Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ծառայությունների և ծրագրային ապահովման ոլորտը Հայաստանի Հանրապետությունում ամենահաջողակ և արագ զարգացող ճյուղերից է, որի մասնաբաժինը ՀՆԱ-ում (2010 թվականին՝ 1,7 %) համեմատելի է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Գերմանիան և Հնդկաստանը։

Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական ոլորտի զարգացումն անցել է 2 հիմնական փուլերով՝ խորհրդային և հետխորհրդային։

N տիպի կիսահաղորդիչ

Խորհրդային շրջանում հանրապետությունը ԽՍՀՄ ինֆորմատիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների առաջատար գիտահետազոտական և արդյունաբերական կենտրոններից էր։ Կիսահաղորդիչներ արտադրող մի շարք ձեռնարկություններ գործում էին ԽՍՀՄ կառավարության խոշոր ու միջին պատվերներով, որոնք ուղղված էին հիմնականում արդյունաբերությանյան և պաշտպանության ոլորտների ապահովմանը։

Հիմնական ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2013 թվականներին ՏՏ ոլորտի տարեկան աճը կազմել է շուրջ 22%[1]։

2010 թվականին Հայաստանի Հանրապետությունում գործում էին մոտ 196 ՏՏ ընկերություններ (5200 աշխատող), որոնցից 74-ը՝ օտարերկրյա։ Ոլորտի ընդհանուր հասույթը 2010 թվականին կազմել է շուրջ 148,8 միլիոն դոլար։ Ընկերությունների շուրջ 55 %-ի արտադրանքն ու ծառայություններն արտահանվում են ավելի քան 20 երկիր։ 2010 թվականին ՏՏ-ի արտահանման ծավալները կազմել են շուրջ 91,1 միլիոն դոլար, որի շուրջ 49 %-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին և Կանադային, 24 %-ը՝ Եվրամիության երկրներին, 16 %-ը՝ ԱՊՀ երկրներին (հիմնականում Ռուսաստանին

2014 թվականին Հայաստանում գործել է արդեն շուրջ 400 ՏՏ ընկերություն, որոնց ընդհանուր հասույթը կազմել է մոտ 475 միլիոն ԱՄՆ դոլար։ Ցուցանիշը կազմում է պետության ՀՆԱ շուրջ 5%-ը ու արտահանման շուրջ մեկ երրորդը։ 2010 թվականին ՏՏ-ն կազմում էր ՀՆԱ մոտ 1.7%-ը[1]։

Ըստ պաշտոնական կանխատեսումների՝ 2019 թվականին ոլորտի տարեկան եկամուտը կանցնի 1 միլիարդ ԱՄՆ դոլարը[1]։

Ոլորտի մասնագետները[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին ՏՏ ոլորտում զբաղված մասնագետների թիվը կրկնապատկվել է 2010 թվականի ցուցանիշների հետ համեմատ՝ հասնելով շուրջ 11 600-ի[1]։

2014 թվականին ոլորտում եղել է շուրջ 2000 մասնագետի թափուր աշխատատեղ[1]։

Համակարգիչների նախագծումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգիչների և հարակից սարքավորումների նախագծման ու արտադրման նպատակով 1956 թվականին ստեղծվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների (ԵՄՄ) Գիտահետազոտական ինստիտուտին։ Արդեն 1959 թվականին ինստիտուտը նախագծել է վակումային սարքերով աշխատող 1-ին սերնդի «Արագած», 1961 թվականին՝ կիսահաղորդիչ տարրերով աշխատող 2-րդ սերնդի «Հրազդան» համակարգիչները։ 1960-ական թվականների սկզբիև ինստիտուտն սկսել է նախագծել հզոր Էլեկտրոնային Հաշվիչ Մեքենաներ, ավտոմատ հսկիչ համակարգեր, ինչպես նաև օպերացիոն համակարգեր, ցանցային և կիրառական այլ ծրագրեր։

