առավելությամբ հաղթել է կանադացի բռնցքամարտիկ Ստեֆան Թեսյեին։

2006 թվականի մարտի 4-ին Պովետկինը նոկաուտի է ենթարկել նիգերացի բռնցքամարտիկ Ռիչարդ Բանգոյին։

2006 թվականի ապրիլի 22-ին Պովետկինը պրոֆեսիոնալ ռինգում անց է կացրել իր 7-րդ մարտը, որի ժամանակ հանդիպել է Ֆրայդեյ Ահունանիայի հետ։ Մարտի սկզբում Պովետկինը առաջ է անցել, բայց վերջում սկսել է հոգնել։ Սակայն մարտը տևել է ընդամենը 6 ռաունդ։ Նա կարողացել է պահպանել իր առավելությունը և հաղթել դատավորների միաձայն որոշմամբ։ Մարտից հետո չի հայտարարվել հաշիվը։ Միայն հայտարարվել է ռուս բռնցքամարտիկի հաղթանակը։

2006 թվականի հունիսին Ալեքսանդրը նոկաուտի է ենթարկել Էկվադորի ներկայացուցիչ Լիվին Կաստիլիոյին։

2006 թվականի սեպտեմբերի 23-ին Պովետկինը տեխնիկական նոկաուտով հաղթել է աշխարհի չեմպիոնի նախկին թեկնածու ամերիկացի Էդ Մեհոունին։

2006 թվականի դեկտեմբերի 10-ին Ալեքսանդրը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Իմամու Մեյֆիլդին։

2007-2008: Ճանապարհ դեպի IBF[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մարտին Պովետկինը երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Դեյվիդ Բոստիսին, իսկ երկու ամիս անց՝ Պատրիս Լերոյին։

Մարտ Լարի Դոնալդի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունիսի 30-ին Ալեքսանդրը հանդիպել է Դոնալդ Լարիի հետ։ Սկզբում Պովետկինը պետք է հանդիպեր Մոնթե Բարետի հետ, բայց ամերիկացին մարտից առաջ վնասվածք էր ստացել։ Նրան փոխարինել է Դոնալդը։ Պովետկինը առջևից էր ընթանում ողջ մարտի ընթացքում և ճշգրիտ հարվածներ էր հասցնում իր հակառակորդին։ Պովետկինը չի կարողացել նոկաուտի ենթարկել իր հակառակորդին։ Սակայն հաղթող է ճանաչվել բոլոր ռաունդներում։ Այդ մարտից հետո Դոնալդը ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան[11]։

Մարտ Կրիս Բյորդի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հոկտեմբերի 27-ին Ալեքսանդրը IBF վարկածով առաջնությունում հանդիպել է աշխարհի նախկին կրկնակի չեմպիոն Քրիս Բյորդի հետ։ Արդեն առաջին ռաունդներում ռուս բռնցքամարտիկին հաջողվել է գտնել իր մրցակցի պաշտպանության թույլ կողմերը։ Ամբողջ մարտի ընթացքում Ալեքսանդրը ուժեղ, աջ կողմից ճշգրիտ հարվածներ է հասցրել մրցակցին, իրականացրել է կրոս հարվածներ, հարձակվել տարբեր սերիական համակցություններով։ Այդ ամենի արդյունքում Պովետկինը հարվածների փոխանակման ընթացքում գերազանցել է է նրան։ 10-րդ ռաունդում Ալեքսանդրը կարողացել է ճնշել մրցակցին, և գործը ավարտել 11-րդ ռաունդում։ Ռուս բռնցքամարտիկը հաջորդաբար հարվածներ է հասցրել ամերիկացուն, որի արդյունքում Քրիս Բյորդի մարտավկան դադարեցրել է միակողմանի ընթացող մարտը[12]։

Մարտ Էդդի Չեմբերսի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդի Չեմբերս

