Հայաստանի Սահմանադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՀՀ Սահմանադրությունից)

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից իմաստով սահմանադրությունները՝ որպես պետության գրված հիմնական օրենք, նոր ժամանակաշրջանի երևույթ են։ Այդպիսի առաջին սահմանադրությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների 1787 թ. Սահմանադրությունն է, որը գործում է մինչ օրս՝ իհարկե, ավելի քան 200 տարվա ընթացքում կատարված էական փոփոխություններով։

Եվրոպայում առաջին սահմանադրություններն ընդունվել են 1791 թ.` նախ` այդ տարվա մայիսի 3-ին, Լեհաստանում, այնուհետև՝ նույն տարվա սեպտեմբերի 3-ին, Ֆրանսիայում։

Սակայն «սահմանադրություն» տերմինը շատ ավելի հին պատմություն ունի։ Ընդունված է ասել, որ տերմինը ծագում է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում», «կառուցվածք»։ Իսկ դեռևս Ք.ա. 4-րդ դարում անտիկ հույն մտածող Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա՝ ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։ Հին Հունաստանում և Հին Հռոմում երկար ժամանակ սահմանադրություն էին կոչվում նաև կայսրերի, միապետների ընդունած իրավական ակտերը։

Հայկական իրականությունում առանձնանում է 5-րդ դարում Վաչագան թագավորի նախաձեռնությամբ ընդունված «Կանոնական սահմանադրությունը»։ Վաչագանը Նվարսակի 484 թ. պայմանագրից հետո Արցախ-Ուտիք իշխանությունը հռչակել էր որպես թագավորություն, որը ճանաչվել էր Պարսկաստանի կողմից։ Կանոնական սահմանադրությունը հատկանշական է այն առումով, որ մշակվել և ընդունվել է ժամանակի աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների լայն ընդգրկմամբ։ Այդուհանդերձ, Վաչագան թագավորի Աղվեն ամառանոցում ընդունված Կանոնական սահմանադրությունը հիմնականում կարգավորում էր հոգևոր կյանքի հարաբերությունները։

Հայոց պատմության մեջ Սահմանադրության նախագծման ամենահամարձակ փորձերից է 18-րդ դարում Հայաստանի ազատագրության Մադրասի խմբակի, մասնավորապես՝ Շահամիր Շահամիրյանի կողմից շարադրված «Որոգայթ փառացը», որը միաժամանակ և՛ Հայաստանի ազատագրության ծրագիր էր, և՛ ապագա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը։ «Որոգայթ փառացը» ամբողջությամբ հիմնված էր ժամանակի արևմտաեվրոպական լուսավորական գաղափարների վրա։ Հրատարակվել է Մադրասում, Շահամիր Շահամիրյանի որդի Հակոբի անունով, 1788-89-ին (թեև տիտղոսաթերթին նշված է 1773 թ.)։

Գրքի առաջաբանում դատապարտվում են ֆեոդալական-միապետական կարգերը, շարադրվում թուրք-պարսկական տիրապետությունից Հայաստանի ազատագրման ուղիները և այնտեղ բուրժուադեմոկրատական կարգերի հաստատման սկզբունքները։ Գրքի երկրորդ՝ հիմնական մասը սահմանադրության նախագիծն է (521 հոդված), որը ներկայացնում է ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման կարգը, պետական մարմինների իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, կրթության, զինված ուժերի կազմակերպման հարցերը։

Նախագծով նախատեսվում էր հռչակել բոլոր քաղաքացիների հավասարությունը օրենքի առջև, նրանց անձի, խոսքի, դավանանքի և գործունեության լիակատար ազատությունը։ Նախատեսվում էր գերագույն և օրենսդիր իշխանությունը վերապահել ընտրովի մարմնին (պառլամենտին)՝ Հայոց տանը, որն էլ պետք է կազմավորեր գործադիր իշխանությունը՝ Նախարարությունը։ Վերջինս պետք է բաղկացած լիներ նախարարից (նախագահ) և 12 տեղակալներից։ Նախարարը պետք է համարվեր նաև երկրի արտաքին գործերի պատասխանատուն և զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Կառավարությունը լինելու էր Հայոց տան վերահսկողության ներքո, որն էլ իրավունք պետք է ունենար փոխելու կառավարությունը։

