Հիլդայի ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուպիտերի տրոյացի աստերոիդների (կանաչ) և Հիլդայի ընտանիքի (շագանակագույն) տեղաբաշխումը։

Հիլդայի ընտանիք, մուգ ածխածնային աստերոիդների խումբ է, որը տեղաբաշխված է աստերոիդների հիմնական գոտում` Մարս և Յուպիտեր մոլորակների ուղեծրերի միջև։

Հիլդայի ընտանիքն իրական աստերոիդների ընտանիք չէ, քանի որ նրա անդամները չեն հանդիսանում մեկ ընդհանուր ծնող մարմնի բեկորներ, որը հատկանշական է մնացած աստերոիդների ընտանիքների մեծամասնության համար: Այն պարզապես նման շարժում ունեցող աստերոիդների խումբ[1], որը շարժվում է 2:3 ուղեծրային ռեզոնանսով Յուպիտերի հետ։

Հիլդայի ընտանիքն իր ուղեծրով բաշխված է բավականին անհավասար և ներկայացնում է եռանկյունի աստերոիդների երեք առանձին խտացումներով եռանկյունու գագաթներում, որոնք համապատասխանում են երեք հիմնական դիրքերին, որոնք համապատասխանում են Լագրանժի կետերին. նրանցից երկուսը տեղաբաշխված են L4 և L5 կետերի շրջակայքում, և մեկը` L3 կետում, Յուպիտերի ուղեծրի հակառակ կողմում[2]։ Դա ցույց է տրված նկարում, որի վրա այս ընտանիքի աստերոիդները նշված են շագանակագույն գույնով։ Այս ընտանիքի աստերոիդների շարժումը տեղի է ունենում այնպես, որ հատկապես L3 կետում է տեղակայված այս աստերոիդների ապոհելին։ Ընդ որում աստերոիդների մի մասը տեղակայված է հիմնական խտացումների միջև և նրանցից ամեն մեկը հերթականությամբ անցնում են բոլոր երեք Լագրանժի կետերով։

Ընտանիքը անվանվել է այս ընտանիքի կարևորագույն ներկայացուցիչներից մեկի (153) Հիլդա աստերոիդի անվամբ, որը հայտնաբերվել է 1875 թվականին ավստրիացի աստղագետ Յոհան Պալիսայի կողմից։ 2005 թվականի օգոստոսի դրությամբ հայտնի էին այս ընտանիքի 411 մարմինների մասին, որոնք ունեին սեփական անուններ ու ևս 546-ի մասին, որոնք ունեն ժամանակավոր նշանակում։ Այս պահին այս ընտանիքի անդամների քանակը անցել է 1100 աստերոիդը[1][3]։

Այս ընտանիքի անդամների միջև կարելի է հանդիպել մութ ածխածնային C սպեկտրալ դասի աստերոիդներ, սակայն գերակշիռ մասը պատկանում են D և P դասերին։ Այս երկու սպեկտրալ դասերը հանդիսանում են ամենատարածվածները աստրոիդների հիմնական գոտու արտաքին մասերում և Յուպիտերի տրոյացի աստերոիդների մեջ։ Այս սպեկտրալ դասերին են պատկանում նույնպես շատ գիսաստղերի միջուկները, ինչը ցույց է տալիս գիսաստղերի և հիմնական գոտու արտաքին մասի աստերոիդների մակերևույթների ընդհանուր միներալոլոգիական կազմությունը։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Հիլդայի ընտանիքի աստերոիդները նույնպես կարող են ունենալ ընդհանուր ծագում[3]։

Շարժումը[խմբագրել]

Հիլդայի աստերոիդների ընտանիքի անդամները շարժվում են 3,7—4,2 ա. մ. մեծ կիսաառանցք ունեցող ուղեծրերով, էքսցենտրիսիտետը՝ 0,07—0,3, և ուղեծրի թեքումը ոչ ավելին քան 20°[3]։ Այս ընտանիքի աստերոիդները շարժվում են 3:2 ռեզոնանսով Յուպիտերի հետ, ինչը նշանակում է, որ Յուպիտերի Արեգակի շուրջ կատարած երկու պտույտի ընթացքում, նրանք հասցնում են այսպիսի երեք պտույտ[3]։

Ձախից՝ Հիլդայի աստերոիդների եռանկյունին հիմնական գոտու մնացած աստերոիդների ֆոնին։
Աջից՝ Հիլդայի աստերոիդների տեղաբաշխումը իրենց ուղեծրերի ֆոնին։