IBM-ի շենքը Ամստերդամում

Երևանի մաթեմատիկական մեքենաների Գիտահետազոտական ինստիտուտն ԽՍՀՄ առաջատար մասնագիտացված հաստատությունն էր, որը մշակել է «Նաիրի» միկրոծրագրային համակարգչային համակարգը։ Վերջինս ստացել է ավելի քան 40 արտոնագիր և ներկայացվել միջազգային 20 ցուցահանդեսում։ Սեփական արտադրամասերում ինստիտուտը նախագծել և արտադրել է բազմաթիվ համակարգիչներ, որոնց մի մասը համատեղելի էր «Digital Equipment» ընկերության PDP և IBM հզոր համակարգիչների հետ։ Ինստիտուտի մշակած ES շարքի համակարգչային համակարգերը լայնորեն կիրառվել են երկրի գիտության և արդյունաբերության տարբեր ոլորտներում։ Ինստիտուտի կարևորագույն նվաճումներից էր նաև հեռահաղորդակցման համակարգի ստեղծումը, որը նախատեսված էր դեպի Լուսին թռիչքի համար։

Ինստիտուտում 1980-ական թվականներին աշխատել է շուրջ 10 հազար մարդ։

Էլեկտրոնային և կիսահաղորդային սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրում ստեղծվել են նաև էլեկտրոնային ու կիսահաղորդչային սարքերի արտադրությամբ և գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող մի շարք արտադրական ձեռնարկություններ։ «Տրանզիստոր» կիսահաղորդիչների գիտաարտադրական գործարանը (1958) տրանզիստորների և ուժեղացուցիչ դիողների արտադրության առաջատարն էր ԽՍՀՄ-ում։ 1964-1965 թվականին Աբովյան քաղաքում հիմնադրվել են ռադիոէլեկտրոնային բաղադրիչներ արտադրող «Սիրիուս» և դիողներ ու ինտեգրալ հիբրիդային միկրոսխեմաներ արտադրող «Պոզիստոր» միկրոէլեկտրոնիկայի գործարանները։ Միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական տեխնոլոգիաների ինստիտուտը (1966) մշակել է միկրոէլեկտրոնային սխեմաներ, չափման ավտոմատ ու էլեկտրոնային այլ բարդ սարքեր։ 1978 թվականին ստեղծված Երևանի կապի գիտահետազոտական ինստիտուտն սիլիկոնային բարակ թաղանթի տեխնոլոգիայի հիման վրա արտադրել է ինտեգրալ սխեմաներ և այլն։ 1986 թվականին կառուցվել է Աշտարակի կիսահաղորդիչների և էլեկտրոնիկայի արտադրության գործարանը (կիսահաղորդչային թիթեղներ, միկրոսխեմային հարթակներ, արևային մարտկոցներ և էլեկտրոնային այլ սարքեր)։ Ինտեգրալ միկրոսխեմաների և էլեկտրոնիկայի «Մարս» գործարանը (հիմնադրվել է՝ 1988) ստեղծվել էր տպատախտակներ ու ինտեգրալ միկրոսխեմաներ արտադրելու համար։

1980-ական թվականների վերջին խորհրդային տնտեսության ազատականացումից հետո ստեղծվել են նոր ընկերություններ, որոնք տրամադրել են համակարգերի ինտեգրման ծառայություններ և կատարել ծրագրակազմերի մշակման հատուկ պատվերներ։ Այդ շրջանում ընկերությունները մասնագիտացել են հիմնականում տեղական շուկայի համար հաշվապահ, և ֆինանս, ծրագրային փաթեթների մշակման համակարգչային սարքերի համալրման ու վաճառքի, արտաքին պատվերների կատարման (աուտսորսինգային ծառայություններ) ուղղությամբ։ Հայկական առաջին ՏՏ մասնավոր ընկերությունը՝ «Հայկական ծրագրերը», ստեղծվել է 1987 թվականին։