Քաղաքական նկատառումներից ելնելով՝ նախագծում առաջարկվում էր նախարար ընտրելու մեկ այլ՝ բացառիկ տարբերակ. հին հայկական արքայատների, մասնավորապես՝ Բագրատունիների շառավիղներից մեկն իր ցանկությամբ կարող էր ընտրվել ցմահ նախարար, եթե հավատարիմ ու հնազանդ մնար Հայոց տան սահմանած օրենքներին։ Այս առաջարկի նպատակն էր շահագրգռել վրաց Բագրատունի թագավոր Հերակլ 2-րդին, որին Մադրասի խմբակը կարևոր դեր էր վերագրում Հայաստանի ազատագրման գործում։

Նախագծով առաջարկվում էր նաև դատական համակարգի կառուցվածքը և իրավասությունը, նախատեսվում էր եկեղեցու առանձնացումը պետությունից, դպրոցի առանձնացումը եկեղեցուց։ Նախատեսվում էր պարտադիր կրթություն՝ առանց սեռի տարբերության։

Նախատեսվում էին նաև հանրապետության զինված ուժերի մասին դրույթներ, համաձայն որոնց՝ մշտական 90 հազարանոց բանակը պետք է համալրվեր վիճակահանությամբ (100 տղամարդուց 5-ը, ռազմական ուսուցումն ու ծառայությունը՝ 7 տարի)։

Այդուհանդերձ, ինչպես 17-18-րդ դարում նախաձեռնված՝ Հայաստանի ազատագրության մի շարք փորձերը, այնպես էլ Մադրասի խմբակի ծրագիրը, ցավոք, մնաց անկատար, իսկ «Որոգայթ փառացը»՝ թղթի վրա։

Սեփական իրավական համակարգ, և առաջին հերթին՝ սահմանադրություն ունենալու իրական նախադրյալներ ստեղծվեցին 1918 թ. Արևելյան Հայաստանի անկախացմամբ, սակայն անկախության երկուսուկես տարին բավարար չէր արտաքին և ներքին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում ծանրագույն իրավիճակում գտնվող պետության համար սեփական սահմանադրություն մշակելու և ընդունելու համար։

1920 թ. Հայաստանի խորհրդայնացումից, ապա նաև՝ 1922 թ. Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ստեղծումից հետո հայկական իրավական համակարգն ամբողջությամբ դարձավ Խորհրդային Միության իրավական համակարգի անբաժան մասը։ Խորհրդային շուրջ 70-ամյա պատմության ընթացքում Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ունեցավ երեք սահմանադրություն։ Առաջինն ընդունվեց 1922 թ. փետրվարի 3-ին ՀԽՍՀ բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայանինների դեպուտատների խորհուրդների առաջին համագումարում։ ԽՍՀՄ-ի և Անդրֆեդերացիայի կազմավորումից հետո ՀԽՍՀ սահմանադրությունը փոփոխվեց և լրացվեց, և 1925 թ.-ին ՀԽՍՀ խորհուրդների 4-րդ համագումարը վավերացրեց այդ փոփոխություններն ու լրացումները։ ՀԽՍՀ երկրորդ սահմանադրությունն ընդունվեց 1937 թ. մարտի 23-ին ՀԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում, իսկ երրորդը՝ 1978 թ. ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն խորհուրդի արտահերթ նստաշրջանում։ Այնուամենայնիվ, ՀԽՍՀ սահմանադրությունները դժվար է գնահատել որպես Հայաստանի իրավական համակարգը բնորոշող երևույթներ, քանի որ դրանք ընդունվել էին համապատասխանաբար՝ Ռուսաստանի ԽՖՍՀ 1918 թ. սահմանադրության, ԽՍՀՄ 1924 թ., 1936 թ. և 1977 թ. սահմանադրությունների հիման վրա։

ՀՀ Սահմանադրության ընդունումը և կատարված փոփոխությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով։

2001 թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003 թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005 թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։

