Ռայան Ուայթ
Ռայան Ուայթ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1971[1] |
Ծննդավայր | Kokomo, Ինդիանա, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 8, 1990[1] (18 տարեկան) |
Մահվան վայր | Ինդիանապոլիս, ԱՄՆ |
Գերեզման | Ինդիանա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Western High School? և Hamilton Heights High School? |
Մասնագիտություն | ուսանող և գրող |
Կայք | ryanwhite.com |
Ryan White Վիքիպահեստում |
Ռայան Ուայն Ուայթ (անգլ.՝ Ryan Wayne White, դեկտեմբերի 6, 1971[1], Kokomo, Ինդիանա, ԱՄՆ - ապրիլի 8, 1990[1], Ինդիանապոլիս, ԱՄՆ)[2], ամերիկացի դեռահաս, որն ԱՄՆ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և դրա հետ կապված նախապաշարմունքների դեմ պայքարում դարձել է ազգային խորհրդանիշ։
Ուայթը ծնված օրվանից տառապել է հեմոֆիլիայով և դոնորական արյան հիման վրա հատուկ դեղամիջոց է ընդունել, որի միջոցով էլ վարակվել է։ Հիվանդությունն ախտորոշվել է 1984 թվականի դեկտեմբերին։ Չնայած նրան, որ բժիշկները պնդել են, որ դպրոցում, որտեղ սովորել է Ռայանը, աշակերտների համար որևէ ռիսկ չկա, Կոկոմո քաղաքի շատ ծնողներ և ուսուցիչներ հավաքվել են՝ ընդդեմ դպրոցում նրա ներկայության[3]։ Դպրոցական համակարգի հետ երկար իրավական կոնֆլիկտը և ԶԼՄ-ներում այս հակամարտության լուսաբանումը դեռահասին դարձրել են հայտնի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ։ Մինչև 1990 թվականին իր մահը, Ռայանն ակտիվ մասնակցություն է ունեցել տարբեր ակցիաների և միջոցառումների, հանդիպել է բազմաթիվ հասարակական գործիչների և մեծ ազդեցություն ունեցել ՄԻԱՎ-ի խնդրի վերաբերյալ հասարակության ընկալման վրա։
Ռայան Ուայթի անունով կոչվել է ԱՄՆ-ի ՄԻԱՎ-ով վարակվածներին օգնելու դաշնային ծրագիրը, որն ընդունվել է նրա մահից անմիջապես հետո և գործում է մինչ օրս։
Վաղ կյանք և հիվանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռայան Ուայթը ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 6-ին Կոկոմոյի Սուրբ Հովսեփի հուշահամալիրում՝ Ջինի Էլեյն Հեյլի (Jeanne Elaine Hale) և Հյուբերտ Ուեյն Ուայթի (Hubert Wayne White) ընտանիքում։ Երբ նա դարձել է երեք օրական, բժիշկներն ախտորոշել են հեմոֆիլիա՝ արյան մակարդելիության ժառանգական հիվանդություն[4]։ Բուժման համար նա ամեն շաբաթ ստացել է «ֆակտոր VIII» (Factor VIII) դեղը՝ դոնորների արյան պլազմայից ստացված արտադրանքը[5]։
1984 թվականի դեկտեմբերին Ուայթը հիվանդացել է թոքաբորբով։ Դեկտեմբերի 17-ին, թոքերի բիոպսիա անցկացնելուց հետո, նրա մոտ ախտորոշել են ՁԻԱՀ։ Ըստ երևույթին՝ Ռայանն իմունոդեֆիցիտի վիրուսով վարակվել է «ֆակտոր VIII» դեղամիջոցի միջոցով, որը պատրաստված է եղել վարակված արյունից։ Բայց թե երբ է տեղի ունեցել վարակումը, հայտնի չէ մինչ օրս։ Այդ ժամանակ գիտական հանրությունը շատ քիչ բան գիտեր ՁԻԱՀ-ի մասին. միայն այն, որ դա ՄԻԱՎ-ի հետևանք է, որն այն ժամանակ (մինչև 1986 թվականը) կոչվում էր HTLV-III։ Մարդու իմունային անբավարարության վիրուսի վերջերս հայտնաբերման պատճառով դոնորների ստուգման ընթացակարգեր գրեթե գոյություն չունեին, շատերը չգիտեին իրենց հիվանդության և դրա փոխանցման եղանակների մասին, ուստի 1979 և 1984 թվականների միջև ընկած ժամանակահատվածում տվյալ դեղամիջոցը ստացած մարդկանց 90 %-ը դարձել են ՄԻԱՎ վարակակիր[6]։ Հիվանդության ախտորոշման պահին Ռայանի մոտ T-բջիջների թիվը նվազել է մինչև 25-ի։ Առողջ մարդկանց թիվը T-բջիջների թիվը տատանվում է 1200-ի շրջանում։ Բժիշկները կարծել են, որ Ուայթին վեց ամսվա կյանք է մնացել[7]։
