Ռամիրո դե Մաեստու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռամիրո դե Մաեստու
Ramiro de Maeztu, de Indalecio Ojanguren (Azpeitia, 1934).jpg
Ծննդյան անունիսպ.՝ Ramiro de Maeztu y Whitney
Ծնվել էմայիսի 4, 1874(1874-05-04)[1][2]
ԾննդավայրՎիտորիա, Իսպանիա[1]
Վախճանվել էհոկտեմբերի 29, 1936(1936-10-29)[3][4][1] (62 տարեկանում) կամ նոյեմբերի 2, 1936(1936-11-02)[1] (62 տարեկանում)
Վախճանի վայրAravaca, Madrid Province, Իսպանիա[1]
Գրական անունRotuney[5], Cualquiera[6] և Van Poel Krupp
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, դիվանագետ, գրական քննադատ, լրագրող և քաղաքական գործիչ
Լեզուիսպաներեն[4], անգլերեն և ֆրանսերեն
ՔաղաքացիությունԻսպանիա
Ուշագրավ աշխատանքներHacia otra España?[7]
ԱնդամակցությունԻսպանիայի արքայական ակադեմիա[1], Բարոյական և քաղաքական գիտությունների թագավորական ակադեմիա[1][8], Acción Española?[9] և Sociedad de Amigos de Portugal?[10]
ԿուսակցությունRenovación Española? և Spanish Patriotic Union?
Ramiro de Maeztu Վիքիպահեստում

Ռամիրո դե Մաեստու ի Ուիթնի (իսպ.՝ Ramiro de Maeztu-y-Whitney, մայիսի 4, 1874(1874-05-04)[1][2], Վիտորիա, Իսպանիա[1] - հոկտեմբերի 29, 1936(1936-10-29)[3][4][1] կամ նոյեմբերի 2, 1936(1936-11-02)[1], Aravaca, Madrid Province, Իսպանիա[1]), իսպանացի լրագրող, գրող, փիլիսոփա: Ֆրանցիսկո Ֆրանկոյի ռեժիմի գաղափարական հիմքը կազմող մտածողներից է, «Իսպանիդադի» դրույթի հիմնական հեղինակը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1874 թվականի մայիսի 4-ին Բասկերի Երկրում` Վիտորիայում: Հայրը` Մանուել դե Մաեստուն, ունեցել է բասկյան արմատներ, եղել է կուբացի պլանտատոր: Մայրը եղել է անգլիացի, Փարիզում Անգլիայի դեսպանի դուստրը: Կյանքի առաջին տարիները Ռամիրո ընտանիքը հարուստ է ապրել, նրան կարելի էր դասել իսպանական ազնվականության շարքերը: Նախական կրթությունը Ռամիրոն ստացել է Վերգին Բլանկո անունով քահանայի մոտ[11]: Ընտանիքում մեծացել է հինգ երեխա, Ռամիրոն եղել է նրանցից ավագը: Երեխաներից երեքը հետագայում դարձել են հայտնի մարդիկ. Ռամիրոն դարձել է գրող, նրա քույր Մարիա դե Մաեստուն` ուսուցիչ ու փիլիսոփա, եղբայր Գուստավոն` նկարիչ:

Մանկական տարիները Ռամիրոն անցկացրել է հոր պլանտացիաներում, սակայն շուտով իսպանական գաղութներում ճգնաժամ է առաջանում. Կուբայում իսպանական գաղութներն անկախանում են, և Մաեստու ընտանիքը սնանկանում է: Ընտանիքի սնանկացումից հետո Ռամիրոն ընտանիքին օգնելու նպատակով ուղևորվում է Փարիզ, որտեղ փորձում է աշխատել առևտրի ոլորտում, սակայն այդ բնագավառը իրենը չհամարելով` ութ ամիս անց վերադառնում է հայրենիք: Նա հաստատվում է Բիլբաոյում, փորձում շատ մասնագիտություններ, մինչև որ ընտրում է լրագրությունը: Քսան տաերկան հասակում հրատարակում է իր սեփական ամսագիրը` «Բասկոնիայի ապագան»[12]: 1997 թվականին տեղափոխվում է Մադրիդ: Այստեղ 1898 թվականին պատուհասում է իսպանա-ամերիկյան պատերազմը, որում Իսպանիան ջախջախիչ պարտություն է կրում` կորցնելով իր մնացած գաղութները: Այս իրադարձությունը ցնցում է Իսպանիայի մտավոր հասարակությանը. երկրի զարգացման ուղիների փնտրտուքը դառնում է փիլիսոփայության ու հրրապարակախոսության հիմնական թեմաներից մեկը: Այս շրջանում Ռամիրո դե Մաեստուն հարում է «1898-ի սերունդ» խմբին, ինչպես պայմանականորեն իրենց անվանում էին իսպանացի գրողներն ու փիլիսոփաները, ովքեր խորապես ազդված էին Իսպանիայի խնդրով: Դեռևս գտնվելով հանրապետական Ֆրանսիայի ազդեցության տակ` Ռամիրո դե Մաեստուն այս շրջանում պաշտպանում է լիբերալ գաղափարներ և երազում Իսպանիայի եվրոպականացման մասին: Իսպանացի գրողներ Բարոխա ի Նեսիի և Ասորինի հետ նա հիմնում է «Երեքի խումբը»: Այս նույն շրջանում Մաեստուն գրում է իր առաջին գիրքը` «Մեկ այլ Իսպանիա», որում բարձրացնում է երկրի պատմական ճակատագրի և ժամանակակից իսպանական հասարակության թերությունների հարցերը:

«98-ի սերունդի» լուծարումից հետո Ռամիրո դե Մաեստուն շարունակում է ակտիվորեն զբաղվել լրագրությամբ և մտորել Իսպանիայի խնդիրների մասին: Դե Մաեստուի ստեղծագործությունն այդ շրջանում լավ բնութագրվում է 1904 թվականի նրա մի հոդվածից մեջբերումը, որտեղ հեղինակն իր մասին գրում է երրորդ դեմքով. «Մաեստուի մասին տպագիր հրատարակություններում ասվել է ամեն ինչ, ինչ կարելի է ասել գրողի մասին. նրան անվանում են տխուր գրող, մտածող: Միևնույն ժամանակ նրա մասին խոսում են նաև որպես հումորիստի, փիլիսոփայի, անվանել են նույնիսկ ծաղրածու, որին իշխում է լեզվի հանճարը: Ասում են, որ նա չի կարողանում գրել, նշել են նրա որակները` հեռատեսություն և պարզություն, մատնանշել են թերությունները` խառնաշփոթություն, անվարժություն: Գրել են, որ նա էներգիայով է, նուրբ, միշտ անկեղծ, որ նա ունի մի գիրք կարդալու համառություն (ակնհայտ է, որ նկատի ունի Աստվածաշունչը - ծան. խմբ.), բարեկիրթ է, բայց ոչ հետևողական ու հակասական: Եվ հետաքրքիր է, որ նման գնահատականների տակ մեր գրական աշխարհի մարդկանց ստորագրությունն է»[13]: Մաեստուն աստիճանաբար սկսում է հեռանալ լիբերալ հայացքներից, սկսվում է ստեղծագործական որոնումների շրջանը:

1905 թվականին նա տեղափոխվել է Լոնդոն, որտեղ ապրել է մինչև 1919 թվականը: Անգլիայում նա տարվում է Գիլդեյի սոցիալիզմով, բայց պահում կապը հայրենիքի հետ` շփվելով հայրենակիցների, մասնավորապես Խոսե Օրտեգա ի Գասետի հետ, հրատարկվում է թերթերում: Լոնդոնում Դե Մաեստուն շփվում է անգլիական մշակույթին և հնարավորություն ստանում վերաիմաստավորելու այն: Հենց այդ ժամանակ էլ սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, որի թեժ ժամանակահատվածում Մաեստուն գրում է իր գլխավոր գրքերից մեկը, որը սկզբում գրել էր անգլերեն` «Իշխանություն, ազատություն. հասարակությունը պատերազմի պրիզմայով»[14]: 1919 թվականին գիրքը գրում է մայրենի լեզվով` իսպաներենով, և հրատարակում «Հումանիզմի ճգնաժամ» վերնագրով: Այս գրքում Մաեստուն արդեն հանդես է գալիս պահպանողական տեսանկյունից: Այս գիրքը ճգնաժամի իմաստավորումն է ժամանակակից մարդու տեսնկյունից համաեվրոպական մասշտաբով: Հենց այս գրքի հրատակումն են շատ մասնագետներ համարում Ռամիրո դե Մաեստուի աշխարհայացքի բեկումնային պահը[15]:

Գտնվելով Լոնդոնում համաշխարհային պատերազմի ամենաթեժ ժամանակ` Ռամիրո դե Մաեստուն ամուսնանում է. լինելով անգլուհու որդի` նա ընտրում է նույն ազգության հարսնացու` Էլիս Մեբիլ Հիլլին[16]: Այս ամուսնությունից ծնվել է որդի Մանուել դե Մաեստուն, ով հետագայում վերդարձել է Իսպանիա և ռազմական կարիերա ունեցել:

1919 թվականին վերադառնալով հայրենիք` Դե Մաեստուն արդեն ամուր կանգնում է պահպանողական դիրքերում, անդրադառնում է Խուան Դոնոսո Կորտեսի և Մարսելինո Մենենդես ի Պելայոյի ստեղծագործություններին` հաճախ հղումներ անելով նրանց ու համարելով իր ուսուցիչները, զարգացնում է նրանց ստեղծագործությունների գաղափարները: Դե Մաեստուն դառնում է դիկտատոր Պրիմո դե Ռիվերայի կողմնակիցը:

Ռամիրո դե Մաեստու

Դիկտատուրայի շրջանում Ռամիրո դե Մաեստուն դեսպանի դիվանագիտական առաքելություն է կատարում Արգենտինայում, որտեղ ծանոթանում է Սակարիաս դե Վիսկարայի հետ: Հենց նրանից էլ Մաեստուն առաջին անգամ լսում է «Իսպանիդադ» եզրը, ինչի մասին խոստովանել է իր գլխավոր գրքում` ընկերոջն արտահայտելով իր երախտագիտությունը: Վիսկարայի ու Մաեստայի ընկերությունը և նրանց գաղափարների փոխադարձ ազդեցությունը հետագա դրույթների հիմքն են դրել:

Դե Մաեստուի կյանքի հաջորդ կարևոր շրջանը սկսվում է Իսպանիայի հանրապետության շրջանից: Նա չի ընդունել 1931 թվականի հեղափոխությունը` այն համարելով Իսպանիայի պատմության մեծ աղետ[17]: Նա մտել է հանրապետական ռեժիմի աջ ընդդիմադիրների շարքերը և դարձել «Իսպանական գործողություն» կազմակերպության առաջնորդներից մեկը: Հավատարիմ մնալով իր կյանքի գլխավոր գործին` շարունակում է խոսքերով պայքարել ռեժիմի դեմ: Նա դառում է «Իսպանական գործողություն» ամսագրի հրատարակիչն ու գլխավոր հեղինակը, որը լույս է տեսել 1931-1937 թվականներին[1]: Ամսագիրը դարձել է իսպանական աջ ուժերի գլխավոր հրատարակությունը: Նրա էջերում հրատարակվել են աջ պահպանողական ուժերի առաջնորդներ Լեդեմս Ռամոսի և Օ. Ռեդոնդոյի հոդվածները: Ամսագրում տպագրվել է նաև «Իսպանական ֆալանգայի» հիմնադիր և առաջնորդ Խոսե Պրիմո դե Ռիվերայի ելույթը[18]: Ամսագրում ամենից շատ տպագրվել են հենց Դե Մաեստուի հոդվածները: Այդ հոդվածներում նա աստիճանաբար զարգացնում է «Իսպանիդադի» սկզբունքները, որը դարձել է նրա արվեստի գլխավոր մտահանգումը: Ամսագրի էջերում հայտնված հոդվածները հետագայում մշակվել և հավաքվել են մի գրքում, որը հրատարակվել է 1934 թվականին` «Իսպանիդադի պաշտպանություն» վերնագրով:

Ռամիրո դե Մաեստուն ձերբակալվել է հանրապետականների կողմից և փակվել Մադրիդի բանտերից մեկում: Նրա կյանքն ընդհատվել է 1936 թվականի հոկտեմբերի 19-ին` քաղաքացիական պատերազմի հենց սկզբին: Նա առանց դատավճռի գնդակահարվել է Մադրիդի Արավակա գերեզմանատանը: Հայտնի են Դե Մաեստուի վերջին խոսքերը. «Դուք չգիտեք, թե ինչի համար եք ինձ գնդակահարում, սակայն ես գիտեմ, թե ինչի համար եմ մահանում. որ ձեր երեխաները ձեզնից լավը լինեն»[2]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իսպանիդադի պաշտպանություն» գրքի շապիկը

Ռամիրո դե Մաեստուի ստեղծագործության հիմնական թեման Իսպանիայի խնդիրներն են, այսինքն` հայրենիքի ճակատագրի, նրա պատմության, զարգացման ճանապարհի իմաստավորումը ընդհանուր եվրոպական ու համաշխարհային ենթատեքստում: Նա մտքի էվոլյուցիա է ապրել ազգային ռոմանտիզմից մինչև կաթոլիկ ավանդապաշտություն: Իր հիմնական մասնագիտությամբ լինելով լրագրող` Մաեստուն գրել է բազմաթիվ հոդվածներ` ամենատարբեր թեմաներով: Դրանցից շատերը նվիրված են սեփական կյանքի վերաիմաստավորմանը և հեղինակի մահից հետո տպագրվել են «Ինքնակենսագրություն» ժողովածուում[19]: Ռամիրո դե Մաեստուն գրել է մի քանի մեծածավալ աշխատություններ, որոնցից գլխավորները կարելի է համարել «Դեպի մեկ այլ Իսպանիա», «Հումանիզմի ճգնաժամ» և «Իսպանիդադի պաշտպանություն» աշխատությունները: Մաեստուի ստեղծագործությունը, հատկապես վաղ փուլի գործերը, տարբերվում են քննադատական ուղղվածությամբ և սուր շարադրանքով: Նրա առաջին գիրքը` «Դեպի մեկ այլ Իսպանիա», հոգու ճիչ է, ժամանակակից հասարակության քննադատություն: Իր իսկ բառերով այս գիրքը ոչ թե քաղաքական ծրագիր է, այլ խնդիրների բացահայտում: Ավելի ուշ շրջանի գործերն աչքի են ընկնում ավելի խորը պատմագրական բովանդակությամբ: «Հումանիզմի ճգնաժամ» գրքում զգալի է համաշխարհային պատերազմի ազդեցությունը: Դե Մաեստուն քննադատում է կապիտալիստական հասարակությունը` կարծելով, որ հենց Ռեֆորմացիան ու կապիտալիզմը հանգեցրին համաշխարհային ճգնաժամի: Նա առաջին անգամ հանդես է գալիս որպես կաթոլիկ փիլիսոփա և ավանդապաշտ` վերլուծելով միջնադարյան պատմության փորձը: Այս գրքում Դե Մաեստուն առաջարկում է «երրորդ ճանապարհ», որի էությունն ավտորիտարիզմի հաստատումն է: Այս գրքում նա շարադրում է գաղափարներ, որոնք հետագայում պետք է դառնային տոտալիտար ու ավտորիտար ռեժիմների գաղափարախոսության հիմքը:

Նրա ստեղծագործության պսակը դարձել է «Իսպանիդադ» դրույթը, որի ակունքները գալիս են գաղութատիրական անցյալից և Իսպանիայի հոգևոր միասնականությունից: Հենց այդ ընդհանուր հոգին է միավորում բոլոր ժողովուրդներին, որոնք խոսում են իսպաներենով, և այդ առանձնահատուկ հոգու հիմքը կաթոլիկ հավատն է: Նա խոսում է իսպանական առանձնահատուկ բնավորության մասին, որի հիմքում ընկած են մեծ ծառայության իդեալը և հավատը բացարձակ արժեքների նկատմամբ: «Իսպանացին հավատում է կամ բացարձակ արժեքների, կամ ընդհանրապես ոչնչի չի հավատում»,—գրել է նա[20]:

Հիմնական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (1899). Hacia otra España
  • (1911). La Revolución y los Intelectuales
  • (1916). Inglaterra en Armas
  • (1919). La Crisis del Humanismo
  • (1920). Del Espíritu de los Vascos
  • (1926). Don Quijote, Don Juan y La Celestina
  • (1934). Defensa de la Hispanidad
  • (1935). La Brevedad de la Vida en la Poesía Lírica Española

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Díaz G. D. MAEZTU WHITNEY, Ramiro // Hombres y documentos de la filosofía española: volumen 5Madrid: CSIC, 1995. — Vol. 5. — P. 69–74. — 851 p. — (Hombres y documentos de la filosofía española) — ISBN 978-84-00-07504-0
  2. 2,0 2,1 կենսագրությունISBN 9788495379658
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119013886 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. http://riubu.ubu.es/bitstream/10259.4/1538/1/0211-8998_n183_p370-381.pdf — P. 372.
  6. Calleja E. G. Contrarrevolucionarios. Radicalización violenta de las derechas durante la Segunda República, 1931-1936Madrid: Alianza Editorial, 2011. — P. 57. — ISBN 978-84-206-6455-2
  7. https://revistas.ucm.es/index.php/RASO/article/viewFile/RASO9898110177A/10154
  8. http://www.racmyp.es/academicos/lista_historica.cfm
  9. http://hemeroteca.sevilla.abc.es/nav/Navigate.exe/hemeroteca/sevilla/abc.sevilla/1934/05/05/030.html
  10. Los amigos de Portugal // ABCMadrid: 1922. — P. 27. — ISSN 1136-0143
  11. Aguierre Prado, L. Ramiro de Maeztu. — Madrid.:Publicaciones españolas, 1957 — p.6
  12. Кулешова, В. В. Проблема Испании в полемической публицистике Рамиро де Маэсту 1896—1936 годов // Проблемы испанской истории. — М, 1979 — с. 106—134|[3]
  13. Meztu, R, de. Juventud menguante. Autobiografías [Электронный ресурс ] //URL: http://www.filosofia.org/hem/190/alm/ae1214.htm
  14. Maeztu, R. de — La Crisis del Humanismo Buenos Aires: Ed. Sudamericana, 1951. — 457 p
  15. Tunion de Larra, M. La España del siglo XX, Paris 1973. — Р. 101.
  16. Sanchez, A. — Intoduccion//Maeztu,R. de — Don Quijote y el amor. — Salamanca, 1964 — P. 14.
  17. Maeztu, R, de. Frente a la Republica — Madrid: Rialp, 1956. — 310 p.
  18. Alsima Calves, J. Ultima Etapa de Ramiro de Maeztu: Accion Española y la conspiracion antirepublicana [Электронный ресурс] // URL: http://www.revistalarazonhistorica.com/17-3/
  19. Maeztu R, de. Autobiografia. — Madrid.: Editora national, 1962. — 358 p.
  20. 77. Тулаев, П. Стрелы Фаланги [Электронный ресурс] // Режим доступа: http://www.sensusnovus.ru/analytics/2013/10/19/17325.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]