Jump to content

Քերոլայն Քոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերոլայն Քոքս
Caroline Ann Cox, Baroness Cox of Queensbury
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 6, 1937(1937-07-06)[1] (87 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի համալսարան, Վեստմինստերի համալսարան և Նյուքասլի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և սոցիոլոգ
ԱշխատավայրՀյուսիսային Լոնդոնի համալսարան
ԱմուսինՄյուրեյ Նյուել Քոքս
Ծնողներհայր՝ Ռոբերտ Ջոն Մաքնիլ Լավ[1], մայր՝ Դորոթի Իդա Բոռլանդ[1]
Զբաղեցրած պաշտոններԼորդերի պալատի անդամ
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՌոբին Մայքլ Քոքս Մաքնիլ Լավ[1], Ջոնաթան Մյուրրեյ Քոքս[1] և Ֆիլիպա Ռութ Դորոթի Քոքս[1]
 Caroline Cox, Baroness Cox Վիքիպահեստում

Քերոլայն Քոքս (անգլ.՝ Caroline Ann Cox, Baroness Cox of Queensbury, օրիորդական անունը՝ Քերոլայն Էնն ՄաքՆիլ Լավ, հուլիսի 6, 1937(1937-07-06)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բարոնուհի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ։ Իրավապաշտպան։ Փիլիսոփայության և սոցիոլոգիայի դոկտոր։ Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (1994), Թագավորական դաշնության բուժքույրերի միության նախագահ, Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության ղեկավար մարմնի անդամ և Մեծ Բրիտանիայում նույնանուն կազմակերպության նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուինսբերիացի բարոնուհի Քոքսը (Baroness Cox of Queensbury) հարթֆորդցի վիրաբույժի դուստր է։ 1958 թվականից Լոնդոնի հիվանդանոցում աշխատել է բուժքույր։ 1967 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանը` ստանալով սոցիոլոգի մասնագիտությամբ գերազանցության դիպլոմ։ Հետագայում նա ստացել է նաև տնտեսագիտության մասնագետի աստիճան։

1974 թվականից եղել է Հյուսիսային Լոնդոնի պոլիտեխնիկական ինստիտուտի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչը, դասավանդել և բարձր պաշտոններ է զբաղեցրել Լոնդոնի տարբեր ուսումնական հաստատություններում։

Լորդերի պալատի անդամ է 1982 թվականից, 1986-2006 թվականներին եղել է այդ պալատի փոխխոսնակը։ Ունի սոցիալիստական[2] և քրիստոնեական հայացքներ։

Քոքսը և Արցախը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով ակադեմիկոս Անդրեյ Սախարովի զինակիցը՝ Քոքսը մշտապես հետևել է նրա մարդասիրական սկզբունքներին և հայտարարել. «Ես այնտեղ եմ, որտեղ ցավ կա»։ Քոքսն այցելել է բոլոր այն երկրները, որտեղ զանգվածաբար ոտնահարվել են մարդկանց և ժողովուրդների իրավունքները։ Հաճախակի եղել է նաև ԽՍՀՄ-ում, մասնակցել մարդու իրավունքների և որբ երեխաների խնդիրներին նվիրված միջազգային խորհրդաժողովներին։

1991 թվականի մայիսի 21-ին, Մոսկվայում Անդրեյ Սախարովի 70-ամյակին նվիրված միջազգային կոնգրեսում որպես տարբեր երկրների իրավապաշտպանների խմբի ղեկավար, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Իտալիայի և այլ երկրների գիտնականներից, գրողներից, հասարակական գործիչներից կազմավորվել է 13 հոգուց բաղկացած խումբ, որն ուղևորվել է Հայաստան։ Գորիսի շրջանի Տեղ գյուղում խումբը հանդիպել է հայ փախստականների, արձանագրել նրանց նկատմամբ ադրբեջանցիների կողմից գործադրված բռնությունների փաստեր և ներկայացրել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ու պաշտպանության նախարարության ղեկավարությանը։

Քոքսը ռազմական ուղղաթիռով շրջել և նկարահանել է Արցախի հրդեհվող ու ավերված գյուղերը և դրանք ցուցադրել Եվրոպայի, ԱՄՆ-ի հեռուստաալիքներով։ Հանդիպել է ՀՀ ղեկավարների, սփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ։ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում բազմիցս ներկայացրել է Արցախյան հիմնախնդրի տարբեր կողմերը։ 1992 թվականին Ստեփանակերտը ռմբահարած «Գրադ» կայանքի հրթիռների բեկորները ցույց է տվել Մոսկվայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններին, եվրոպական երկրների խորհրդարանների ղեկավարներին, ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդականին։

Արցախյան պատերազմի ընթացքում Քոքսը նյութական ու բարոյական մեծ ու անգնահատելի օգնություն է ցույց տվել շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը։ Զինադադարից հետո նրա ակտիվ աջակցությամբ և գերմանացի մասնագետների համագործակցությամբ՝ Ստեփանակերտում ստեղծվել է պրոթեզավորման մասնագիտացված կլինիկա, իսկ սեփական միջոցներով Ստեփանակերտում ողնաշարի վնասվածքներով հիվանդների համար հիմնադրել վերականգնողական կլինիկա։

Արցախյան պատերազմի բոլոր տարիներին և զինադադարից հետո Քոքսն ավելի քան 50 անգամ այցելել է Արցախ, համագործակցել է Զորի Բալայանի հետ։

Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը Քոքսի ծառայությունները հայ ժողովրդի հանդեպ գնահատել է՝ ասելով. «Դուք մի հրեշտակ եք, իջած մեր ազգի համար»։ Քերոլայն Քոքսի մասին Բակուր Կարապետյանը գրել և 1994 թ. Երևանում հրատարակել է 188 էջից բաղկացած վիպակ՝ «Անգլուհու արցախեան ոդիսականը» խորագրով։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոքսի գիտական աշխատանքները վերաբերում են մարդու իրավունքների խախտումների հիմնահարցերին։ Ունի Արցախին վերաբերող երկու մենագրություն։

  • A Sociology of Medical Practice (1975)
  • Rape of Reason: The Corruption of the Polytechnic of North London (Keith Jacka, with Caroline Cox and John Marks, jt au 1975)
  • The Right to Learn (jt au 1982)
  • Sociology: A Guide for Nurses, Midwives and Health Visitors (jt au 1983)
  • Choosing a State School: how to find the best education for your child (jt au 1989)
  • Trajectories of Despair; misdiagnosis and maltreatment of Soviet orphans (with John Eibner 1991)
  • Ethnic Cleansing in Progress: war in Nagorno Karabakh (1993)
  • Islam, Islamism and the West: Is ideological Islam compatible with liberal democracy? (2005)
  • Made to Care: the case for residential and village communities for people with a mental handicap
  • Baroness Cox: A voice for the voiceless. (1999) Boyd, A. Lion Books. ISBN 0-7459-3735-7

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Lundy D. R. The Peerage
  2. Mill and Liberalism, by Maurice Cowling, Cambridge University Press, 1990, p. xxxix
  3. Ք. Քոքսին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերոլայն Քոքս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։