Հայաստանում ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատող մարդկանց իրավունքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետությունում ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատող մարդկանց իրավունքներ. իրավունքներ են, որոնք ամրագրված են ՀՀ իրավական ակտերում՝ ապահովելու համար նման պայմաններում աշխատողների անվտանգության և առողջության առավելագույն պաշտպանությունը։

Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքի անվտանգ պայմաններ ունենալու իրավունք[1]։ Վտանգավոր և վնասակար պայմաններում աշխատող մարդկանց իրավունքներն իրենց արտացոլումն են գտել բազմաթիվ իրավական ակտերում` ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական։ Դրանց թվում են` Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Վերանայված Եվրոպական սոցիալական Խարտիան, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը, «Արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցելու մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) թիվ 17, «Մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողներին փոխհատուցման մասին» ԱՄԿ թիվ 18, «Խոշոր արդյունաբերական վթարների կանխման մասին» ԱՄԿ թիվ 174, «Հանքահորերում անվտանգության և առողջության մասին» ԱՄԿ թիվ 176 կոնվենցիաները, ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը, ՀՀ Կառավարության և ՀՀ Վարչապետի որոշումները։

ՀՀ-ում ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար պայմաններում կատարվող աշխատանքների ցանկը սահմանված է ՀՀ Կառավարության 2010թ. N1698-Ն որոշմամբ[2], իսկ առողջության համար վնասակար գործոնների թույլատրելի նվազագույն մակարդակը և քանակը սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով[1]։ Այդպիսի աշխատանքներ կատարող անձանց տրվում են լրացուցիչ իրավունքներ, երաշխիքներ և արտոնություններ՝ նրանց անվտանգության և առողջության առավելագույն պաշտպանության նպատակով։

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ «աշխատողների անվտանգությունը և առողջությունը աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պահպանման համակարգն է, որը ներառում է իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական-տեխնիկական, սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ, վերականգնողական և այլ միջոցառումներ»[1]։ Աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն՝ այդ նպատակով ընդունելով համապատասխան ներքին իրավական ակտեր։ Առողջության համար անվտանգ և անվնաս պայմանները ներառում են անվտանգության, տեխնիկայի նորմերի և կանոնների պահպանումը, պատշաճ լուսավորությունը, ջեռուցումը, օդափոխությունը, սահմանված նվազագույն նորմաներից ցածր աղմուկը, ճառագայթումը, վիբրացիան և աշխատողի առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ գործոններ։ Ընդ որում՝ աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին իրավական ակտերի, աշխատանքների կազմակերպման և իրականացման կանոնների, հրահանգների պահանջները չպահպանելը համարվում է կազմակերպության ներքին կարգապահական կանոնների խախտում[1]։

2015թ.-ին փոփոխված ՀՀ Սահմանադրության 82-83-րդ հոդվածները հիմնարար երաշխիքներ են ամրագրում աշխատանքի պայմանների և սոցիալական ապահովության համար։ Այդպիսի սահմանադրական երաշխիքի սահմանմամբ իրավական առումով ապահովվում են յուրաքանչյուր աշխատողի՝ օրենքի պահանջներին համապատասխան առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմաններ ունենալու, մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունքները[3]։ Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված այս երաշխիքը` ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը, իբրև սկզբունք, երաշխավորում է յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովումը՝ ներառյալ` հանգստի, անվտանգության ապահովման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանների իրավունքները[1]։ Վերջինս ամրագրված է նաև Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրով, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200/Ա XXI բանաձևով և վավերացվել է ՀՀ-ի կողմից։ Մասնավորապես՝ դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են աշխատանքի արդար և նպաստավոր պայմանների` յուրաքանչյուրի իրավունքը, այդ թվում՝ աշխատանքի այնպիսի պայմանների, որոնք համապատասխանում են անվտանգության և հիգիենայի պահանջներին[4]։

Այս հիմնարար և սկզբունքային դրույթների, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված՝ աշխատանքի ոլորտի միջազգային իրավական ակտերի հիման վրա էլ աշխատանքային օրենսդրությունը ամրագրում է ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար պայմաններում աշխատող մարդկանց իրավունքները։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի ընթացքում տեղի ունեցող վթարները, աշխատանքային պայմաններով պայմանավորված մասնագիտական հիվանդությունները անհատների և նրանց ընտանիքների ոչ միայն տնտեսական, այլև ֆիզիկական և հոգեբանական բարեկեցության վրա մեծ ազդեցություն են ունենում, լինի դա երկարատև, թե կարճատև։ Ավելին, դրանք կարող են զգալիորեն ազդել ձեռնարկությունների արտադրողականության վրա՝ հանգեցնելով արտադրական գործընթացների խանգարումների, մատակարարման շղթաներում ձեռնարկությունների մրցունակության և հեղինակության նվազեցման, ինչպես նաև լայնորեն ազդել հասարակության և տնտեսության վրա[5]։

