Սիդ Բարրեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիդ Բարրեթ
Բնօրինակ անունանգլ.՝ Syd Barrett
Ի ծնե անունRoger Keith Barrett
Ծնվել էհունվարի 6, 1946(1946-01-06)[1][2]
Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Երկիր Միացյալ Թագավորություն
Մահացել էհուլիսի 7, 2006(2006-07-07)[4][1][2] (60 տարեկան)
Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Ժանրերռոք, փսիխոդելիկ ռոք[5], psychedelic folk?, էքսպերիմենտալ ռոք, պրոգրեսիվ ռոք, սպեյս ռոք, outsider music?, փսիխոդելիկ փոփ և պրոտո փանկ[6][7]
Մասնագիտությունկիթառահար, երգիչ, բանաստեղծ և հեղինակ-կատարող
Գործիքներկիթառ, Բանջո, ուկուլելե, Մանդոլին, slide guitar?, դաշնամուր և վոկալ
Գործունեություն1964–1974
ԼեյբլEMI, Capitol Records և Harvest Records
ԿրթությունAnglia Ruskin University?, Քամբերվելի արվեստի դպրոց[8], Hills Road Sixth Form College? և Cambridgeshire High School for Boys?
ԱնդամակցությունՓինք Ֆլոյդ և Stars?
ԿապվածՓինք Ֆլոյդ
Կայքsydbarrett.com
 Syd Barrett Վիքիպահեստում

Սիդ Բարրեթ (Ռոջեր Քեյթ Բարրեթ, Roger Keith Barrett, հունվարի 6, 1946(1946-01-06)[1][2], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] - հուլիսի 7, 2006(2006-07-07)[4][1][2], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի երգիչ, պոետ, կիթառահար և նկարիչ։ Ընտանիքում հինգ երեխաներից երրորդն էր։ Հայրը՝ Մաքս Բարեթթը մահացավ քաղցկեղից այն ժամանակ երբ որդու 16 ամյակին հաշված օրեր էին մնացել։ Բարրեթը այդ մասին նշել է իր օրագրում՝ բաց թողնելով այդ օրը։ Այդ ժամանակ Բարրեթի քույրերը և եղբայրները լքում են տունը, և նրանց մայրը որոշում է տունը վարձով տալ։ Բարրեթը հայտնի է որպես Փինք Ֆլոյդ խմբի հիմնադիր և նրա վաղ շրջանի ստեղծագործությունների, այդ թվում The Piper at the Gates of Dawn ալբոմի և առաջին երկու սինգլների (Arnold Layne, See Emily Play) հեղինակ։ Համարվում է ռոք երաժշտության մեջ փսիխոդելիկ ուղղության սկզբնավորողներից մեկը։

Սիդ Բարրեթը Փինք Ֆլոյդ խմբի անվանման հեղինակն է, ինչպես նաև խմբի գլխավոր շարժիչ ուժը ընդհուպ մինչև խմբից հեռանալը 1968-ին։ Նրա փիլիսոփայական-հեքիաթային պոեզիան և ֆանտաստիկ անդրաշխարհային ձայնային էֆֆեկտները հանդիսացան որպես խմբի ոճական ուղղվածության կանխորոշիչները։ Խմբի շլացուցիչ հաջողությունների հետ մեկտեղ Բարրեթը հետզհետե ավելի էր տարվում թմրադեղերով, (հիմնականում LSD) որոնք էլ ի վերջո բերեցին հոգեկան անկայունության՝ դադարեցնելով հետագա գործունեությունը խմբի հետ միասին[9]։ Խմբում նրան փոխարինեց տաղանդավոր կիթառահար և Բարրեթի նախկին դասընկեր Դեյվիդ Գիլմորը։ Փինկ Ֆլոյդն իր հետագա գործունեության ընթացքում շատ անգամներ է անդրադարձել Սիդ Բարրեթին, հիմնականում անուղղակիորեն։ Նրա խորհրդավոր ու տպավորիչ կերպարն ու խմբի անդամների հետ ունեցած հարաբերությունները Բարրեթի՝ խմբի մեներգիչ եղած ժամանակ, ըստ երևույթին, խոր ազդեցություն են թողել խմբի անդամների վրա, որը, բնականաբար չէր կարող չարտացոլվել նրանց ստեղծագործությունների մեջ։ 1974-75 թթ ձայնագրված Wish you were here ալբոմը նվիրում էր Բարրեթի տաղանդի վաղաժամ շիջմանը։ Ալբոմի երգերից հատկապես հիշարժան է Shine on you crazy diamond (Շողա այ խելագար ադամանդ) երգը, որն այսօր բլյուզի ստանդարտներից է։

