Վանգ Յանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանգ Յանի
չինարեն՝ 王亚妮
Ծնվել էմայիսի 2, 1975(1975-05-02)[1] (48 տարեկան)
ԾննդավայրGongcheng Yao Autonomous County, Գույլին, Գուանսի-Չժոունի ինքնավար շրջան, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
ԺանրԱնիմալիստիկա

Վանգ Յանի (չինարեն ավանդ. 王亞妮, հեշտ. 王亚妮 , գերմ.՝ Wang Yani, մայիսի 2, 1975(1975-05-02)[1], Gongcheng Yao Autonomous County, Գույլին, Գուանսի-Չժոունի ինքնավար շրջան, Չինաստան), չինացի նկարչուհի, ապրում է Գերմանիայում։ Յանին սկսել է նկարել երկուսուկես տարեկանից՝ իր հոր օգնությամբ, ով ինքնուս նկարիչ էր[2]։ 1977-1991 թվականներին նրա աշխատանքները զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին, նկարչուհու մասին գրեցին՝ «Վաշինգտոն Փոստ»-ը, «Նյու Յորք Թայմս»-ը, «Լոս Անջելես Թայմս»-ը, «Թուլսա Վորլդ»-ը, «Քրիստիան Սայնս Մոնիթոր»-ը և այլ ամերիկյան, ևրոպական և ասիական խոշոր թերթեր[3]։ Որոշ հրատարակություններ նկարչուհուն անվանեցին կերպարվեստի աշխարհի ամենահայտնի հրաշամանուկ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչուհին ծնվել է Չինաստանի հարավում՝ Գունչեն գյուղում՝ նկարիչ և նկարչության ուսուցիչ Վանգ Շիժյանի և Տանգ Ֆունցզյոյի ընտանիքում։ Վերջինս խաղալիքների խանութում վաճառողուհի էր աշխատում։ Հետագայում ամերիկյան մամուլը հայտարարեց, որ վաստակած գումարի զգալի մասն ուղվել են դստեր համար նկարչական պարագաների ձեռք բերմանը, իսկ Լիցին Թանը նրան նկարագրում է որպես տիպիկ չինացի կին, ով զբաղվում է տան գոոծերով,աջակցում է ամուսնուն և դստերը։

Վանգ Յանին ունի եղբայր՝ Վան Ցյանյուն (չորս տարի փոքր է), ԶԼՄ-ները հաղորդել են, որ ինքը նույնպես շնորհալի նկարիչ է, բայց ընտանիքը փորձում էր տղային շեղել պատկերավոր արվեստից՝ վախենալով, որ նրա նկարներն ինքնաբերաբար կարող են խանգարել դստեր արվեստի ունակությունների զարգացմանը։

Լիցին Թանը երիտասարդ նկարչուհու մասին իր գրքում նաև հիշատակում է 1987 թվականի և 1989 թվականի ծնված եղբայրների մասին։

Վանգ Շիժյանը հիշեցում է, որ երբ աշխատում էր ստուդիայում, երկու տարեկան Յանին վերցրեց ածխի կտոր և սկսեց նկարել պատին։ Նկարազարդումն ավարտելով ածուխը դրեց հոր նկարներից մեկի վրա, որից հետո հայրը նրան ապտակեց։ Երբ աղջիկը բղավեց՝ «Ես էլ եմ ուզում նկարել քեզ նման», Վանգ Շիժյանը հիշեց իր մանկությունը, թե ինչպես ծնողները չխրախուսեցին արվեստի հանդեպ իր ունեցած հետաքրքրությունը։