Վերջերս (2018թ.) ստացված պատկերները ցույց են տալիս, որ էրգոնոմիկ գործոնները, վնասվածքներ ստանալու ռիսկը պայմանավորող գործոնները, պինդ կամ հեղուկ թափոնների արտանետումները, գազերը, ծուխը և աղմուկը մասնագիտական հիվանդությունները պատճառավորող համաշխարհային գործոնների ամենամեծ մասն են կազմում։ Վերջին հետազոտությամբ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) երևում է, որ ամբողջ աշխարհում գոտկատեղի և պարանոցի ցավերի 20 տոկոսը և հասուն մարդկանց շրջանում լսողության կորստի դեպքերի 25 տոկոսը վերագրելի են աշխատանքային գործունեության ազդեցությանը։ Սա նշանակում է, որ աշխատանքային գործունեության վրա շարունակում են մեծ ազդեցություն ունենալ ավանդական և քաջ հայտնի վնասակար ֆիզիկական, քիմիական և կենսաբանական գործոնները, և որ դեռևս երկար ճանապարհ կա դիմադրելու աշխատանքային գործունեության վրա այսպիսի ռիսկային գործոնների ազդեցության ընդլայնման համաշխարհային միտումին[6]։

Աշխատողների առողջության և անվտանգության ապահովման խնդիրը գոյություն է ունեցել դեռևս այն ժամանակվանից, երբ մարդիկ սկսել են աշխատել, կամ նրանց վարձել են՝ աշխատավայրերում աշխատելու։ Այդուհանդերձ, աշխատանքի ընթացքում առաջացող տարածված վնասների, հիվանդությունների, մահացության մասին տեղեկացվածության շարունակական բարձրացումը սկսվում է դեռևս արդյունաբերական հեղաշրջումից, որ տեղի ունեցավ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Եվրոպայի որոշ գաղութներում 18-րդ և 19-րդ դարերում։ Արդյունաբերացումը իր հետ բերեց տնտեսության մեջ և հասարակական կազմակերպությունների շրջանում խոշոր տեղաշարժեր։ Այս փոփոխություններին զուգահեռ աճում էին մտահոգությունները աշխատողների առողջության, անվտանգության և բարեկեցության վերաբերյալ։ Հանքային փոշիների, մանրաթելերի, թունավոր մետաղների, կենսաբանական վնասատուների (ինչպիսին է օրինակ բացիլլին, որ սիբիրախտ է առաջացնում, և այլ մանրէածին ինֆեկցիաներ) բացահայտումները, իոնիզացնող ճառագայթումները, ինչպես նաև վտանգավոր մեքենաներից առաջացող ֆիզիկական վնասները, դրանց հետ մեկտեղ՝ հանքային արդյունաբերության, առևտրային փոխադրումների ժամանակ տեղի ունեցող արտադրական խոշոր աղետները, հրդեհներն ու պայթյունները խիտ, մարդաշատ գործարաններում, փաստագրվում էին մինչև 19-րդ դարի վերջերը։ Մինչ 20-րդ դարի վաղ տասնամյակները այսպիսի մարտահրավերներին ուղղված պատասխանները ևս արձանագրվեցին։ Դրանք ի հայտ եկան կարգավորող հսկողության և դրա հարկադիր կիրառման ձևով՝ կազմակերպության ձևավորման և աշխատողների առողջության և անվտանգության խնդիրների շուրջ աշխատուժի քաղաքական մոբիլիզացման, ինչպես նաև աշխատողների առողջության և անվտանգության վերաբերյալ մասնագիտացված գիտական, բժշկական, հիգիենիկ, ինժեներական գիտելիքների աճին և կարգավորող մասնագետների՝ այդ թվում պետական կառավարիչների սոցիալական ապահովագրության կազմակերպությունների, կորպուսների զարգացմանը զուգահեռ։ Ամենազարգացած պետությունները տեղում ունեին կարգավորված հսկողության շրջանակ՝ նախատեսված աշխատանքային հարաբերությունների առավել լայն իրավական կառուցվածքների ձևավորման համար, և պարտավորեցնում էին ապահովագրել աշխատողներին վնասվածքներից կամ վատառողջությունից՝ իրենց աշխատանքային գործունեության ընթացքում, ինչպես նաև ամրագրում էին դրույթներ անհրաժեշտության դեպքում նրանց ֆինանսական փոխհատուցման համար։ Դրանք ղեկավարվում էին պետությունների կողմից այն տեսչությունների միջոցով, որոնք հաստատվել էին այդ նպատակի համար, թեև այդ տեսչությունները բավականին սահմանափակ լիազորություններ և ազդեցություն ունեին։ Արդյունքում այսպիսի համակարգերը լայնորեն ընդունվեցին՝ իրականացնելու միայն աշխատողների սահմանափակ պաշտպանություն, ուստի հետագայում ևս աստիճանաբար բարեփոխումներ կատարվեցին։ Մինչև 20-րդ դարի սկիզբը, մշտապես սոցիալական բարեփոխումներ իրականացնողները, իրավաբանները, աշխատողների ներկայացուցիչները, կրթված արդյունաբերողները, իրենց կողմից ստեղծված միություններով հանդերձ, ինչպես օրինակ` Աշխատանքային օրենսդրության միջազգային ասոցիացիան (International Association for Labour Legislation), արդեն իսկ իրենց միջազգային ջանքերով հասել էին որոշակի հաջողության՝ բարձրացնելու աշխատավորական խնդիները, որոնց մեջ գերակայում էին անվտանգությունն ու առողջությունը՝ ներառյալ Բեռնի 1906թ.-ի` սպիտակ ֆոսֆորի և կանանց գիշերային աշխատանքի արգելման վերաբերյալ կոնվենցիաների ընդունումը ( 1906 Berne Conventions preventing the use of White Phosphorous and night work for women): Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը ընդհատեց աշխատողների առողջության և անվտանգության միջազգային ստանդարտների ձևավորման այս ջանքերը, այն միաժամանակ ուշադրություն հրավիրեց այդ խնդիրների վրա։ Տարբեր երկրների պատերազմական ձգտումների արտադրական աջակցությունը հանգեցրեց պատերազմի հետ կապված ապրանքների և դրանց հետ կապված վնասակար նյութերի արտադրության աճի։ Թունավոր և պայթուցիկ նյութերի ընդլայնվող բացահայտումները առողջության վրա ազդեցության և անվտանգության բարելավված չափորոշիչների անհրաժեշտության առավել խորը գիտակցում առաջացրին։ Ի վերջո, պատերազմի ավարտը խթան եղավ համաշխարհային խաղաղության հաստատման տևական կարգավորումներ ապահովելու, սոցիալական արդարության և բարեկեցության հաստատման համար հետագա միջազգային ջանքերի գործադրման՝ Ազգերի լիգայի և Աշխատողների միջազգային կազմակերպության (ԱՄԿ)՝ իբրև Վերսալյան դաշնագրի կողմի, ստեղծման ճանապարհով[7]։