Հիլդայի ընտանիքի աստերոիդները իրենց ամբողջությամբ ներկայացնում են դինամիկ եռանկյուն մարմին մի փոքր ուռուցիկ կողմերով և եռանկյան գագաթներում աստերոիդների խտության մեծացմամբ, որոնք և համապատասխանում են Յուպիտերի Լագրանժի կետերին, երբեմն այս ընտանիքը անվանում են «Հիլդայի եռանկյունի»[2]։ Աստերոիդների ընտանիքի լայնությունը եռանկյան կողմերի վրա կազմում է 1 ա. մ., գագաթներում այս մեծությունը 20—40 %-ով ավելին է։ Նկարի վրա պատկերված է Հիլդայի աստերոիդների տեղաբաշխումը (սև) մյուս բոլոր հայտնի հիմնական գոտու աստերոիդների ֆոնին (գորշ) 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ[4]։ Սակայն ի տարբերություն Յուպիտերի տրոյացի աստերոիդների նրանք չեն կապված նրա Լագրանժի կետերի հետ, այլ անընդհատ փոխում են իրենց դիրքը նրա համեմատ, ընդ որում նրանց հաջողվում է խուսափել մոլորակի հետ մերձեցումներից։

Հիլդայի խմբի աստերոիդներից ամեն մեկը շարժվում է իր սեփական էլիպտիկ ուղեծրով, սակայն ամեն մի ժամանակի պահին նրանց խումբը պահպանում է եռանկյունաձև դասավորվածությունը։ Աստերոիդների մեծամասնության համար տեղաբաշխումը ուղեծրուկ կարող է կամայական լինել, բացառությամբ այն մարմինների, որոնք գտնվում են եռանկյունիների գագաթների արտաքին մասերում, Լագրանժի կետերի մոտակայքում։ Հիլդայի եռանկյունին զարմանալի կերպով մնում է դինամիկ-հաստատուն բավականին երկար ժամանակ։

(153) Հիլդա (կանաչ) աստերոիդի և Յուպիտերի (կարմիր) տեղաբաշխման սխեման

Հիլդայի ընտանիքի տիպային մարմինը ունի ուղեծրով հակադարձ շարժում։ Ընդ որում, աստերոիդի միջին արագությունը այնքանով մեծ է, որքանով փոքր է նրա ուղեծրի էքսցենտրիսիտետը։ Ամենադանդաղ շարժվում են այն աստերոիդները, որոնք գտնվում են եռանկյունիների գագաթներում։ Հիլդայի ընտանիքի աստերոիդները, իրենց ապոհելիում կարծես թե պետք է չափազանց մոտենային Յուպիտերին, որը իր ձգողությամբ պետք է ապակայունացներ նրանց ուղեծրերը, սակայն աստերոիդների ուղեծրային էլեմենտների փոփոխությունները ժամանակի ընթացքում թույլ են տալիս խուսափել դրանից, և Յուպիտերի հետ մերձեցումը տեղի է ունենում միայն պերիհելիում։ Բացի դրանից, եռանկյունիների գագաթները մի փոքր տատանվում են Լագրանժի կետերի շրջակայքում, մոտավորապես 2,5—3 հարյուր տարի պարբերությամբ։

Ի հավելումն նրա, որ Հիլդայի եռանկյունին շարժվում է Յուպիտերի հետ կապի մեջ, նրանում դիտարկվում են որոշակի աստերոիդների խտության ալիքներ, եռանկյունին կարծես թե «շնչում է»՝ չնայած ակն բանին, որ աստերոիդները խիստ գամված չեն Լագրանժի կետերին, այլ հերթականորեն անցնում են նրանց մոտով, աստերոիդների խտությունը եռանկյան գագաթներում ամեն ժամանակի պահին մոտ երկու անգամ ավելի մեծ է քան նրա կողմերի վրա։ Սա պայմանավորված է նրանով, որ այս աստերոիդների ուղեծրային շարժման ժամանակի մեծ մասը, մոտ 5,0—5,5 տարի, Հիլդայի աստերոիդները անց են կացնում իրենց ապոհելիներում, այսինքն եռանկյան գագաթներում, իսկ եռանկյան կողմերով շարժումը տեղի է ունենում շատ ավելի արագ և կազմում է ընդամենը 2,5—3 տարի։ Ընդհանուր առմամբ այս աստերոիդների ուղեծրային պարբերությունները կազմում են միջինում 7,9 տարի, ինչը համապատասխանում է Յուպիտերի Արեգակի շուրջ պտույտի ժամանակի 2/3-ը։

Չնայած այն բանին, որ եռանյկունին գործնականում հավասարակողմ է գոյություն ունեն որոշ ասիմետրիկություններ։ Այսպես, Յուպիտերի ուղեծրի ձգվածության պատճառով L4 և L5 կետերի միջև ընկած կողմը մի փոքր տարբերվում է մյուս երկու կողմերից։ Երբ Յուպիտերը գտնվում է իր ուղեծրի ապոհելիում, նրան անմիջականորեն մոտ գտնվող աստերոիդների միջին արագությունը մի փոքր ավելի փոքր է, քան ուղեծրի այլ մասերում գտնվող աստերոիդներինը, իսկ երբ Յուպիտերը իր պերիհելիում է, տեղի է ունենում հակառակը։

