Սալսա (թանձրուկ)
մեքսիկական | |
---|---|
Ծագում | |
Տեսակ | թանձրուկ |
Ենթատեսակ | կծու սոուս |
Առաջացման երկիր | Մեքսիկա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | լոլիկ, պղպեղ, սոխ, սխտոր, համեմ |
Salsa (sauce) Վիքիպահեստում |
Սալսա (անգլ՝ Salsa), թանձրուկի տեսակ, որն օգտագործում են տակոյի, տորտիլյա բլիթների և այլ մեքսիկական կամ ամերիկա-մեքսիկական ուտեստների հետ որպես համեմունք։ Այն կարող է լինել հում կամ եփված և մատուցելիս սովորաբար լինում է սենյակային ջերմաստիճանի[1]։ Չնայած սալսա բառը իսպաներեն նշանակում է ցանկացած տեսակի թանձրուկ, բայց անգլերենում այն ունի հենց մեքսիկական թանձրուկի նշանակություն, հատկապես, երբ խոսքը գնում է լոլիկից և չիլի պղպեղից պատրաստված «պիկո դե գալո» և «սալսա վերդե» թանձրուկների մասին[2][3]:
Սալսայով ուտեստները կամ սալսան որպես համեմունք, նույնքան կարևոր է մեքսիկական սեղանին, որքան մեր աղը, բիբարն ու մանանեխը։
Սալսայով տորտիլյայի բլիթները ամերիկա-մեքսիկական ռեստորաններում տարածված նախուտեստ է, բայց ոչ Մեքսիկայում[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալսայի օգտագործումը որպես սեղանի մշտական թանձրուկ առաջին անգամ տարածվել է ԱՄՆ-ի մեքսիկական ռեստորանների միջոցով։ 1980-ական թվականներին լոլիկից պատրաստված մեքսիկական սալսան մեծ ճանաչում է ձեռք բերել։ 1992 թվականին ԱՄՆ-ում սալսա թանձրուկի վաճառքի դոլարային արժեքը գերազանցել է լոլիկի կետչուպի արժեքին[6]։
Հետագայում լոլիկից պատրաստված սալսան սկսել է մրցակցել մրգերից, եգիպտացորենից ու սև լոբիից պատրաստված սալսա թանձրուկների հետ։ 2000-ական թվականներից սկսած՝ քաղցր սալսաները, որոնցում համակցված էին մրգերն ու պղպեղը, ինչպիսիք են հաբաներոն, շոտլանդական գլխարկը և դաթիլը, մեծ տարածում են գտել և սկսել են մատուցվել սառեցված աղանդերի, կարկանդակների և տորթերի հետ[7]։ ԱՄՆ-ում սալսան օգտագործվում է մարինադների, աղցանների համեմման համար, շոգեխաշած ուտեստների և եփած թանձրուկների մեջ։ Բացի ձկան, թռչնամսի և այլ մսային տարբեր ուտեստների հետ օգտագործվելուց, այն նաև կարող է լինել տապակած կարտոֆիլի, մակարոնեղենի և պիցցայի համար նախատեսված համեմունք[8]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալսան մեքսիկական խոհանոցի սովորական բաղադրիչ է, որը մատուցվում է որպես համեմունք տակոյի հետ, ավելացվում է ապուրների, շոգեխաշված ուտեստների և տամալեի միջուկի մեջ։ Սալսա ֆրեսկան լոլիկից և կծու պղպեղից պատրաստված թարմ թանձրուկ է։ Սալսա վերդեն պատրաստվում է եփած լոլիկից և մատուցվում է որպես չիլաքիլեսի, էնչիլադայի և այլ ուտեստների համար նախատեսված թանձրուկ։ Չիլտոմատեն շատ օգտագործվող հիմքային թանձրուկ է՝ պատրաստված լոլիկից և չիլիից։ Չիլտոմատեի համար օգտագործվող պղպեղի տեսակը տարբերվում է ըստ տարածաշրջանի, բայց թարմ կանաչ չիլին ավելի տարածված է, քան հաբաներոն Չիապասում[9]։ Տամալեները հաճախ դասակարգվում են ըստ սալսայի տեսակի, որոնցով դրանք լցոնված են՝ սալսա վերդե, սալսա ռայա, սալսա դե ռաջաս կամ սալսա դե մոլ[10]։
Մեքսիկական սալսան ավանդաբար պատրաստվում էր հավանգի նման մոլկահետե կոչվող քարե գործիքի միջոցով, թեև այժմ օգտագործվում են հարիչներ։ Մեքսիկական սալսան ներառում է.