Խմբից հեռանալուց հետո Բարրեթը ձայնագրում է երկու սոլո ալբոմ (The Madcap Laughs և Barrett), որից հետո ավարտում է երաժշտական կարիերան առանձնանալով Քեմբրիջում գտնվող իր առանձնատանը և մինչև կյանքի վերջը զբաղվելով նկարչությամբ և այգեգործությամբ։ 1988-ին թողարկվում է Opel հավաքածուն, որն ընդգրկում էր մինչ այդ չթողարկված ձայնագրություններ։ Սիդ Բարրեթը համարվում է ռոք երաժշտության պատմության մեջ ամենահետաքրքիր և հանելուկային անձնավորություններից մեկը։

Սիդ Բարրեթը վախճանվել է քաղցկեղից, 2006 թ.-ի հուլիսի 7-ին, 60 տարեկան հասակում, Քեմբրիջի իր առանձնատանը։

Առաջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդ Բարրեթը՝ իրական անունով Ռոջեր Քիթ Բարրեթը, ծնվել է Անգլիայի Քեմբրիջ քաղաքում։ Նրա հայրը՝ Արթուր Մաքս Բարրեթը, հայտնի պաթոլոգանատոմ էր և արյունակցական կապեր ուներ Էլիզաբեթ Գարեթ Անդերսոնի հետ, ով Անգլիայի առաջին կին բժիշկներից էր։ Նա հինգ երեխաներից չորրորդն էր։ Ընտանիքը միջին դասին պատկանող ընտանիք էր։

Բարրեթը սկզբում դաշնամուր էր նվագում, սակայն մեծ հետաքրքրություն չէր ցուցաբերում այդ գործիքի նկատմամբ և նախընտրում էր նկարել և ստեղծագործել։ 10 տարեկան հասակում նա ստացավ ուկուլելե, 11 տարեկանում՝ բանջո, իսկ 14 տարեկանում՝ ակուստիկ կիթառ։

Դպրոցական տարիներին նրան որոշ ժամանակով դասավանդել է Ռոջեր Ուոթերսի մայրը՝ Մերին, ով մասնագիտությամբ ուսուցչուհի էր։ 1957 թվականին նա ընդունվեց տղաների ավագ դպրոց։ Բարրեթի 16 տարին լռանալուց մի քանի օր առաջ վախճանվեց նրա հայրը։ Դա մեծ հարված էր նրա համար։ Բարրեթի մայրը՝ իր որդուն այդ դժվար իրավիճակից հանելու համար առաջարկեց շարունակել և աշխատել իր նորաստեղծ ռոք խմբում և փորձել նրանց տան հյուրասենյակում։ Բարրեթն ու Ռոջեր Ուոթերսը մանկության ընկերներ էին և շատ մոտ էին։ Ուոթերզը հաճախ այցելում էր ռոք համերգների և ներկա էր գտնվում նաև Բարրեթի խմբի կատարումներին։

1962 թվականից Բարրեթը սկսեց սովորել Քեմբրիջի տեխնիկական քոլեջի արվեստի բաժնում, որտեղ և ծանոթացավ Դեյվիդ Գիլմորի հետ։ 1962-63 թվականներին «Բիթլզ» խմբի հաջողություններից հետո Բարրեթը սկսեց նվագել և կատարել նրանց երգերը։ "Բիթլզ" և "Ռոլլինգ Ստոունզ" խմբերը մեծ ազդեցություն էին թողել նրա վրա։ Բարրեթը մեկ անգամ ականատես էր եղել "Ռոլլինգ Սթոունզի" համերգին, որից հետո էլ սկսել էր ստեղծագործել իր սեփական երգերը։ Այնուհետև նա Բոբ Դիլանի արվեստի մեծ երկրպագուն դարձավ։ Բարրեթը ընկերական հավաքույթների ժամանակ կատարում էր իր սիրած ստեղծագործությունները և երբեմն ելույթ էր ունենում Դեյվիդ Գիլմորի հետ։ 1964 թվականից Բարրեթը Լոնդոնում սկսեց սովորել նկարչություն։

