Ջարխանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջարխանդ
ՏեսակՀնդկաստանի նահանգ
ՄայրցամաքԱսիա
Երկիր Հնդկաստան
ՎարչատարածքՀնդկաստան
Մակերես79 714 կմ²
Մասն էEast India?
Ձևավորումնոյեմբերի 15, 2000
Քարտեզ
Քարտեզ

Ջարխանդ (հինդի՝ झारखंड; անգլ.՝ Jharkhand), նահանգ Հնդկաստանի արևելքում, առանձնացվել է Բիհար նահանգից 2000 թվականի նոյեմբերի 15–ին[1]։ Ջարխանդը հյուսիսից սահմանակից է Բիխարին, արևմուտքից՝ Ուտար Պրադեշ և Չխատիսգար նահանգներին, հարավից՝ Օրիսային և արևելքից՝ Արևմտյան Բենգալիա նահանգին։ Մակերեսը 79 710 քառ. կմ է։ Մայրաքաղաքը Ռանչի քաղաքն է, ամենամեծ քաղաքը Ջամշեդպուրն է, մեծությամբ երկրորդ քաղաքը Դհանբադն է ՝ Հնդկաստանի ածխային մայրաքաղաքը։

«Ջարխանդ» անվանումը թարգմանվում է որպես «անտառների երկիր»[2]։ Նահանգում կենտրոնացած է Հնդկաստանի օգտակար հանածոների պաշարների 40%–ը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ առանձին հեղինակների[3] ՝ ժամանակակից Ջարխանդի տարածքում արտահայտված աշխարհաքաղաքական և մշակութային ընդհանրությունը ձևավորվել է դեռևս Մագադհա կայսրության ժամանակաշրջանում։ Մեծ Մողոլի կայսրության ժամանակաշրջանում Ջարխանդը հայտնի էր որպես Կուկարա։ 1765 թվականին Բրիտանական Արևելահնդկական ընկերության վերահսկողության տակ անցնելուց հետո տարածքը հայտնի դարձավ ժամանակակից «Ջարխանդ» անունով։ Ջարխանդի գաղութացումը հանդիպեց տեղական ցեղերի դիմադրությանը։ Բրիտանական վարչակազմի քաղաքականությունը հանգեցրեց Չխոթա-Նագպուր սարահարթի իշխանությունների միասնության աստիճանական կորստին։

2000 թվականի օգոստոսի 2-ին Հնդկաստանի խորհրդարանը օրենք ընդունեց Բիհար նահանգի վերակազմավորման մասին։ 2000 թվականի նոյեմբերի 15-ին Բիհար նահանգի 18 հարավային շրջանները կազմեցին Ջարխանդ նահանգը։ Ջարխանդի անջատումը արդյունք էր Ջարխանդ կուսակցության գրեթե 60-ամյա պայքարի Բիհարից առանձնանալու համար։ 1956 թվականին այժմյան Ջարխանդի տարածքում կային Պալամու, Խազարիբաղ, Սանթալ Պարգանա, Դհանբադ, Ռանչի և Սինգխբխում շրջանները։ 1972 թվականին Խազարիբաղ շրջանից առանձնացվել է Գիրիդիխի նոր շրջանը։

1983 թվականին Սանտհալ Պարգանա շրջանը բաժանվում է Դումկա, Սահիբգանջ և Գոդդա շրջանների, Ռանչիի շրջանից առանձնացվում է Լոխարդագա շրջանը, մեկ տարի անց՝ Գումլա շրջանը։ 1986 թվականին Դումկա շրջանի մի մասից ստեղծվել է Դեոգխար շրջանը։ 1990 թվականին Սինգխբխում շրջանը բաժանվում է Արևմտյան Սինգխբխումի և Արևելյան Սինգխբխումի։ 1991 թվականին Գիրիդիխ և Դհանբադ շրջանների մասերից ստեղծվել է Բոկարո նոր շրջան, Պալամու շրջանից ստեղծվել է Գարհվա շրջան, Հազարիբաղ շրջանից ստեղծվել է Չաթրա շրջանը։ 1994 թվականին ստեղծվել են Կոդերմա (Հազարիբաղ շրջան) և Պակուր (Սահիբգանջ շրջան) շրջանները։