Հիլդայի աստերոիդների (սև) և տրոյացիների (գորշ) տեղաբաշխումը, եթե դիտարկենք խավարածրի հարթությունից։ Երևում է տրոյացիների խմբի գնդաձև դասավորումը։

Եռանկյան կողմերի մեջտեղում Հիլդայի ընտանիքի աստերոիդները համարյա մոտենում են աստերոիդների հիմնական գոտու արտաքին մասերում գտնվող աստերոիդներին, իսկ եռանկյան L4 և L5 կետերին համապատասխանող գագաթներում մոտենում են Յուպիտերի տրոյացի աստերոիդներին և նույնիսկ հատում են նրանց ուղեծրերը։ Հենց այս հատման կետերում էլ տեսանելի են դառնում տրոյացիների և Հիլդայի աստերոիդների արագությունների տարբերությունները։ Պետք է նաև նշել, որ տրոյացի աստերոիդների ուղեծրի թեքումը համարյա երկու անգամ ավելին է Հիլդայի ընտանիքի մարմինների ուղեծրի թեքումից, այդ պատճառով, տրոյացիների ընդամենը չորրորդ մասի մոտ է, որ ուղեծիրը հատվում է այս ընտանիքի աստերոիդների ուղեծրերի հետ, այն դեպքում երբ տրայացիների մեծամասնությունը ժամանակի ցանկացած պահին գտնվում են Յուպիտերի ուղեծրից դուրս, ինչը լավ երևում է նկարում։ Այնտեղ ցույց է տրված տրոյացի աստերոիդների բաշխման գնդաձևությունը Լագրանժի կետերի մոտակայքում։

Հետազոտությունները[խմբագրել]

Հիլդայի աստերոիդների շարժման առանձնահատկությունների մասին տվյալները հիմնված են այս ընտանիքի հարյուրավոր մարմինների ուսումնասիրությունների վրա, սակայն այս ընտանիքի մասին դեռևս շատ բան մնում է անհասկանալի։ Ընտանիքի հետագա հետազոտությունները թույլ կտան ընդլայնել նրա կազմը։ Այսպիսի դիտարկումները առավել նպաստավոր են, երբ Երկիրը գտնվում է եռանկայան կողմերի միջնամասերի դիմաց, այսինքն այս ընտանիքին ամենամոտ դիրքում։ Այս ժամանակ մեզ ամենամոտ գտնվող աստերոիդների փայլը կարող է 2,5m-ով գերազանցի եռանկյան գագաթներում տեղաբաշխված աստերոիդների փայլին։ Երկիրը այսպիսի դիրքում է հայտնվում բավականին հաճախ՝ 4,3 ամիսը մեկ անգամ։

Այս ընտանիքի ամենամեծ աստերոիդները[խմբագրել]

Անունը Տրամագիծ Մեծ կիսաառանցք Ուղեծրի թեքում Էքսցենտրիսիտետ Հայտնաբերման տարին
(153) Հիլդա 170,6 կմ 3,976 ա. մ. 7,835° 0,141 1875
(190) Իսմենա 159,0 կմ 3,982 ա. մ. 6,166° 0,166 1878
(361) Բոնոնիա 142,0 կմ 3,954 ա. մ. 12,632° 0,213 1893

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Բրոհ, Մ.; Վոկրուխլիկ Դ. (2008). «Յուպիտերի հետ ռեզոնանսում գտնվող աստերոիդների ընտանիքներ». Թագավորական աստղագիտական միության ամսական նոթեր 390 (2): 715–732. http://adsabs.harvard.edu/abs/2008MNRAS.tmp.1068B։ Վերցված է 2009-12-15. 
  2. 2,0 2,1 Մաթիաս Բուշ։ «Հիլդայի աստերոիդների ձևավորած եռանկյունին»։ EasySky։ Արխիվացված օրիգինալից 2012-06-21-ին։ http://www.webcitation.org/68ZlzEnGQ։ Վերցված է 2009-12-15։ 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Օհցուկա, Կացուհիտո; Յոշիկավա, Մ.; Աշեր, Դ. Ջ.; Արկաիդա, Հ.; Արակիդա, Հ. (հոկտեմբեր 2008). «Կեղծ-Հիլդա գիսաստղ 147P/Կուշիդա-Մուրամացուն։ Մեկ այլ Յուպիտերի կողմից ձգված ժամանակավոր արբանյակ». Աստղագիտություն և Աստղաֆիզիկա 489 (3): 1355–1362. http://adsabs.harvard.edu/abs/2008A%26A...489.1355O. 
  4. Վ. Ն. Լվով, Ռ. Ի. Սմեխաչևա, Ս. Ս. Սմիրնով, Ս. Դ. Ցեկմեյստվեր (2004)։ Հիլդայի աստերոիդների շարժման որոշ առանձնահատկությունները։ Պուլկովյան աստղադիտարան, 318-324։ Վերցված է՝ 2011-01-15։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]