Ֆեռնան Մագելան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆեռնան Մագելան
Fernão de Magalhães
Hernando de Magallanes del museo Madrid.jpg
Ծնվել է հոկտեմբերի 17, 1480
Ծննդավայր Սաբրոզա, Vila Real District, Պորտուգալիա
Մահացել է ապրիլի 27, 1521 (40 տարեկանում)
Մահվան վայր Մակտան, Սեբու, Կենտրոնական Վիսարյա, Ֆիլիպիններ
Քաղաքացիություն Պորտուգալիայի թագավորություն
Ազգություն իտալացի
Կրոն քրիստոնյա
Մասնագիտություն ճանապարհորդ հետազոտող
Ամուսին Beatriz Barbosa
Ծնողներ հայր՝ Rui de Magalhães, մայր՝ Inês Vaz Moutinho
Պարգևներ և
մրցանակներ
Սանտյագոյի շքանշան
Ստորագրություն
Magellan Signature.svg
Ferdinand Magellan Վիքիպահեստում

Ֆեռնան (Ֆեռնանդո)Մագելան (Մագալյաենշ)[1][2] (պորտ.՝ Fernão de Magalhães, իսպ.՝ Fernando (Hernando) de Magallanes, լատ.՝ Ferdinandus Magellanus, հոկտեմբերի 17, 1480, Սաբրոզա, Vila Real District, Պորտուգալիա - ապրիլի 27, 1521, Մակտան, Սեբու, Կենտրոնական Վիսարյա, Ֆիլիպիններ), պորտուգալացի և իսպանացի ծովագնաց։ Նրա ղեկավարությամբ տեղի է ունեցել առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։ 1517 թ. Պորտուգալիայից մեկնել է Իսպանիա, 1519-1521 թթ. ղեկավարել է 5 նավից կազմված իսպանական արշավախումբը, որի նպատակն էր արևմտյան նավարկության ուղիով հասնել Մոլուքյան կղզիներ։ 1520 թ. հասել է Լա Պլատայի գետաբերան, հայտնագործել Սան Մաթիաս և Սան Խորխե ծոցերը, անցել իր հայտնագործած նեղուցով (Մագելանի նեղուց), կտրել Խաղաղ օվկիանոսը (17000 կմ), հասել Ֆիլիպինյան կղզիներ, որտեղ սպանվել է տեղացիների հետ ընդհարման ժամանակ։ Արշավախմբի միայն մեկ նավ է վերադարձել Իսպանիա՝ հարավից շրջանցելով Աֆրիկան։ Մագելանի նավարկությունը վերջնականապես ապացուցեց Երկրի գնդաձևությունը և Համաշխարհային օվկիանոսի առկայությունը։ Այդպիսով՝ նա դարձել է առաջին եվրոպացին, ով նավարկել է այդ ուղիով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագելանի ծովային ճանապարհորդությունը

Մագելանը ծնունդով պորտուգալացի է։ Նրա ծննդավայրը հստակ հայտնի չէ, սակայն որպես այդպիսին ավելի հաճախ նշվում է Սաբրոզա քաղաքը, բայց հնարավոր է, որ նա ծնվել է Պորտու քաղաքում։ Ծովագնացի ընտանիքի մասին քիչ տեղեկություններ կան։ Հայտնի է միայն, որ նա ծնվել է ազնվականի ընտանիքում։ Ենթադրվում է, որ նրա հայրը Ռույ կամ Ռոդրիգո դի Մագելանն է, որ մի ժամանակ եղել է Ավեյրու ամրոցի կառավարիչը։ Մայրը Ալդա դե Մոսկիտան (Միշկիտա) է։ Մագելանից բացի նրանք ունեցել են ևս չորս երեխա, որոնց մասին ոչինչ հայտնի չէ։ Երիտասարդ տարիքում Մագելանը եղել է Ժուան II-ի կնոջ՝ Լեոնորա Ավիսցի թագուհու շքախմբի անդամ։

Առաջին ճանապարհորդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1498 թվականին պորտուգալացիները հայտնաբերեցին ծովային ճանապարհը դեպի Հնդկաստան։ Վասկո դա Գամայի հետքերով պորտուգալական նավատորմեր էին մեկնում նվաճելու արևելքը։ 1505 թթվականին Հնդկաստանի առաջին փոխարքա նշանակված Ֆրանսիշկու Ալմեյդայի նավատորմի մեկնման համար արդեն բավարար թվով նավաստիներ չկային. որոշ ղեկակալներ նույնիսկ չգիտեին, թե որ կողմն է աջը, որը՝ ձախը։ Այդ ժամանակ նավի աջ կողմում կախել են սխտոր, ձախ կողմում՝ սոխ, ու ըստ այդմ կարգադրություններ արել։ Հենց փոխարքայի այդ արշավախմբի կազմում էլ ընդգրկվել է Մագելանը՝ որպես ռազմիկ։ Ֆեռնան Մագելանի կյանքի և գործունեության մասին է պատմում ավստրիացի աշխարհահռչակ գրող Ստեֆան Ցվայգի «Մագելանի սխրագործությունը» (հայերեն հրտ.` Երևան, 1984) վեպը:

Հնդկաստան հասնելով՝ պորտուգալացիները հարկադրված են եղել մարտերի բռնվել, որոնցում Մագելանն աչքի է ընկել խիզախությամբ, ընդ որում՝ փրկել է նաև վտանգի մեջ ընկած մի խումբ հայրենակիցների կյանքը: 1506 թվականին նա մասնակցել է դեպի Մալուքյան կղզիներ (այդ տարիներին Համեմունքի կղզիներ էին կոչվում) արշավանքին, այնուհետև՝ Ալֆոնսո դե Ալբուքերքի հրամանատարության ներքո՝ ներկայիս Մալայզիայի՝ ռազմավարական նշանակություն ունեցող Մալակկա նավահանգստի նվաճմանը:[3]

Վերադարձել է հայրենիք, 1513 թվականին կրկին մեկնել արշավանքի, այս անգամ՝ Մարոկկո, որտեղ մասնակցել է Ազամորի ճակատամարտին և ծանր վիրավորվել է ոտքից: Սակայն փառքի ու պատվի փոխարեն մեղադրանք ու անարգանք է վաստակել. նրան մեղադրել են մուսուլմանների հետ առևտուր անելու մեջ և զրկել պորտուգալական թագին ծառայելու հնարավորությունից:

Մագելանը խորությամբ ուսումնասիրել էր ծովային քարտեզները[4] և համոզված էր, որ կարող է հայտնագործել դեպի Հնդկաստան տանող ավելի կարճ ծովային ուղի, եթե նավարկի դեպի արևմուտք: Նա իր պլանի մասին հայտնել է Պորտուգալիայի թագավոր Մանուելին և խնդրել նրա աջակցությունը, սակայն մերժում ստանալով, ինչպես և ժամանակին՝ Քրիստափոր Կոլումբոսը, հարկադրված է եղել դիմելու իսպանացիներին:[5][6]

Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը Բատիստա Ագնեսեի 1544 թ. քարտեզում

Շուրջերկրյա Ճանապարհորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագելանը կարողացել է Իսպանիայի տասնիննամյա թագավոր Կառլոս Հինգերորդին համոզել, որ որ իր ծրագրած ճանապարհորդությունը ձեռնտու ձեռնարկ է, և արքան համաձայնել է ֆինանսավորել այն:[7][6] Մագելանին տրամադրվել են հինգ նավ՝ ընդհանուր առմամբ 237 մարդկանցից բաղկացած անձնակազմերով: Մեկնարկելով Սևիլյայից՝ Գվադալակվիվիր գետով նավարկել են ցած և 1519 թվականի սեպտեմբերի 20-ին իսպանական Սանլուկար դե Բառամեդա ծովային նավահանգստից սկսել ուղևորությունը:

Առաջին կանգառը կատարել են Կանարյան կղզիներում՝ Տեներիֆեում, որտեղ էլ տեղի է ունեցել առաջին բախումը Մագելանի և իրեն ի պաշտոնե ենթակա նավապետերի միջև:[8] Խռովության կազմակերպիչը կալանավորվել է, և ոչ մեծ տորմիղը շարունակել է ճանապարհը դեպի Ռիո դե Ժանեյրոյի ծովածոցը: Հաջորդած ամիսներին նավարկել են Հարավային Ամերիկայի ափամերձ գոտիով հարավ՝ փնտրելով այն նեղուցը, որով հնարավոր կլիներ անցնելու դեպի արևմուտք: Հետազոտել են Լա Պլատան, խորացել պատագոնյան անհյուրընկալ ջրերում: 1520 թվականի մարտին Մագելանը որոշում է կայացրել, վտանգներով հղի մի շարք փոթորիկներ հաղթահարելուց հետո, ձմեռն անցկացնել մի ծովածոցում, որ հետագայում անվանվեց San Julian:[9][10] Այստեղ բռնկվել է հերթական խռովությունը, որը նույնպես հաջողվել է ճնշել. կազմակերպիչներից երկուսին լքել են պատագոնիական ափին:

Օգոստոսի 24-ին ուղևորությունը շարունակվել է: Որոշ ժամանակ անց նավերից մեկը վնասվել է փոթորկից, մեկ ուրիշի՝ San Antonio-ի անձնակազմն էլ դասալքել է և բռնել Իսպանիա վերադարձի ուղին: Հոկտեմբերի 21-ին Մագելանը վերջապես հայտնագործել ու, եվրոպացիներից առաջինը լինելով, անցել է Չիլիի և Հրո երկրի միջև ընկած նեղուցը, որը հետագայում կոչվեց նրա անունով:[11][12] Այդ նեղուցն անցնելով՝ մուտք են գործել մի օվկիանոս, որ Մագելանի կողմից ստացել է Խաղաղ անվանումը՝ տևական ժամանակ փոթորիկներից զերծ լինելու և բարենպաստ քամիների պատճառով: Շուրջ չորս ամիս ցամաք չեն տեսել, մարդիկ սկսել են տառապել սովից, ծարավից, C վիտամինի պակասի պատճառով առաջացած հիվանդությունից:[13].


Վերջապես, 1521 թվականի մարտի 6-ին հասել են Մարիանյան կղզիներին, որտեղ գտել են առատ սնունդ ու ջուր[13][14], բայց դրանք ձեռք բերելու համար ստիպված են եղել կռվի բռնվել տեղաբնիկների հետ: Երեք օր անց շարունակել են ճանապարհորդությունը և մարտի 16-ին հասել Ֆիլիպինյան կղզիներից Հոմոնհոն կղզուն: Այդ ժամանակ Մագելանի հրանատարության ներքո սկզբնական 237 մարդկանցից մնացել էին ընդամենը 150-ը: Մագելանը ընծաներ է փոխանակել կղզու արքայիկի՝ Կա Լամբոյի հետ, որը նրան հրավիրել է Ցեբու կղզի, որտեղ նրան դիմավորել է Ռադհա Հումաբոն արքան: Վերջինս, իր ընտանիքի ու զորքի հետ միասին,կարճ ժամանակ անց քրիստոնեություն է ընդունել, ճանաչել Իսպանիայի թագավորի գերիշխանությունը:[15]. Դրա դիմաց Մագելանը խոստացել է նրան օգնել հարևան մաքթան թշնամի ցեղի դեմ կռվում: Ապրիլի 27-ին նա զոհվել է այդ մարտում՝ վիրավորվելով թունավոր նետից:[16]. Անձնակազմը ջանացել է հրամանատարի դիակը ստանալ հակառակորդից, բայց արդյունքի չհասնելով՝ շարունակել է ճանապարհը դեպի Բոռնեո, այնուհետև՝ դեպի Մոլուքյան կղզիներ, որտեղ նավերը բեռնել են Իսպանիայի թագավորի համար նախատեսված համեմունքներով:

,,Վիկտորիա,, նավը՝ Աբրահամ Օրտելիուսի 1589 թ. քարտեզում

1522 թվականի մայիսի 6-ին շրջանցելով Աֆրիկայի հարավում գտնվող Բարեհուսո հրվանդանը՝ Մագելանի հինգ նավերից միայն մեկը՝ ««Վիկտորիա»-ն՝ 17 հոգուց բաղկացած անձնակազմով, նավապետ Խուան Սեբաստիան Էլկանոյի հրամանատարությամբ, կարողացել է սեպտեմբերի 6-ին հասնել Իսպանիա՝ դառնալով աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած նավը:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեռնան Մագելանի անունով են կոչվել՝

  • Հարավային Ամերիկա մայրցամաքի և Հրո երկիր կղզու միջև ընկած նեղուցը
  • երկու ոչ մեծ համաստեղություներ՝ Մագելանյան ամպամածություններ անունով. հարավային կիսագնդից առաջինը դրանք նկատել ու նշել է մեծ ծովագնացը
  • պինգվինի մի տեսակ, որին առաջինը նկարագրել է Մագելանի արշավախմբի անդամ Պիգաֆետան
  • Հարավային Ամերիկայի հարավում գտնվող, յուրօրինակ բուսական ու կենդանական աշխարհներ ունեցող անտառները
  • Լուսնի խառնարաններից մեկը[17]
  • Մարսի խառնարաններից մեկը
  • Խաղաղ օվկիանոսում՝ Մարշալյան կղզիների մերձակայքում գտնվող ստորջրյա մի բարձունք
  • տիեզերական մի ապարատ /1990 թ./

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 111 CC-BY-SA-icon-80x15.png