Քաղաքապետարանի դեղատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքապետարանի շենք (էստ․՝ Raeapteek), դեղատուն Տալլինի կենտրոնում։ Դեղատունը տեղակայված է Տալլինի քաղաքապետարանի շենքի դիմաց՝ համար 11 շենքում։ Այն Եվրոպայի ամենահին դեղատներից է, որ նույն շենքում գործում է 15-րդ դարից ի վեր։ Այն Տալլինի առևտրական ու բժշկական հնագույն կազմակերպությունն է։

Դեղատան առաջին հայտնի նկարը 1800 թվականիի յուղանկար է, որում պատկերված է քաղաքապետարանի դիմացի հրապարակը։ Պահպանված առաջին լուսանկարներն արվել են 1889 թ.։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղատան մուտքը

Դեղատան հիմնադրման հստակ տարեթիվը որոշակի չէ, սակայն հայտնի է, որ 1422 թվականին դեղատունն արդեն պատկանում էր իր երրորդ տիրոջը։ Դեղատան բացման տարեթիվ համարվում է 1415 թվականը։

Քաղաքային խորհրդի թղթերում պահպանվել է քիմիկոս Նուկլեուսի գրությունը, որում ասված է, որ դեղատան տերերն են 10 ազնիվ մարդիկ, որոնցից շատերը քաղաքային խորհրդի անդամ են։ 1422 թվականի և հետագա տարիների թղթերից հայտնի է, որ դեղատան առաջին տերը եղել է Յոհան Մոլները։

Դեղատան ապրանքանշանը

1582-1911 թթ. դեղատունը պատկանել է Բուրհարդտների տոհմին, որի 10 սերունդներ ավելի քան 325 տարի աշխատեցրել են դեղատունը։ ։ 1579-81 թթ. միջև հունգարացի էմիգրանտ Յոհան Բուրհարդտ Բելավարի դե Սեկավան Պրեսբուրգից (ներկայում՝ Բրատիսլավ) տեղափոխվել է Տալլին և բիզնես սկսելու համար քաղաքային խորհրդից վարձով ստացել է դեղատունը։ Յոհանն էլ սկիզբ է դրել ընտանիքում առաջինը ծնված տղային Յոհան անունը տալու ավանդությանը, որ պահպանվել է մինչև 19-րդ դարի վերջը, երբ ծնվել է Յոհան X Բուրհարդտը։ Յոհանը պարտավոր էր շարունակել ընտանեկան գործը։ Բուրհարդտները կրթված անձինք էին և հաճախ դեղագործի աշխատանքին զուգահեռ կատարում էին նաև բժշկի աշխատանք։

1688 թվականին Յոհան VI-ին հաջողվեց 600 տալերով քաղաքային խորհրդից գնել դեղատունը։ 1690 թվականին Բուրհարդտների սեփականության իրավունքը հաստատվեց Շվեդիայի արքա Կառլ XI-ի գրությամբ։

Բուրհարդտների համբավն այնքան էր տարածվել, որ պատմում են՝ իբր 1725 թվականին մահամերձ Պետրոս I Յոհան Բուրհարդտ VI-ին կանչել է իրեն օգնելու, բայց մահացել է նրա՝ Սանկտ-Պետերբուրգ գալուց առաջ։

1802 թվականին Յոհան Բուրհարդտ VIII-ը հիմնել է թանգարան ու այն անվանել «Mon faible»։ Այդ թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայումս ցուցադրվում են Էստոնիայի պատմության թանգարանում։

Բուրհարդտների տոհմի վերջին երկու ներկայացուցիչները հիվանդության պատճառով չէին կարող վարել դեղատան գործերը, այդ պատճառով էլ այն վարձով են տալիս։ 1890-ական թվականներին մահանում է Յոհան Բուրհարդտ X-ը, որ տղա չուներ։ Նրա քույրերը 1911 թ. դեղատունը վաճառում են Կ. Լեխբերտին։

1944-91 թթ. դեղատունը պետական հիմնարկ էր։ 1990 թվականից հետո ամբողջ դեղատունը վերակառուցվել է։ Վերակառուցողական աշխատանքները տևել են 10 տարի և ավարտվել են 2003 թվականին։ Ներկայումս դեղատանը տեղակայված է շենքի առաջին հարկում. այնտեղ վաճառվում են ժամանակակից դեղանյութեր։ Առաջին հարկում գործում է նաև հնաոճ իրերի խանութ, իսկ երկրորդ հարկում 1999 թվականին բացվել է «Բալտազար» ռեստորանը։

Վաճառվող ապրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում դեղատանը կարելի էր գնել մումիայի հյութ (հեղուկի հետ խառնած մումիայի փոշի), այրված ոզնիների ու մեղուների փոշի, չղջիկների փոշի, օձի թույն, ռնգեղջյուրի եղջյուրի փոշի, ինչպես նաև որդեր, ծիծեռնակի բներ, տարբեր խոտաբույսեր ու օծանելիք։

Դեղատանը կարելի էր ձեռք բերել նաև կոնֆետներ, թխվածքաբլիթ ու մարցիպան։

Դեղատանը կարելի էր խմել մի բաժակ Կլարետ (ռեյնվեյն շաքարով ու համեմունքներով)։ Հետագայում դեղատունն իրավունք է ստացել առանց մաքսավճարի ներկրել տարեկան 400լ ֆրանսիական կոնյակ։

Դեղատանը վաճառվում էին նաև թուղթ, թանաք, ներկանյութեր, վառոդ, համեմունքներ, մոմեր, ջահեր, զմուռս։ Ծխախոտի՝ Եվրապա բերվելուց հետո Էստոնիայում ծխախոտ վաճառելն առաջինն սկսեց Քաղաքապետարանի դեղատունը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժամանակակից դեղատան կողքին կա փոքր թանգարան, որում ցուցադրված են բժշկական հին փաստաթղթեր, դեղատան պատմական գործիքներ և այլն։ Այնտեղ է գտնվում նաև Բուրհարդտների տոհմի մեծ քարե գերբը, որ ստեղծվել է 1635 թվականին։ Նրա վրա պատկերված է թագակիր գրիֆոն (առասպելական կենդանի)` վարդով ու շուշաններով։

Երկրորդ հարկում կա մի քարե սյուն, որի վրա քանդակված են Բուրհարդտների գերբն ու 1663 տարեթիվը։

  • Յաան Կրոսն իր «Մարտի հաց» երկում նկարագրում է, թե ինչպես է 1441 թվականին դեղատան ենթավարպետ Մարտը քաղաքային խորհրդի անդամի համար դեղ պատրաստելիս հայտնաբերել մարցիպանը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]