ԱՄԿ-ն ստեղծվեց Առաջին աշխարհամարտից հետո՝ որպես Ազգերի լիգայի գործակալություն (երկուսն էլ ստեղծվեցին 1919-ին Վերսալյան դաշնագրով)՝ իբրև սոցիալական, աշխատանքային և տնտեսական բարեփոխումների շուրջ միջազգային մտահոգությունների արտահայտություն։ Միջազգայնորեն գործելու շուրջ հետպատերազմյան օրակարգը ներառում էր աշխատանքի ընթացքում առաջացող ռիսկերից աշխատողների առողջության և անվտանգության պաշտպանության անհրաժեշտության մասին իրազեկվածությունը։ Աշխատողների առողջությունն ու անվտանգությունը դրվեց ԱՄԿ-ի ստեղծման հիմքում։ ԱՄԿ կանոնադրության մի քանի այլ դրույթներ վեր էին հանում առավել լայն խնդիրներ, որոնք ներառում էին աշխատանքի ընթացքում աշխատողների առողջությունն ու անվտանգությունը, ինչպես օրինակ՝ աշխատաժամանակի ընդունելի ստանդարտների ընդունումը, խոցելի խմբերի և երեխաների պաշտպանության երաշխավորումը։ Այս դերը ԱՄԿ-ին փոխանցվեց Վերսալյան դաշնագրով։ 1919-ին Վաշինգտոնում անցկացված Աշխատանքի միջազգային համագումարի առաջին նստաշրջանում ԱՄԿ-ն ընդունեց աշխատավորների անվտանգության և առողջության չափորոշիչները սահմանող փաստաթղթեր (Anthrax Prevention Recommendation, 1919 (No. 3); Lead Poisoning (Women and Children) Recommendation, 1919 (No. 4); and White Phosphorus Recommendation, 1919 (No. 6)): Համագումարի ժամանակ ընդունված 6 հանձնարարականներից 3-ը աշխատավորների անվտանգության և առողջության վերաբերյալ էին։ Համագումարն ընդունեց նաև արտադրությունում աշխատաժամանակի, մայրության պաշտպանության, կանանց գիշերային աշխատանքի, աշխատանքի նվազագույն տարիքի և դեռահասների գիշերային աշխատանքի վերաբերյալ փաստաթղթեր։

