Jump to content

Հայկական հեռուստատեսային կինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեռուստատեսային կինո։ Հայկական հեռուստաֆիլմերի առաջին նկարահանումները կատարվել են Հայաստանի հեռուստաստուդիայի ստեղծման (1956 թվական) առաջին օրերից, դրանք վավերագրական սյուժեներ և ակնարկներ էին։ Միաժամանակ արվել են գեղարվեստական հեռուստաֆիլմերի նկարահանման փորձեր։ 1957 թվականին հեռուստաստուդիայում բեմադրվել է Միխայիլ Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» (ռեժ.՝ Մարատ Մարինոսյան) պատմվածքը ներկայացման նախաբանն ու վերջաբանը նկարահանվել են, որոնք գեղարվեստական հեռուստաֆիլմի ստեղծման առաջին կադրերն են։ «Դեպի բարձունքներ» (1958 թվական, ռեժ.՝ Ժիրայր Ավետիսյան) առաջին գեղարվեստական ֆիլմը դպրոցականների մասին է։ Նույն թվականին նկարահանվել է «Խղճի ձայնը» (ռեժ.՝ Վիլեն Զաքարյան) կինոնկարը։ 1960 թվականին ստեղծվել են «Քայլեր» (ըստ Ա. Լիյվեսի, ռեժ.՝ Ժիրայր Ավետիսյան) առաջին լիամետրաժ (գլխավոր դերում՝ Արմեն Ջիգարխանյան), ապա՝ «Սայաթ-Նովա» (ռեժ.՝ Կիմ Արզումանյան) ֆիլմերը։

1968 թվականին հեռուստաստուդիայում կազմակերպվել է հեռուստաֆիլմերի կինոմիավորում, որի հիման վրա 1970 թվականին ստեղծվել է «Երևան» ստուդիան։ Հեռուստաֆիլմերի մեծ մասը գրական երկերի էկրանավորումներ են՝ «Ձախորդ Փանոսը» (ըստ Հովհաննես Թումանյանի, 1969 թվական), «Մորգանի խնամին» (ըստ Շիրվանզադեի, 1970 թվական), «Լենինն ու Ալին» (ըստ Եղիշե Չարենցի, 1970 թվական), «Հույսի խրճիթներ» (ըստ Երուխանի, 1971 թվական), «Ճանապարհին» (ըստ Յուրի Նագիբինի, 1976 թվական), «Ձորի Միրոն» (ըստ Մուշեղ Գալշոյանի, 1979 թվական), «Կիսակայարան» (ըստ Մանուկ Սնացականյանի, 1988 թվական) և այլն։ Ֆիլմեր են նկարահանվել նաև գրողներ Ժորա Հարությունյանի, Վահագն Դավթյանի, Շահեն Թաթիկյանի, Հովհաննես Մելքոնյանի, Մուշեղ Գալշոյանի, կինոռեժներ Վիլեն Զաքարյանի, Մարատ Վարժապետյանի, Ալբերտ Մկրտչյանի և ուրիշներ սցենարներով։ Ուշագրավ են «Շրթներկ № 4» (1964 թվական, ռեժ.՝ Ժիրայր Ավետիսյան), «Հարսնացու հյուսիսից» (1975 թվական, ռեժ.՝ Ներսես Հովհաննիսյան) կատակերգական, «Համր վկան» (1980 թվական, ռեժ.՝ Ա. Մոկացյան) դետեկտիվ, «Արշակ» (1973 թվական, ռեժ.՝ Ժ. Ավետիսյան), «Նորից ամառ եկավ...» (1975 թվական, ռեժ.՝ Ռեմ Սարգսյան) մանկական ֆիլմերը, «Անուշ» (1982 թվական, ռեժ.՝ Մ. Վարժապետյան) կինոնկար-օպերան և այլն։ Պատերազմի թեման է արտացոլված «Վերջին նետում» (1966 թվական, ռեժ.՝ Վիլեն Զաքարյան), «Ջրհորի մոտ» (1970 թվական, ռեժ.՝ Ժիրայր Ավետիսյան), «Լուսանկարը» (1970 թվական, ռեժ.՝ Ալբերտ Մկրտչյան), ժամանակակից կյանքը՝ «Սերոբի ծառը» (1978 թվական, Կադր «Խաչագողի հիշատակարանը» (ըստ Րաֆֆու) կինոնկարից (2010 թվական, ռեժ.՝ Հրաչ Քեշիշյան) ռեժ.՝ Հովիկ Հախվերդյան), «Մասնավոր կյանք» (1985 թվական, ռեժ.՝ Վ. Ձաքարյան) կինոնկարներում։ 1968 թվականից ստեղծվել են նաև վավերագրական ֆիլմ-դիմանկարներ աշխատավոր մարդկանց, գիտնականների և մշակութային գործիչների մասին։

Հեռուստատեսության պատվերով ֆիլմեր է նկարահանել Հայֆիլմ ստուդիան «Մրցույթի են եկել խոհարարները» (1977 թվական), «Թռիչքն սկսվում է գետնից» (1980 թվական, երկուսն էլ՝ ռեժ.՝ Ն. Հովհաննիսյան), «Անուշ մայրիկը» (1983 թվական, ռեժ.՝ Արա Վահունի) և այլն։ Էկրանավորվել են «Իմ սիրտը լեռներում է» (ըստ Վիլյամ Սարոյանի, 1975 թվական, ռեժ.՝ Լևոն Գրիգորյան), «Օգոստոս» (ըստ Հրանտ Մաթևոսյանի, 1976 թվական, ռեժ.՝ Կարեն Գևորգյան), «Սգավոր ձյունը» (ըստ Անրի Թրուայայի, 1978 թվական, ռեժ.՝ Յուրի Երզնկյան), «Ատամնաբույժն արևելյան» (ըստ Հակոբ Պարոնյանի, 1981 թվական, ռեժ.՝ Էռնեստ Մարտիրոսյան) և այլ գրական երկեր։ Վերջին շրջանում նկարահանվել են «Սպանված աղավնի» (ըստ Նար-Դոսի, 2008 թվական), «Խաչագողի հիշատակարանը» (ըստ Րաֆֆու, 2010 թվական, երկուսն էլ՝ ռեժ.՝ Հրաչ Քեշիշյան) և այլ գեղարվեստական կինոնկարներ, նաև մի շարք հեռուստասերիալներ, որոնք թեպետ արտացոլում են լուծում պահանջող ժամանակակից խնդիրներ, սակայն մեծ մասը դեռևս չի ապահովում պրոֆեսիոնալ կինոարվեստի գեղարվեստական պահանջները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։