Ախտորոշումից հետո Ռայանը շատ հիվանդ է եղել դպրոց վերադառնալու համար, սակայն 1985 թվականի սկզբին սկսել է ավելի լավ զգալ իրեն։ Երբ Ջինին հարցրել է, թե արդյոք իր որդին կարող է վերադառնալ ուսումնական հաստատություն, դպրոցի ղեկավարությունը բացասական պատասխան է տվել։ 1985 թվականի հունիսի 30-ին դպրոցական շրջանի ղեկավար Ջեյմս Օ. Սմիթի կողմից դպրոց ընդունվելու մասին պաշտոնական դիմումի մերժումը սկիզբ է դրել 8-ամսյա իրավաբանական դատավարությունների[8]։
Կոնֆլիկտ դպրոցի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակամարտության ժամանակագրությունը
1985-86 ուսումնական տարի | |
---|---|
Հունիսի 30 | Ջեյմս Օ. Սմիթն արգելում է Ուայթին դպրոց հաճախել[9]։ |
օգոստոսի 26 | Ուսումնական տարվա առաջին օրը։ Ուայթին թույլ են տալիս զբաղվել հեռախոսով[10]։ |
հոկտեմբերի 2 | Դպրոցի տնօրենն աջակցում է ուսումնական հաստատություն այցելելն արգելելու որոշմանը[11]։ |
նոյեմբերի 25 | Ինդիանայի կրթության Դեպարտամենտը որոշում է, որ Ուայթան պետք է թույլ տրվի հաճախել պարապմունքներին[12]։ |
դեկըեմբերի 17 | Դպրոցի խորհուրդը բողոքարկում է դեպարտամենտի որոշումը[13]։ |
փետրվարի 6 | Կրթության դեպարտամենտը, անցկացված հետազոտությունից հետո, կրկին որոշում է, որ Ուայթը կարող է դպրոց հաճախել[14]։ |
փետրվարի 13 | Հովարդի շրջանի առողջապահության հարցերով լիազորը կարծում է, որ Ուայթը սպառնալիք չի ներկայացնում ուսանողների համար[15]։ |
փետրվարի 19 | Շրջանի դատարանը հրաժարվում է արգելել դպրոց հաճախելը[16]։ |
փետրվարի 21 | Ուայթը վերադառնում է դպրոց։ Նույն օրը մեկ այլ դատավորի որոշմամբ կրկին արգելվում է ուսումնական հաստատություն այցելել[17]։ |
մարտի 2 | Ուայթի վերադարձի հակառակորդներն աճուրդ են անցկացնում դպրոցում՝ գումար հավաքելու նպատակով[18]։ |
ապրիլի 9 | Ուայթի գործը ներկայացվել է շրջանային դատարանում[19]։ |
ապրիլի 10 | Շրջանային դատարանի դատավոր Ջեք Օ'Նիլը չեղարկում է դպրոց այցելելու արգելքը[20]։ |
հուլիսի 18 | Ինդիանայի վերաքննիչ դատարանը մերժում է տվյալ գործով բողոքարկման քննությունը[21]։ |
ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիներն ամբողջությամբ չէին բացահայտվել 1980-ական թվականներին։ 1983 թվականին Ամերիկյան բժշկական ասոցիացիան պնդել է, որ «կենցաղային շփման դեպքում կարող է տեղի ունենալ ՄԻԱՎ-ի փոխանցում, և հիվանդությունը կարող է հեշտությամբ տարածվել»[22]։ Չնայած գիտնականները գիտեին, որ ՄԻԱՎ-ը փոխանցվում է արյան միջոցով և չի փոխանցվում պատահական շփումների միջոցով, իսկ ՁԻԱՀ-ով վարակվելու դեպքերը դեռևս հազվադեպ էին (Ուայթի դպրոցից հեռացվելու պահին Հիվանդությունների վերահսկման կենտրոնը տեղյակ է եղել ԱՄՆ-ում երեխաների մոտ այս հիվանդության դրսևորման միայն 148 դեպքի մասին), շատ ընտանիքներ համարում էին, որ Ուայթի ներկայությունը դպրոցում անընդունելի ռիսկ է[23]։
Դպրոցը կանգնած էր հսկայական ճնշման տակ բազմաթիվ ծնողների և ուսուցիչների կողմից, ինչը հանգեցրել է Ռայանի հեռացմանն այն բանից հետո, երբ նրա ախտորոշումը լայնորեն հայտնի է դարձել։ 50 ուսուցիչ և 117 ծնող (360 սովորողի դեպքում) պետիցիա են ստորագրել Ուայթի դպրոց հաճախելու արգելքի մասին։ Ռայանը և նրա մայրը բողոքարկել են դատախազությունում՝ դպրոցի վարչակազմի որոշման համար։ Այնուամենայնիվ, Ռայանը կրթվել է հեռակա կարգով՝ հեռախոսի և համակարգչի միջոցով։ Լսումների ժամանակ հանձնաժողովը որոշել է, որ դպրոց հաճախելու արգելքն արդարացված չէ։ Դպրոցը բողոքարկել է Ինդիանա նահանգի կրթության խորհրդին, որն ավելի ուշ դոկտոր Ալան Ադլերից եզրակացություն է պահանջել Ուայթի առողջական վիճակի մասին։ Դրանում նշվել է, որ Ռայանը կարող է հաճախել դպրոց և այլ աշակերտների համար վտանգ չի ներկայացնում։