ԱՄԿ-ի՝ իբրև միջազգային կազմակերպության առանձնահատկությունը եղել և մնում է դրա եռակողմ կառուցվածքը, որ ներառում է դրա անդամ պետությունների ղեկավարության ներկայացուցիչներին՝ գործատուների և աշխատողների կազմակերպությունների հավասար ներկայացվածության հետ համատեղ։ Կազմակերպության հիմնադրումից սկսած՝ աշխատանքի միջազգային ստանդարտները արտացոլել են կողմերի միջև բանակցությունների արդյունքները և ընդունվել են ԱՄԿ-ի կողմից՝ քվեարկությամբ։ Սկսած արդյունաբերական հեղաշրջումից մինչև 20-րդ դարի 2-րդ կեսը, աշխատողների առողջության և անվտանգության պահպանման ԱՄԿ-ի փաստաթղթերը ուղղված են եղել առանձին հարցերի կարգավորմանը, ինպես օրինակ՝ վնասակար նյութերի բացահայտումները կամ վտանգավոր մեքենաների հսկումը, կամ արդյունաբերական գործունեության բաժինները՝ ինչպես հանքարդյունաբերությունը, ծովային արդյունաբերությունը, շինարարությունն ու մանուֆակտուրաները։ Յուրաքանչյուր համատեքստում ստեղծվեցին կարգադրական կանոններ և կենտրոնում հայտնվեցին կառավարությունները, որ պետք է պաշտպանեին աշխատողներին վտանգներից։ Հատկապես նպատակադրվեց աշխատողների առողջության և անվտանգության այն լուրջ խնդիրների կարգավորումը, որոնք ազդում էին աշխատողների մեծ խմբերի վրա, ինչպես նաև ուշադրության կենտրոնում հայտնվեցին աշխատողների առանձին կատեգորիաները, կանայք, երեխաները։

Թեև աշխատողների առողջության և անվտանգության նկատմամբ վերաբերմունքը ժամանակի ընթացքում փոխվել է, աշխատողների առողջության և անվտանգության վերաբերյալ փաստաթղթերի ընդունումը և զարգացումը շարունակում է կենտրոնական տեղ զբաղեցնել ԱՄԿ-ի գործառույթների շարքում։ Ներկայումս, ԱՄԿ-ի գլխավոր հռչակագրերի հետ մեկտեղ կան 40 փաստաթղթեր, որ հատկապես աշխատողների առողջության և անվտանգության հարցերն են կարգավորում։ Սրանով ապահովվում են այն նվազագույն ստանդարտները, որոնք նպատակաուղղված են աշխատանքի հետ կապված ռիսկերի և աշխատողների պաշտպանության կառավարմանն ու հսկողությանը մասնագիտությունների և այն իրավիճակների լայն շրջանակի համար, որոնցում կատարվում է աշխատանքը։ ԱՄԿ-ի աշխատանքի միջազգային ստանդարտները մինչ օրս 190 կոնվենցիաներն են՝ նպատակ ունենալով խթանելու արժանապատիվ և արդյունավետ աշխատանք ունենալու հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար՝ ազատության, անվտանգության և արժանապատվության ապահովման պայմանով։ Դրանցից 8-ը համարվում են հիմնարար կոնվենցիաներ են, որոնք պարտադիր են ԱՄԿ-ի բոլոր անդամ պետությունների համար իրենց անդամության ուժով՝ սկսած 1998-ին Աշխատանքի հիմնարար սկզբունքների և իրավունքների մասին հռչակագրի ընդունումից։ Մյուս կոնվենցիաները պարտադիր են անդամ այն պետությունների համար, որոնց Կառավարությունները վավերացրել են դրանք։ Վավերացվելուց հետո այդ կոնվենցիաները պետք է արտացոլվեն ազգային օրենսդրությունում։ Քանի որ որպես այդպիսին չկա Աշխատանքի միջազգային դատարան, Կովենցիաների կիրառումը կախված է ներպետական դատարանների որոշումներից։

1920-ականների վերջերից ԱՄԿ-ի մոտեցումներում առավել գերակայող դարձան փորձագիտական երկխոսությունների համար միջազգային հարթակներ ստեղծելուն ուղղված ջանքերը։ Միշտ տարբեր մոտեցումներ կային կառավարությունների, աշխատողների և գործատուների հեռանկարներում, որ հաճախ դրսևորվում էին կարգավորումների և աշխատողների անվտանգության և առողջության ռիսկերի շուրջ դիմադրության ձևով։ 1920-ին ԱՄԿ-ն հիմնեց Արդյունաբերական հիգիենայի բաժինը (Industrial Hygiene Section): Արդյունաբերական հիգիենայի բաժինը ստեղծվեց իբրև աշխատանքի հետ կապված դեղորայքի և հիգիենայի վերաբերյալ տեղեկատվության շտեմարան։

1921-ին հիմնադրվեց նաև Արդյունաբերական անվտանգության բաժինը (Industrial Safety Section (ISS)): Սա էլ հանգեցրեց ԱՄԿ-ի հանրագիտարանի ստեղծման որոշմանը, որը մեծապես նպաստեց աշխատողների անվտանգության և առողջության բազմամասնագիտական դաշտի հաստատմանը։ Առաջին խմբագրությունը հրատարակվեց 1930-ին, և այն կանոնավոր կերպով թարմացվում էր նոր խմբագրություններով և հոդվածներով հազարավոր փորձագետների կողմից, մինչև մերօրյա առցանց տարբերակը, որը առաջին անգամ գործարկվել է 2012-ին։ Այն ԱՄԿ-ի ամենատարածված հրատարակությունն է և աշխատողների անվտանգության և առողջության ծրագրավորման հիմնաքարը։ Օրինակ՝ «Հիգիենայի հանրագիտարանի առաջին հավելված, պաթոլոգիա և սոցիալական բարեկեցություն»-ը ներառում էր տեղեկանք ասբեստի և քաղցկեղի վերաբերյալ դեռևս 1938թ.-ին։