Յանիի հայրը, ով աշխատել է եվրոպական ոճով սկզբից էլ խրախուսում էր նրա նկարչական պարապմունքները, սակայն 1983 թվականին թողեց սեփական կարիերան։ Երբ Յանին շրջագայում էր ցուցահանդեսներով, հայրը միշտ ուղեկցում էր նրան՝ այդ ճանապարհորդությունների մասին պահելով օրագիր։ Նրա անցկացրած նկարչական պարապմունքների ընթացքում դստերը ծանոթացնում էր Չինաստանի ճարտարապետական գլուխգործոցներին (այդ թվում, Չինական մեծ պարիսպ, Կայսերական պալատի թանգարան և Շանդուն նահանգի Ցյույֆուի կոնֆուցիական սրբավայրեր), ինչպես նաև զբոսանքներ և երկարատև ճանապարհորդություններ՝ ուսումնասիրելու չինական բնության բազմազանությունը։ Մի անգամ նկատեց, որ աղջկա նկարած բոլոր պտղատու ծառերը տերևներով ծածկված չեն։ Այդ նպատակով Յանիին տարավ հայտնի այգին՝ ներկայացնելու պտղատու ծառերի պսակի իրական գեղեցկությունը։

Աղջկա գրեթե բոլոր նկարները պատկանում էին ընտանիքին, որոնց թիվը 1989 թվականին հասավ 10 հազարի։ Չնայած շահութաբեր առաջարկներին՝ ընտանիքը ոչ մի նկար չվաճառեց։

Հոր հետ այցելեց լով կենդանաբանական այգի՝ առաջին անգամ տեսավ կենդանի կապիկ։ Հայրը Յանիի համար կապիկ գնեց, երբ նա երեք տարեկան էր։ Յանին նրան համարեց իր լավագույն ընկերն ու անընդհատ նկարեց։

Ճանաչումը Չինաստանում և աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչուհու առաջին պաշտոնական ցուցահանդեսները տեղի են ունեցել Գույիլինում և Շանհայում, երբ աղջիկը չորս տարեկան էր։ Իսկ վեց տարեկանում Պեկինում անցկացրեց անհատական ցուցահանդես։ Այդ պահից Վանգ Յանին ստեղծել է շուրջ չորս հազար նկար։ Չինաստանում նկարահանվեց աղջկան նվիրված վավերագրական ֆիլմ։ Տեսախցիկի դիմաց ստեղծեց իր նկարները և ցուցադրեց գեղագրական հնարքներ[5]։ Այնուհետև Յանին հայտնի դարձավ որպես «կապիկների փոքրիկ նկարչուհի»։ Նրա նկարները հայտնվեցին Չինաստանի փոստային նամականիշների վրա, երբ նա ութ տարեկան էր։

Աղջկա անհատական ցուցահանդեսները անցկացվեցին Հոնկոնգում և Ճապոնիայում, իսկ Գերմանիայում՝ Շտուտգարտի արտասահմանյան մշակութային կապերի ինստիտուտի շնորհիվ նաև հեռուստատեսային ներկայացում:Լոնդոնում առաջին անհատական ցուցահանդեսը տեղի ունեցավ, երբ Վան Յանին տասնչորս տարեկան էր։ Որոշ ժամանակ անց նրա աշխատանքները ներկայացվեցին Վաշինգտոնում գտնվող Սմիթսոնյան ինստիտուտի Արթուր Մ. Սակլերի պատկերասրահում, Միսսուրի նահանգի Կանզաս-Սիթիում Նելսոն Ատկինսի արվեստի թանգարանի կողմից կազմակերպված շարժական ցուցահանդեսում, Սան Ֆրանցիսկոյի ասիական արվեստի թանգարանում։ Երբ Վանգ Յանին դարձավ տասնհինգ տարեկան, Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության օգնությամբնրա հինգ ցուցահանդեսներն անցկացվեցին երկրի տարբեր քաղաքներում։

1991 թվականին Թայվանում անցկացվեց ցուցահանդես։ Ամերիկյան մամուլն առաջարկեց, որ նկարչուհու արվեստի և շարժման անսահմանափակ ազատությանը պետք է ուշադրություն դարձվեր Չինաստանի պրոֆեսիոնալ արվեստագետների կողմից։

Աղջկա արևմտյան ճանապարհորդությունն ուներ մեծ նշանակություն, «Վաշինգտոն Փոստ» թերթը գրել է. «Նա շփումներ է ստեղծում ամերիկացիների և Չինաստանի ժողովրդի միջև այն ժամանակ, երբ մենք փորձում էինք հասկանալու այդ երկրին»։