Փոփոխությունները նշանակալի էին հատկապես հանրապետության կառավարման կարգի, իշխանությունների բաժանման, զսպումների և հակակշիռների մեխանիզմների ապահովման տեսանկյունից։ Մասնավորապես, սահմանադրական փոփոխություններով նշանակալիորեն կրճատվեցին Նախագահի լիազորությունները, իսկ Ազգային ժողովի դերն ընդլայնվեց։ Այսպես, փոփոխություններով վերացվեց Հանրապետության Նախագահի՝ վարչապետ նշանակելու ամբողջությամբ հայեցողական լիազորությունը. Ներկայումս Հանրապետության Նախագահը պարտավոր է վարչապետ նշանակել Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը վայելող անձի՝ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա։

Կառավարման կարգի հետ կապված հաջորդ կարևոր փոփոխությունը Ազգային ժողովն արձակելու՝ Հանրապետության նախագահի՝ կրկին, ըստ էության անսահմանափակ լիազորության վերացումն էր։ Փոփոխություններով սահմանվեցին այն բացառիկ դեպքերը, որոնց առկայության պարագայում միայն Հանրապետության Նախագահը կարող է արձակել Ազգային ժողովը։ Այդ բոլոր դեպքերն ըստ էության վերաբերում են Ազգային ժողովի կողմից անգործություն դրսևորելու իրավիճակներին։

Կարևոր փոփոխություններ տեղի ունեցան նաև դատական համակարգի կազմակերպման ոլորտում։ Էապես փոխվեց արդարադատության խորհրդի կազմավորման կարգը, որն իր հերթին դատական համակարգի կազմավորման գործում վճռորոշ նշանակություն ունի. հենց արդարադատության խորհրդի ներկայացման հիման վրա է Հանրապետության Նախագահը կատարում դատավորների նշանակումները։

Այսպես, մինչև 2005 թ. սահմանադրական փոփոխությունները ՀՀ Նախագահը գլխավորում էր արդարադատության խորհուրդը, իսկ խորհրդի փոխնախագահներն էին գործադիր իշխանության ներկայացուցիչներ՝ արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը։ Խորհրդի կազմի մեջ մտնում էին նաև Հանրապետության Նախագահի կողմից հինգ տարի ժամկետով նշանակվող տասնչորս անդամ, որոնցից երկուսը՝ իրավաբան գիտնական, ինը՝ դատավոր, երեքը՝ դատախազ։

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հանրապետության Նախագահի ազդեցությունն արդարադատության խորհրդի վրա կտրուկ նվազեցվեց։ Ներկայումս Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ։ Արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը՝ առանց քվեարկության իրավունքի։
Սահմանադրությունում կատարված կարևոր փոփոխություններից էր նաև Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնումը։ Մասնավորապես, ներկայումս օրենքների և այլ իրավական ակտերի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում կարող են վիճարկել (ստուգել) մարդու իրավունքների պաշտպանը, դատարանները և դատախազները՝ իրենց վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։

Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է բարձրագույն դատական ատյանի (բացի սահմանադրական արդարադատության հարցերից)՝ ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակին։ Սահմանադրական փոփոխություններով ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահվեց դատարանների կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթ։ Այդ գործառույթի իրագործումը Հայաստանում սկիզբ դրեց դատական նախադեպի՝ որպես իրավունքի աղբյուրի կիրառությանը։ Իհարկե, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների՝ որպես դատական նախադեպի էությունը էականորեն տարբերվում է անգլոամերիկյան իրավունքում դատական նախադեպի էությունից, քանի որ Հայաստանի իրավական համակարգում դատական նախադեպը ոչ թե իրավաստեղծ, այլ առավելապես իրավունքը մեկնաբանող աղբյուր է։

Սահմանադրական մի շարք այլ փոփոխություններով Սահմանադրությունում ամրագրված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների շրջանակը և դրանց ձևակերպումն առավել համապատասխանեցվեցին ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին, սահմանադրաիրավական կարգավիճակ ստացան (Սահմանադրությամբ նախատեսվեցին) մի շարք պետական մարմիններ, մասնավորապես՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ կենտրոնական բանկը, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, վերահսկիչ պալատը։

ՀՀ Սահմանադրության կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և 9 գլուխներից։ Պրեամբուլան սահմանում է սահմանադրության ընդունման ընդհանուր սկզբունքները և նպատակները (Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը)։ Պրեամբուլան իրավական տեսանկյունից կարևորվում է նաև այն առումով, որ հղում է կատարում 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագրի վրա՝ այդպիսով հռչակագրում ամրագրված սկզբունքներն ու հայոց պետականության նպատակները բարձրացնելով սահմանադրաիրավական մակարդակի։

