Ֆրանսիական հեղափոխության ժամանակ արտագաղթողներ (1789-1815)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղրանկար․ Պրուսական թագավորի հաղթական վերադարձը.( ծաղրում է Պրուսիայի թագավորին և էմիգրանտներին)

Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանի արտագաղթողներ կամ ֆրանսիական արտագաղթ, 1789-1815 թվականներին Ֆրանսիայից դեպի հարևան երկրներ քաղաքացիների զանգվածային տեղաշարժ՝ ի պատասխան ֆրանսիական հեղափոխության և նապոլեոնյան տիրապետության կողմից առաջացած արյունահեղության և իրարանցման։ Թեև հեղափոխությունը սկսվել էր 1789 թվականին՝ որպես երրորդ դասի (Ֆրանսիայի ոչ էլիտար, ոչ արտոնյալ զանգվածները) քաղաքական հավասարությունն ավելացնելու համար բուրժուազիայի կազմակերպած խաղաղ ջանք, այն շուտով վերածվել է բռնի ժողովրդական ապստամբության։ Քաղաքական լարվածությունից խուսափելու և իրենց կյանքը փրկելու համար մի շարք մարդիկ արտագաղթել են Ֆրանսիայից և բնակություն են հաստատել հարևան երկրներում (հիմնականում՝ Մեծ Բրիտանիա, Ավստրիա և Պրուսիա կամ գերմանական այլ երկրներ), սակայն շատերը նաև ուղևորվել են Միացյալ Նահանգներ[1]։ Ֆրանսիայից փախուստի դիմածները հիմնականում ֆրանսիական ազնվականության ներկայացուցիչներն են եղել։

Այնուամենայնիվ, արտագաղթողների մեծ մասը Ֆրանսիայից հեռացել է ոչ թե 1789 թվականին՝ հեղափոխության սկզբում, այլ 1792 թվականին, երբ սկսվել է պատերազմը։ Ի տարբերություն արտոնյալ դասերի, որոնք ինքնակամ էին փախել, նրանք, ովքեր պատերազմից բռնի տեղահանվել էին, իրենց կյանքին սպառնացող վտանգներից վախենալով են արտագաղթել։ Նրանք ավելի ցածր կարգավիճակով, ավելի քիչ միջոցներով կամ ամենևին ընչազուրկ զանգվածն է եղել[2]։

Արտագաղթի և ահաբեկչության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

(1789) թվականին Գլխավոր շտատները ժողով գումարեցին և բարձրաձայնեցին Երրորդ դասի (Ֆրանսիայում հին կարգերի՝ միջին դարերից մինչև 1789 թվական՝ նախքան ֆր․ հեղ, դասային շերտավորում՝ արտոնյալ դասից՝ ազնվական ու հոգևորական դասից բացի բնակչության բոլոր մյուս շերտերը) իրավահավասարության մասին իրենց քաղաքական պահանջները։ Տարբեր դասերի ներկայացուցիչներից շատերը համաձայնվեցին այն մտքի հետ, որ Ֆրանսիայի բնակչության մեծամասնություն կազմող երրորդ դասի հարկային բեռը բարձր է։ Նրանք նույնիսկ երդվեցին (պատմության մեջ հայտնի է որպես՝ Երդում Թենիսի դահլիճում) հետևողական լինել իրենց քաղաքական նպատակներին և պարտավորվեցին մշակել հավասարությունն անրագրող Սահմանադրություն։ Շուտով կառավարության կողմից արդար և հավասար վերաբերմունքի և հին ռեժիմից ազատագրման գաղափարախոսությունները տարածվեցին ամբողջ Ֆրանսիայում։

1789 թվականի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ X, Լուի XVI թագավորի կրտսեր եղբայրը

«Հեղափոխության հայր» աբբատ Սիյեսը և առաջին և երկրորդ դասի մի քանի այլ անդամներ աջակցում էին երրորդ դասի իրավահավասարության ձգտումներին, իսկ որոշ հոգևորականներ և ազնվականններ դեմ էին դրան։ Նրանք վարժվել էին Հին ռեժիմում իրենց ապրելակերպին և իրենց կարողությունն իրենց երեխաներին փոխանցելու իրավունքներին։ Հեղափոխությունը սպառնում էր վերացնել բոլոր արտոնությունները, որպեսզի բոլորը քաղաքականապես հավասար լինեին ամեն ինչում, ուստի առաջին արտագաղթողները կամ էլմիգրանտները (émigrés) հին կարգի կողմնակիցներն էին, որոնք որոշեցին հեռանալ Ֆրանսիայից, թեև արտագաղթն արտերկիր արգելված չէր[3]։