1990 թվականին հանրապետությունում գործել են 40 խոշոր գիտահետազոտական տեխնոլոգիաների ինստիտուտներ և արտադրական միավորումներ։ Հայաստանն այդ ժամանակ նույնպես պահպանել է իր առաջատար դիրքը էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

ԽՍՀՄ-ի փլուզումով արմատապես փոխվել է Հայաստանի ՏՏ ոլորտի ուղղվածությունը. խոշոր ռազմական պատվերներից անցում է կատարվել շուկայի պահանջարկը բավարարող ծրագրային լուծումների և ծառայությունների։ Աստիճանաբար կազմավորվել են նոր ընկերություններ, ստեղծվել ՏՏ նոր ձեռնարկություններ։

1990-ական թվականներին Երևանում մասնաճյուղեր են հիմևադրել ծրագրավորման ԱՄՆ-ի մի շարք ընկերություններ, այդ թվում՝ Boomerang Software (ինտերնետային կիրառվող ծրագրեր), Credence Systems (կիսահաղորդիչների նախագծման և թեստավորման լուծումներ), Cylink (ցանցային անվտանգության արտադրանք) և VPN (վիրտուալ մասնավոր ցանցի լուծումներ), Epygi Technologies (IP PBX կայաններ), HPL Technologies (եկամտաբերության կառավարման ծրագիր և թեստավորման միկրոսխեմաների լուծումներ), Virage Logic (ներկառուցված բարդ հիշողություն) և այլն։ ՏՏ ոլորտի կայացմանը մեծապես նպաստել է սփյուռքահայությունը։ Նրանց շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում հիմնվել են արտասահմայան բազմաթիվ ընկերություններ և մասնաճյուղեր։

Գոյություն ունեցող հզոր գիտակրթական հիմքի վրա հանրապետությունում ձևավորվել է կիսահաղորդիչների նախագծման ուղղությունը, որը ներկայումս դարձել է ՏՏ շուկայի բարձր եկամտաբերություն ապահովող ճյուղը և գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար։ 2000 թվականին ԱՍՆ-ի LEDA Systems Inc. ընկերությունը (հիմնադրել են ՀՊՃՀ-ի շրջանավարտները), որը մասնագիտացած է ինտեգրալ միկրոսխեմաների և դրանց բաղադրիչների նախագծման բնագավառում, ստեղծել է իր մասնաճյուղը Հայաստանի Հանրապետությունում։ Ընկերությունը ՀՊՃՀ-ի հետ համատեղ ստեղծել է ուսումնական կենտրոն, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն ձեռք բերելու բարձրակարգ տեխնիկական փորձառություն ինտեգրալ միկրոսխեմաների նախագծման, համապատասխան ծրագրերի ապահովման և բաղադրիչների պատրաստման բնագավառներում։ 2004 թվականին EDA-ի և VLSI-ի նախագծման ոլորտում համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերությունը ձեռք է բերել LEDA Systems և Monterey Arset (միկրոսխեմային համակարգեր), 2005-ին՝ HPL Technologies, 2010 թվականին՝ Virage Logic ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերը։

Ներկայումս «Սինոփսիս-Արմենիա» ՓԲԸ-ն (գործադիր տնօրեն՝ Հովիկ Մուսայելյան) ծրագրերի ապահովման ոլորտի խոշորագույն ընկերությունն է Հայաստանի Հանրապետությունում, որտեղ աշխատում է ավելի քան 500 մասնագետ։ 2008 թվականին հայկական շուկա է մուտք գործել Mentor Graphics Inc. ընկերությունը՝ գնելով Կալիֆոռնիայում հիմնադրված Ponte Solutions Inc. ընկերությունը, որը կիսահաղորդիչների արտադրության ու նախագծման համար մշակում է ծրագրային լուծումներ և գիտահետազոտական խոշոր կենտրոն ունի Հայաստանի Հանրապետությունում։ 2007 թվականին Երևանում ճարտարագիտական ու գիտահետազոտական գրասենյակ է բացել ավտոմատ, թեստավորման սարքավորումներ արտադրող և վիրտուալ գործիքավորման ծրագրեր մշակող National Instruments կորպորացիան (ԱՄՆ)։ Ներկայումս National Instruments-ի հայաստանյան գրասենյակն առաջարկում է հայեցակարգային լուծումներ այնպիսի ճարտարագիտական ընկերությունների համար, որոնք արտադրանք և պատրաստի լուծումներ են մշակում տարբեր ոլորտների, այդ թվում՝ նաև ավիա-արդյունաբերության համար։

