Մարի Սթրիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Սթրիթ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1855(1855-02-18)[1] կամ 1855[2]
ԾննդավայրՍիգիշոարա, Մուրեշ, Ռումինիա[3]
Մահացել էսեպտեմբերի 16, 1928(1928-09-16)[1] կամ 1928[2]
Մահվան վայրԴրեզդեն, Սաքսոնիա[2]
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն և  Գերմանիա[4]
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, խմբագիր, գրող, խմբագիր և քաղաքական ակտիվիստ
ԱնդամությունQ23786403?
 Marie Stritt Վիքիպահեստում

Մարի Սթրիթ (անգլ.՝ Marie Stritt, փետրվարի 18, 1855(1855-02-18)[1] կամ 1855[2], Սիգիշոարա, Մուրեշ, Ռումինիա[3] - սեպտեմբերի 16, 1928(1928-09-16)[1] կամ 1928[2], Դրեզդեն, Սաքսոնիա[2]), գերմանացի, գերմանական թատրոնի դերասանուհի, ֆեմինիստ, իրավապաշտպան և առաջատար ուժ կանանց ընտրական իրավունքի միջազգային և գերմանական շարժման մեջ։ Գործունեություն է ծավալել կանանց կրթության ուղղությամբ և պայքարել է պետության կողմից կարգավորվող մարմնավաճառության դեմ։ Մարի Սթրիթը «Կանանց իրավաբանական օգնության» ընկերության միջոցով փորձել է ամուսնալուծության մասին օրենքներում փոփոխություններ կատարել։ Նա ծնելիության վերահսկման և աբորտի մեծ կողմնակից է եղել[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Սթրիթը ծնվել է 1855 թվականի փետրվարի 18-ին, որպես Մարի Բեկոն, Տրանսիլվանիայի Սիգիշոարա քաղաքում, գերմանացի փաստաբանների ընտանիքում։ Նա տասը քույրերից ու եղբայրներից ամենաավագն է եղել․ նրանցից վեցը մահացել են մանուկ հասակում։ Նրա հայրը՝ Ժոզեֆ Մարտին Բեկոնը (1820-1885), ի թիվս այլ բաների, Հունգարական խորհրդարանի (Ռայխստագի) անդամ էր։ Սթրիթի եղբայրը՝ Յոզեֆ Բեկոնը (1857-1941), քաղաքային բժիշկ[6] էր և Alt-Säßburg պատմա-ազգագրական թանգարանի հիմնադիրը` իր հայրենի քաղաքում[7]։

Մայրը՝ Թերեզա Բեկոնը, ներգրավված էր կանանց իրավունքներին վերաբերող քաղաքականության մեջ այն ժամանակ, երբ ավելի մեծ՝ Կանանց շարժում դեռևս գոյություն չուներ։ Հենց մայրն էր, որ Մարի Սթրիթին ծանոթացրել է Դրեզդենում կանանց շարժմանը 1890-ական թվականների սկզբին։

1873 թվականին Մարի Սթիթը հեռացել է Սիգիշոարայից՝ դերասանուհի դառնալու համար։ Նա հաճախել է Վիեննայի կոնսերվատորիան և առաջին պայմանագիրը կնքել է 1876 թվականին, Կարլսրուեում՝ Բադենի պետական թատրոնում։ Նրա դեբյուտը եղել է Հենրիխ ֆոն Կլեյստի «Քետհենը Հայլբրոնից կամ Կրակով փորձությունը» (գերմ.՝ Das Käthchen von Heilbronn oder Die Feuerprobe) ասպետական դրաման և Գյոթեի Քույրերն ու եղբայրները (գերմ.՝ Die Geschwister) պիեսը, որտեղ նա կատարում էր գլխավոր դերերից՝ Մարիանեի դերը։ Բադենի պետական թատրոնում նա սիրահարների թեմայով պիեսներում խաղացել է մինչև 1881 թվականը։ Դրան հաջորդել է Ֆրանկֆուրտը, որտեղ նա շուտով խզել իր պայմանագիրը և աշխատել է միայն որպես հյուր Համբուրգում («Թալիայի թատրոնում») և Դրեզդենում։

