Նիկոլա Բուալո
Նիկոլա Բուալո ֆր.՝ Nicolas Boileau | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1636[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Վախճանվել է | մարտի 13, 1711[1][3][2][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[4] |
Գերեզման | Սեն Ժերմեն դե Պրե |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, գրական քննադատ, փաստաբան և պատմաբան |
Լեզու | ֆրանսերեն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի համալսարան և Սենտ-Լուիսի լիցեյ |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[5] և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա |
![]() | |
Նիկոլա Բուալո Վիքիքաղվածքում | |
Nicolas Boileau Վիքիպահեստում |
Նիկոլա Բուալո-Դեպրեո (ֆր.՝ Nicolas Boileau-Despréaux, նոյեմբերի 1, 1636[1][2][3][…], Փարիզ[4] - մարտի 13, 1711[1][3][2][…], Փարիզ[4]), ֆրանսիացի բանաստեղծ, քննադատ, կլասիցիզմի տեսաբան: «Քերթողական արվեստ» պոեմում շարադրել է բանաստեղծական օրենքներն ու կարծրատիպերը:
Կյանքը և ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլա Բուալոն ծնվել է խորհրդարանի քարտուղարի ընտանիքում[6]: Ստացել է դասական փայլուն կրթություն, սովորել իրավաբանություն և աստվածաբանություն, սակայն հետո նվիրվել է գեղարվեստական խոսքին: Այս բնագավառում նա ձեռք է բերել ճանաչում` շնորհիվ «Սատիրներ» ստեղծագործության (1660):
1677 թվականին Լյուդովիկոս XIV-ը նրան Ժան Ռասինի հետ նշանակել է պալատական պատմագիր` պահպանելով իր դիրքը Բուալոյի նկատմամբ` չնայած նրա սատիրայի համարձակությանը:
Բուալոյի լավագույն սատիրներից են ութերորդը («Sur l’homme») և իններորդը («À mon esprit»): Բացի այդ` նա գրել է շատ ուղերձներ, օդաներ, էպիգրամներ:
Մահացել է 1711 թվականի մարտի 13-ին Փարիզում:
«Քերթողական արվեստ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուալոյի ամենանշանակալից աշխատոթյունը «Քերթողական արվեստ» (ֆր.՝ «L’art poétique») պոեմ-տրակտատն է, որ բաղկացած է չորս երգից: Այն կլասիցիզմի տեսության գեղագիտական ամփոփումն է: Բուալոն այն համոզմունքն ունի, որ պոեզիայում, ինչպես կյանքի մնացած այլ ոլորտներում, ամենից վեր պետք է դասվեն առողջ միտքն ու բանականությունը (bon sens), որին պիտի ենթարկվեն երևակայությունն ու զգացմունքը: Ինչպես ձևով, այնպես էլ բովանդակությամբ բանաստեղծությունը պետք է հասկանալի լինի բոլորին, սակայն թեթևությունն ու հասանելի լինելը չպետք է դառնան գռեհիկ ու ստոր: Ոճը պետք է լինի բարձր, շքեղ, սակայն միևնույն ժամանակ` պարզ և զերծ ճոռոմ արտահայտություններից:
Բուալոյի ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես քննադատ` Բուալոն մեծ հեղինակություն է վայելել` մեծ ազդեցություն գործելով 18-րդ դարի ողջ պոեզիայի վրա, մինչև կլասիցիզմին փոխարինելու եկավ ռոմանտիզմը: Նա քննադատում էր ժամանակի հեղինակավոր մարդկանց` ծաղրի ենթարկելով սեթևեթանքը, սենտիմենտալությունը, երկերեսանիությունը, շինծու լինելը, մատնանշելով ժամանակի ֆրանսիական պոեզիայի, հատկապես Ռասինի, Մոլիերի գործերը: Իր «Քերթողական արվեստում» նա թելադրում է գեղարվեստի ճաշակ, որ երկար ժամանակ պարտադիր պայման էր ֆրանսիական գրականության մեջ («Պառնասի օրենսդիր»):
Հայկական կլասիցիզմի ներկայացուցիչները ևս կրել են Բուալոյի ազդեցությունը` հավատարիմ մնալով նրա հռչակած սկզբունքներին:
«Անալոգիոն»[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր «Անալոգիոն» («Le Lutrin») երգիծական պոեմում Բուալոն ցանկանում էր ցույց տալ, թե որն է իսկական կոմիզմը` իր հակակրանքն արտահայտելով ժամանակի կենցաղային գռեհիկ գրականության նկատմամբ, որ բավարարում էր մեծ թվով ընթերցողների ճաշակը: Ներառելով ծիծաղաշարժ որոշ դրվագներ` պոեմը, սակայն, զուրկ է իրական, կենդանի հումորից և առանձնանում է ձանձրալի երկարաբանություններով:
Բուալոն և հնի ու նորի բանավեճը[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդեն հասուն տարիքում Բուալոն ներքաշվեց հնի և նորի համեմատական արժանիքների մասին ժամանակին մեծ տարածում գտած վեճի մեջ: Որոշ բանախոսների համար անառարկելի փաստ էր անտիկ գրողների նկատմամբ ֆրանսիացի ժամանակակից բանաստեղծների գերազանցությունը, ովքեր կարողացել էին լավագույնս միավորել անտիկ ձևերի գեղեցկությունը բովանդակության արդի բարոյախոսության հետ: Մյուս կողմը, սակայն, պնդում էր, որ ֆրանսիացի ժամանակակից գրողները երբեք չեն գերազանցի անտիկ դարաշրջանի մեծ ուսուցիչներին: Իր մեկնաբանությունները կցելով Կասիոս Լոնգինի ստեղծագործությունների հրատարակությանը` Բուալոն հանդես եկավ որպես անտիկ դասականների ջերմ ջատագով[7]: Սակայն պաշտպանությունը սպասելի արդյունքի չհանգեցրեց, և ֆրանսիական հասարակությունը շարունակեց հենց իրեն` Բուալոյին, գերադասել Հորացիոսից:
Բուալոն և մյուս կլասիցիստները[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուալոյի անունը մի շարքում է դասվում Ռասինի և Մոլիերի անունների հետ, որոնց հետ նրան միավորում էր ամուր բարեկամությունը: Բուալոն երբեք նախանձի զգացմունք չի դրսևորել իր նշանավոր ժամանակակիցների հանդեպ, ընդհակառակը, նա առաջինն է պաշտպանել Ռասինին «Ֆեդրայի» նկատմամբ հնչած քննադատություններից: Նույն աջակցությունն է դրսևորել Մոլիերի նկատմամբ` հասկանալով այդ երկու խոշոր գրողների առավելություններն ու գիտակցելով նրանց արժանիքները արդեն մոռացված բանաստեղծների հանդեպ:
Բուալոն և կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասներկուամյա տարիքում Բուալոյին վիրահատել են երիկամային անբավարարությունից, ինչի հետևանքով նա դարձել է իմպոտենտ: Հենց այդ հանգամանքով է հաճախ բացատրվել, ջերմ զգացմունքների, երանգների բացակայությունը նրա պոեզիայում, այնտեղ հանդիպող քննադատությունը կանանց ու սիրո նկատմամբ, նրա չոր, զուսպ ոճը:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սատիրներ» (Satires, 1660—1668).
- «Ուղերձներ» (Épîtres, 1669—1695)
- «Քերթողական արվեստ» (Art poétique, 1674)
- «Տրակտատ բարձրագույնի մասին» (Կասիոս Լոնգինի երկերի թարգմանություն, Traité du sublime, 1674)
- «Անալոգիոն» (Le Lutrin, 1674—1683)
- «Երկխոսություն վեպի հերոսների մասին» (Dialogue sur les héros de roman, 1688)
- «Լոնգինի քննադատական վերլուծություն» (Réflexions critiques sur Longin, 1694—1710)
- «Շառլ Պերոյի նամակները» (Lettres à Charles Perrault, 1700)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Комитет исторических и научных работ — 1834.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Буало Никола // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Французская академия (ֆր.) — 1635.
- ↑ Chisholm, Hugh, ed. (1911). "Boileau-Despréaux, Nicolas". Encyclopædia Britannica (11th ed.). Cambridge University Press.
- ↑ Boulton, James T., ed. (2008). "Edmund Burke: A Philosophical Enquiry into the Sublime and Beautiful". Introduction. Routledge Classics. pp. xlii.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Буало-Депрео, Николай»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Նոյեմբերի 1 ծնունդներ
- 1636 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Մարտի 13 մահեր
- 1711 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի քննադատներ
- 17-րդ դարի գրողներ
- Ֆրանսիացի գրաքննադատներ
- 18-րդ դարի ֆրանսիացի գրողներ