Մասնակից:O'micron/Իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը ներկայացնում է իրավունքը որպես հասարակական հարաբերությունների կարգավորիչ։ Իրավունքի առնչակցությամբ հասարակական գիտության մասին տեղեկատվության համար՝ տե՛ս Իրավագիտություն հոդվածը։ Տե՛ս նաև Իրավունք (այլ կիրառումներ)։

«Իրավական» և «իրավական հայեցակարգ» եզրույթները վերահղվում են այստեղ։

Հին հունական դիցարանի Թեմիս աստվածուհին՝ արդարության խորհրդանիշը։

Իրավունք (լատին․՝ iuris՝ «իրավունք» իմաստով, տառադարձվում է «յուրիս», «օրենք» իմաստով՝ լատին․՝ lex), հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում։ Գիտական շրջանակներում «իրավունք» եզրույթը սահմանվում է որպես բազմիմաստ հասկացություն։ Իրավունքի ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունն իրավագիտությունն է, որը բնորոշվում է որպես «արդարության արվեստ»։ Գոյություն ունեն իրավունքի ծագման մասին բազմաթիվ տեսություններ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի կերպով ներկայացնում է իրավունքի կարգավորիչ դերը հասարակական հարաբերություններում՝ միևնույն ժամանակ ամրագրելով այն համոզմունքը, որ իրավունքն հետ նույն պատճառների ուժով առաջացել է նաև պետությունը։ Համաձայն բնական իրավունքի տեսության՝ մարդը ի ծնե օժտված է անօտարելի իրավունքներով, առանց որի վերջինս գոյություն ունենալ չի կարող։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Բնական իրավունքն ամրագրված է Սահմանադրությամբ և օրենքներով, որոնք ձևավորում են օրենսդրությունը (հայտնի է որպես դրական իրավունք): Առանձին պետությունների պետաիրավական վարչակարգով, ազգային գաղափարախոսությամբ, կրոնական ուսմունքով կամ այլ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ օրենսդրությունը կարող է մարդու բնական հավակնությունները բավարարել տարբեր մակարդակներում։ Օրինակ իսլամական շատ երկրներում, օրինակ՝ Իրանում և Սաուդյան Արաբիայում, որպես ազգային օրենսդրության հիմք ընդունվում է շարիաթը և այս հանգամանքով էլ պայմանավորված է դրա ոչ մարդասիրական լինելը։

Սովորույթը իրավունքի ելակետային աղբյուրն է, որը հիմնված է մարդու առօրեական կենսափորձի վրա։ Իրավունքի հնագույն աղբյուրներից է նաև նախադեպը։ Մարդկային հասարակության զարգացման արդյունքում ի հայտ է գալիս իրավունքի նոր ձև (աղբյուր)՝ օրենքը, որպես քաղաքականացված, պաշտոնապես ամրագրված նորմատիվ-իրավական ակտ։ Գրավոր ձև ունեցող օրենքը պետության իրավաստեղծ գործառույթի գործնական հետևանքն է։ Այն ներառում է գործադիր մարմին ընդունած համապարտադիր նորմերը, կառավարության հրամանագրերը, որոշումները, դատական մարմինների (Հայաստանում՝ այդպիսի իրավասությամբ օժտված է Վճռաբեկ ատյանը) ընդունած նախադեպային որոշումները։ Իրավունքը անուղղակի կերպով ձևավորում է քաղաքականությունը, տնտեսագիտությունը, պատմությունը և սոցիոլոգիան՝ ծառայելով որպես մարդկանց միջև փոխհարաբերությունների միջնորդ։ Իրավունքի աղբյուրների, հիմնական եզրերի, կառուցակարգի և պատմական ձևավորման ընդհանրության հիմքի վրա ձևավորվում է իրավական համակարգը։ Ըստ կարգավորման առարկայի՝ իրավունքն ունի ճյուղային կառուցվածք (օրինակ՝ քաղաքացիական իրավունք, քրեական իրավունք, վարչական իրավունք, միջազգային իրավունք և այլն):