Տալլինի ռատուշա
Տեսակ | քաղաքապետարան |
---|---|
Երկիր | Էստոնիա |
Տեղագրություն | Տալլին |
Վայր | Վանալին |
Փողոց | Ռատուշայի հրապարակ |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված է | 1404 |
Բացված | 1404 |
Ժառանգության կարգավիճակ | ճարտարապետական հուշարձան[1] և պատմական հուշարձան[1] |
Պաշտոնական կայք |
Տալլինի ռատուշա (էստ․՝ Tallinna raekoda), միջնադարյան Ռևալի (1919 թվականից՝ Տալլին) քաղաքային կառավարման շենքը։ Գտնվում է Հին քաղաքի կենտրոնում՝ Ռատուշայի հրապարակում։ Միջնադարյան ռատուշայի առավել լավ պահպանված շենքերից մեկն է Հյուսիսային Եվրոպայում[2][3]։ 2014 թվականին լրացել է Տալլինի ռատուշայի 610-ամյակը[4][5]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տալլինի ռատուշան Հյուսիսային Եվրոպայում պահպանված միակ ռատուշան է՝ գոթական ոճով[6]։ Այն առաջին անգամ հիշատակվել է 1322 թվականին։ Այդ ժամանակ ռատուշայի շենքը եղել է կրաքարից կառուցված միահարկ շինություն։ 14-րդ դարի վերջին, երբ հանզայական միության մեջ մեծացել է Ռևալի առևտրական նշանակությունը, ռատուշան ընդարձակել են։ 15-րդ դարը Ռևալի մշակութային ու առևտրական ծաղկման շրջան է եղել։ Ռատուշան վերանորոգելիս 1402-1404 թվականներին ընդարձակել են նրա կամարաշարը, երկրորդ հարկում կառուցել են հանդիսությունների սրահներ, և շենքը ներկայանալի աշտարակի տեսք է ստացել։ Այս տեսքով այն արդեն համապատասխանել է հանզայական հարուստ քաղաքի պահանջներին և հարյուրամյակներ անց մեզ հասել՝ փոխանցելով վարպետների նուրբ ճաշակն ու տեղի քարագործ վարպետների հմտությունները[5]։
1530 թվականին ռատուշայի աշտարակում տեղադրել են հողմացույց, որը քաղաքացիներն անվանել են Ծեր Թոմաս։ Քաղաքի պահապան Թոմասը Տալլինը հսկում է գրեթե 500 տարի։ Ռևելցի երկաթագործ վարպետների բարձր մակարդակի մասին են վկայում վիշապների տեսքով ջրհորդանները։ Նրանք կառուցվել են 1627 թվականին տեղի պղնձագործ Դանիել Պյոպելի կողմից։
Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկուղային հարկ և առևտրի սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկուղային հարկը կիրառվել է որպես գինու մառան (veinikelder)։ Մագիստրոսությունը ցանկացել է, որ գինու վաճառքն իրականացվի իր խիստ հսկողության ներքո։ Գինու ակցիզը քաղաքային գանձարանի համար մեծ եկամուտ է ապահովել։ Միջնադարում գինին համարվել է թանկ ըմպելիք, որ կիրառել են միայն մեծ տոների և եկեղեցական պահանջմունքների համար։ Նկուղային հարկում են գտնվում ռատուշայի ամենահին պատուհանները, որոնք կարելի է ճանաչել աստիճանաձև պատուհանագոգերից[7]։ Շինության մի ծայրում պահպանվել է քարե հին ելանցքը։
Նկուղային հարկի վերևում գտնվող շինությունը, որ առևտրի սրահ է եղել, հին աղբյուրներում նույնպես նշվում է որպես գինու մառան, չնայած այն ակնհայտորեն կիրառել են որպես պահեստի սրահ և առավել թանկ ապրանքների ներկայացման վայր։
Ամենաշքեղ սրահները գտնվում են ռատուշայի գլխավոր հարկում։ Դա բյուրգերական սրահն է կամ շքամուտքը, իսկ ամենից կարևոր սրահը եղել է մագիստրոսության սրահը։
Բյուրգերական սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյուրգերական սրահը կամ շքամուտքը միջադարում ծառայել է որպես հանդիսավոր ընդունելությունների և տոնական սրահ։ Այստեղ են ելույթ ունեցել քաղաք ժամանած թափառական երաժիշտներն ու դերասանները։
Բյուրգերական սրահն աչքի է ընկնում լույսի առատությամբ։ Քանդակազարդ սյուները, որոնց վրա հենված է կամարակապ սրահը, զարդարված են հարուստ գույներով եղեևնազարդով։ Սյուների ինքնատիպ նկարազարդումը տեսանելի է սյուների երկու կողմերում գլխավոր աստիճանի կողմից։ Սրահում ուշադրություն են գրավում քաղաքային հրաշալի զինանշանները, որոնք գտնվում են մագիստրոսություն տանող դռան վերևում։ Դրանք ունեն մակագրություն․
Մագիստրոսության սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մագիստրոսության սրահը քաղաքային մագիստրոսության կամ քաղաքային իշխանության ամենակարևոր սրահն է եղել։ Քաղաքային մագիստրոսության մասին առաջին հիշատակությունը վերաբերում է Էրիկ V արքայի պատվոգրին և թվագրվում է 1248 թվականի մայիսի 15-ին։ Իր որոշումներում Ռևալի մագիստրոսությունն առաջնորդվել է հանզայական քաղաքներում լայն կիրառում գտած Լյուբեկյան իրավունքով։ Մագիստրոսությունը բոլոր խնդիրները որոշել է Ռևալում՝ հարկերից մինչև զարդարանք, հագուստ՝ սահմանելով, թե ով ինչ կարող է հագնել։ Միջնադարում ռաթմանին պարգևատրում չեն հատկացրել աշխատանքի համար, այդ պատճառով էլ մագիստրոսությունում կարող էին աշխատել ամենաազդեցիկ առևտրականները՝ Մեծ գիլդիայի անդամները։ 15-րդ դարում մագիստրոսությունը բաղկացած էր 14 ռաթմաններից և չորս բուրգոմիստրից կամ մագիստրոսության ներկայացուցիչներից։