1789 թվականի հուլիսի 14-ին Բաստիլի գրավումը արտագաղթի սկզբի ազդանշան է ծառայել։ Արքունիքին մոտ գտնվողները, ովքեր օգտվում էին հին կարգի բոլոր առավելություններից, առաջինն են սկսել փախչել Ֆրանսիայից՝ թագավորին թողնելով ճակատագրի ողորմությանը։ Նրանց գլխավորում էր թագավորի կրտսեր եղբայրը ՝ կոմս դ'Արթուրը, որը Ֆրանսիայից փախել է 1789 թվականի հուլիսի 17-ին։ Նրան հետևել են Կոնդե, Կոնտի, Լամբեսկ, Պոլինյակ իշխանները և շատ ուրիշներ[1]։

Արտասահման փախչելով՝ շատ ներգաղթյալներ եվրոպական երկրներին Ֆրանսիայի դեմ էին հրահրում՝ նշելով, որ այնտեղ տեղի ունեցող հեղաշրջումը սպառնում է ամբողջ Եվրոպային ամենատարբեր տեսակի վտանգներով։ Նրանք հռոմեացի ընտրողներին և գերմանական այլ ինքնիշխանություններին խնդրում էին իրենց հայրենիքի դեմ զինված օգնություն ցուցաբերել, ինչը մեծապես նյարդայնացնում էր հեղափոխական կուսակցությունը, քանի որ վերջինս անընդհատ իրեն զգում էր արտաքին միջամտության և ներխուժման սպառնալիքի տակ։

Արտագաղթի հոսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխության ծավալվելուն զուգընթաց սաստկացել է նաև արտագաղթը։ Գաղթականների հիմնական հավաքագրման կետը Կոբլենց քաղաքն է եղել։ Շատերը ծառայության էին անցնում Կոնդե իշխանի մոտ՝ Կոնդեի բանակում (ֆր.՝ Armée de Condé)[4]։

1790 թվականի հունիսի 19-ին, երբ հռչակվել է դասակարգերի հավասարությունը, ազնվականությունը զանգվածաբար սկսել է արտագաղթել։ 1790 թվականի նոյեմբերի 27-ին սկսվել է հոգևորականության արտագաղթը, որն ուժեղացել է 1791 թվականի նոյեմբերի 29-ի դեկրետից հետո, որն ուղղված էր երդում չտված քահանաների դեմ։ Դրանք ֆրանսիական հոգևորականների այն մասն էր, ովքեր հրաժարվել էին երդում տալ Ֆրանսիայի պետությանը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։

Ահաբեկչության ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակոբինյան ծայրահեղական կուսակցությունը պահանջում էր, որ արտագաղթելու համար կիրառվեն խիստ պատիժամիջոցներ։ Մերլեն դը Դուեն կազմել էր նման մի օրենք։ Նրան աջակցում էին Անտուան Բարնավը, Ալեքսանդր Լամետը, Ադրիեն Դյուպորը և ուրիշներ։ Բայց դրա դեմ խիստ ընդվզել է Միրաբոն։ 1791 թվականի փետրվարի 28-ին այդ օրենքի առաջարկը մերժվել է (Դաշույնների օր)[5]։ Միրաբոյի մահվանից հետո, երբ բացահայտվել է նրա դավաճանությունը, վերսկսվել են միջոցների ձեռնարկումն արտագաղթողների դեմ, ովքեր արտասահմանում դավադրություններ էին կազմակերպում նոր կարգերի դեմ[6]։

1791 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 10-ին Ազգային ժողովը որոշում է կայացրել, որով սպայական կազմից պահանջվել է ազնիվ խոսք տալով երդվել, որ նրանք չեն մասնակցի ազգի, թագավորի և սահմանադրության դեմ դավադրություններին։ Իսկ Կոնդե իշխանից պահանջվել է վերադառնալ Ֆրանսիա։ Օգոստոսի 1-ին Ազգային ժողովը հրամանագիր է ստորագրել, որը սպառնում էր ներգաղթյալներին՝ մեկ ամսվա ընթացքում հայրենիք չվերադառնալու դեպքում հարկերը երեք անգամ ավելացնել, ի տարբերություն մյուս քաղաքացիների. բայց սեպտեմբերի 14-ի համաներումը ջլատել է այս սպառնալիքը։