Մարի Սթրիթի ամուսինը՝ Ալբերտ Սթրիթը, 1890 թվական

1879 թվականին Մարի Սթրիթն ամուսնացել է դերասան, բեմադրիչ և օպերային երգիչ Ալբերտ Սթրիթի (1847-1908) հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա։ 1889 թվականին Մարի Սթրիթը հեռացել է բեմից և բնակություն հաստատել Դրեզդենում։ Այնտեղ, սկսած 1894 թվականից, նա ավելի ու ավելի է ներգրավվել կանանց շարժման մեջ, որում երկրորդական չէր մոր կողմից ոգեշնչումը։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Սթրիթը գերմանական կանանց շարժման կարևոր ռահվիրան է համարվում։ Դերասանական պատրաստության շնորհիվ նա կանանց շարժման լավագույն խոսնակներից մեկն էր։ 1891-1896 թվականների ընթացքում Սթրիթը անդամակցում էր և ժամանակավորապես նախագահում էր Կին-ռեֆորմատորների ասոցիացիան։ 1894 թվականին նա Դրեզդենում հիմնադրել է առաջին Կանանց իրավական պաշտպանության ասոցիացիան (գերմ.՝ Rechtsschutzverein für Frauen): 1896 թվականին նա ընդդեմ Գերմանիայի քաղաքացիական օրենսգրքի (BGB) ընտանիքի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցման Ֆրաուեն լանդշտուրմ (գերմ.՝ Frauen-Landsturm) կանանց բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկն էր։ Ֆրաուեն լանդշտուրմը դեղին թղթի վրա ութ էջանոց թռուցիկի վերնագիրն է, որը բաժանվել է 1896 թվականի հունիսի 25-ին։ Հեղինակը Մարի Սթրիթն էր։ Հուզական, բայց կտրուկ տոնով գրված թռուցիկները բաժանվել էին Ռայխստագի բոլոր պատգամավորներին և պաշտոնատար անձանց[8]։

1899-1910 թվականներին նա եղել է Գերմանական կանանց ասոցիացիաների ֆեդերացիայի (գերմ.՝ Bund Deutscher Frauenvereine - BDF) նախագահ։ 1900-1920 թվականներին Մարի Սթրիթը BDF-ի հրատարակչական մարմնի գլխավոր խմբագիրն էր։ Այս հրատարակությունը լույս է տեսել մինչև 1913 թվականը` Կենտրոնական թերթ (գերմ.՝ Centralblatt) խորագրի ներքո, որից հետո այն վերանվանվել է Կանանց խնդիր (գերմ.՝ Frauenfrage): BDF շատ ազդեցիկ կազմակերպություն էր, ուներ մեկ միլիոն անդամ և գոյատևել է մինչև 1933 թվականը` Գերմանիայում Նացիոնալ սոցիալիստների իշխանության գալը[9]։

Սթրիթը մեծ ազդեցություն է ունեցել Գերմանիայում կանանց քվեարկության իրավունքի շարժման մեջ։ 1911-1919 թվականներին նա ղեկավարել է Կանանց քվեարկության իրավունքի գերմանական ասոցիացիան, իսկ 1913-ից մինչև 1920 թվականը` Կանանց քվեարկության իրավունքի համաշխարհային ֆեդերացիայի (Միջազգային կին ընտրողների դաշինք) նախագահն էր։ 1920 թվականին նա Ռայխստագի կառավարության պատվիրակ էր Ժնևի միջազգային կոնգրեսում, 1919-1922 թվականներին՝ Դրեզդենի քաղաքային խորհրդի խորհրդական և 1920-1922 թվականներին՝ Դրեզդենի պատվավոր խորհրդական։

1919-ին դարձել է Գերմանիայի կանանց ասոցիացիաների ֆեդերացիայի ընդլայնված դաշնային գործադիր կոմիտեի անդամ, իսկ 1922-1927 թվականներին՝ Դրեզդենի կանանց ասոցիացիայի նախագահ։ Բացի այդ, Սթրիթը Կանանց կրթության ասոցիացիայի (հետագայում՝ Կանանց կերպարի ուսումնասիրման կանանց ասոցիացիա) համահիմնադիրն էր[10]։

