Շվեյցարիայի ականազերծման գործունեության հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեյցարիայի ականազերծման գործունեության հիմնադրամ
Изображение логотипа
Տեսակհասարակական կազմակերպություն
Հիմնադրված1997
Գլխադասային գրասենյակԺնև, Շվեյցարիա
Կայքfsd.ch

Շվեյցարիայի ականազերծման գործունեության հիմնադրամ (ֆր.՝ Fondation Suisse de Déminage, հակիրճ՝ FSD), մարդասիրական հասարակական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1997 թվականին Ժնևում։ Շվեյցարական «Ականազերծման գործունեության հիմնադրամը» մասնագիտացած է պատերազմի այնպիսի վտանգավոր հետևանքների վերացման մեջ, ինչպիսիք են ականները, չպայթած հրետանային և տանկային արկերը, օդային ռումբերը և ցանկացած տեսակի չպայթած ռազմական զինամթերք։ ՇԱԳՀ-ն չի համարվում քաղաքական, կրոնական կամ կառավարական կազմակերպություն։

2005 թվականին ստեղծվել է FSD Ֆրանսիա ասոցիացիան[1], որը Ֆրանսիայում հիմնված լիովին անկախ կազմակերպություն է, սակայն, FSD-ին փոխկապակցված կազմակերպություն է։ 2007 թվականին ստեղծվել է Crosstech[2], որը Շվեյցարիայում FSD-ի առևտրային դուստր ձեռնարկությունն է և ամբողջությամբ պատկանում է նրան։ 2003 թվականին կազմակերպությունը ստացել է ZEWO հավաստագիր[3]։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարական «Ականազերծման գործունեության հիմնադրամի» հիմնական նպատակը ականների և չպայթած զինամթերքի որոնումն ու ոչնչացումն է[4]՝ դժբախտ պատահարները կանխելու համար։ ՇԱԳՀ-ի հիմնական նպատակն է մեղմել և նվազեցնել ականների և չպայթած զինամթերքի սոցիալական, տնտեսական և բնապահպանական ազդեցությունները՝ այդպիսով ստեղծել բարենպաստ պայմաններ ռազմական հակամարտություններից տուժած երկրների վերակառուցման և զարգացման համար։

Ռազմական հակամարտությունների ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդասիրական օգնությունը հաճախ համարվում է միակ «կյանքի ճանապարհը» հազարավոր մարդկանց համար, ովքեր պայքարում են գոյատևելու համար։ Մարդասիրական օգնության մասնագիտացված առաքումները, շահառուների հասանելիությունը և մարդասիրական կազմակերպությունների ու նրանց աշխատողների անվտանգությունը «կյանքի ճանապարհի» հիմնական բաղադրիչներն են։ ՇԱԳՀ-ն տրամադրում է մասնագիտական գիտելիքներ, փորձ և օգնություն գործընկեր կազմակերպություններին և այլ մարդասիրական կազմակերպություններին մարդասիրական արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

Զինված հակամարտություններից հետո անցման և վերականգնման ժամանակաշրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնի հակամարտությունից դուրս եկած կառավարությունների և ոչ պետական կառույցների առաջնահերթությունը վստահության ձևավորումն է և կայուն վիճակում խաղաղության պահպանումը։ Սա նշանակում է, որ պետական կառույցները և սոցիալական հաստատությունները պետք է հայրենադարձեն փախստականներին և մարդասիրական օգնություն ցուցաբերեն նաև նախկին հակամարտության գոտիներում։

Ականները և պատերազմի այլ պայթունավտանգ մնացորդները (ՊՊՄ) հաճախ խոչընդոտում են պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների, վերադարձողների, օգնության և զարգացման գործակալությունների անձնակազմի տեղաշարժը։ Ականները խոչընդոտում են հետպատերազմյան խաղաղ շինարարության ընթացքը և այդպիսով խորացնում բռնի հակամարտությունների վերադարձի վտանգը։

Համապետական ընտրությունները հետկոնֆլիկտային երկրներում հաշտեցման ևս մեկ կարևոր գործոն են։ Կառավարություններին անհրաժեշտ է օրենքի գերակայություն, և նրանք ցանկանում են, որ հնարավորինս շատ ընտրողներ լինեն ընտրատեղամասերում։ Շատ ընտրողներ, սակայն, կարող են քվեարկել միայն այն դեպքում, եթե նրանք ապահով մուտք ունեն ընտրատեղամասեր։