2008 թվականի հունվարի 26-ին եզրափակիչ մարտում Պովետկինը հանդիպել է ամերիկացի անհաղթելի բռնցքամարտիկ Էդի Չեմբերսի հետ։ Ալեքսանդրի համար մարտը շատ ծանր է եղել։ Չեմբերսը կարողացել է հրաշալի պաշտպանվել և մի շարք հարվածներ հասցնել Պովետկինին։ Արդյունքում ռուս բռնցքամարտիկը սկզբնական ռաունդներում չի կարողացել աչքի ընկնել ընդգծված հարվածներով։ Մինչդեռ Չեմբերսը պրոֆեսիոնալ կերպով պաշտպանվել է և մի շարք ճշգրիտ հարվածներ է հասցրել հակառակորդին։ Մարտի ավարտին Ալեքսանդրը արդեն օգտագործել է իր սցենարը և ուժեղ հարվածներով հարձակվել է հակառակորդի վրա։ Հարվածների մեծամասնությունը նա հասցրել է Չեմբերսի գլխին։ Արդյունքում, երեք դատավորների որոշմամբ, հաղթող է ճանաչվել Ալեքսանդր Պովետկինը[13]։

2008-2010: Ճանապարհ դեպի WBA[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտ Տաուրուս Սայքսի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեմբերսի հետ տեղի ունեցած մենամարտից հետո ռուս բռնցքամարտիկը դարձել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդ, որը այդ ժամանակ պատկանում էր ծանրքաշային կարգում ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյին։ Սակայն Վլադիմիրը պետք է մասնակցեր այլ մարտի։ Չեմպիոնի հետ մարտից առաջ առանց գործելու չմնալու համար Պովետկինը մարտ է անց կացրել ամերիկացի քիչ հայտնի բռնցքամարտիկ Թաուրուս Սայքսի դեմ։

2008 թվականին տեղի է ունեցել Պովետկինի և Սայքսի միջև մարտը։ Հենց առաջին րոպեներից Ալեքսանդրի հակառակորդը սկսել է խուսափողական մարտ վարել։ Չորրորդ ռաունդում ռուս բռնցքամարտիկը հերթական գրոհից հետո կարողացել է աջ կողմից երկու ճշգրիտ հարված հասցնել իր հակառակորդին։ Սայքսը հայտնվել է ռինգի հատակին և չի փորձել բարձրանալ նույնիսկ մրցադատավորի հաշվելուց հետո։ Այդ եղանակով Ալեքսանդրը տեխնիկական նոկաուտով դարձել է մարտի հաղթողը[14]։

Պովետկինը Կլիչկոյի դեմ մարտում պետք է ստանար 3,3 միլիոն դոլար։ Նրանք պետք է հանդիպեին դեկտեմբերի 13-ին Գերմանիայի Մանհայմ քաղաքում։ Ավելի ուշ Պովետկինի թիմը հայտարարել է, որ նա վնասվածք է ստացել։ Սակայն IBF-ի որոշմամբ Պովետկինը շարունակել է կրել աշխարհի չեմպիոնի հավակնորդի տիտղոսը։ Այդ պատճառով Կլիչկոյի և Պովետկինի միջև կայանալիք մարտը հետաձգվել է մինչև 2009 թվականի սեպտեմբերի 13-ը[15]։

Մարտ Ջեյսոն Էստրադայի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարվա սկզբին Պովետկինի թիմը սկսում է կազմակերպել Ալեքսանդրի հերթական մարտը։ Վնասվածքներից բուժված Ալեքսանդրի համար հակառակորդ է ընտրվում ամերիկացի բռնցքամարտիկ Ջեյսոն Էստրադան։ Վերջինս եղել է սիրողական բռնցքամարտի աստղերից մեկը, ԱՄՆ-ի բազմակի և Պանամերիկյան խաղերի չոմպիոն։ Հենց առաջին ռաունդներում Էստրադան կարողանում է ապացուցել, որ հմուտ բռնցքամարտիկ է։ Ջեյսոնը կարողանում է արագ շարժվել և ձախ ջեբ հարվածներով անընդհատ խանգարել Պովետկինին։ Ալեքսանդրի հարվածներից նա խուսափում էր միայն մարմնի հմուտ աշխատանքի շնորհիվ։ Ռուս ծանրքաշային բռնցքամարտիկի առավելությունը սկսում է երևալ միայն մարտի միջին հատվածում։ Ալեքսանդրի մի քանի հաջող հարվածներից հետո Էստրադան կորցնում է իր արագությունը։ Պովետկինի հարվածներից նա կարողանում է որոշ չափով խուսափել 7-րդ ռաունդում։ Սակայն մնացած երեք եզրափակիչ ռաունդներում Ալեքսանդրը կրկին առաջ է անցնում իր հակառակորդից։ Հարվածների տարափի տակ Էստրադան կարողանում է պայքարել մինչև մարտի ավարտը։ Արդյունքում, միավորների առավելությամբ, երեք դատավորները արձանագրում են Պովետկինի հաղթանակը[16][17]։