Փետրվարի 21-ին, երբ Ուայթը ներկայացել է դասերի, 151 աշակերտ մնացել է տանը։ Նույն օրը մի խումբ ծնողներ հայց են ներկայացրել Հովարդի շրջանային դատարան, որի դատավորն անմիջապես որոշել է, որ դպրոց հաճախելու թույլտվությունը հակասում է Ինդիանա նահանգի 1949 թվականի վարակիչ հիվանդությունների մասին օրենքին։
Մինչդեռ Ինդիանա նահանգի առողջապահության պետական լիազոր դոկտոր Վուդրո Մայերսը, որն ուներ Սան Ֆրանցիսկոյում ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման հարուստ փորձ, և Հիվանդությունների վերահսկման կենտրոնը տեղեկացրել են, որ ՄԻԱՎ-ը վտանգ չի հանդիսանում այլ աշակերտների համար, սակայն դպրոցական խորհուրդը, ինչպես նաև շատ ծնողներ, անտեսել են այդ հայտարարությունները[7]։ 1986 թվականի փետրվարին «Նոր Անգլիայի բժշկական ամսագրում» հրապարակվել են 101 մարդու վրա կատարված հետազոտության արդյունքները, որոնք երեք ամիս անցկացրել են ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց հետ սերտ, բայց ոչ սեռական շփման մեջ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ վարակի վտանգը զրոյի է հասնում նույնիսկ ընդհանուր ատամի խոզանակների, ածելիների, հագուստի, սանրի և սպասքի միջոցով շփման դեպքում[24]։
Շատերը կարծել են, որ դպրոցի վարչակազմի դեմ պայքարի նախաձեռնողը եղել է Ուայթի մայրը, սակայն դա չի համապատասխանել իրականությանը։ Ռայանը ինքն է որոշում կայացրել բոլոր հարցերի վերաբերյալ, և ավելի ուշ Ջինին ասել է, որ դպրոց վերադառնալու որոշումը նույնպես ամբողջությամբ բխել է իր որդուց. «Անձամբ ես ամեն ինչ վաղուց կթողնեի։ Ինձ և ամբողջ ընտանիքի համար դա մեծ թեթևացում կլիներ, բայց, հավատում եք, թե ոչ, Ռայանը միշտ իսկապես սիրել է դպրոցը։ Նա ուզում է վերադառնալ, իսկ ես ուզում եմ այն, ինչ ուզում է նա»[25]։
Վերջապես, ապրիլի 10-ին Ֆրանկֆորտ քաղաքի Քլինթոնի շրջանային դատարանը չեղյալ է հայտարարել որոշումը, որն արգելում էր Ուայթին դպրոց հաճախել։ Նույն օրը քսաներկու ուսանողներ տեղափոխվել են մեկ այլ ուսումնական հաստատություն, և մի քանի շաբաթ անց որոշ ծնողներ բացել են իրենց սեփական՝ «Russiaville Home Study School» «այլընտրանքային» դպրոցը[26]։ Ուայթը դպրոց է հաճախել 1986-1987 ուստարվա ընթացքում, սակայն շատ դժբախտ է եղել և քիչ ընկերներ է ունեցել։ Դպրոցը պահանջել է, որ նա սնվի միանգամյա սպասքից, օգտվի առանձին սանհանգույցից և չմասնակցի ֆիզկուլտուրայի պարապմունքներին[27]։ Ռայանը թերթեր բաժանող է աշխատել, և նրա երթուղում շատ մարդիկ չեղարկել են լրագրերի բաժանորդագրություն՝ վախենալով, որ ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել թղթի միջոցով[7]։ Եղել են բռնության սպառնալիքներ։ ՄԻԱՎ-ի մասին այդ տարիներին տարածված կարծրատիպը, որպես «գեյերի հիվանդություն», Ռայանը բախվել է նաև հոմոֆոբ հարձակումների. «Մենք գիտենք, որ դու համասեռամոլ ես»[23]։ «Кokomo Tribune» թերթի խմբագիրներն ու հրատարակիչները, որոնք պաշտպանել են Ուայթին, իրենց նույնպես անվանվել են համասեռամոլներ և գտնվել են ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի տակ[23]։ Եվ երբ անհայտի կողմից արձակված փամփուշտը հարվածել է Ուայթների հյուրասենյակի պատուհանին, ընտանիքը որոշել է լքել Կոկոմոն[7][27]։