Խոշոր ընկերությունների գրասենյակները Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքրոսոֆթի նշանը

Հայաստանի Հանրապետութունում 2000-ական թվականների սկզբներին իրենց ծրագրավորման բազմաթիվ գրասենյակներն են հիմնել արտասահմանում, այդ թվում՝ CQG (վերլուծական ծրագրեր և առևտրային լուծումներ), EPAM Systems (ծրագրակազմերի օֆշորային մշակում), Lycos Europe (համաեվրոպական օնլայն ցանց), Luxoft (ծրագրավորում և աուտսորսինգ) և այլ ընկերություններ։ Հայաստանի Հանրապետութունում ներկայացված են նաև այնպիսի խոշոր բրենդներ, ինչպիսիք են Alcatel, Siemens AG, Microsoft Corporation և SUN Microsystems Inc. ընկերությունների ներկայացուցչությունները, որոնք ներգրավված են կրթական և այլ ոլորտներին վերաբերող տարբեր նախաձեռնություններում։

Alcatel-ի գրասենյակը

2007 թվականին SUN Microsystems ընկերությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն սկսել են համատեղ ծրագիր, որի նպատակը Հայաստանի Հանրապետությունում գիտահետազոտկան կենտրոններ և մի քանի բուհերում ծրագրային լուծումների մշակման և ուսումնական լաբորատորիաներ հիմնելն է։

ՀՊՃՀ-ն և ԵՊՀ-ն համակարգչային ոլորտի տեխ. մասնագետների պատրաստման ամենահին ու խոշոր հաստատություններն են Հայաստանի Հանրապետությունում։ ՏՏ ոլորտում մասնագետներ պատրաստել են նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների եվրոպական տարածաշրջանային ինստիտուտը (ԷՐԻԻԿՏԱ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը և այլն։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը 2000 թվականին հայտարարել է հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից։ Ոլորտի համար պետական քաղաքականության կարևորագույն նախաձեռնություններն են նաև Հայաստանի Հանրապետության ՏՀՏ-ի գլխավոր ռազմավարության մշակումը (2001), Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և աջակցման խորհրդի ստեղծումը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի (2002) մեկնարկը։ 2000-ին ստեղծվել է Հայկական ՏՏ ընկերակցությունը՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 2008-ին Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ընդունել է ոլորտի զարգացման նոր ռազմավարություն, որտեղ որոշարկված են ենթակաոուցվածքի, կադրերի, կրթության, վենչուրային ֆինանսավորման, էլեկտրոնային հասարակության ձևավորման և կարևոր այլ բնագավառների զարգացման խնդիրները։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Հայաստանում գործող ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունները, միջազգային կորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները միավորող բիզնես ասոցիացիա է[2]։

2013 թվականից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Հայաստանում իրականացնում է առաջին «ԴիջիՔեմփ» նորարարական գաղափարների ամառային ճամբար, որը երիտասարդներին հիանալի հարթակ է տրամադրում իրենց նորարարական գաղափարները բիզնես ծրագրերի վերածելու համար։

ԱՏՁՄ առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպություններին և միության անդամներին ապահովելով բարենպաստ գործարար միջավայր, ոլորտի զարգացման ծրագրերով և շահերի պաշտպանությամբ՝ իրավաբանական, գործարար և կրթական ծառայություններ մատուցելու և ոլորտը համախմբող նախաձեռնություններ իրականացնելու միջոցով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։