Սիդ մականունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնարավոր է Բարրեթը "Սիդ" մականունը սկսել է օգտագործել 14 տարեկան հասակում՝ վերցնելով "Մեծն Սիդ Բարեթ" անունով մի կոնտրաբասիստի մականունը։ Նա այդ անունը օգտագործում էր մյուսներից տարբերվելու համար։ Մեկ այլ աղբյուր ասում է, որ Բարրեթին "Սիդ" մականունը տվել է իր ընկերներից մեկը 13 տարեկան հասակում, երբ նրան տեսել է հագնված աշխատավոր դասակարգի շորերով։ Ընդանիքի անդամները հիշում են որ Բարրեթը նրանց թույլ չէր տալիս իրեն դիմել "Սիդ" մականունով։

Երիտասարդ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականից Ռոջեր Ուոթերսը և Նիք Մեյսոնը, ովքեր Լոնդոնի Ճարտարապետական համալսարանի ուսանողներ էին, սկսեցին նվագել Քիթ Նոբլ անունով մի երիտասարդի խմբում։ Այնուհետև նրանց միացավ նաև Ռիչարդ Ռայթը, ով նույն համալսարանի ուսանողն էր։ 1964 թվականին Նոբլը լքեց խումբը և նրանց միացավ 18-ամյա Սիդ Բարրեթը։ 1965 թվականին Ռիչարդ Ռայթի ընկերներից մեկը խմբին հնարավորություն տվեց ազատ ձայնագրվել իր ստուդիայում։ Նիք Մեյսոնը հիշում է իր առաջին հանդիպումը Բարրեթի հետ ասելով՝ "Այն ժամանակ, երբ երիտասարդները ակտիվ և աշխույժ կյանք էին վարում, Սիդը անբնական կերպով պասիվ և մեկուսացած էր։ Առաջին անգամ նա նույնիսկ չբարձացավ վերև, որպեսզի ինձ տեսնի, և ես ստիպված եղա իջնել"։

Նույն թվականի ամռանը Բարրեթը առաջին անգամ օգտագործեց LSD թմրադեղը, որը մարդու հոգեկանի վրա շատ մեծ ազդեցություն է թողնում։ Թմրադեղի ընդունումից հետո Բարրեթը մեկ այլ ընկերոջ հետ լոգարանում բարձր գոռում էր "Առանց կանոնների,՛ առանց կանոնների՛"։ Բարրեթը նաև մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում արևելյան միստիցիզմի նկատմամբ և իր ընկերների հետ ցանկանում էր հին հնդկական Սանտ Մատ աղանդի անդամ դառնալ։ Բարրեթը իր ընկերոջ Սթորմ Թորգերսոնի հետ մեկնեց Լոնդոն, որպեսզի հանդիպի աղանդի գլխավորին, սակայն նա Բարրեթի տարիքի պատճառով նրան չթողեց անցնել հավատացյալների շարքերը։ Ըստ տարբեր վկայությունների այդ մերժումը Բարրեթի վրա խորը բացասական ազդեցություն էր թողել։ Վշտից դուրս գալու համար նա սկսեց ավելի շատ երգեր գրել։

Փինք Ֆլոյդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդ Բարրեթը 1965 թվականին միացավ Ուոթերսի, Մեյսոնի և Ռայթի խմբին, որը հետագայում կդառնար "Փինք Ֆլոյդ"։ Սիդը սկսեց գրել նրանց երգերի մեծ մասը դառնալով գլխավոր վոկալիստ և կիթառահար։ Խումբը տարբեր անուններ էր օգտագործում՝ "The Abdabs", "The Screaming Abdabs", "Sigma 6"։ Երբ վերջնական ընտրվել էր "The Tea Set" ("The T-Set") անունը, համերգներից մեկի ժամանակ տղաները հանդիպեցին նույնանուն խմբի և հիասթափված սկսեցին որոնել մեկ այլ՝ օրիգինալ անուն։ Սիդը խմբին տվեց "The Pink Floyd Sound" անունը, որը հետագայում դարձավ «Փինք Ֆլոյդ»՝ մենեջերների խորհրդով։ Անունը վերցված է երկու բլյուզ երաժիշտների՝ Փինք Անդերսոնի և Ֆլոյդ Քոնսիլի անուններից, ում ձայնագրությունները լսում և գնահատում էր Սիդը։