Այսպիսով, մինչև 1920-ականների վերջը, ԱՄԿ-ի անդամ պետությունները ուշադրություն դարձրին սոցիալական քաղաքականության գերակա խնդիրներին, ինչպիսիք են հիվանդությունից ապահովագրությունը և կենսաթոշակները։ Աշխատանքային հիվանդությունները կանխարգելող դեղամիջոցները, այդուհանդերձ, դարձան տեխնիկապես կողմնորոշված, և հաճախ դրանց կիրառումն անհնար էր նախքան հիմնարար գիտական տվյալների հավաքումը և պատճառականության հաստատումը։ Սա նշանակում էր, որ այսպիսի խնդիրները, որոնք միջազգային մտահոգության առարկա էին, տարիներ էին խլում մտահոգությունների սկզբնական արտահայտումից մինչև ստանդարտի քննարկում և ընդունում[8]։

Իրավական ակտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային իրավական ակտերը համարվում են ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասը, քանի որ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության սահմանադրական կարգի հիմունքներում ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը, սակայն այդ պայմանագրերը չեն կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը, քանի որ վերոնշյալ հոդվածի 1-ին մասը ՀՀ Սահմանադրությանը տալիս է բարձրագույն իրավաբանական ուժ, իսկ 116-րդ հոդվածը արգելում է Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերի վավերացումը[3]։

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը ամրագրում է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի թույլատրելի շրջանակը, որը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, աշխատանքային օրենսգիրքը, օրենքները, այլ իրավական ակտերը և կոլեկտիվ պայմանագրերը։ Աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված թույլատրելի շրջանակներում կարող են այդպիսի հարաբերությունները կարգավորվել նաև գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերով։ Գործատուները ևս կարող են ընդունել աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող ակտեր՝ ներքին (լոկալ) և անհատական իրավական ակտերի ձևով` առաջնորդվելով աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ։ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, վերոհիշյալ իրավական ակտերի թույլատրելի շրջանակում ներառում է նաև օտարերկրյա իրավունքի կիրառումը՝ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող աշխատանքային հարաբերությունների նկատմամբ, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով[1]։

Վերանայված Եվրոպական սոցիալական Խարտիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերանայված Եվրոպական սոցիալական Խարտիան (այսուհետ՝ Խարտիա) աշխատանքի բնագավառի իրավահարաբերությունները կարգավորող միջազգային իրավական ակտ է, որը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1996թ.-ի մայիսի 3-ին, և վերջինս ուժի մեջ է մտել 2004թ.-ի մարտի 1-ին, ուստի նշված ոլորտի իրավահարաբերությունները կարգավորելիս ՀՀ-ն պետք է առաջնորդվի նաև վերոնշյալ փաստաթղթով։

Համաձայն Խարտիայի՝ դրան միացող յուրաքանչյուր պետություն, այդ թվում և Հայաստանը, պետք է ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Խարտիայով ամրագրված իրավունքների և սկզբունքների արդյունավետ իրականացմանը։

Խարտիայով ամրագրված այդպիսի հիմնարար իրավունքներից մեկը աշխատանքի իրավունքն է՝ ամրագրված Խարտիայի 1-ին հոդվածում։ Խարտիան հռչակում է, որ աշխատանքի արդար պայմանների իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով դրա անդամ պետությունները ստանձնում են մի շարք պարտավորություններ, որոնց թվում է վտանգները, հատկապես անառողջ և վտանգավոր աշխատանքներում, վերացնելը, իսկ որտեղ դա դեռևս հնարավոր չէ, անդամ պետությունները պարտավոր են վերացնել կամ զգալիորեն նվազեցնել այս վտանգները, ապահովել աշխատանքային ժամերի կրճատում կամ սահմանել լրացուցիչ վճարովի արձակուրդներ այդ աշխատանքներում ներգրավված աշխատողների համար, իսկ գիշերային ժամերին աշխատողների համար ապահովել, որ վերջիններս օգտվեն իրենց գործի հատուկ բնույթի համար տրվող միջոցներից։

Անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով անդամ պետությունները պարտավորվում են աշխատանքային անվտանգությանը, աշխատանքային առողջությանը և աշխատանքային միջավայրին վերաբերող առանձնահատուկ ազգային քաղաքականությունը ձևակերպել, իրականացնել և պարբերաբար վերանայել, որի առաջնային նպատակը պետք է լինի աշխատանքային անվտանգության ու առողջության բարելավումը և աշխատանքի ընթացքում առաջացող վթարների և առողջությունը վնասելու հնարավորության կանխումը։ Այդպիսի միջոցառումներ կարող են լինել անվտանգության և առողջության պահպանման կանոնակարգերի թողարկումը, այդ կանոնակարգերի կիրարկման նկատմամբ վերահսկողության իրականացումը, աշխատանքային միջավայրին հատուկ վտանգների պատճառների նվազեցումը և այլն։