Ուսումնական տարվա ավարտից հետո Ուայթները տեղափոխվել են Ինդիանա նահանգի Սիսերո քաղաք, որտեղ Ռայանը ընդունվել է տեղի «Hamilton Heights High» դպրոցը։ Տեղափոխվելուց որոշ ժամանակ առաջ կամավորների խումբը սկսել է այնտեղ կրթական աշխատանքներ տանել՝ պատմելով ՄԻԱՎ-ի փոխանցման եղանակներ մասին։ 1987 թվականի օգոստոսի 31-ին նոր աշակերտին դիմավորել է դպրոցի տնօրեն Թոնի Կուկը, տեղական կրթական համակարգի ղեկավար Բոբ Կարնալը և մի քանի ուսանողներ, որոնք չեն վախեցել սեղմել Ռայանի ձեռքը[28]։ Աշնանը Սիսերոյում տեղի է ունեցել Ռայան Ուայթի օրը, որի ընթացքում նահանգապետ Ռոբերտ Օրը Ռայանին և նրա մորը պարգևներ է հանձնել՝ ՁԻԱՀ-ի խնդրի վերաբերյալ գիտելիքների տարածման գործում արիության համար։ Ավելի ուշ Ռայանը խոսել է տեղափոխվելու մասին. «Երեք տարվա մեջ առաջին անգամ մենք զգացինք, որ ունենք տուն, դպրոց, որն ինձ աջակցում է, և շատ ընկերներ։ Ես երջանիկ եմ։ Ես կրկին սովորական դեռահաս եմ դարձել։ Եվ այս ամենը, այն բանի շնորհիվ, որ մեր դպրոցի աշակերտները լսեցին փաստերը, պատմեցին նրանց մասին իրենց ծնողներին և ընկերական վերաբերվեցին ինձ»[25]։
Ազգային ներկայացուցիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրադրության հանրայնացումը՝ ԶԼՄ-ների Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի մասին հոդվածների աճող քանակի ֆոնի վրա, Ուայթին դրել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ 1985-1987 թվականներին ամերիկյան ԶԼՄ-ներում տվյալ խնդրի մասին հոդվածների քանակը կրկնապատկվել է[29]։ Այդ ընթացքում Ռայանը հաճախ է հանդես եկել հեռուստատեսությամբ, տվել է հարցազրույցներ, պատմել իր հիվանդության մասին։ Նա դարձել է ՁԻԱՀ պանդեմիայի դեմ պայքարի խորհրդանիշ, մասնակցել է միջոցների հավաքագրմանն ու լուսավորական ընկերություններին։ Ուայթը հաճախ է եղել Ֆիլ Դոնահյուի թոք-շոուի հյուրը[7]։ Շատ հայտնի մարդիկ ներկայացել են Ուայթի հետ, որպեսզի փոխեն մարդկանց վերաբերմունքը ՁԻԱՀ-ով վարակվածների հանդեպ։ Երգիչներ Էլթոն Ջոնը, Ջոն Մելենքամփը և Մայքլ Ջեքսոնը, դերասաններ Մեթ Ֆրյուերը, Էլիզաբեթ Թեյլորը, Բրուք Շիլդսն ու Ալիսա Միլանոն, սպորտսմեններ Քարիմ Աբդուլ-Ջաբարն ու Գրեգ Լուգանիսը, բասկետբոլային մարզիչ Բոբի Նայթը, հայտնի բժիշկ Էվերեթ Կուպը, նախագահ Ռոնալդ Ռեյգանը և առաջին տիկին Նենսի Ռեյգանը՝ բոլոր նրանք հանդիպել են Ռայանի հետ։ Էլթոն Ջոնը դարձել է Ուայթների ընկերը․ նա զանգահարել, գրել և այցելել է Ռայանին առնվազն ամիսը մեկ անգամ[25]։ Երգիչը օգնել է ընտանիքին տուն գնել Սիսերոյում՝ տալով 16 500 դոլար։ Երբ գումարը հետ է վերադարձվել, Էլթոնը դրանով վճարել է Ռայանի քրոջ քոլեջի ուսուման համար[30]։ Մայքլ Ջեքսոնը Ուայթին նվիրել է կարմիր «Mustang» կաբրիոլետ[3]։ Ռայանը եղել է ՁԻԱՀ-ով և այլ ծանր հիվանդություններով հիվանդ շատ երեխաների ընկերը[7]։ Բայց չնայած հայտնիությանն ու հայտնիների կողմից ստացած նվերներին, Ուայթը հայտարարել է, որ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում և ընդգծել է, որ յուրաքանչյուր պահի պատրաստ կլիներ փոխարինել իր ճանաչումը հիվանդությունից ազատվելու հետ[3]։
1988 թվականին Ուայթը հանդես է եկել նախագահ Ռեյգանի ՁԻԱՀ-ով վարակվածների հանձնաժողովի առջև։ Նա պատմել է խտրականության մասին, որի հետ բախվել է, երբ առաջին անգամ փորձել է վերադառնալ դպրոց և թե ինչպես են նրա հիվանդության մասին լավ տեղեկացված մարդիկ ջերմորեն ողջունել նրան Սիսերո քաղաքում։ Ռայանը՝ հենվելով իր սեփական փորձի վրա, ընդգծել է ՁԻԱՀ-ի մասին մարդկանց տեղեկացվածության կարևորությունը[27]։
1989 թվականին ABC ալիքում թողարկվել է «Ռայան Ուայթի պատմությունը» (The Ryan White Story) հեռուստատեսային ֆիլմը, որի գլխավոր դերը կատարել է Լուկաս Հաասը։ Ջուդիթ Լայթը խաղացել է Ռայանի մոր, իսկ Նիկի Քոքսը՝ նրա քրոջ՝ Անդրեայի դերը։ Ֆիլմում նաև հայտնվել են Սառա Ջեսիկա Փարկերը (բուժքրոջ դերում), Ջորջ Զունդզան (բժշկի դերում) և Ջորջ Սքոթը (փաստաբանի դերում)։ Ուայթն այդ ժապավենում փոքր դեր է խաղացել՝ պատկերելով ՄԻԱՎ-ով տառապող Չադի անունով մեկ այլ տղայի, որն ընկերացել է գլխավոր հերոսի հետ[31]։ Ֆիլմը դիտել են մոտ 15 միլիոն հանդիսատես[32]։ Կոկոմոյի որոշ բնակիչներ որոշել են, որ էկրանին իրենց քաղաքն անարդարացիորեն հայտնվում է բացասական լույսի ներքո։ Առաջնախաղից հետո նախկին քաղաքապետ Ռոբերտ Ֆ. Սարջենտի մամուլի ծառայությունը ողողվել է բողոքներով և նամակներով, որոնք եկել են ամբողջ երկրից, չնայած այն ժամանակ նա այլևս չէր զբաղեցնում քաղաքի ղեկավարի պաշտոնը[31][32]։