Մարտ Լեոն Նոլանի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ միջանկյալ մարտը Պովետկինը անց է կացնում ամերիկացի քիչ հայտնի բռնցքամարտիկ Լեոն Նոլանի դեմ։ Ալեքսանդրը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկում հակառակորդին։

Մարտ Խավյեր Մորայի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի վերջին արդեն հայտնի է դառնում, որ Պովետկինի հաջորդ մարտը նշանակվել է 2010 թվականի մարտի 13-ին։ Նրա մրցակիցը դառնում է մեքսիկացի ծանրքաշային բռնցքամարտիկ Խավյեր Մորան։ Պովետկինը նրան նոկաուտի է ենթարկում 5-րդ ռաունդում։

Մարտ Տեկե Օրուխայի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերի 16-ին Ալեքսանդր Պովետկինը նոկաուտի է ենթարկում նիգերիացի բռնցքամարտիկ Տեկե Օրուխային։

Մարտ Նիկոլայ Ֆիրտայի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերի 18-ին Պովետկինը ռինգ է դուրս գալիս ամերիկացի բռնցքամարտիկ Նիկոլայ Ֆիրտայի դեմ։ Առաջին երկու ռաունդներում Ալեքսանդրը ստանում է աջ ձեռքի վնասվածք. կտրվում է ձեռքի ջիլը[18]։ Ուշադրություն չդարձնելով վնասվածքին՝ շարունակում է մարտը։ Նույնիսկ 8-րդ ռաունդում վնասում է հակառակորդի աջ հոնքը։ Կարելի է ասել, որ մարտի 80 %-ը նա անց է կացնում մեկ ձեռքով։ Պովետկինը հաղթում է միավորների առավելությամբ։

2011-2013: WBA վարկածով աշխարհի կանոնավոր չեմպիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Ֆիրտայի դեմ մարտից հետո Ալեքսանդրը հայտնվել է WBA վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։ Ծանր վնասվածքից հետո թույլատրված վերականգնման շրջանը ավարտվել է մինչև մարտ ամիսը ընկած ժամանակաշրջանում։ Առաջին հավաքը տեղի է ունեցել մարտին, որը Ալեքսանդրը անց է կացրել հարազատ քաղաք Կուրսկում, որտեղ այցելել է բռնցքամարտի համար մասնագիտացված սրահ։

Ռուսական Դյուցազն թիմը հաջորդ մարտը պլանավորել էր օգոստոս ամսից ոչ շուտ։ Պովետկինի համար, որպես հակառակորդ, առաջադրվել էր Ժան Մարկ Մորմեկը, և նույնիսկ Խասիմ Ռահմանը ռուս բռնցքամարտիկի հետ ռինգ դուրս գալու իր ցանկությունն էր հայտնել։ Մարտը տեղի է ունեցել Համբուրգի «Ֆոլքսպարքշտադիոն» ֆուտբոլային մարզադաշտում, որտեղ Վլադիմիր Կլիչկոն հաղթել է Դևիդ Հեյին (WBA վարկածով չեմպիոն)։ Վլադիմիրը գերծանր քաշային կարգում եղել է IBF և WBO վարկածով չեմպիոն։ Այդ պատճառով Բռնցքամարտի Համաշխարհային Ասոցիացիան նրան հայտարարել է գերչեմպիոն, իսկ աշխարհի կանոնավոր չեմպիոնի տիտղոսը թափուր է մնացել։ Սա նշանակում էր, որ տիտղոսին կարող էին արժանանալ WBA-ի վարկանշային աղյուսակի առաջին և երկրորդ համարները՝ Ռուսլան Չագաևը և Ալեքսանդր Պովետկինը։

2011 թվականի հուլիսի 19-ին Պովետկինի և Չագաևի միջև պայմանագիր է ստորագրվել WBA վարկածով չեմպիոնի կանոնավոր տիտղոսի համար։ Մարտը պետք է տեղի ունենար նույն թվականի օգոստոսի 27-ին՝ գերմանական Էրֆուրտ քաղաքում։