Արտագաղթողները սկսել են բողոքել Ազգային ժողովի հրամանների դեմ և Եվրոպային համոզել, թե թագավորը գերության մեջ է և չունի ազատ կամք։ Ֆրանսիայում շատերը կարծում էին, որ թագավորն արտագաղթողների հետ դավադրություն է ձեռնարկում իր ժողովրդի դեմ։

Արտագաղթողների բանսարկություններն ու խարդավանքները նրանց վարկաբեկեցին գերմանական իշխանների արքունիքներում։ Իսկ նրանց շարունակական բողոքներն ընդդեմ այն ամենի, ինչ արվում էր Ֆրանսիայում, առաջացրեցին ատելություն ինչպես իրենց, այնպես էլ Լուի XVI- ի դեմ։ Ֆրանսիական մամուլը հետապնդում և անողոքաբար պիտակում էր նրանց։ Ժիրոնդականները կատաղի կերպով հարձակվում էին նրանց վրա. Բրիսոն կտրուկ միջոցներ էր պահանջում Օրենսդիր ժողովից։

1791 թվականի նոյեմբերի 9-ին որոշվեց.

  • Ֆրանսիայի սահմաններից դուրս ապրող բոլոր ֆրանսիացիները հռչակվում են հայրենիքի դավադրության համար կասկածյալ, և եթե նրանք չեն վերադառնում մինչև 1792 թվականի հունվարի 1-ը, ապա նրանց պետք է հետապնդել և մահապատժի ենթարկել։
  • Ֆրանսիացի իշխանները և ծառայության մեջ գրանցված արտագաղթողները, եթե մինչ սահմանված ժամկետը չվերադառնան, ենթակա են մահապատժի։
  • Չվերադարձող արտագաղթողների ունեցվածքը ենթակա է բռնագրավման։

Լուի XVI- ն այդ օրենքի վրա վետո է դրել. սա էլ պատճառ հանդիսացավ, որ նրան արտագաղթողների հանցակից համարեն։

1792 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի XVIII դիմանկար ( Լուի XVI թագավորի (1755-1824) եղբայր
նկարիչ՝ Ժոզեֆ Դյուպլեսի, Կոնդեի թանգարան

1792 թվականի հունվարի 1-ին հրամանագիր է ընդունվել, որում հայտարավել է, որ թագավորի երկու եղբայրները և Կոնդե իշխանը դավաճաններ են[1][7]։

Չգիտակցելով ո՛չ իրենց ժամանակը, ո՛չ էլ մարդկանց տրամադրությունը՝ արտագաղթողները Բրունշվեյգի դքսին ներշնչեցին Կոբլենզի մանիֆեստ հռչակելու անհաջող գաղափարը, երբ 1792 թվականի հուլիսի 25-ին ավստրո-պրուսական միացյալ բանակի ղեկավարը Կոբլենցում հայտարարեց, որ Լուի XVI-ին կամ նրա ընտանիքի անդամներին վնաելու դեպքում «խռովարարները» կարժանանան դաժան հաշվեհարդարի։ Մանիֆեստում դուքսը բացահայտարարում էր ինտերվենցիայի հակահեղափոխական պլանների մասին, որը երկրում մեծ վրդովմունք առաջացրեց և միապետության տապալումն արագացրեց[8]։