1990 թվականի սկզբին Ուայթի առողջությունը կտրուկ վատացել է։ Այնուամենայնիվ, մարտի 26-ին ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի և նրա կնոջ՝ Նենսի Ռեյգանի հետ Լոս Անջելեսում կայացած հանդիպման ժամանակ Ռայանը խոսել է առաջիկա ավարտական երեկոյի և քոլեջ ընդունվելու իր հույսերի մասին[33]։ Նույն օրը երեկոյան՝ «Օսկար» մրցանակի հանձնման արարողության ժամանակ, որպես հյուր հանդես եկած Ուայթն իրեն շատ վատ է զգացել և ստիպված է եղել հեռանալ մինչ դրա ավարտը[7]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականի մարտի 29-ին՝ դպրոցն ավարտելուց մի քանի ամիս առաջ, Ուայթն Ինդիանապոլիսի Ռեյլի մանկական հիվանդանոց է ընդունվել շնչառական վարակով։ Երբ նրա վիճակը վատացել է, նա միացվել է արհեստական շնչառության ապարատների և ընդունել սեդատիվ դեղամիջոցներ։ Հիվանդանոցում ներկա է եղել Էլթոն Ջոնը, իսկ հոսպիտալի հեռախոսը չի դադարել բարյացակամների զանգերից։ Ի թիվս այլոց, փոխնախագահ Դեն Քուեյլը և սենատոր Էդվարդ Մուր Քենեդին հարցրել են Ուայթի բարեկեցության մասին[25]։ Երբ Ռայանը եղել է անգիտակից վիճակում, նրան վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է հայրը (Հյուբերտը և Ջինին բաժանվել են, երբ որդին եղել է յոթ տարեկան, և Ուայթ ավագը չի պահպանել ընտանիքի հետ հարաբերությունները, չնայած ապրել է Կոկոմոյում)[7]։ Ռայան Ուայթը մահացել է 1990 թվականի ապրիլի 8-ի առավոտյան ժամը 7-ին, 18 տարեկան հասակում[3][7]։ Թեև 1984 թվականին բժիշկները Ռայանին տվել են 6 ամսից ոչ ավելի կյանք, նա ապրել է ավելի քան 5 տարի։ Այդ օրը հիվանդասենյակում գտնվող պաստոր Ռեյմոնդ Պրոբասկոն ասել է. «Այս փխրուն տղան մեզ ցույց տվեց ոգու իրական վսեմությունը»։
Ավելի քան 1500 մարդ ապրիլի 11-ին ներկա է գտնվել Ռայանի հուղարկավորությանը և հրաժեշտի արարողությանը, որը տեղի է ունեցել Ինդիանապոլիսի Մերիդիան փողոցի Պրեսբիտերական եկեղեցում[34]։ Ուայթի դագաղը կրել են նաև այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են ֆուտբոլիստ Հաուի Լոնգը, լրագրող Ֆիլ Դոնահյուն և երգիչ Էլթոն Ջոնը, որը կատարել է «Skyline Pigeon» երգը։ Հուղարկավորությանը ներկա են եղել նաև երաժիշտ Մայքլ Ջեքսոնը և առաջին տիկին Բարբարա Բուշը։ Այդ օրն Ինդիանա նահանգի տարածքում իջեցվել են պետական դրոշները։
«Մենք Ռայանին պարտական ենք նրանով, որ վախն ու տգիտությունը, որոնք նրան դուրս են հանել տնից և դպրոցից, կհեռանան։ Մենք Ռայանին պարտական ենք նրանով, որ բացել ենք մեր սրտերն ու միտքը ՁԻԱՀ-ով հիվանդներին ընդառաջ։ Մենք պարտավոր ենք Ռայանին կարեկցանքով և հանդուրժողականությամբ հիվանդների, նրանց ընկերների և ընտանիքների հանդեպ։ Սարսափելի է հիվանդությունը, այլ ոչ թե այն մարդիկ, որոնք տառապում են դրանով։ Նա մեզ սովորեցրեց ինչպես է պետք ապրել և մահանալ»
Հուղարկավորության օրը նախկին նախագահ Ռեյգանը, որը նախկինում լայնորեն քննադատվել էր[5][22] այն բանի համար, որ գրեթե չէր խոսել ՁԻԱՀ-ի մասին իր ելույթներում մինչև 1987 թվականը (միայն 1985-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հակիրճ մի քանի խոսք է ասել այդ խնդրի մասին), հարգանքի տուրք է մատուցել Ուայթին «Washington Post»-ի հրապարակած հայտարարության մեջ[33][34]։ Ռեյգանի ելույթը և Ուայթի հուղարկավորությունն ընկալվել են որպես ինչ-որ խորհրդանիշ, թե ինչքան բան է արել Ռայանը ՁԻԱՀ-ի նկատմամբ ընկալումը փոխելու համար[34]։