Չեմպիոնական մարտ Ռուսլան Չագաևի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսլան Չագաև

2011 թվականի օգոստոսի 27-ին Ալեքսանդրը ռինգ է դուրս եկել աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Չագաևի դեմ։ Մարտի սկզբից Ալեքսանդրը միանգամից հարձակման է անցել, որովհետև այդպես էր պլանավորել նրա մարզիչը՝ Թեդի Ատլասը։ 5-րդ ռաունդի ավարտին և 6-րդ ռաունդի սկզբին Պովետկինի առավելությունը նշանակալի է եղել և նա հակառակորդին գերազանցել է միավորների տարբերությամբ։ Այնուհետև Չագաևը սկսել է ավելի ագրեսիվ մարտ վարել։ Նրա գրոհները ավելի հաճախ են հասել իրենց նպատակին։ Սակայն Չագաևը արագ սկսել է հոգնել և 11-րդ ռաունդից հետո առավելությունը կրկին անցել է Պովետկինին։ Վերջում դատավորների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվել Պովետկինը՝ 116-112, 117-113, 117-113 հաշվով[19]։

Մարտ Սեդրիկ Բոսվելի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերի 3-ին Ալեքսանդրը տիտղոսի առաջին պաշտպանության ժամանակ հանդիպել է ամերիկացի տարեց բնռցքամարտիկ Սեդրիկ Բոսվելի հետ։ Մարտը տեղի է ունեցել միջին տեմպով։ Ալեքսանդրը ունեցել է փոքր առավելություն և անընդհատ հետապնդել է իր 43-ամյա հակառակորդին։ Վերջինս անընդհատ պաշտպանվել է և իրականացրել ջեբ հարվածներ։ Մարտի միջին հատվածում Ալեքսանդրը սկսել է ավելի որոշիչ գործել։ Բոսվելի մոտ խնդիրներ էին առաջացել։ Նրան հաջողվել է հեռանալ հակառակորդի ուժեղ հարվածներից, բայց չեմպիոնի մի քանի ծանր հարվածները հասել են իրենց նպատակին։ Վերջապես 8-րդ ռաունդում Պովետկինը Սեդրիկին հասցրել է ռինգի պարանների մոտ և իրականացրել որոշիչ աջ հարված։ Բոսվելը ծանր նոկաուտի է ենթարկվել։

Մարտ Մարկո Հուկի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկո Հուկ

2012 թվականի փետրվարի 25-ին Ալեքսանդր Պովետկինը ռինգ է դուրս եկել առաջին ծանր քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մարկո Հուկի դեմ։ Մարտը միանգամից ակտիվ չի սկսվել։ Սակայն 2-րդ ռաունդում Ալեքսանդրը սկսել է ավելի համարձակ գործել։ 4-րդ ռաունդում մարտի ընթացքը փոխվել է։ Հուկը իրականացրել է մի քանի ճշգրիտ հարվածներ, որոնք ցնցել են չեմպիոնին։ Նույնը կրկնվել է 7-րդ ռաունդում։ Վերջին ռաունդներում Պովետկինը սկսել է ավելի ճիշտ գործել։ Սակայն հոգնածությունը, որը առաջացել էր մարտի ընթացքում, խանգարում էր նրան։ Պովետկինը հիմնականում հարվածներ է հասցրել մրցակցի գոտկատեղից ներքև ընկած հատվածին՝ խախտելով կանոնները։ Այդ պատճառով էլ նա ծոծրակի հատվածում հարվածներ է ստացել իր հակառակորդից։ Չեմպիոնական ռաունդի ժամանակ Հուկի աջ աչքը վնասվել է, բայց դա չի խոչընդոտել մարտի ընթացքին։ Պովետկինը բազմաթիվ հարվածներ է հասցրել իր հակառակորդին, բայց գեղեցիկ հարձակումները և ճշգրիտ հարվածները իրականացրել է գերմանացին։ 12-րդ ռաունդում Հուկը մի քանի հարվածներ է հասցրել հակառակորդի գլխին։ 12-րդ ռաուդնի արդյունքում դատավորների մեծամասնության որոշմամբ հաղթող է ճանաչվել ռուս բռնցքամարտիկը։ Երկու բռնցքամարտիկներն էլ ցանկություն են հայտնել կրկին մենամարտել միմյանց դեմ[20]։ Սակայն մարտը այդպես էլ տեղի չի ունեցել։

