Կադրիորգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կադրիորգ
Երկիր` Էստոնիա
Ճարտարապետական ոճ`բարոկկո ճարտարապետություն
Ճարտարապետ`Niccolò Michetti?
Քարտեզ
Քարտեզ

Կադրիորգ (Եկատերինենտալ, էստ․՝ Kadrioru loss, Կադրիի հարթավայր), բարոկկոյի ոճի պալատի և զբոսայգու համալիր Տալլինում։ Եկատերինենտալն իր անվանումն ստացել է ռուս կայսր Պետրոս I-ի կնոջ` Եկատերինա I-ի անունից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային պատերազմի (1700-1721 թվականներ) ընթացքում Էստլյանդիան միացել է Ռուսաստանին։ Ռևելը կապիտուլյացիայի է ենթարկվել 1710 թվականի աշնանը, իսկ արդեն 1711 թվականի դեկտեմբերին Պետրոս Առաջինը Եկատերինայի հետ առաջին անգամ այցելել է քաղաք։ Կայսրին դուր է եկել Լասնամյաեի շրջակայքը։ Այդտեղ զառիթափից տեսարան է բացվել դեպի քաղաք և կառուցվող նավահանգիստ։ 1714 թվականին Պետրոսը Դրենտելնի այրուց գնել է նրանց ամառանոցի մի մասը 3500 թալերով` դարձնելով այն պետական սեփականություն։ Այդ ամառանոցում պահպանված տունը կարգի է բերվել և հարմարեցվել է` կայսեր բնակավայր դառնալու համար։ Արդեն 1714 թվականի հունիսին կայսրը բնակություն է հաստատել այնտեղ տիկնոջ հետ[1]։ Այդ տունն այժմ հայտնի է «Պետրոսի տնակ» անունով։ Տունը հարմար էր գիշերակացի և շրջակայքի գեղեցկությունը դիտելու համար, սակայն իր համեստ չափերով ու ձևավորմամբ չէր համապատասխանում իր նշանակությանը։

Պալատի ու զբոսայգու նոր համալիրի հիմքը դրվել է 1718 թվականի հուլիսի 25-ին, Պետրոս Առաջինի հրամանով։ Նախագիծը կազմել է իտալացի Նիկկոլո Միկետտին։ Շինարարական աշխատանքները ղեկավարում էր նրա օգնական Գաետանո Կյավերին։ 1720 թվականին Միկետտիի պնդմամբ Ռևել է ուղարկվել Միխայիլ Զեմցովը, որը ղեկավարել է համալիրի շինարարությունը հետագա չորս տարիների ընթացքում։ Սկսած 1721 թվականի գարնանից մինչև շինարարության ավարտը բոլոր աշխատանքները ղեկավարել է միայն Զեմցովը։

Արդեն 1719 թվականի աշնանը կողային տաղավարները պատված էին կղմինդրով, իսկ 1721 թվականի գարնանն ավարտին էր հասցված ներքին հարդարանքը։ Դրանից շատ չանցած այստեղ որոշ ժամանակ ապրել են Պետրոս Առաջինն ու Եկատերինան։ Գլխավոր շինության պատերն սկսել են կառուցել 1720 թվականից, իսկ արդեն հաջորդ տարի կապվել է տանիքը։ 1724 թվականին, Պետրոս Առաջինի` Ռևել կատարած վերջին այցելության ժամանակ գլխավոր շինության ներքին տարածքների մեծ մասը դեռ անտառների մեջ էր, հիմնական աշխատանքներն ավարտվել են 1727 թվականին։

Ըստ լեգենդի, շինության կառուցման ժամանակ Պետրոս Առաջինն իր ձեռքով երեք աղյուս է դրել պատի մեջ։ Ավելի ուշ, երբ պատերի արտաքին մասն սկսել են սվաղով պատել, շինարարները «կայսերական» աղյուսները չեն սվաղել։ Պալատի հյուսիսային կողի անկյունային որմասյան այդ երեք աղյուսը մինչև այսօր անսվաղ են[2]։

Նոր պալատում Պետրոսն ու Եկատերինան չեն հասցրել ապրել[1]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Կադրիորգյան պալատում տեղակայվել է Ռևելի աշխատավորների ու զինվորների պատգամավորների խորհուրդը[3]։

1921-1929 և 1946-1991 թվականներին պալատը Էստոնիայի գեղարվեստական թանգարանի գլխավոր շինությունն էր։

1929-1940 թվականներին պալատում է տեղակայված եղել Էստոնիայի պետական ավագանու (1938 թվականից` Էստոնիայի նախագահի) նստավայրը։

Ներկայումս Կարդրիորգի պալատում է գտնվում Էստոնիայի գեղարվեստական թանգարանի մասնաճյուղը` Կադրիորգի գեղարվեստական թանգարանը։

