Jump to content

Տալգատ Նիգմատուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տալգատ Նիգմատուլին
Ծնվել էմարտի 5, 1949(1949-03-05)[1]
ԾննդավայրKyzyl-Kiya, Օշի մարզ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 11, 1985(1985-02-11) (35 տարեկան)
Մահվան վայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՏաշքենդ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Venera Nigmatulina?
Երեխա(ներ)Linda Nigmatulina?

Տալգատ Նիգմատուլին (թաթար.` Тәлгать Нигъмәтулин, մարտի 5, 1949(1949-03-05)[1], Kyzyl-Kiya, Օշի մարզ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 11, 1985(1985-02-11), Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կինոդերասան։ Առավելապես հայտնի է «20-րդ դարի ծովահենները» (1979 թ.), «Գայլափոս» (1983 թ.) և այլ ֆիլմերով։

Կենսագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալգատ Նիգմատուլինը ծնվել է Կիրգիզական ԽՍՀՕշի մարզի Կիզիլ-Կիյա քաղաքում (որոշ տվյալներով` Տաշքենդում)` ուզբեկա-թաթարական ընտանիքում[2]։ Ունեցել է դժվար մանկություն։ Նրա հայրը հանքափոր էր և զոհվել է, երբ Տալգատը դեռ երկու տարեկան էլ չկար։ Չնայած մայրը դպրոցի տնօրեն էր, այնուամենայնիվ ընտանիքն աղքատ էր ապրում։ Այդ իսկ պատճառով Տալգատն ստիպված էր կատարել տարաբնույթ աշխատանքներ։ Քանի որ մոր համար դժվարություն էր երկու որդիներին միայնակ պահելը, ուստի Տալգատին ընդգրկեցին մանկատուն։ Նա ինքնամփոփ էր, ամաչկոտ և ոչ մարդամոտ, բացի այդ ուներ նաև թույլ առողջություն։ Այնուամենայնիվ մանուկ հասակից նա սկսել է զբաղվել պարահանդեսային պարերով, թեթև աթլետիկայով, իսկ հետագայում նաև կարատեով։

Տալգատի մանկական երազանքը եղել է կինոռեժիսոր դառնալը։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա և ընդունվել ԿՀՊԻ։ Նա սովորել է նաև կրկեսային և էստրադային արվեստների ուսումնարանում։ Այդ ընթացքում զբաղվել է նաև ըմբշամարտով։ Շուտով, նկատելով Տալգատի ցայտուն արտաքինն ու տաղանդը, նրան հրավիրել են նկարահանվելու «Բալլադ կոմիսարի մասին» (1967 թ.) կինոնկարում, որտեղ նա կատարել է սպիտակգվարդիական սպայի դերը։ 1971 թվականին ավարտելով ԿՀՊԻ-ն, նա մեկնել է Տաշքենդ և աշխատանքի անցել «Ուզբեկֆիլմ» կինոստուդիայում` որպես դերասան։

Տալգատ Նիգմատուլինը գրում էր պատմվածքներ և բանաստեղծություններ։ Նրա պատմվածքներից մի քանիսը այն ժամանակ հրատարակվել են Տաշքենդում։ Կինոդրամատուրգ Օդելշա Ագիշևի խորհրդով նա 1978 թվականին ավարտել է նաև ԽՍՀՄ Պետկինոյին առընթեր սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողական տարիներին Տալգատ Նիգմատուլինը սիրավեպ է ունեցել ներկայումս Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի Իրինա Շևչուկի հետ։ Հետագայում ամուսնացել է երգչուհի Լարիսա Կանդալովայի հետ և ունեցել մեկ դուստր` Ուրսուլան (ծնվ. 1976 թ.):

Երկրորդ անգամ ամուսնացել է Խալիմա Խասանովայի հետ։ Նրանց որդին` այժմ դերասան Սաիդ Դաշուկ-Նիգմատուլինը, ծնվել է 1980 թվականին։

Երրորդ անգամ նա ամուսնացել է դերասանուհի Վեներա Իբրագիմովայի հետ։ 1983 թվականին ծնվել է նրանց դուստրը` այժմ երգչուհի և դերասանուհի Լինդա Նիգմատուլինան։

1980-ական թվականների սկզբին Տալգատ Նիգմատուլինը ընդգրկվել էր «Չորրորդ ուղի» կոչվող աղանդավորական խմբի մեջ, որը գլխավորում էին կեղծ-գիտնական Աբայ Բորուբաևն ու ժողովրդական հեքիմ Միրզա Կիմբատբաևը։ Այդ աղանդի մեջ ընդգրկված էին նաև լրագրողներ, գրողներ և նկարիչներ։ Աղանդի ուսմունքը զեն-բուդդիզմի և էզոթերիզմի խառնուրդ էր[3]։