Իբրև չափահաս տարիքի չհասած աշխատողների առանձնահատուկ պաշտպանություն՝ Խարտիան հռչակում է, որ առողջության համար վտանգավոր կամ վնասակար համարվող աշխատանքի ընդունման համար որպես նվազագույն տարիք պետք է ապահովվի 18 տարեկանը, անչափահասները չպետք է կատարեն գիշերային աշխատանք (սակայն վերջին դեպքում բացառություններ կարող են նախատեսվել ազգային օրենքներով կամ կանոնակարգերով սահմանված որոշակի աշխատանքների համար)։

Մայրության պաշտպանությունը նույնպես տեղ է գտել Խարտիայում, որը արգելել է ստորերկրյա հանքային արդյունաբերությունում հղի կանանց, նոր ծննդաբերած կամ իրենց երեխաներին կերակրող կանանց ներգրավելը՝ վտանգավորության, առողջության վնասակարության կամ դժվար բնույթի պատճառով[9]։

ՀՀ Աշխատանքային օրենսգիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոհիշյալ միջազգային իրավական ակտերին և ՀՀ Սահմանադրության դրույթներին համապատասխան՝ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը ներպետական երաշխիքներ է ստեղծում աշխատողների անվտանգության և առողջության պաշտպանության համար՝ առավել լայն իրավունքներ վերապահելով ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար պայմաններում աշխատողներին։

Այսպիսով՝ այն ամրագրում է ինչպես աշխատողների առողջության և անվտանգության պահպանմանը նվիրված ընդհանուր նորմեր, որոնք հիմնարար և կարևոր երաշխիք են բոլոր աշխատողների համար, այնպես էլ ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար պայմաններում աշխատող մարդկանց վերաբերող հատուկ կարգավորումներ։ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում ամրագրված՝ աշխատողների առողջությանը և անվտանգությանը վերաբերող ընդհանուր կանոնները ամրագրում են, որ աշխատավայրի կահավորումը պետք է լինի այնպիսին, որ յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը և շրջապատող միջավայրը լինեն անվտանգ, հարմար և առողջության համար անվնաս։ Կազմակերպությունում պետք է լինեն հանգստանալու, զգեստափոխվելու, հագուստը, կոշիկները, անհատական պաշտպանության միջոցները պահպանելու համար կահավորված սանիտարական և անձնական հիգիենայի սենյակներ կամ համապատասխան առանձնացված տեղեր` լվացարաններով, ցնցուղարաններով, զուգարաններով։ Թույլատրվում է աշխատանքի ընթացքում օգտագործել միայն այնպիսի միջոցներ, որոնք տեխնիկապես սարքին վիճակում են։ Այս ամենը պետք է համապատասխանի աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին։

Ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար պայմաններում աշխատողների անվտանգության և առողջության պաշտպանությանն ուղղված հատուկ կարգավորումները ամրագրում են, որ մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ կապված աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողներին ամենամյա արձակուրդը տրամադրվում է երկարացված` 25 աշխատանքային օր տևողությամբ` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 30 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, (բացառիկ դեպքերում` 35 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 42 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում)։ Ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում։

Մարդկանց առողջության համար վտանգավոր քիմիական նյութերի օգտագործման, արտադրման, տեղափոխման կամ պահպանման հետ կապված արտադրություն իրականացնող կազմակերպություններում աշխատողների առողջության, շրջակա միջավայրի պահպանության ապահովման համար գործատուները պետք է սահմանեն և ձեռնարկեն համապատասխան միջոցներ։ Իսկ աշխատողները պետք է անցնեն վտանգավոր որոշակի քիմիական նյութերի հետ անվտանգ վարվելու ուսուցում և հրահանգավորում, ինչպես նաև ապահովված լինեն անհատական պաշտպանության միջոցներով։

Իբրև լրացուցիչ և կարևորագույն երաշխիք՝ օրենսգիրքը գործատուներին պարտավորեցնում է ապահովել վտանգավոր պայմաններում աշխատող մարդկանց, այդ թվում՝ աշխատանքի վայրում մասնագիտական ռիսկի գործոնների ենթարկվողների պարտադիր բուժզննությունը՝ հաստատելով այդպիսի զննության ենթակա անձանց ցանկը և համապատասխան ժամանակացույցը՝ այն համաձայնեցնելով առողջությունը վերահսկող կազմակերպության հետ։ Վերջիններս պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար, անցնել բժշկական զննություն` գործատուի հաստատած ժամանակացույցին համապատասխան։ Պարբերական բժշկական զննություն անցնելու պահանջը պահպանվում է նաև եթե տվյալ անձինք նույն կազմակերպությունում փոխում են իրենց աշխատատեղը կամ աշխատանքը։ Աշխատանքի ընթացքում պարբերաբար բժշկական զննություն պետք է անցնեն նաև գիշերային ժամանակ կամ հերթափոխով աշխատողները։