Եվրոպական կյանքի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Վանգ Յանին տասնվեց տարեկան էր, նրա մասին արդեն գրվել էր վեց գիրք, իսկ մամուլը նրան անվանեց «չինական Պիկասո»։ Գյոթեի ինստիտուտում նկարչուհին երեք կիսամյակ սովորել է գերմաներեն և Գերմանիայում սովորելու համար ստացել կրթաթոշակ։ 1993 թվականին Լիցին Թանը Մոնրեալում երիտասարդ վարպետի ատենախոսության հիման վրա գիրք է հրատարակել՝ առանձնացնելով իր աշխատանքի երեք ժամանակահատված՝ «հաջողություն» (3-ից 6 տարեկան), «հետազոտություն» (7-ից 11 տարեկան) և «լռություն» (11-15 տարեկան)։ 1996 թվականին Վանգ Յանին սկսել է նկարել Մյունխենի արվեստի ակադեմիայում։ Նրա ուսուցիչներն այստեղ դարձան Գերմանիայում հայտնի նկարիչներ Ջերի Զենյուկը և Յուրգեն Ռեյպկան, սակայն աղջիկը դժվարությամբ էր տիրապետում նկարչական նոր սկզբունքներին։ 2005 թվականին ավարտել է Ակադեմիան։ Այդ ժամանակից Գերմանիայում տեղի է ունեցել Վանգ Յանիի մի քանի ցուցահանդես, ով արդեն պրոֆեսիոնալ նկարչուհի էր։ 2013 թվականին արվեստի քննադատները նշել են, որ քիչ գիտեն երիտասարդ աղջկա մասին, ով լինելով ժամանակակից Գերմանիայի հաջողակ արվեստագետներից՝ ստեղծել է արվեստի բարդ ու բացառիկ աշխատանքներ։

«Kunstgetriebe» պատկերասրահում նկարչուհու ցուցահանդեսի ժամանակ գերմանացի արվեստագետը նշել է.

«Թեև վայելչագրության չինական ավանդույթը մենատիպային է ներկայացված, սակայն Վանգի նկարները ցույց են տալիս նկարահանման գործընթացը դինամիկան, որը հակասում է չինական ավանդական վայելչագրությանը։ Միևնույն ժամանակ, գեղանկարչության արևմտյան հասկացությունը ներկայացված է որպես դինամիկ գործընթաց... Յանին դուրս է գալիս սովորական տեխնիկական հնարավորությունների շրջանակներից։ Վանգ Յանիի նկարները խրատական են, քանի որ սա ժամանակակից ուղղության զարգացում է, որն ունի 2000 տարուց ավելի պատմություն։ Բնօրինակ չինական ոճը արվեստագետի անհատի նոր, ավելի ժամանակակից, ավելի բազմաբնույթ արտահայտությունն է։ Ավանդույթն ու արդիականությունը համոզչորեն համախմբված են իր գրաֆիկայի և նկարների մեջ»։

Ստեղծագործական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վաշինգտոն Փոստ» թերթը գրել է. «Նա այնպիսի արագությամբ և ինտենսիվությամբ է նկարում, որ գործընթացը նման է ավտոմատ գրվող նամակի, տաղանդն օգտագործում է աղջկան և ոչ թե հակառակը»։ 1989 թվականին Միացյալ Նահանգներում ցուցահանդեսի ընթացքում այցելուներին հնարավորություն տրվեց ներկա գտնվել, երբ աղջիկը ստեղծում էր իր նկարները։ Լրագրողը այս գործընթացը նկարագրեց.

«Նա լուռ նստեց ավելի քան հինգ րոպե՝ մտածելով, թե ինչպես պետք է դատարկ թղթի վրա սկսել աշխատանքը։ Մոտ 100 մարդ` լրագրողներ, լուսանկարիչներ, օպերատորներ, բոլորը հետևում էին աներևակայելի լռությամբ։ Նա անսպասելիորեն թղթի վրա անկյունագծով վրձնախազեր արեց և կայծակնային շարժումներով մաքուր թերթիկի վրա սև թանաքով նկարեց խիտ հաստ գծերով նկար։ Այնուհետեւ նա հետ գնաց՝ նայելով գծերի խմբին, որոնք դարձան իր նոր նկարի սկիզբը։