2001 թվականին Պալամու և Գարխվա շրջաններից առանձնացվել է նոր Լատեխար շրջանը, Գումլա շրջանից առանձնացվել է նոր Սիմդեգա շրջանը, Արևմտյան Սինգհբհում շրջանից առանձնացվել է նոր Սերայկելա-Խարսավան շրջանը, Դումկա շրջանից առանձնացվել է նոր Ջամթարա շրջանը։ Վերջին փոփոխությունները տեղի են ունեցել 2007 թվականին. ստեղծվել են Ռամգարխ (Հազարիբաղ շրջանից) և Խունտի (Ռանչի շրջանից) շրջանները։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի մեծ մասը գտնվում է Չխոթա-Նագպուր սարահարթի սահմաններում, այստեղից սկիզբ են առնում Բրահմանի (Կոել), Դամոդար, Խարկայ, Սուբարնարեկխա գետերը։ Նահանգի զգալի մասը ծածկված է անտառներով։ Դրանցում պահպանվում են Բենգալյան վագրի և ասիական փղի պոպուլյացիաները։

Ջարխանդը բնութագրվում է երեք արտահայտված եղանակներով․ ձմեռ՝ նոյեմբերից փետրվար։ Ձմռանը օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -5 °C– 0 °C: Տաք եղանակը տևում է մարտից մինչև հունիսի կեսերը։ Ամենաշոգ ամիսը մայիսն է, որի միջին առավելագույն ջերմաստիճանը հասնում է 37 °C-ի։ Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածին բաժին է ընկնում տարեկան տեղումների մինչև 90% - ը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվի փոփոխություն[4]

Նահանգի բնակչությունը կազմում է 32,96 միլիոն մարդ (2011), որոնցից 16,93 միլիոնը տղամարդ են, 16,03 միլիոնը կին։ Սեռերի հարաբերակցությունը 947-ից 1000 է։ Բնակչության 28%–ը ցեղեր են, 12% - ը՝ թվարկված կաստաների ներկայացուցիչներ։ Բնակչության խտությունը կազմում է 414 մարդ / կմ2։ Խտությունը տատանվում է 148 մարդուց / կմ2 Գումլա շրջանում Մինչև 1167 մարդ / կմ2 Դհանբադ շրջանում։

Ըստ Հնդկաստանի 2001 թվականի մարդահամարի՝ բնակչության 68,5% - ը հինդուներ են, 13,8 %–ը ՝ մուսուլմաններ, 13%–ը հավատարիմ են սառնայիզմին («Սուրբ անտառի» կրոնի հետևորդներն են ՝ սանտալներ, մունդա, հո և այլն), 4,1 %–ը՝ քրիստոնյաներ, ջայնիզմ, բուդդիզմ և սիկխիզմին հետևում են նահանգի բնակչության 1%–ից պակասը։

Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի հիմնական լեզուներն են հինդի, բենգալերեն, օրիյա, ուրդու և անգլերեն[5]։ Նահանգի հարավային շրջաններում տարածված է մայթիլի լեզուն, շատ գյուղական վայրերում ՝ Սանտալի լեզուն։

Վարչատարածքային բաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խունդրու ջրվեժ
Ջոնխա ջրվեժ

Նահանգն ունի 24 շրջան

  • Բոկարո
  • Արևելյան Սինգխբխում
  • Գարխվա
  • Գիրիդիխ
  • Գոդդա
  • Գումլա
  • Դեոգխար
  • Ջամտարա
  • Դումկա
  • Դխանբադ
  • Արևմտյան Սինգխբխում
  • Կոդերմա
  • Կխունտի
  • Լատեխար
  • Լոխարդագա
  • Պակուր
  • Պալամու
  • Ռամգարխ
  • Ռանչի
  • Սախինբգանջ
  • Սեռայկելա–Կխարսավան
  • Սիմդեգա
  • Խազարիբագխ
  • Չատրա

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին նահանգի օրենսդիրվժողովի ընտրություններում փոքր առավելությամբ հաղթանակ տարավ Ջանաթա Դալ (Միացյալ) կոալիցիան՝ Բխարատիա Ջանատա կուսակցություն։ Պարտվողների թվում էին Ռաշտրիա Ջանատա Դալը, Հնդկաստանի ազգային կոնգրեսը, ձախ կուսակցությունները և Ջարխանդ Մուքթի Մորչայի տարածաշրջանային կուսակցությունը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջարխանդը երկրի առավել արդյունաբերական նահանգներից մեկն է։ Զարգացում են ստացել գունավոր մետալուրգիան և քիմիական արդյունաբերությունը (Ռանչի, Բոկարո), ծանր մեքենաշինությունը (Ջամշեդպուր)։ Նահանգի տարածքում արդյունահանվում է ածուխ և ուրանի հանքաքար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jharkhand – At a Glance». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2006 թ․ փետրվարի 21-ին.
  2. «India-Jharkhand Movement». mongabay.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. Gautam Kumar Bera The unrest axle: ethno-social movements in Eastern India. — Mittal Publications, 2008. — С. 32—35. — ISBN 978-81-8324-145-8
  4. «Census Population» (PDF). Census of India. Ministry of Finance India. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. «Jharkhand». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջարխանդ» հոդվածին։