Կազմակերպության սանիտարահիգիենիկ սենյակների կահավորմանը ներկայացվող հատուկ պահանջով նշվում է, որ այն կազմակերպությունում, որտեղ օգտագործվում են վտանգավոր նյութեր, կահավորվում են սանիտարական և անձնական հիգիենայի սենյակներ՝ հատուկ պահանջների պահպանմամբ, իսկ այդ պահանջները սահմանվում են աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերով` հաշվի առնելով աշխատանքի բնույթը, օգտագործվող նյութերը, աշխատողների քանակը։

Եթե աշխատողը չի ծանոթացել աշխատանքի անվտանգ կատարման կանոններին, առաջացել է աշխատանքի միջոցի անսարքություն կամ վթարային վիճակ, աշխատանքը կատարվում է սահմանված տեխնոլոգիական կանոնակարգի խախտումներով, աշխատողները ապահովված չեն կոլեկտիվ և (կամ) անհատական պաշտպանության միջոցներով, աշխատավայրը վտանգավոր կամ վնասակար է կյանքի և առողջության համար, աշխատանքը ժամանակավորապես դադարեցվում է, սակայն պահպանվում է աշխատողի միջին աշխատավարձը, որի հաշվարկման համար հիմք է ընդունվում միջին ժամային աշխատավարձի չափը։ Վերոնշյալ կոլեկտիվ և անհատական պաշտպանության միջոցները աշխատողներին տրամադրում է գործատուն։ Մասնավորապես՝ նա աշխատողների անվտանգության և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի և կազմակերպությունում աշխատողների անվտանգության ու առողջության վիճակի գնահատման հիման վրա կահավորում է կոլեկտիվ պաշտպանության միջոցները, աշխատողներին անվճար տրամադրում է անհատական պաշտպանության միջոցներ։ Սակայն եթե կոլեկտիվ պաշտպանության միջոցները չեն ապահովում աշխատողների պաշտպանությունը ռիսկի գործոններից, ապա աշխատողներին պետք է տրամադրվեն անհատական պաշտպանության միջոցներ, որոնք պետք է հարմարեցված լինեն աշխատանքի համար, հարմար լինեն օգտագործման համար և լրացուցիչ վտանգներով չսպառնան աշխատողների անվտանգությանը[1]։

Մայրության պաշտպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրության պաշտպանությանն ուղղված հիմնարար երաշխիքներ են ամրագրվում թե ՀՀ Սահմանադրությամբ, թե Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով, որոնց համապատասխան՝ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը առանձնահատուկ պաշտպանություն է նախատեսում հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար՝ արգելելով նրանց ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավելը։ Աշխատանքի վնասակար պայմանների և վտանգավոր գործոնների ցանկի, ինչպես նաև աշխատավայրի գնահատման արդյունքների հիման վրա գործատուն պարտավոր է որոշել հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց անվտանգության և առողջության վրա ազդող վտանգավոր գործոնների ազդեցության տևողությունը և բնույթը։ Հնարավոր ազդեցության առկայությունը որոշելուց հետո գործատուն պարտավոր է վտանգավոր գործոնների ազդեցության ռիսկի վերացման նպատակով ձեռնարկել ժամանակավոր միջոցներ։ Այդպիսի հնարավորություններ չունենալու դեպքում նա պետք է միջոցներ ձեռնարկի՝ բարելավելու աշխատանքային պայմանները, որպեսզի հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանայք չենթարկվեն նման գործոնների ազդեցությանը։ Սակայն եթե այդ եղանակով նույնպես հնարավոր չէ վերացնել նշված գործոնների ազդեցությունը, ապա գործատուն պարտավոր է կնոջը (նրա համաձայնությամբ) փոխադրել այլ աշխատանքի նույն կազմակերպությունում։ Հակառակ դեպքում, եթե չկա նման հնարավորություն ևս, կնոջը տրամադրվում է վճարովի արձակուրդ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի հատկացումը[1]։