Տնտեսական զարգացման ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականները և պատերազմի այլ պայթունավտանգ մնացորդները շարունակում են սպառնալ, խեղել և սպանել ռազմական գործողությունների ավարտից բավականին ժամանակ անց։ Ականները խոչընդոտում են հետկոնֆլիկտային վերակառուցմանը և տնտեսական զարգացմանը։ Ականազերծումը պետք է իրականացվի նախքան դաշտերը հերկելը և դպրոցներ կառուցելը խմելու ջրի հասանելիություն ապահովելը։

Երկրներ, որտեղ գործում է ՇԱԳՀ-ն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998-2002 թվականներին ՇԱԳՀ-ն աշխատանքային գործունեություն է իրականացնում 21 երկրներում և ներկայումս ամբողջ աշխարհում ներգրավված է վեց ծրագրերում (Բոսնիա և Հերցեգովինա, Հայաստան, Տաջիկստան, Շրի Լանկա, Պակիստան, Աֆղանստան, Սուդան և Ֆիլիպիններ, Ալբանիա, Կոսովո, Խորվաթիա, Լիբանան)։ 2001 թվականից ՇԱԳՀ-ն համարվում է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ռեզերվային գործընկերը և համատեղ գործունեություն է ծավալում։

ՇԱԳՀ-ն Ֆրանսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Շվեյցարական ականազերծման հիմնադրամին է միացել նրա ֆրանսիացի գործընկերը՝ ՇԱԳՀ Ֆրանսիան։ ՇԱԳՀ Ֆրանսիան անկախ, չեզոք կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1901 թվականի Ֆրանսիայի «Հասարակական միավորումների մասին» օրենքի հիման վրա։ Այդ նոր կազմակերպության նպատակն է ընդլայնել ՇԱԳՀ-ի մարդասիրական ականազերծման գործունեությունը այլ ոլորտներում, ինչպիսիք են ականային վտանգի մասին տեղեկատվությունը (ԱՎՏ) և ականներից զոհվածներին օգնությունը։ Ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի մանդատի շրջանակներում նախագծերի իրականացումը և ականազերծման գործողությունների խթանումը ֆրանսիական հատվածում։

Ֆինանսավորման աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսավորման հիմնական աղբյուրները պետական և մասնավոր հիմնադրամներն են, ինչպես նաև բազմաթիվ կազմակերպություններ։ Սուդանում ծրագրին աջակցում են ՄԱԿ-ի ականազերծման գործողությունների կազմակերպությունը և CHF International-ը։ 2007 թվականին ՄՕԵՀ-ն (Մարդասիրական օգնության եվրոպական հանձնաժողովը) ֆինանսավորել է ՇԱԳՀ նախագիծը՝ Հարավային Լիբանանում կասետային ռումբերը մաքրելու համար։ Մյուս խոշոր դոնորներից են Պարենի համաշխարհային ծրագիրը, ՄԱԿ-ի Ականազերծման ծառայությունների գրասենյակը, ՄԱԿ-ի Ականազերծման ծառայությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, Ավստրալիայի, Միացյալ Նահանգների, Կանադայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Թայվանի և Հարավային Կորեայի կառավարությունները, Շվեյցարիայի կանտոնները և քաղաքները, հիմնադրամները և մասնավոր հովանավորները։

Հիմնադրամը իր որակական հատկանիշներով համապատասխանում է շվեյցարական օրենսդրությանը։ ՇԱԳՀ-ն գործում է Շվեյցարիայի դաշնային իշխանությունների հսկողության ներքո։ Հաշվապահական հաշվետվությունների աուդիտը իրականացնում է աշխարհահռչակ KPMG աուդիտորական ընկերությունը, որն այդ հարցերով զբաղվում է 2007 թվականից։ Մինչ այդ աուդիտորական ստուգումներն իրականացրել է PricewaterhouseCoopers ընկերությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. L'Association Արխիվացված 2023-02-01 Wayback Machine (in French). FSD France. Accessed August 2022.
  2. Crosstech: Who we are. Crosstech. Accessed August 2022.
  3. «L'Organisation Fondation Suisse de Déminage (FSD) est certifiée Zewo depuis 2003».
  4. «Mine action». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեյցարիայի ականազերծման գործունեության հիմնադրամ» հոդվածին։