Համերգային կատարումները[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականից սկսած Փինք Ֆլոյդը սիստեմատիկ ելույթ էր ունենում տարբեր ակումբներում։ Նրանց երաժշտությունը ռոքի և բլյուզի համադրություն էր ներկայացնում։ Քաունթդաուն Կլուբում նրանք որոշ ժամանակով նվագում էին երեկոյան ժամերից մինչև առավոտ՝ 90 րոպե տևողությամբ երեք ելույթ։ Որպեսզի նույն երգերը նորից և նորից չհնչեին, խմբի անդամները որոշեցին երկարացնել գործիքային սոլոները, որը և հետագայում կդառնար նրանց աշխատանքի անբաժան մասը։ Բարրեթը և Ռայթը երաժշտությանը տալիս էին հատուկ հնչողություն՝ հետաքրքիր համադրություններով և ակորդներով, որը և գրավում էր մարդկանց ուշադրությունը։ 1966 թվականի վերջին Փիթեր Ջեններ անունով մի դասախոս լսեց Փինք Ֆլոյդի կատարումը և շատ հավանեց նրանց խմբի յուրահատուկ հնչողությունը և իր ընկերոջ Ենդրյու Քինգի հետ դարձավ խմբի մենեջերը։ Ջեններն ու Քինգը կարողացան պայմանագիր կնքել Բլաքհիլ կազմակերպության հետ, որոնք համաձայնեցին ֆինանսավորել խմբին։ Նրանց նաև հնարավորություն տրվեց ձայնագրվել և այդ ժամանակ տղաները սկսեցին գրել իրենց սեփական երաժշտությունը։ Սիդ Բարրեթը ամբողջովին խրվեց իր աշխատանքի մեջ։

Խումբը արդեն Լոնդոնում վաստակել էր երկրպագուների զանգված և համարվում էր պսիխոդելիկ ռոքի վառ ներկայացուցիչ։ Ըստ Նիք Մեյսոնի հիշողությունների, այդ ժամանակաշրջանում նրանց խմբի մտքերի և հետաքրքիր էֆֆեկտների հեղինակը Սիդն էր։ Սիդը այդ նույն ժամանակաշրջանում կարդում էր ֆանտաստիկ գրականություն՝ Գրիմ Եղբայրների հեքիաթները, Հոբբիթ, Մատանիների Տիրակալը և այլ նմանատիպ գրքեր։ Իր հետագա հիշողություններում նա կասեր, որ միշտ համատեղել է երաժշտությունը և հեքիաթները։

The Piper at the Gates of Dawn[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին խումբը տարբեր տարաձայնություններից հետո պայմանագիր կնքեց EMI Ստուդիայի հետ և սկսեց իրենց առաջին ալբոմի ձայնագրութունը։ Նրանք ունեին ձայնագրվելու անսահմանափակ ժամանակ։ Ալբոմը ձայնագրվեց 1967 թվականի փետրվարից մինչև հունիս։ Սիդը գրել էր ալբոմի երգերից 8-ը և հանդիսանում ևս երկուսի համահեղինակը։ Ալբոմը ձայնագրվել է Աբբեյ Րոուդ (Abbey Road) Ստուդիայում։ Նույն ժամանակաշրջանում Բիթլզը ձայնագրում էր "Sgt. Pepper's Lonely Hearts Club Band" ալբոմը։ Փոլ ՄակՔարթնին երբեմն այցելում էր երիտասարդ խմբին և լսում էր նրանց ձայնագրությունները։ Ալբոմը գրավեց 6-րդ տեղը ալբոմների շարքում, սինգլ երգեր "Arnlod Lane"-ը գրավեց 20-րդ, իսկ "See Emily Play"-ը՝ 6-րդ հորիզոնականը։ "The Piper at the Gates of Dawn" ալբոմը համարվում է պսիխոդելիկ ռոքի գլուխգործոցներից մեկը։

Ալբոմը դրական կերպով ընդունեցին և՛ լսողները, և՛ քննադատները։ Վերջին տարիներ այն էլ ավելի մեծ ուշադրության է արժանացել։