Քանի որ քաղաքի սահմաններում դատական իշխանությունը ևս պատկանել է մագիստրոսությանը, ապա Մագիստրոսական սրահը ծառայել է նաև որպես դատարան։ Դա ընդգծում են սրահի պատերի կարմիր գույնը և դատական թեմատիկայով նկարազարդումները։
Մագիստրոսության սրահն աչքի է ընկնում խորհրդանիշների առատությամբ։ Արվեստի ամենից կարևոր գործերը ռատուշայում խոսում են բարոյականության, արդարադատության, ազնվության, իմաստնության և արդարադատության մասին։ Անմիջականորեն արդարադատության հետ են կապված լյուբեկցի նկարիչ Յոհան Ակոնի՝ աստվածաշնչյան թեմաներով վեց նկարները, որոնք վերաբերում են 17-րդ դարին։
Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոհանոցում պատրաստվել են ուտեստներ մեծ տոների համար։ Խոհանոցային անկյունում գտնվել է ծխնելույզը, որը քանդվել է 19-րդ դարում և վերականգնվել 2004 թվականին։
Խոհանոցային հատվածում է նաև գտնվել ձեռքերի լվացման համար նախատեսված ոչ մեծ խորշը՝ փոքրիկ պատուհանով։ Բնական քարից ոչ մեծ ջրհորդանը բացվել է ուղիղ փողոցի վրա։ Ռատուշան ջուրը ստացել է շուկայի հրապարակի ջրհորից, անձրևաջրերը նույնպես հավաքել են մեծ տակառներում։
Խոհանոցի պատի վերջում գտնվել է ռաթմանների համար նախատեսված արտաքնոցը։ Կոյուղու միջնադարյան համակարգը միասնական է եղել ամբողջ տան համար և համեմատաբար լավ է պահպանվել մինչ օրս։ Աշտարակի մուտքի մոտ է գտնվում արտաքնոցի փոքրիկ սենյակը՝ նախատեսված պահակի համար։
Գանձարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամեն ռաթմանի վրա դրվել է հստակ տարորոշված պարտականություն՝ կապված քաղաքային կյանքի այս կամ այն բնագավառի հետ։ Ռաթմանները, որոնք զբաղվել են քաղաքային հաշվետարությամբ ու տնտեսական հարցերով, աշխատել են քաղաքային գանձարանում։ Ավելի ուշ ներկայացուցչական շինությունը վերածվել է քաղաքապետի աշխատասենյակի։ Քաղաքային գանձարանում գտնվող երկու նկարներ Տալլինի ռատուշայի նվերն են։ Դրանցից մեկը ներկայացնում է շվեդ թագուհի Քրիստինային մանուկ հասակում, իսկ մյուսը՝ Կառլ XI-ին երիտասարդ տարիքում։ Մյուս նկարները ևս ներկայացնում են Եվրոպայի թագակիրներին և ընդգրկվել են Սևագլուխների ընկերության հավաքածուի մեջ։ Սրահի անկյունում հրապարակի կողմից տեսանելի է միջնադարյան հատակի մի մասը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ռատուշայի մագիստրոսական սրահը
-
Բյուրգերական սրահ
-
«Ծեր Թոմաս» հողմացույցի բնօրինակը, 1530 թվական։ Պահպանվում է թանգարանում։
-
Տալլինի մեծ զինանշանը ռատուշայի գլխավոր պորտալի վերևում
-
«Դատաստանի օր» նկար (կրկնօրինակ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Էստոնիայի մշակութային հուշարձանների ազգային գրանցամատյան — 1994.
- ↑ «Tallinn Town Hall». Tallinn. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Eesti arhitektuuri ajalugu 1965, p 176
- ↑ «Tallinna keskaegne vanalinn» (Estonian). Puhkaeestis.ee. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 5,0 5,1 «Tallinn Town Hall». Tallinn. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Лившиц, 2014, էջ 145
- ↑ Masso Tiit (1983). 100 ehitist. Tallinn: Valgus
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տալլինի ռատուշայի էջը վիրտուալ ուղևորությունների VirtualGuide.ru կայքում
- Տալլինի ռատուշան Արխիվացված 2011-11-04 Wayback Machine Էստոնիայի տեսարժան վայրերի հավաքածուում
- www.otd.ru
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Мяэвяли С. Историко-архитектурные памятники Таллина / Перевод с эст. Т. Верхнеустинской, Е. Ракеевой. Худ.-оформ. Т. Тали. — Таллин: Периодика, 1981. — 96 с.
- Лив Л. О чём рассказывают дома и улицы Старого Таллинна. — Таллинн: PtP International, 1996. — 216 с.
- Лившиц Л. Из истории улиц Таллинна. — Таллинн: КПД, 2014. — 416 с. — ISBN 978-9949-545-02-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տալլինի ռատուշա» հոդվածին։ |