Մանկական հայտնի ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչուհու մանկական ստեղծագործությունները հաճախ ներկայացվում էին «սեի» ոճով՝ որը հիմնած չէ որևէ նախնական ծրագրերի կամ իրական մոդելների վրա, բնութագրվում է այն նկարներով, որոնք ծագում են արվեստագետի երևակայության մեջ այն պահին, երբ նա վրձնով դիպչում է թղթին։

Աղջիկը թղթի վրա վրձին քիչ է օգտագործում։ «Քիթի» նկաը (1978, չափը` 16:22 սանտիմետր, սարքավորում` թանաք, բրնձի թուղթ) նկարել է 3 տարեկանում։

Յանին նկարել է կատվի՝ առանց փորձելու ստեղծել երրորդ չափման պատրանք։ Հոգեբանները դա բացատրում են այն փաստով, որ նույնիսկ երկու տարեկան երեխաները ազդում են պաշտոնական և հանրային մշակույթի վրա. երեխաները նկարները տեսնում են ամսագրերում, պատից կախված, գրքերում, որոնք կարդում են նրանց ծնողները։

Արևմտյան երեխաներն ունեն ավելի մեծ հնարավորույթուն տեսնելու իրատեսական նկարներ և մուլտֆիլմեր, իսկ չինական երեխաներն ունեն հնարավորություն տեսնելու չինական դասական արվեստի վրձնի և թանաքի նկարներ։

Երեխան չի պատճենել նկարները, բայց կարողացել է սովորել նկարների ոճը, որոնք շրջապատում են նրան։ Հոգեբանները եզրակացնում են, որ գեղարվեստական ավանդույթն ուժեղ ազդեցություն ունի ինչպես հրաշամանուկների, այնպես էլ մեծահասակ նկարիչների վրա։

Այս թանաքով նկարչությունը ներկայացվել է ևրոպական և ամերիկյան շրջագայության ժամանակ (Սմիթսոնյան թանգարանի Արթուր Մ. Սակլերի պատկերասրահում, Կանզաս Սիթիում և Սան Ֆրանցիսկոյում, այդ թվում Վանգի 69 աշխատանք), 1989 թվականին մեծ հետաքրքրություն առաջացրեց արվեստագետների և հանրության մոտ։

Նկարչուհու անհատականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլն աղջկան ներկայացնում էր որպես կարմիր ժապավենով կապված սև մազերով, վարդագույն վերնաշապիկով և ջինսով փոքրիկ երեխայի։ Սովորաբար նա ոտաբոբիկ էր նկարում։ Նկարներ ստեղծելու շարժառիթ կարող էին դառնալ նրա անձնական կյանքի աննշան իրադարձությունները։ «Մի օր հայրը նրա համար գնել էր գեղեցիկ կարմիր հովանոց։ Անհամբեր սպասելով անձրևին՝ փոքրիկ կարմիր հովանոցով կապիկ էր նկարել և ուրախությամբ խաղացել անձրևի տակ», - հաղորդում է The New York Times-ը։ Նա մտահովեց, որ մամուլի և հասարակության ուշադրությունը աղջկա վրա ճնշում է գործադրում։

Յանին իր ամենօրյա ռեժիմը նկարագրում է. «Ամեն օր դպրոց եմ գնում 6:45-ին: 11:30-ին տուն եմ գալիս ու նկարում։ Ժամը 2-ին նորից դպրոց եմ գնում, ժամը 5-ին վերադառնում եմ, նկաում ու ճաշում։ Ապա ժամը 7-ին դպրոց եմ գնում ու վերադառնում 9:30-ին»: Երբ նա լսեց, որ ամերիկացիները օրվա ընթացքում դպրոցում սովորում են վեց ժամ և օրվա մեծ մասը տրամադրում են իրենց՝ քթի տակ ծիծաղեց։

Նրա հետաքրքրությունների շրջանակը նկարչությամբ չի սահմանափակվում, նաև սիրում է չինական ժողովրդական երաժշտություն, Ֆրանց Շուբերտի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երաժշտությունը և Լյուդվիգ վան Բեթհովենի հինգերորդ սիմֆոնիան։ Ազատ ժամանակ նկարչուհին կարդում է չինական գրականություն, նվագում է երաժշտական գործիքներ, գրում է բանաստեղծություններ և սիրում է պարել։