- Սալսա ռոհա, սալսայի երկու ամենատարածված և հայտնի տեսակներից մեկը՝ «կարմիր թանձրուկը», օգտագործվում է որպես համեմունք մեքսիկական և հարավարևմտյան (ԱՄՆ) խոհանոցներում։ Սովորաբար բաղկացած է եփած լոլիկից, չիլի պղպեղից, սոխից, սխտորից և թարմ համեմից։
- Սալսա կրոդա, «հում թանձրուկ», մանրացված լոլիկի, սոխի, հալապենո չիլի պղպեղի և համեմի չեփած խառնուրդ է[11]։
Ճիշտ պահպանման կարևորությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ԱՀԿ-ի պետք է զգույշ լինել սալսայի և ցանկացած այլ տեսակի թանձրուկների պատրաստման և պահպանման հարցում, քանի որ հում մատուցվող թանձրուկների շատ տեսակներ կարող են բարենպաստ պայմաններ ստեղծել վտանգավոր բակտերիաների աճի համար, հատկապես եթե սառնարանում չեն պահվում[12]։
2002 թվականին Տեխաս նահանգի Հյուստոնի համալսարանի կողմից իրականացված հետազոտությունը հայտնաբերել է, որ աղիքային ցուպիկ են պարունակում՝
- Մեքսիկայի՝ Գվադալախարա, Խալիսկո նահանգների հետազոտված ռեստորանների թանձրուկների 66%-ը
- Տեխաս նահանգի՝ Հյուսթոն քաղաքում հետազոտված ռեստորանների թանձրուկների 40%-ը[13]
2010 թվականին ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը զեկուցել է, որ 1998-2008 թվականներին սննդի միջոցով փոխանցվող 25 հիվանդություններից 1-ը ռեստորանային թանձրուկների սխալ պատրաստման կամ պահպանման հետևանք է[14]։
2010 թվականի սննդի հիգիենայի մասին հոդվածում սալսայի սառեցումը նկարագրվել է որպես թանձրուկների անվտանգ օգտագործման «բանալի»։ Այս ուսումնասիրությունը նաև պարզել է, որ թարմ լայմի հյութը և թարմ սխտորը (ոչ փոշիացված) կկանխեն սալմոնելլայի աճը[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Smith, Andrew F. (2009). «Salsa». Oxford Companion to American Food and Drink. Oxford: Oxford University Press. էջ 517. ISBN 0195387090.
- ↑ «Salsa». Cambridge Dictionary. Cambridge. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Salsa». Collins Dictionary. Collins Dictionary. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Kennedy, Diana (1972). The Cuisines of Mexico. էջ 296. ISBN 0060123443.
- ↑ Kamp, David (2006). The United States of Arugula. էջ 310. ISBN 0767915798.
- ↑ «Ketchup? Catsup? Ke-cap? / Whatever the name, a squirt of red can change everything». SFGate. 2003 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ The Oxford Encyclopedia of Food and Drink in America. էջ 644.
- ↑ The Oxford Encyclopedia of Food and Drink in America. էջ 179.
- ↑ Hoyer, Daniel (2009). Mayan Cuisine. Gibbs Smith. ISBN 9781423610243.
- ↑ Adapon, Joy (2008). Culinary Art and Anthropology. Bloomsbury Publishing. էջ 114. ISBN 9781847886064.
- ↑ «salsa cruda - food». Encyclopædia Britannica.
- ↑ Larry R. Beuchat. «Surface decontamination of fruits and vegetables eaten raw: a review» (PDF). World Health Organization. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Javier A. Adachi, John J. Mathewson, Zhi-Dong Jiang, Charles D. Ericsson, and Herbert L. DuPont. Annals of Internal Medicine, June 2002, Vol. 136, pp. 884–887.
- ↑ «Salsa and Guacamole Increasingly Important Causes of Foodborne Disease». Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Ma L; Zhang G; Gerner-Smidt P; Tauxe RV; Doyle MP (2010 թ․ մարտ). «Survival and growth of Salmonella in salsa and related ingredients». J. Food Prot. 73 (3): 434–44. doi:10.4315/0362-028x-73.3.434. PMID 20202327.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալսա (թանձրուկ)» հոդվածին։ |
|