Կադրիորգի այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքն ի սկզբանե եղել է մոտավորապես 300 հա։ Այգին նախատեսվում է վերականգնել 18-րդ դարի ոճով` կտրտվող ծառերով։ Այդ ոճով է վերականգնված պալատական այգին։

Այգում է գտնվում Պետրոս Առաջինի տուն-թանգարանը, իսկ սահմանին` Էստոնիայի արվեստի թանգարանի ժամանակակից շենքը (Կումու թանգարան

Այստեղ Լասնամյագիի զառիթափի վրա, որտեղ վերջանում է Լիդիա Կոյդուլի ներկայիս փողոցը, մոտավորապես 1780 թվականին ճարտարապետ Յոհան Մոորը կառուցել է միհարկանի տուն` աշտարակով[4]։ Այդ տանը տեղացի առևտրական Քրիստիան Ֆրեզեն 18-րդ դարի վերջին հիմնել է քաղաքում չթի առաջին մանուֆակտուրան։ 19-րդ դարի սկզբին տանը հիմնադրվել է Ռուսաստանի ռազմածովային գերատեսչության ինժեներական խումբը, որն զբաղվում էր Բալթիկայի նավահանգիստների շինարարությամբ։ 1827 թվականին աշտարակը հեռացվել է և կառուցվել է երկրորդ հարկ։ 1863 թվականի մայիսի 7-ին Ալեքսանդր 2-րդ կայսեր հրամանով Ռևելում կառուցվել է պանսիոնատ` աղքատացած պալատական կանանց համար, որոնց և փոխանցվել է այդ տունը։ 2003-2012 թվականներին շենքն օգտագործվել է Տալլինի ռուսական թանգարանի կողմից։ 2017 թվականից սկսած այդ շենքն զբաղված է «Լոտտե» մանկապարտեզի կողմից[5]։

Այգում արհեստական լճակներ են փորվել հենց հիմքը գցելու ժամանակ` լանդշաֆտը կենդանացնելու, ինչպես նաև` հողը ցամաքեցնելու համար։ Դրանցից հնագույնը եղել են Մարինինյան մանկատան բակի լճակը, ներկայիս Կադրի փողոցի ճանապարհից դեպի հյուսիս գնացող լճակը, Վերին կամ Կարապի լճակն ու այգու արևմտյան մասում գտնվող արհեստական լճակը։ Վերին լճակը, ինչպես նաև այն ժամանակ այգում գոյություն ունեցող շատրվաններն ու կասկադները ջուր են ստացել հիմնականում Յուլեմիստե լճից։ Արհեստական լճի մոտ կար շերտաքարով շարված կղզի։ Ներքին լճակն իր ջրերը հավաքում էր Լասնամյագիի մոտ գտնվող ակունքներից։ Այս լճակի վրա ծառեր էին տնկվել ու տաղավար կառուցել։

2011 թվականի հուլիսի 31-ին զբոսայգում բացվել է Ճապոնական այգին։ Դրա կառուցման աշխատանքներն սկսվել էին 2008 թվականից, ըստ լանդշաֆտային դիզայներ Կիոտո Մասաո Սոնեի նախագծի[6]։

Զբոսայգու տարածքում ջերմոցներ են կառուցվել, որոնցում ամբողջ տարին պտուղներ ու ծաղիկներ էին աճում[1]։

Կադրիորգի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական պալատի և զբոսայգու համալիրի կառուցման ժամանակ Կադրիորգի շրջանն անվանվում էր Ֆոննենտալ[1]։

19-րդ դարի սկզբին Եկատերինենտալի շրջանում էր գտնվում Ռևելի քաղաքամերձ տեղանքը, որը ժողովուրդն անվանում էր «Սլոբոդա»։ Սա աղքատ շրջան էր և հայտնի չէր որպես հանգստի վայր, չնայած այստեղ էին գտնվում պալատն ու զբոսայգին։ Արդյունքում բնակելի տների ու սպասարկման վայրերի կառուցման հետ Եկատերինենտալի վարկն սկսել է բարձրանալ։ Արդեն 1832 թվականին այստեղ իրենց հանգիստն էին անցկացնում կայսր Նիկոլայ Առաջինի երեք դուստրերը։

1880 թվականին Եկատերինենտալում անց է կացվել Էստոնական երգի երրորդ փառատոնը։ 1934 թվականին այստեղ են կազմակերպվել առաջին Էստոնական խաղերը, որոնք հիմք են դարձել պարերի տոնի ավանդույթի համար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 История Кадриоргского парка отразилась в выставке // Linnaleht : Газета. — 2019.
  2. Куускемаа, 2009, էջ 104
  3. «Онлайн путеводитель по Эстонии».
  4. Лев Лившиц. Русский музей Эстонии. Архив газеты «Молодежь Эстонии»
  5. «Lotte lasteaed». Tallinn (էստոներեն).
  6. «Осень в Японском саду парка Кадриорг». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կադրիորգ» հոդվածին։