  • 1792 թվականի օգոստոսի 10-ի դեպքերից[9] հետո արտագաղթողների ընտանիքներին հրամայվել է չհեռանալ իրենց բնակության վայրերից, կատարվել է նրանց ունեցվածքի գույքագրում, նրանց ձիերն ու ջորիներն էլ բանակի համար բռնագրավվել են։
  • Օգոստոսի 30-ին որոշում է կայացվել, որի համաձայն պետք է առգրավվեն բոլոր խռովարարների և դավադիրների գույքը։
  • Սեպտեմբերի 2-ին հրաման է տրվել վաճառել արտագաղթողների արգելանքի կալանքի տակ դրված ամբողջ գույքը, ինչը կատարվել է, ընդ որում, այդ կալվածքները վաճառվել են աննշան գնով. Գանձատունն այս վաճառքի ընթացքում կորցրել է ավելի քան 6 միլիարդ ֆրանկ։
  • Սեպտեմբերի 9-ին հրաման է արձակվել, որ ծնողները պետք է հաշվետվություն ներկայացնեն, թե ինչու են իրենց երեխաները բացակայում և որտեղ են նրանք գտնվում, իսկ եթե արտագաղթել են, յուրաքանչյուրի համար, ով հեռացել է, նրա դիմաց հանրապետության բանակին մեկական զինվոր տալ, իսկ սեպտեմբերի 12-ից՝ նույնիսկ 2 զինվոր՝ իր հաշվին հանդերձանքով հանդերձ։
  • Հոկտեմբերի 9-ին Ազգային կոնվենտը հայտարարել է, որ արտագաղթողների կողմից միջազգային իրավունքի խախտումների ամբողջ պատասխանատվությունը դնում է այդ փախստականներին հանդուրժող պետությունների վրա։
  • Հոկտեմբերի 23-ին արտագաղթողները դատապարտվեցին հավերժ աքսորի։

1792 թվականի նոյեմբերին Պրուսիան հրաժարվել է աջակցել արտագաղթողներին. Ավստրիայում նրանց հանդուրժում էին միայն խիստ պայմաններով․ որոշ տեղերում պայմաններն այնքան ատելի էին դարձել, որ նրանց թափառաշրջիկների շարքին էին դասում։

1793 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1793 թվականիի մարտի 28-ի օրենքով հայտարարվել է, որ նրանք զրկվում են քաղաքացիական բոլոր իրավունքներից Ֆրանսիայում։

1795 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1795 թվականի ապրիլի 18-ին Կոնվենտը որոշել է վիճակախաղի միջոցով վաճառել արտագաղթողների կալվածքները, այսինքն իրականացնել դրանց վիճակախաղ։ Նա պահպանում էր միայն արտագաղթողներին օրենքից դուրս հայտարարվածների ցուցակներից ջնջելու իրավունքը։
  • Ապրիլի 28-ին, արտագաղթողների հարազատներն ըստ ազգակցական կապի մոտիկության աստիճանի պարտավոր էին ցույց տալ իրենց ունեցվածքի չափը և դրանից հետևող արտագաղթողից հասանելի իրենց մասը տրամադրել հանրապետությանը ։
  • Մայիսի 1-ին որոշվեց վտարել առանց թույլտվության վերադարձած ներգաղթյալներին։

1795 թվականի ամռանն արտագաղթողները մասնակցեցին շուանների և վանդեների ձեռնարկած պայքարին, այդ թվում՝ Կիբերոնի անհաջող արշավանքին։ Արտագաղթողների դեմ ուղղված չափազանց խիստ միջոցների դեմ արտահայտվել են նույնիսկ Կոնվենտի անդամները. սա հայտնի էր դարձել արտագաղթածներից շատերին, ովքեր շտապով վերադարձել են հայրենիք։ Նրանց հովանավորներից ու ակտիվ պաշտպաններից էր մադամ դե Ստալը։

  • 1795 թվականի հունիսի 13-ին ուժը կորցրած է ճանաչվել հրամանագիրը, որն արգելում էր արտագաղթողների կանանց և դուստրերին վաճառել իրենց կալվածքները և ամուսնանալ օտարերկրացիների հետ. բայց հուլիսի 30-ին, Դոնի առաջարկով, որոշվել է, որ արտագաղթողները պետք է ընդմիշտ վտարվեն, և ազգային ունեցվածքի գնորդները պետք է հաստատվեն իրենց իրավունքներով։
  • Օգոստոսի 18-ի հրամանագրով պահանջվում էր, որ արտագաղթողները երեք օրում հեռանան Փարիզից
  • հետագա (օգոստոսի 30) որոշմամբ չեղյալ է հայտարարվել արտագաղթողների անունները օրենքից դուրս հայտարարվածների ցուցակներից ջնջելը, իսկ սեպտեմբերի 21-ի հրամանագիրն արտագաղթողների ծնողներին զրկել է բոլոր պետական պաշտոնները զբաղեցնելու իրավունքից։