Մարտ Հասիմ Ռահմանի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասիմ Ռահման

2012 թվականի հուլիսի 14-ին պետք է մարտ տեղի ունենար Ալեքսանդր Պովետկինի և ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Հասիմ Ռահմանի միջև։ Որոշվել էր, որ մարտը պետք է տեղի ունենար Համբուրգի «Սպորտհոլ» գերմանական մարզադաշտում[21]։ Նախապես մարտը պլանավորված էր իրականացրել Լոնդոնում «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում[22]։ Սակայն տուգանքների և հեռարձակման հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով հետաձգվել է[23]։ Մարտից 3 շաբաթ առաջ Ռահմանը վնասվածք է ստացել և մարտը հետաձգվել է[24]։

Սեպտեմբերի 19-ին մարտ է տեղի ունեցել Ալեքսանդր Պովետկինի և ամերիկացի բռնցքամարտիկ Հասիմ Ռահմանի միջև։ Վերջինս ռինգ դուրս չէր եկել 2011 թվականի հունիսից։ Ռահմանը պակասեցրել էր իր քաշը և ռինգ էր դուրս եկել լավ մարզավիճակում։ Սակայն նա շատ հոգնած և հյուծված տեսք է ունեցել։ Առաջին ռաունդը անցել է Ալեքսանդրի առավելությամբ։ Սակայն նա շարունակել է գործել երկրորդ համարի տակ։ Ալեքսանդրին հաջողվել է մի քանի անգամ հարվածներ հասցնել իր հակառակորդին, բայց Հասիմի գրեթե բոլոր ջեբ հարվածները հասել են իրենց նպատակակետին։ 2-րդ ռաունդի կեսին Պովետկինը ավելի շատ է սկսել հարձակվել Ռահմանի վրա։ Հասիմը բռնվել է պարաններից և միայն դրա շնորհիվ է կարողացել փրկվել ընկնելուց։ Մրցադատավորը, տեսնելով այդ ամենը, բաժանել է բռնցքամարտիկներին, բայց չի դադարեցրել մարտը։ Սակայն դրանից հետո Պովետկինը կրկին հարձակվել է Ռահմանի վրա և երկու ճշգրիտ հարվածներ հասցրել նրան, որոնք ցնցել են ամերիկացուն։ Ռահմանը գլուխը հետ է տարել և աջ ձեռքով բռնել է պարանը, որպեսզի խուսափի ընկնելուց։ Մրցադատավորը միանգամից միջամտել է և դադարեցրել մարտը։ Ալեքսանդր Պովետկինը աներկբա հաղթել է և պաշտպանել WBA վարկածով աշխարհի չեմպիոնի կանոնավոր տիտղոսը[25][26]։

Ամերիկացի բռնցքմարտիկի դեմ մարտին Պովետկինին պատրաստել է նրա նոր մարզիչը՝ Կոստյա Ցզյուն[27]։

2014-2015: Ճանապարհ դեպի WBC[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Ալեքսանդրը պայմանագիր է ստորագրել նորաստեղծ «Բռնցքամարտի աշխարհ» կազմակերպության հետ՝ 3 տարի ժամկետով։ Դրանից հետո սկսել է մարզվել նոր գլխավոր մարզիչ Իվան Կիրպայի ղեկավարությամբ[28]։

Մարզիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրեյ Վիկտորովիչ Ստեպուրկո՝ քիքբոքսինգում Պովետկինի առաջին մարզիչը։ Ռուսաստանում հայտնի է նրանով, որ 7 տարի անընդմեջ նրա հավաքականը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, որտեղ եղել է նաև Ալեքսանդրը։