Ռայան Ուայթը թաղվել է Սիսերոյում՝ մոր տնից ոչ հեռու։ Նրա մահվանից մեկ տարի անց գերեզմանը չորս անգամ դարձել է վանդալների թիրախ[35]։ Ժամանակի ընթացքում այն սրբավայր է դարձել Ռայանի երկրպագուների համար[36]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուայթը 80-ական թվականների վերջին ՄԻԱՎ-ով վարակված առավել հայտնի մարդկանցից մեկն էր։ Դերասան Ռոք Հադսոնի հետ միասին նա դարձել է ՄԻԱՎ-ով վարակված ամենավաղ հանրային ներկայացուցիչներից մեկը։ Ավելի ուշ խնդրի հետ կապված հասարակական գործիչների հետ միասին, ինչպիսիք են Քրեյ եղբայրները, Մեջիք Ջոնսոնը, Քիմբերլի Բերգալիսը և Ֆրեդի Մերկուրին, Ուայթը օգնել է բարձրացնել հասարակության իրազեկությունն այս համաճարակի լրջության մասին[37]։
Ուայթի մահից հետո ձևավորվել են բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ։ Ինդիանայի համալսարանի պարային մարաթոնը, որն անցկացվում է 1991 թվականից ի վեր, գոյության առաջին 18 տարիների ընթացքում ավելի քան 5 միլիոն դոլար է հավաքել Ռեյլի մանկական հիվանդանոցի համար։ Ուայթի մահը Էլթոն Ջոնին դրդել է ստեղծել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի սեփական հիմնադրամ[38]։ Նա նաև իր երգերից մեկի եկամուտը նվիրաբերել է Ռեյլիի հիվանդանոցին[39][40]։ Ջինի Հեյլը ստեղծել է Ռայան Ուայթի անվան բարեգործական հիմնադրամ, որը գոյություն է ունեցել 1992-2000 թվականներին։ Ամենամյա նվիրատվությունները հասել են 300 000 դոլարի։ 1992 թվականին Հեյլը հրատարակել է «Ռայան Ուայթ։ Իմ պատմությունը» («Ryan White: My Own Story ») գիրքը, որի հեղինակը նրա որդին է։ Հետագայում Ռայանի մայրն իր լուսավորչական գործունեությունը շարունակել է համացանցային կայքի միջոցով։
Ռայան Ուայթի հիշատակին նվիրված են Էլթոն Ջոնի «The Last Song» («Վերջին երգը»), Մայքլ Ջեքսոնի «Gone Too Soon» («Շատ վաղ է գնացել») և երգչուհի Թիֆանիի «Here in My Heart» («Այստեղ իմ սրտում») երգերը։
1980-ական թվականների սկզբին ՁԻԱՀ-ն անտեսվել է հասարակության կողմից և համարվել է գեյերի խնդիր կամ նույնիսկ պատիժ՝ համասեռամոլության համար, քանի որ առաջին բացահայտված հիվանդացածների թվում են եղել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ[22]։ Ուայթի ախտորոշումը շատերին ցույց է տվել, որ այս խնդրի հետ կարող է բախվել յուրաքանչյուրը[41]։ Ռայանը որոշ հոմոֆոբների կողմից հանդես է եկել՝ որպես ՁԻԱՀ համաճարակի «անմեղ զոհ»[41], բայց նա և իր ընտանիքը միշտ դեմ են արտահայտվել այդ տերմինին, քանի որ այն օգտագործվել է ընդգծելու համար, որ ՄԻԱՎ-ով վարակված համասեռամոլները, իբր, վաստակել են իրենց հիվանդությունը և մեղավոր են դրա տարածման համար։ «Նյու Յորք Թայմսին» տված հարցազրույցում Ուայթի մայրը մեջբերել է Ռայանի խոսքերը. «Ես այնպիսին եմ, ինչպես այլ ՁԻԱՀ-ով հիվանդ մարդիկ, անկախ նրանից, թե ինչպես եմ վարակվել»։ Ջինին ընդգծել է, որ իր որդին այդքան երկար չէր ապրի առանց ԼԳԲՏ համայնքի աջակցության[41]։
1990 թվականի օգոստոսին, Ուայթի մահից չորս ամիս անց, Կոնգրեսն ընդունել է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների օգնության մասին Ռայան Ուայթի անվան արտակարգ օրենք» («Ryan White CARE Act»)[42], որը հաճախ պարզապես կոչվում է «Ռայան Ուայթի օրենք»[43]։ Այն նախատեսված է ՄԻԱՎ-ով վարակված անձանց բժշկական օգնության հասանելիություն տրամադրելու համար, որոնք չունեն ֆինանսավորման այլ աղբյուրներ կամ որոնց ապահովագրությունը թույլ չի տալիս վճարել այդ օգնությունը։ Օրենքի գործողության ժամկետը երկարացվել է 1996, 2000, 2006 և 2009 թվականներին։ 2009 թվականին երկարաձգելու