1904 թվականի հունիսին նրա դիմանկարով լուսանկարը զարդարում էր ամենամեծ ժողովրդականություն վայելող Berliner Illustrirten Zeitung Բեռլինի իլյուստրացիոն շաբաթաթերթի առաջին էջը։ Այդ օրերին Բեռլինում մեկնարկել էր Կանանց միջազգային կոնգրեսը, որտեղ նա ներկա էր որպես Գերմանական կանանց ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ։ 1910 թվականին պահպանողական մեծամասնության հրահրմամբ Սթրիթին փոխարինել է Գերտրուդ Բոյմերը։ Պատճառն այն էր, որ Սթրիթը հանդես էր գալիս հղիության և մայրության դեկրետային արձակուրդի օգտին, ինչպես նաև պաշտպանում էր միայնակ մայրերի շահերը, նաև` հանդես էր գալիս համապարփակ սեռական բարեփոխումների օգտին էր և անզիջում դիրքորոշում ուներ ընդդեմ § 218-ի, որը պատժում էր աբորտը որպես քրեորեն պատժելի արարք։ Չնայած Սթրիթը կանանց շարժման արմատական թևի մաս էր կազմում, բայց նա մերժում էր ցանկացած բևեռացում և փորձում էր միջնորդ լինել մրցակցող թևերի միջև։

Մարի Սթրիթը մահացել է Դրեզդենում, սակայն նրան թաղել են Սիգիշոարայի գերեզմանատանը։

Մարի Սթրիթի հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Marie Stritt» հիմնադրամը ստեղծվել է 1910 թվականին, Գերմանիայի կանանց ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարվելու կապակցությամբ։ Մարի Սթրիթը որպես եկամուտ ստանում էր հիմնադրամի միայն տոկոսները, իսկ մայր գումարը մնում էր BDF-ի տիրապետության տակ։ Գնաճի պատճառով հիմնադրամը լուծարվել է 1923 թվականին։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Häusliche Knabenerziehung, Berlin 1891.
  • Frauenlogik, Dresden 1892.
  • Die Frau gehört ins Haus, Dresden 1893.
  • Die Bestimmung des Mannes, Dresden 1894.
  • Weibl. Schwächen, Dresden 1894.
  • Der Internationale Frauenkongress in Berlin 1904
  • Chrystal Macmillan; Marie Stritt; Maria Verone: Frauenstimmrecht in der Praxis. International Woman Suffrage Alliance. Dresden : Verlag von Heinrich Minden, 1913

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 WeChangEd
  4. WeChangEd
  5. «Stritt, Marie». Encyclopedia of Women Social Reformers - Credo Reference (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  6. լատին․՝ Stadtphysikus - մարմնի բժիշկ, ֆիզիոլոգ, բժիշկ, որին ուշ միջնադարում նշանակում էր քաղաքային խորհուրդը և ով իր անձնական պրակտիկայից բացի ստանձնում էր քաղաքի առողջապահական գործերը՝ այսօրվա առողջապահության վարչության նման։ Նա պատասխանատու էր պետական միջոցառումների ժամանակ բնակչության առողջության և քաղաքում գործող հիգիենիկ պայմանների համար։ Նրա պարտականությունների մեջ էին մտնում դեղատների և բժշկական խնդիրներով զբաղվող մարդկանց վերահսկողությունը, ինչպիսիք էին մանկաբարձներն ու բաղնիքի վարսավիրները (ռուս.՝ Цирю́льник): Բացի այդ, նա ուներ դատաբժշկական առաջադրանքներ, ինչպիսիք էին՝ ողջ մարդկանց հասցված վնասվածքների գնահատումը, մահացածների մարմնի արտաքին զննումն ու դիահերձումը։ Համաճարակային ժամանակաշրջանում շատ քաղաքային ֆիզիկոսներ հրատարակում էին փոքր, տպագիր ուղեցույցներ
  7. «100 Jahre Museum „Alt-Schäßburg": Dr. Josef Bacon – Heimatforscher und Museumsgründer». Schäßburger Nachrichten 12. 1999-12-01. էջեր 3–4. Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին. Վերցված է 2020-02-18-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  8. Markus Raasch, Andreas Linsenmann․ Die Frauen und der politische Katholizismus: Akteurinnen, Themen, Strategien․ Ferdinand Schöningh․ 2018․ ISBN=978-3-657-78906-1 էջ 215․ BuchID=qjh3DwAAQBAJ․
  9. «Bund Deutscher Frauenvereine (BDF)». Digitales Deutsches Frauenarchiv (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  10. Stadtmuseum Dresden (Hrsg.): 100 Jahre Frauenwahlrecht. Frauen wählen in Dresden. Dresden 2019, S. 19.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մարի Սթրիթ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Սթրիթ» հոդվածին։