Տարբեր ժամանակներում Ալեքսանդր Պովետկինի բռնցքամարտի մարզիչները եղել են՝

  • Վլադիմիր Իվանովիչ Պովետկին,
  • Ալեքսանդր Իվանովիչ Ռագոզին,
  • Նիկոլայ Դմիտրիևիչ Խրոմով (2002 թվականի Եվրոպայի առաջնություն),
  • Ալեքսանդր Բորիսովիչ Լեբզյակ (2004 թվականի Եվրոպայի առաջնություն),
  • Վալերի Իվանովիչ Բելով (2005-2009),
  • Թեդի Ատլաս (2009-2011),
  • Կոնստանտին Բորիսովիչ Ցզյու (2012-2013),
  • Ալեքսանդր Վասիլևիչ Զիմին (2012, 2013),
  • Սթեյսի Մաք Քինլի (2013),
  • Իվան Վլադիմիրովիչ Կիրպա (2014-ից մինչև այսօր)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է երկրորդ անգամ։ Առաջին ամուսնությունից ունի աղջիկ՝ Արինան։ 2013 թվականի հուլիսին ամուսնացել է Եվգենիա Մերկուլովայի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Չեխիայում։ Դրանից 5 տարի առաջ Եվգենիան մասնակցել է «Միսս Կուրսկ 2008» մրցանակաբաշխությանը։ Ստացել է 2 բարձրագույն կրթություն։ Եվգենիայի հայրը՝ Յուրի Մերկուլովը, ձյուդոյի վաստակավոր վարպետ է։

Ալեքսանդր Պովետկինի կրտսեր եղբայր Վլադիմիրը նույնպես ելույթ է ունեցել պրոֆեսիոնալ ռինգում։ 2007-2008 թվականներին նա կիսածանր քաշային կարգում ունեցել է վեց հաջող մարտեր[29]։

Ալեքսանդր Պովետկինը երբեք չի ծխել[30], չի խմել[31] և վարել է առողջ ապրելակերպ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Умер Владимир Иванович Поветкин, отец Александра и Владимира Поветкиных». sports.ru. 2010 թ․ ապրիլի 28. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  2. Территория Бокса - Александр Поветкин
  3. «Александр Поветкин - Русский Витязь». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  4. «Чемпионат мира-2003, финал, победа над Каррионом». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.
  5. Чемпионат Европы-2004, финал, победа над Камарелле(չաշխատող հղում)
  6. «Олимпиада-2004, первый круг, победа над Рожновым». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.
  7. «Олимпиада-2004, четвертьфинал, победа над Дильдабековым». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.
  8. «Олимпиада-2004, полуфинал, победа над Камарелле». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.
  9. Олимпиада-2004, финал, победа над Мухаммедом Али без боя
  10. «Поветкин переходит в профессионалы». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.
  11. Ларри Дональд: «Ես պարտվել եմ ուժեղ մրցակցի» - Ռուսական թերթ - Ռուս գերծանրքաշային կարգի բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինը հաղթել է վարկանշային մարտում…
  12. «Поветкин - Бёрд». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 13-ին.
  13. «Поветкин - Чемберс». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
  14. «Поветкин - Сайкс». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21-ին.
  15. Решение IBF по отмене боя Вл. Кличко - Поветкин
  16. Переговоры с Эстрадой
  17. Поветкин - Эстрада
  18. Боксёр Поветкин вылечит травмированную руку и выйдет на ринг в апреле(անգլերեն)
  19. Такого красивого боя Холифилд не видел уже много лет
  20. «Подробный репортаж о бое Александра Поветкина и Марко Хука». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  21. «Бой Поветкин - Рахман состоится в Гамбурге». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  22. Зауэрланд: бой Поветкин - Рахман состоится в Лондоне, это вопрос решёный - Бокс/MMA - Чемпионат.com
  23. Поединок Поветкин - Рахман будет перенесён в Гамбург - Бокс/MMA - Чемпионат.com
  24. Бой Поветкин - Рахман отменён / Хасим получил травму / Бокс / www.sport.ua
  25. Александр Поветкин нокаутировал Хасима Рахмана
  26. Поветкин победил Рахмана техническим нокаутом во втором раунде
  27. «Поветкин сменил тренера». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  28. «15:32 / 14.02.201414370 КОММЕНТАРИЕВ Поветкин заключил контракт с российской промоутерской компанией». Life News. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  29. Профессиональные бои Владимира Поветкина(անգլերեն)
  30. Александр Поветкин биография, фото - узнай все!
  31. «Поветкин: Уайлдер - сильный соперник». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պովետկին» հոդվածին։