ընթացակարգի ժամանակ Բարաք Օբաման հայտարարել է նաև ԱՄՆ-ում ՄԻԱՎ-ով հիվանդների ուղևորության և ներգաղթի արգելքը չեղարկելու պլանների մասին, որը սահմանվել էր 22 տարի առաջ։ Նրա խոսքով՝ «այդ սահմանափակումն ավելի շուտ հիմնված էր վախի, քան իրական տվյալների վրա»[44][45]։ Ծրագիրն աջակցում է մոտավորապես 500 000 մարդու մեկ տարվա ընթացքում։ 2004 թվականին նա միջոցներ է տրամադրել 2567 կազմակերպությունների[43][44][46]։ 2006 թվականի սեպտեմբերին այդ դաշնային ծրագրի հիմնադրամը կազմել է ավելի քան 2,1 միլիարդ ԱՄՆ դոլար[47]։
Ռայան Ուայթը 20-րդ դարի վերջին 25 տարիների ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում զբաղեցրել է քսանչորսերորդ տեղը՝ ըստ «USA Today»-ի վարկածի[48], ինչպես նաև Աննա Ֆրանկի և Ռուբի Բրիջեսի հետ միասին ներկայացվել է Ինդիանապոլիսի մանկական թանգարանում «Երեխաների ուժը. Ներդրում» ցուցահանդեսում[49]։ 1993 թվականին տված հարցազրույցում ՁԻԱՀ-ի խնդրի մասին ակտիվիստ Լարի Կրամերն ասել է. «Ես կարծում եմ, որ փոքրիկ Ռայան Ուայթը, հավանաբար, ավելի շատ բան է արել, որպեսզի փոխի այս հիվանդության գաղափարը, քան մեկ ուրիշը»[50]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ «A Timeline of Key Events in Ryan's Life». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 J., Dirk (9 апреля 1990). «Ryan White Dies of AIDS at 18; His Struggle Helped Pierce Myths». New York Times. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին. Архивная копия от 14 июня 2010
- ↑ Brannon H. «Mother of AIDS martyr Ryan White speaks at Pruis Hall» (անգլերեն). bsudailynews.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ 5,0 5,1 Resnik, S. (1999). Blood Saga: Hemophilia, AIDS, and the Survival of a Community. — University of California Press. ISBN 0-520-21195-2.
- ↑ James P. Crowley, M.D. «Blood Saga: Hemophilia, AIDS, and the survival of a community - Book Review» (անգլերեն). The New England Journal of Medicine. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 White R., Cunningham, M. Ryan White: My Own Story. — Dial Books, 1991. — ISBN 0-8037-0977-3
- ↑ Specter, M. AIDS Victim’s Right to Attend Public School Tested in Corn Belt. — The Washington Post, 3 сентября 1985.
- ↑ Domestic news. — Associated Press, 31 июля августа 1985.
- ↑ Perlman, L. AIDS Victim Begins School By Phone. — Associated Press, 26 августа 1985.
- ↑ Official Recommends AIDS Victim Stay Home for School. — 2 сентября 1985.
- ↑ Perlman, L. Rule Teen-ager Can Attend Classes. — Associated Press, 25 ноября 1985.
- ↑ Perlman, L. School Board Votes to Appeal Decision Allowing AIDS Victim in Classes. — Associated Press, 18 декабря 1985.
- ↑ Strauss, J. Boy Can Return To School If Health Officer Approves, Board Says. — Associated Press, 6 февраля 1986.
- ↑ Perlman, L. Health Officer Says AIDS Victim Ryan White Can Return To School. — Associated Press, 13 февраля 1986.
- ↑ Perlman, L. Judge Denies Motion To Bar Indiana AIDS Victim From Classes.. — Associated Press, 19 февраля 1986.
- ↑ Strauss, J. AIDS Schoolboy Back in Classroom But Judge Rules Against Him. — Associated Press, 21 февраля 1986.
- ↑ Opposition Group Raises Needed Funds For Bond. — Associated Press.
- ↑ Strauss, J. Judge Delays Ruling In Ryan White Case. — Associated Press, 9 апреля 1986.
- ↑ Kusmer, K. Teen-Age AIDS Victim Returns To School after Lengthy Court Battle. — Associated Press, 10 апреля 1986.