Գործատուի պարտականությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատողներին աշխատողների անվտանգության ապահովման և առողջության վիճակի վերլուծության, պլանավորման, միջոցառումների կազմակերպման և վերահսկման բոլոր հարցերի մասին տեղեկացնելը և նրանց հետ խորհրդակցելը գործատուի պարտականությունն է։ Նա պարտավոր է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերի քննարկմանը մասնակից դարձնել աշխատողների ներկայացուցիչներին։ Աշխատողների՝ աշխատանքային պարտականությունների կատարմանը անցնելը միայն կազմակերպությունում գոյություն ունեցող հնարավոր ռիսկի գործոնների մասին տեղեկացվելուց և աշխատանքի որոշակի վայրում անվտանգության հրահանգավորում անցնելուց հետո, պարտավոր է ապահովել գործատուն։ Գործատուն իրավունք չունի աշխատողից պահանջել անցնելու աշխատանքային պարտականությունների կատարմանը, եթե աշխատողը աշխատանքի անվտանգության ուսուցում և (կամ) հրահանգավորում չի անցել։ Եթե աշխատավայրում տեղի են ունենում դժբախտ պատահարներ, կամ առաջանում են սուր հիվանդութուններ, գործատուն պարտավոր է աշխատողներին ապահովել առաջին բժշկական օգնությամբ։ Աշխատանքի վայրում հիվանդացած կամ վնասվածքներ ստացած աշխատողի տեղափոխումն առողջապահական կազմակերպություն իր միջոցների հաշվին նույնպես կազմակերպում է գործատուն։ Այդպիսի դժբախտ պատահարներից տուժած, մասնագիտական սուր հիվանդություններով հիվանդացած, ինչպես նաև այն անձինք, որոնք ականատես են եղել դժբախտ պատահարին կամ դրա հետևանքներին, պարտավոր են անմիջապես այդ մասին հայտնել ստորաբաժանման ղեկավարին, գործատուին, կազմակերպության աշխատողների անվտանգության և առողջության հարցերով ծառայությանը։ Եթե աշխատողը մահանում է աշխատավայրում, գործատուն պարտավոր է անհապաղ հայտնել ապահովագրողին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ Կազմակերպությունում աշխատողների մոտ մասնագիտական հիվանդություններ առաջանալու կամ մահվան ելքով դժբախտ պատահարների դեպքում դրանց պատճառները պարզելու համար իրականացվում է ծառայողական քննություն։ Այդպիսի ծառայողական քննություններին կարող են մասնակցել նաև տուժողը կամ նրա ներկայացուցիչը. նրանք իրավունք ունեն ծանոթանալու ծառայողական քննության նյութերին, ստանալու դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննության ակտը, իսկ ակտին համաձայն չլինելու դեպքում ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկել վարչական և (կամ) դատական կարգով[1]։

Աշխատողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառվելու դեպքում այդ վնասի հատուցման հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով։ Իհարկե այդ օրենսգրքի կիրառումը աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ թույլատրելի է, եթե այլ բան նախատեսված չէ աշխատանքային օրենսդրությամբ[10]։
- ՀՀ քաղաքացիական օրենսգրքից

Աշխատողների անվտանգության և առողջության պահպանման նկատմամբ վերահսկողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատողների անվտանգության և առողջության պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին)։ Այն պետք է ապահովի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներում անվտանգության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանումը՝ այդ նպատակով կիրառելով համապատասխան պատասխանատվության միջոցներ, նշված ոլորտներում իրականացնելով ռիսկերի կառավարում, ձեռնարկելով կանխարգելիչ միջոցառումներ։

Վերոնշյալին համապատասխան՝ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը ներառում է աշխատանքի անվտանգության կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման և շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրումն ու վերլուծումը, աշխատանքային օրենսդրության և այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների և արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության ապահովման գործում մեթոդական օգնության կազմակերպումը` համապատասխան տեղեկատվության և խորհրդատվության տրամադրմամբ, ինչպես նաև նշված ոլորտի ՀՀ իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը և տնտեսվարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացնելը, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով աշխատանքների ժամանակավորապես դադարեցումը՝ մինչև խախտումները վերացնելը, մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը, որպիսին է օրինակ այն, որ վերջիններս, օրենսդրությանը համապատասխան, չպետք է ներգրավվեն վտանգավոր աշխատանքներում։

Բացի այդ, Տեսչական մարմինը իր իրավասության շրջանակներում իրականացնում է ստուգումներ, որոնց արդյունքներով բացահայտված խախտումների վերաբերյալ օրենքով սահմանված դեպքերում պարտադիր կատարման հանձնարարականներ է տալիս և դրանց վերացման համար ժամկետներ սահմանում[11]։

Կազմակերպությունում աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի (այդ թվում` առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների վերաբերյալ) կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունը իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները` արհեստակցական միությունները, աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչները (մարմինը)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
  2. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1599-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 876-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. 3,0 3,1 ՀՀ Սահմանադրությունը 2015թ. փոփոխություններով
  4. ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳԻՐ
  5. SAFETY AND HEALTH AT THE HEART OF THE FUTURE OF WORK, p. 3
  6. SAFETY AND HEALTH AT THE HEART OF THE FUTURE OF WORK, p. 4
  7. SAFETY AND HEALTH AT THE HEART OF THE FUTURE OF WORK, p. 7-8
  8. SAFETY AND HEALTH AT THE HEART OF THE FUTURE OF WORK, p. 9-11
  9. ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱ
  10. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
  11. ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]