Գլուխ 1. Սահմանադրական կարգի հիմունքները.[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս գլխով սահմանվում է պետության բնույթը (ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն), իշխանության պատկանելը ժողովրդին, պետության սահմանափակվածությունը մարդու իրավունքներով և ազատություններով, Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժը մնացած բոլոր իրավական ակտերի նկատմամբ, նրա անմիջական գործողությունը, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերի հիմունքները, եկեղեցու անջատ լինելը պետությունից, զինված ուժերի կարգավիճակը, պետության վարչատարածքային կազմակերպումը, պետական լեզուն, պետության խորհրդանիշները և մայրաքաղաքը։

Գլուխ 2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները.[խմբագրել | խմբագրել կոդը]


Ամրագրվում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ միջազգայնորեն ընդունված հանրաճանաչ նորմերին համապատասխան։ Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները բաժանվում են անձնական, քաղաքական, քաղաքացիական և սոցիալ-տնտեսական իրավունքների։ Այս գլխով են սահմանվում նաև մարդու և քաղաքացու կոնկրետ պարտականությունները, այն է՝ յուրաքանչյուր մարդու պարտականությունը օրենքով սահմանված կարգով և չափով մուծելու հարկեր, տուրքեր, կատարելու պարտադիր այլ վճարումներ, Սահմանադրությունը և օրենքները պահպանելու, այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու պարտականությունը, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունը՝ օրենքով սահմանված կարգով մասնակցելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։

Գլուխ 3. Հանրապետության Նախագահը.[խմբագրել | խմբագրել կոդը]


Սահմանում է Հանրապետության Նախագահի կարգավիճակը, նրա լիազորությունները, ընտրության կարգը և լիազորությունների ժամկետը, Նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջները։ Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ։

Գլուխ 4. Ազգային ժողովը.[խմբագրել | խմբագրել կոդը]


Սահմանում է օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի կարգավիճակը, լիազորությունները, ընտրության կարգը, պատգամավորների կարգավիճակը և ընտրության կարգը, օրենսդրական գործընթացը։

Գլուխ 5. Կառավարությունը.[խմբագրել | խմբագրել կոդը]


Սահմանում է գործադիր իշխանության՝ կառավարության լիազորությունները և գործունեության կարգը։

Գլուխ 6. Դատական իշխանությունը.[խմբագրել | խմբագրել կոդը]


Սահմանում է դատական համակարգի կառուցվածքը, կազմավորման կարգը, Սահմանադրական դատարանի կազմավորման կարգն ու լիազորությունները, ինչպես նաև դատական իշխանության մեջ չներառվող՝ ՀՀ դատախազության լիազորությունները, գլխավոր դատախազի նշանակման կարգը։

Գլուխ 7. Տեղական ինքնակառավարումը.[խմբագրել | խմբագրել կոդը]


Երաշխավորվում է համայնքներում տեղական ինքնակառավարումը, այն է՝ համայնքի իրավունքն ու կարողությունը՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը։ Սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ համայնքի ղեկավար և ավագանի, նրանց լիազորությունները, համայնքների ֆինանսավորման կարգը, կառավարության կողմից հսկողությունը համայնքների նկատմամբ։

Գլուխ 8. Սահմանադրության ընդունումը, փոփոխումը և հանրաքվեն.[խմբագրել | խմբագրել կոդը]


Սահմանվում է, որ Սահմանադրությունը ընդունվում և փոփոխվում է բացառապես հանրաքվեով, որը նշանակում է Հանրապետության Նախագահը՝ Ազգային ժողովի առաջարկով կամ համաձայնությամբ։ Հանրաքվեով կարող են ընդունվել նաև սովորական օրենքները, որոնք այդ դեպքում ենթակա են փոփոխման կրկին հանրաքվեով։ Սահմանվում են հանրաքվեի անցկացման հիմունքները։

Գլուխ 9. Եզրափակիչ և անցումային դրույթներ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանվում են սահմանադրական փոփոխությունների հետ կապված անցումային շրջանի կարգավորմանն առնչվող դրույթներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]