- ↑ Huddleston, S. Parents Drop Effort to Keep AIDS Victim Out of School. — Associated Press, 18 июля 1986.
- ↑ 22,0 22,1 22,2 Shilts, R. And the Band Played On: Politics, People, and the AIDS Epidemic. — St. Martin’s Press, 1987. — ISBN 0-312-00994-1
- ↑ 23,0 23,1 23,2 Cohen, S. „City Of Firsts“ Struggles with Division over AIDS in School. — Associated Press, 28 апреля 1986.
- ↑ Wallis, C. Lessening Fears; Contact does not spread AIDS. — Time, 17 февраля 1986. Архивировано из первоисточника 8 փետրվարի 2009.. Проверено 31-03-2011
- ↑ 25,0 25,1 25,2 25,3 Тейлор, Роберт Райан Уайт: история одного мальчика. — 2008.
- ↑ Alternative School Opens in AIDS Scare. — The Washington Post, 23 апреля 1986.
- ↑ 27,0 27,1 27,2 Franklin, T. Teen’s Story of AIDS Prejudice Wins Hearts. — The Chicago Tribune, 3 марта 1988.
- ↑ Richardson, F. AIDS Schoolboy Says First Day At New School Went „Great“. — Associated Press, 31 августа 1987.
- ↑ Brodie, M. AIDS at 21: Media Coverage of the HIV Epidemic 1981—2002. — Kaiser Family Foundation, 2004. Архивировано из первоисточника 2 Հոկտեմբերի 2008. Проверено 31-03-2011
- ↑ Cohen, C.E. A Year After Ryan White’s Death, His Mother, Jeanne, Picks Up the Pieces and Carries on His Fight. — 8 апреля 1991. Архивировано из первоисточника 10 հունվարի 2011. от 14-06-2010. Проверено 31-03-2011
- ↑ 31,0 31,1 O’Connor, J.J. Review/Television; AIDS and Hemophilia. — The New York Times, 16 января 1989. Архивировано из первоисточника 16 Հունիսի 2013. от 14-06-2010. Проверено 31-03-2011
- ↑ 32,0 32,1 Kokomo Mayor Swamped With Angry Calls Following Ryan White TV Movie. — Associated Press, 18 января 1989.
- ↑ 33,0 33,1 33,2 Рейган, Рональд Уилсон. We Owe It to Ryan. — The Washington Post, 11 января 1990.
- ↑ 34,0 34,1 34,2 1,500 Say Goodbye to AIDS Victim Ryan White.. — Associated Press, 11 апреля 1990.
- ↑ Vandals Again Desecrate Grave of AIDS Victim Ryan White. — Associated Press, 8 июля 1991.
- ↑ Ryan White Admirers Leave Notes, Mementos at Grave. — Associated Press, 10 декабря 1992.
- ↑ AIDS at 21: Media Coverage of the HIV Epidemic 1981—2002. — Kaiser Family Foundation. Архивировано из первоисточника 2 Հոկտեմբերի 2008.. Проверено 9-09-2011
- ↑ Elton John. «'The boy who saved me from myself': Elton John on the young friend whose death from AIDS turned around his own life» (անգլերեն). dailymail.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Alexander, L. Indiana U. students reach $1M goal at dance marathon. — Indiana Daily Student, 12 ноября 2007.
- ↑ Indiana University Dance Marathon Press. — Indiana University
- ↑ 41,0 41,1 41,2 Witchel, A. At Home With Jeanne White-Ginder; A Son’s AIDS, and a Legacy. — The New York Times, 24 сентября 1992. Проверено 31-03-2011
- ↑ Ryan White Comprehensive AIDS Resources Emergency Act
- ↑ 43,0 43,1 ««The Ryan White HIV/AIDS Program»». Health Resources and Services Administration, HHS. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
{{cite web}}
:|archive-url=
is malformed: timestamp (օգնություն)CS1 սպաս․ url-status (link) - ↑ 44,0 44,1 Franke-Ruta, G. White House announces end to HIV travel ban. — The Washington Post, 30 ноября 2009. Архивировано из первоисточника 4 Հոկտեմբերի 2012.
- ↑ Видео: Барак Обама подписывает «Закона Райана Уайта»
- ↑ Taylor, J. Caring for „Ryan White“: The Fundamentals of HIV/AIDS Treatment Policy. — The George Washington University, 22 августа 2005.
- ↑ Reichmann, D. Bush Signs 3 Health Care-Related Bills. — The Washington Post, 12 декабря 2006. Проверено 08-04-2011
- ↑ «Most influential people». USA Today. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
- ↑ «The Power of Children». The Children’s Museum of Indianapolis. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
- ↑ Nimmons, D. Larry Kramer; AIDS activist; Interview. — сентябрь 1993.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Indiana Dance Marathon(անգլ.)
- Հարցազրույց Ռայաի հետ(անգլ.)
- Ռայանի մասին Արխիվացված 2011-01-13 Wayback Machine(անգլ.)
- «The Ryan White Story» (մաս 1) + (մաս 2)+ (մաս 3)ՅուԹյուբում(անգլ.)