Հոգեկան իրավիճակի սրում[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականի կեսերից Սիդի հոգեկան վիճակը կտրուկ անկում ապրեց։ Փոփոխություններն արդեն նկատվում էին և նրա պահվածքը հետզհետե փոխվում էր, սակայն ըստ խմբի անդամների հիշողությունների Սիդը՝ երեք օրվա բացակայությունից հետո վերադարձավ լիովին ուրիշ մարդ դարձած։ Հստակ պատճառը նրանք չէին իմանում, սակայն կասկածում էին, որ նա չափից դուրս շատ թմրադեղ էր օգտագործել այդ օրերի ընթացքում, որի արդյունքում նրա ուղեղի բջիջները խիստ տուժել էին։ Սիդի դեմքից բացարձակապես բացակայում էր որևէ էմոցիա։ Նա իր նախկին ընկերներին չէր ճանաչում և սառած հայացքով երկար հառում էր մարդկանց։ Նա տառապում էր հալուցինացիաներից, շատ ժամանակ չէր իմանում, թե որտեղ է գտնվում, կորցնում էր իր անձնական իրերը, հագնվում էր տարօրինակ կերպով և համարյա չէր խոսում։ Համերգային կատարումները այդ վիճակում անհնար էին։ Սիդը իր կտրուկ փոփոխությունից հետո համարյա չէր նվագում համեգների ժամանակ կամ սկսում էր նվագել, այնուհետև դադարեցնում և լքում էր դահլիճը՝ անհարմար դրության մեջ թողնելով խմբի մյուս անդամներին, ովքեր չէին իմանում ինչ անել։ Նա երբեմն երգի կեսից սկսում էր ուրիշ բան նվագել կամ հնչեցնել կիթառի բաց լարերը, իսկ որոշ դեպքերում նա ուղղակի անշարժ կանգնում էր բեմի վրա և անարտահայտիչ հայացքով նայում էր դահլիճին՝ առանց որևէ բան անելու։ Չնայած այն փաստին, որ համերգները նորմալ հունով չէին ընթանում և խմբի անդամները անհարմար դրության մեջ էին, Սիդի անկանխատեսելի պահվածքը հետաքրքրություն էր առաջացնում հանդիսատեսի մոտ։

Նույն թվականին խումբը մեկնեց ԱՄՆ շրջագայության։ Սիդը գտնվում էր նույն անկայուն վիճակում։ Լոս Անջելեսում եղած ժամանակ նա բացականչեց. "ինչ գեղեցիկ է Լաս Վեգասը"։ տղաները ելույթ ունեցան հայտնի հաղորդավար Դիկ Քլարքի վարած շոույում։ Հաղորդավարի տված հարցերին Սիդը պատասխանում էր շատ կոպիտ և կտրուկ, իսկ հաղորդավարը լարվածությունը կոտրելու համար ասաց, որ տղաները հոգնած են, "քանի որ Լոնդոնից Լոս Անջելես ուղիղ չվերթով են ժամանել"։ Սիդի հիշողությունը այդ ժամանակաշրջնում էլ ավելի էր վատացել։ Նա երբեմն մոռանում էր կիթառը բերել, երգ էր գրում և թղթերը մոռանում էր վերցնել։ Շատ ժամանակ իր անձնական իրերը մոռանում էր հյուրանոցում և խմբի մյուս անդամները ստիպված ետ էին վերադառնում իրերի ետևից, իսկ երբ որ Սիդը իր գործիքները, գրած երգերը կամ իրերը մոռանում էր ինքնաթիռի մեջ, դրանք հավետ կորում էին։ Որոշ դեպքերում Սիդը նույնիսկ չէր կարողանում աջ ձեռքում պահել իր կիթառ նվագելու պիկը։ Սիդի վերին աստիճանի անկանխատեսելի պահվածքի պատճառով ԱՄՆ-ի շրջագայությունը կիսատ մնաց և մենեջերները տղաներին ետ ուղարկեցին Անգլիա։ 1967 թվականի վերջին ելույթներից մեկից առաջ Սիդը իր հանգստացնող հաբերը շուռ տվեց իր գլխին և նրա գանգուր մասերը դրանք երկար ժամանակ պահեցին, իսկ արդեն ելույթի ժամանակ՝ դահլիճի տաքության պատճառով դրանք քիչ-քիչ հալելով սկսեցին ծորալ Սիդի դեմքին։ Ըստ ականատեսների նա նման էր "հալած մոմի"։