1981 թվականին Տալգատ Նիգմատուլինը նկարահանել էր իր առաջին ռեժիսորական աշխատանքը` «Արձագանք» կարճամետրաժ ֆիլմը, որտեղ նա նկարահանել էր Աբային և Միրզային։ Կինոնկարը սառնությամբ էր ընդունվել ընկերների և ղեկավարության կողմից։

1985 թվականի փետրվարին, ուսմունքի սաներից մի քանիսը որոշել էին խզել կապերը աղանդի հետ։ Պարզաբանումների համար ժամանել էր նաև անձամբ Աբայը։ Նա իր մոտ է կանչել Տալգատ Նիգմատուլինին, որպեսզի վերջինս «փող պոկի» անհնազանդներից։ Սակայն Տալգատն հրաժարվել է շորթումից, որի համար էլ հատուցեց իր կյանքով։

1985 թվականի փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը, Վիլնյուսի կենտրոնում գտնվող նկարիչ Կալինաուսկասի բնակարանում, աղանդի հինգ անդամներ առանձնակի դաժանությամբ, ոտքերով ու ձեռքերով ծեծի էին ենթարկել որևէ դիմադրություն ցույց չտվող դերասանին, մինչև որ փետրվարի 11-ի կեսօրին վերջինս մահացել է ներքին օրգանների` կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից։

Տալգատի մարմինը գտել էին լոգարանում։ Քանի որ մարմինը անճանաչելիորեն այլանդակվել էր, դերասանի կինը` Վեներան, դիակիզման որոշում էր կայացրել։ Դիակիզումն իրականացվել է Կաունասում, իսկ աճյունը թաղվել է Տաշքենդում։

Դատարանի վճռով Աբայ Բորուբաևը դատապարտվել է 14 տարվա, Միրզա Կիմբատբաևը` 10 տարվա ազատազրկման, իսկ հանցագործության մյուս մասնակիցներն արժանացել են ավելի կարճ պատժաժամկետների։

Աբայ Բորուբաևը մահացել է 1988 թվականին՝ բանտում, տուբերկուլոզից։ Միրզա Կիմբատբաևը ամբողջությամբ կրելով իր պատիժը, ազատվել է և շարունակել է հեքիմությամբ զբաղվել։ Մահացել է 2006 թվականին՝ լյարդի ցիռոզից։

Ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1967Բալլադ կոմիսարի մասինБаллада о комиссареպորուչիկ
1969Նրա անունը Գարուն էЕё имя — ВеснаՊուլատ Սադիկով
1971Գիշերը 14-րդ զուգահեռականումНочь на 14-й параллелиՍիտոնգ
1972Յոթերորդ գնդակըYettinchi oʻqԻսմաիլ
1972Սև ավազների մեջВ чёрных пескахՏագան
1973Հանդիպումներ և բաժանումներВстречи и расставанияՌուստամ
1975Առաջին ուղևորներըПервые пассажиры-
1976Ասք Սիյավուշի մասինДостони СиёвушԹուլան
1977Զինված է և շատ վտանգավորВооружён и очень опасенՋոյս
197920-րդ դարի ծովահեններըПираты XX векаՍալեխ
1979Վիշապի գորշ շնչառությունըDes Drachens grauer AtemՍինխատ
1979Օդային հետիոտներВоздушные пешеходыՔարիմ
1980Ինչպիսին են մեր տարիներըКакие наши годы!Տոլիկ Կուչկարով
1981Կրակոցի իրավունքПраво на выстрел«Կիյոսիի» նավապետը
1981Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆիննի արկածներըПриключения Тома Сойера и Гекльберри Финнаհնդկացի Ջո
1981Գավառական սիրավեպПровинциальный романՆազար Մուրատով
1982Պետական սահման. Արևելյան սահմանագիծГосударственная граница. Восточный рубеж«Վեսյոլի»
1982Ձմեռային մշուշների ժամանակըВремя зимних тумановՋամոլ
1982Սոնյան զեկուցում էSonjas Rapport-
1982Հրաման՝ անցնել սահմանըПриказ: перейти границуճապոնացի մահապարտ
1982Դաշտի եզրինУ кромки поляԱսկար Թեմիրով
1983ԳայլափոսБөрү зынданՍամատ Կասիմով
1984Միայնակ և առանց զենքիОдин и без оружия«Խան»
1985ԴիմակայությունПротивостояниеՈւրազբաև
1985Սերգեյ Լազոյի կյանքն ու անմահությունըЖизнь и бессмертие Сергея ЛазоՄացումի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Талгат Кадырович Нигматулин // Сайт «Актёры советского и российского кино»
  3. Лиза Золотых Линда Нигматулина: «Я была одержима мыслью отомстить за отца…» // 7 дней. — 5 ноября 2010.