Դրեկտորիայի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1795 թվականի հոկտեմբերի 25-ին համաներումը չի ազդել արտագաղթողների վրա։ Դիրեկտորիայի հաստատումից հետո բազմաթիվ արտագաղթողներ վերադարձել են հայրենիք և հեշտությամբ կարգավորել են իրենց հարաբերություններ նոր կառավարության հետ, որից 1796 թվականի փետրվարի 17-ից կախված էր օրենքից դուրս հայտարարվածների ցուցակից հանելը։ Դիրեկտորիան, սակայն, երբեմն արտագաղթողների նկատմամբ շատ թշնամական վերաբերմունք էր ցուցաբերում։ Ռեակցայի ուժեղացմանը զուգընթաց, նրանց դիրքերն ավելի լավացել են, և նրանց դեմ ուղղված օրենքները թուլացել կամ ամբողջովին վերացվել են։ Օրինակ ՝ 1797 թվականի մայիսի 28-ին վերացվել է նրանց Փարիզից վտարելու մասին օրենքը, իսկ 1795 թվականի 27 հունիսից ըստ հոկտեմբերի 25-ի օրենքով՝ համաներումից բացառելը, 1797 թվականի օգոստոսի 17-ից հանվել է արտագաղթողների ծնողների գույքի վրա դրվա կալանքը։

1797 թվականի վերջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրուկտիդորի 18-ից (1797 թվականի սեպտեմբերի 4) հետո արտագաղթողների վիճակը վերստին վատթարացել է։ Նրանց հարազատներից ոչ մեկը չէր համարձակվում քվեարկություն կատարել ընտրական ժողովներին. բոլոր նրանք, ովքեր վերադարձել էին, և նրանք, ովքեր չէին ջնջվել օրենքից դուրս հայտարարվածների / պրասկրիպցիոն ցուցակներից, պետք է անհապաղ հեռանային Ֆրանսիայից։ Բանտարկյալներից շատերն աքսորվել են Կայեննա։ Եղել են նաև արտագաղթողների մահապատժի դեպքեր։

Այդ ժամանակ արտերկրում գտնվող արտագաղթողները հեշտ կյանք չունեին. նրանց հազիվ էին հանդուրժում, երբեմն արտաքսում էին, և նրանց վերաբերվում էին թշնամանքով և արհամարհանքով[10]։ Ֆրանսիայում նրանց դեմ նորից սկսել էին մի շարք կոշտ օրենքներ ընդունվել․ 1797 թվականի նոյեմբերի 29-ին բոլոր «նախկին ազնվականները» զրկվել էին Ֆրանսիայի քաղաքացիության իրավունքներից։

1798 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1798 թվականի հուլիսի 5-ին նորոգվեց օրենքը, որը պարգևատրում էր արտագաղթողների մատնացույց անողներին։

1799 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական խորհրդի բացումը Պալե-Ռոյալում, 1799 թվականի դեկտեմբերի 25-ին: Երեք հյուպատոսները (Բոնապարտ, Կամբասերես, Լեբրեն) ընդունում են խորհրդի անդամների երդումը։
Նկարիչ՝ Օգյուստ Կուդեր

Դիրեկտորիայի հուլիսի 11-ին թույլատրվել են տնային խուզարկություններ կատարել, որի նպատակն էր պարզել այն վայրերը, որտեղ թաքնվում էին արտագաղթողները։ Այդ խուզարկությունների արդյունքում նրանցից որոշները սպանվել են։ Հատկապես դաժան է եղել պատանդների մասին 1799 թվականի հուլիսի 12-ի օրենքը[1][7]։ Բոնապարտի առաջին հյուպատոս դառնալուց հետո՝ այս վերջին օրենքը չեղարկվել է։ 1799 թվականի դեկտեմբերի 9-ին Կալեի մերձակայքում տուժված արտագաղթողներն ազատ են արձակվել, սակայն պարտադրանքով, որ նրանք անմիջապես պետք է հեռանան Ֆրանսիայից։

1799 թվականի դեկտեմբերի 13-ի Սահմանադրությամբ սահմանվել էր, որ արտագաղթողները երբեք չպետք է վերադառնան հայրենիք, և որ նրանց ունեցվածքը պատկանում է ժողովրդին։ Սակայն հենց առաջին նիստին՝ դեկտեմբերի 25-ին վերականգնվել են արտագաղթողների հարազատների քաղաքացիության իրավունքները[11]։