Նկարչուհին ամուսնացած է նկարիչ, լուսանկարիչ և ուսուցիչ Ուու Մինանեմի հետ։ Նրանք ունեն երեք երեխա՝ երկու աղջիկ և տղա։

Վանգ Յանի ստեղծագործության մասին գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Վանգի մասին հրապարակվել են հետևյալ գրքերը․

  • 1985 թվական։ Ճապոնիայում Վանգ Յանիի ցուցադրության գրացուցակ
  • 1986 թվական։ «Երեխաների աշխարհը․ Վանգ Յանիի նկարները» գիրք, որը Չինաստանում հրատարակվել է հինգ լեզուներով, (գերմ. «Die Welt eines Kindes — Bilder Wang Yanis»)[6]։
  • 1986 թվական։ Գերմանիայի Մյունխեն քաղաքում հրատարակված գիրք, «Վանգ Յանի․ չինացի երեխաների կտավները» (գերմ. «Wang Yani. Bilder eines chinesischen Kindes»)[7]
  • 1989 թվականին ԱՄՆ-ում լույս է տեսել նկարչուհու «Անմեղության վրձին» նկարների ալբոմը, անգ. «The Brush of Innocence»)[8]:
  • 1991 թվականին Նյու-Յորքում տպագրվել է «Երիտասարդ նկարչուհի․ Վանգ Յանիի կյանքը և նկարչությունը» ալբոմը, որը վերահրատարակվել է 1995 թվականին (անգ. «A Young Painter: The Life and Paintings of Wang Yani — China's Extraordinary Young Artist»).
  • 1991 թվական։ Թայվանում Վանգ Յանիի ցուցադրության գրացուցակ[9][10]

Նկարչուհու մասին գրքերը ավելի ուշ հրապարակվեցին։ 1993 թվականինն Կանադայում ապրող չինացի թվային նկարիչ, մուլտիպլիկատոր և ուսուցիչ Լիցին Թանգը պաշտպանել է երիտասարդ նկարչուհու ստեղծագործության մասին՝ «Շնորհալի չինացի աղջկա գործը․ Վանգ Յանի» (անգ. «A Case Study of An Artistically Gifted Chinese Girl: Wang Yani») ատենախոսությունը։ Այն նույն թվականին հրապարակվեց Մոնրեալում։ 2006 թվականին հրատարակվել է «Վանգ Յանի․ նկարելու ցանկանություն» («Wang Yani: longing to paint») փոքրիկ գիրքը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. D'Arcy, 1991, էջ 1
  3. Sweeney, 1989
  4. Handbook, 2000, էջ 99
  5.  漓江画童 — 王亞妮: Yani — The Brush of Innocence.
  6. Die Welt eines Kindes — Bilder Wang Yanis. Illustrationen von Wang Yani. Vorworte von Feng Jiang und Huang Qingyum. Übersetzung von Christiane Gräfin Finckenstein.. — Bejing: Verlag für fremdsprachige Literatur, 1986.
  7. Wang Yani. Bilder eines chinesischen Kindes. — München: Prestel, 1986. — ISBN 3-7913-0775-4)
  8. Ho, Wai-Ching Yani: The Brush of Innocence.. — Hudson Hills Pr, 1989. — 144 с. — ISBN 978-1555-95015-6
  9. Zhensun, Zheng, Low, Alice A Young Painter: The Life and Paintings of Wang Yani — China's Extraordinary Young Artist.. — Scholastic, 1991. — 80 с. — ISBN 978-0590-4490-69
  10. Zhensun, Zheng A Young Painter: The Life and Paintings of Wang Yani — China's Extraordinary Young Artist.. — Unknown, 1995. — 94 с. — ISBN 978-0395-7326-87
  11. O'Brien, Anne Sibley Wang Yani: longing to paint. — Scott Foresman, 2006. — 16 с. — ISBN 978-0673-6254-72)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]