Խումբը ստիպված էր լինում տարբեր համերգների չմասնակցել Սիդի պահվածքի պատճառով։ Փինք Ֆլոյդի անդամները 1967 թվականի դեկտեմբերի վերջին Սիդի մանկության ընկեր և կիթառահար Դեյվիդ Գիլմորին դիմեցին՝ խմբին միանալու առաջարկով, որպեսզի վերջինս բեմի ետևից նվագի Բարրեթի կիթառի հատվածները և երգի, եթե նա սկսի իր անկայունությունը ցուցաբերել բեմում։ Գիլմորը համաձայնեց։ Տղաները մի քան իելույթ ունեցան հինգով՝ Գիլմորը նվագում էր, և շատ հաճախ Սիդը ուղղակի քայլում կամ նստում էր բեմի վրա՝ առանց որևէ բան անելու։ Գոլմորը ավելի վաղ հասակում Սիդի հետ շատ մտերիմ էր և նրանք միասին Ֆրանսիայի հարավում արձակուրդ էին անցկացրել։ Սիդը Դեյվիդին տեսնելուց հետո նրան տեղը չբերեց, քանի որ հիշողության անկումներ էր ապրում։ Դեյվիդի համար շատ ծանր էր իր ընկերոջը նման իրավիճակում տեսնելը։

Գիլմորը փոխարինում է Բարրեթին[խմբագրել | խմբագրել կոդը]

1967-68 թվականներին Սիդի հետ աշխատելը էլ ավելի դժվար էր դարձել։ Մի օր նա եկավ ստուդիա նոր գրած երգով որի անունն էր "Have You Got It Yet?": Ռոջեր Ուոթերսը սկսեց նրա հետ աշխատել նոր երգի վրա, սակայն Սիդը ամեն անգամ փոխում էր երգի բառերը կամ երաժշտությունը, ինչը անհնար էր դարձնում աշխատանքը։ 1968 թվականի սկզբին խումը ֆոտոսեսիա ունեցավ, որը կլիներ միակը, որտեղ ներկա կլինեին բոլոր հինգ անդամները։ Լուսանկերից երևում է Բարրեթի դեմքի փոխված արտահայտությունը։

Նույն թվականին, երբ տղաները հերթական համերգին էին պատրաստվում, նրանց մեկը հասրցրեց՝ "Արդյոք արժի՞ Սիդին վերցնել", իսկ մեկ ուրիշը պատասխանեց՝ "Չեմ կարծում" (մինչև այսօր պարզ չէ, թե ով ովքեր են այս հարց ու պատասխանի հեղինակները)։ Տղաները սկսեցին Սիդից թաքուն համերգնել նվագել։ Սկզբնական շրջանում նա ոչինչ չէր կասկածում։ Ռիչարդ Ռայթը այդ ժամանակ Սիդի հետ նույն բնակարանում էր ապրում, և նրա համար շատ ծանր էր խաբել և ասել, որ գնում է ծխախոտ առնելու այն դեպքում, որ նա իրականում գնում էր համերգ նվագելու։ Ըստ Ռայթի հիշողությունների՝ նա Սիդին տանը մենակ թողեց և գնաց համերգի, իսկ վերադառնալուց հետո հայտնաբերեց Սիդին նստած նույն դիրքով՝ անշարժ։ Նա կորցրել էր ժամանակի զգացողությունը։

Խմբի անդամները և մենեջերները չգիտեին ինչպես վարվել Բարրեթի հետ։ Սկզբում առաջարկվեց նրան թողնել խմբում, որպես երգ գրող և ոչ կատարող, սակայն դա բավականին դժվար էր իրագործել։ Սիդը՝ ով արդեն գլխի էր ընկնում, որ ինչ որ բան փոխվել է, երբեմն գնում էր ստուդիա և սպասում էր, որպեսզի իրեն ներս հրավիրեին։ 1968 թվականի ապրիլի 6-ին Սիդի հետ խոսելու արդյունքում որոշվեց նրան խմբից հեռացնել և նա համաձայնեց։

Հեռանալուց հետո նա սովորաբար գնում էր Փինք Ֆլոյդի համերգներին և սևեռած հայացքով նայում էր Դեյվիդ Գիլմորին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]