1800 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1800 թվականի մարտի 4-ին հրապարակվել է արտագաղթողների ցուցակը։

1801 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնդեի կորպուսը (ֆր.՝ Armée des émigrés), որը բաղկացած էր արտագաղթողներից, մինչև 1801 թվականի մայիսի 1-ը, գրեթե ամբողջությամբ լուծվեց։ Առաջին հյուպատոսը կամաց-կամաց սկսել էր ավելի մոտենալ ֆրանսիական ազնվականությանը՝ ակնկալելով նրա զորակցությունն իր իշխանության նակտմամաբ։ Արտագաղթողները սկսել էին վերադառնալ տուն մեծ խմբերով, բայց նրանց քաղաքացիական մահվան մասին օրենքը շարունակում էր գոյություն ունենալ, նրանց անտառները դարձել էին պետական սեփականություն, նրանց ունեցվածքի գնորդները հաստատվել էին իրենց իրավունքներում։

1802 թվականի համաներում[խմբագրել | խմբագրել կոդը]

1802 թվականի ապրիլի 26-ին ֆրանսիացի արտագաղթողների համար համաներում է հայտարարվել, բացառությամբ առավել նախանձախնդիր ռոյալիստների. նրանց վերադարձվել են այն առգրավված կալվածքները, որոնք դեռևս չէին մասնավորեցվել։ Կայսր դառնալով՝ Նապոլեոնն ամեն կերպ փորձում էր տոհմական արիստոկրատիային գրավել իր արքունիքի կողմը[12]։

Վերականգնումից հետո արտագաղթողները հույս ունեին վերադարձնել իրենց հողերը, որոնք անցել էին գանձարանին և վաճառել էին ուրիշներին։ Հոգևորականները հաճախ հովանավորում էր նրանց՝ հրաժարվելով հաղորդություն անել նոր սեփականատերերին, ովքեր չէին համաձայնվում վերադարձնել կալվածքները նախկին սեփականատերերին։ Շառլ X- ը 1825-ի ապրիլի 27-ին Պալատներում ընդունեց մի օրենք՝ համաձայն որի, յուրաքանչյուրին, ով հեղափոխության հետևանքով կորցրել էր իր հողերը, վարձատրություն նշանակել՝ 3 տոկոս ռենտայով՝ ընդհանուր գումարը՝ 1 միլիարդ ֆրանկ։ Հուլիսյան հեղափոխությունից հետո այդ ռենտան վերացվեց (1831 թվականի հունվարի 5)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Childs, Frances Sergeant. French Refugee Life in the United States: 1790-1800, an American Chapter of the French Revolution. Philadelphia: Porcupine, 1978. Print.
  2. Pacini, Giulia (2001 թ․ հունվարի 1). «The French Emigres in Europe and the Struggle against Revolution, 1789-1814 (review)». French Forum. 26 (2): 113–115. doi:10.1353/frf.2001.0020. ISSN 1534-1836.
  3. Szajkowski, Zosa (1954 թ․ հոկտեմբերի 1). «Jewish Emigrés during the French Revolution». Jewish Social Studies. 16 (4): 319–334. JSTOR 4465274.
  4. «Эмигрантский корпус Конде на русской службе». annuaire-fr.narod.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  5. Thiers, Marie Joseph L. Adolphe (1845). The history of the French revolution. էջ 61.
  6. «Honore-Gabriel Riqueti, comte de Mirabeau (French politician and orator) : Introduction» (անգլերեն).
  7. 7,0 7,1 Popkin, Jeremy D. A Short History of the French Revolution. London: Routledge, 2016. Print.
  8. Брауншвейгский, Карл II Вильгельм-Фердинанд, герцог Брауншвейг-Вольфенбютельский ВТ-ВЭС Военная энциклопедия: [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого … [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
  9. www.historyguide.org http://www.historyguide.org/intellect/august10.html. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  10. Whittaker, Callum. «"La Généreuse Nation!" Britain and the French Emigration 1792 – 1802». www.academia.edu. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  11. Constitution du 13 décembre 1799 [VIII թվականի Սահմանադրությունը (ֆր.)
  12. Pasca Harsdnyi, Doina (2001). «Lessons from America by Doina Pasca Harsanyi». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]