Համայնքի կառուցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համայնքի կառուցում (համայնքաշինություն), գործունեություն, որն ուղղված է միևնույն տեղանքում (օրինակ՝ թաղամասում) բնակվող կամ ընդհանուր կարիք կամ հետաքրքրություն ունեցող անհատների միջև համայնքի ստեղծմանը կամ ուժեղացմանը։ Այն հաճախ համարվում է համայնքի կազմակերպման, համայնքային կազմակերպությունների, համայնքային աշխատանքի և համայնքի զարգացման մի մասը։

Համայնքաշինության համար կարող են կիրառվել բազմաթիվ մեթոդներ՝ սկսած պարզ միջոցառումներից, ինչպիսիք են հանրային ընթրիքները և գրական փոքր ակումբները, մինչև ավելի լայնածավալ միջոցառումներ, ինչպես օրինակ՝ բազմամարդ փառատոները և շինարարական նախագծերը, որոնց իրականացմանը մասնակցում են տվյալ տեղանքի բնակիչները, այլ ոչ թե դրսի կապալառուները։

Արդյունաբերական երկրներում համայնքաշինությամբ զբաղվող ակտիվիստներն ու համայնքային ծառայողները համարում են, որ այս երկրներում համայնքի ակնհայտ անկումը հանգեցնում է սոցիալական քայքայման և բազմաթիվ վնասակար վարքագծերի ի հայտ գալուն։ Նրանք համայնքաշինությունը դիտարկում են որպես սոցիալական անհավասարության և անարդարության դեմ պայքարելու, անհատների ​​և ընդհանուր համայնքի բարեկեցությունը բարելավելու և հասարակությունից անջատված և/կամ մարգինալացված անհատների կրած բացասական հետևանքները մեղմելու միջոց։

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանությունը, աշխարհագրությունը, պատմությունը և սոցիալ-տնտեսական կարգավիճակն ավանդաբար համարվում են համայնքի հաջողության և բարեկեցության կարևոր որոշիչները։ Ռոբերտ Փաթնամն իր «Բոուլինգ՝ միայնակ»[1] գրքում կարծում է, որ համայնքի բարեկեցությունը կախված է այդ համայնքի քաղաքացիների միջև հարաբերությունների որակից։ Նա սա անվանում է սոցիալական կապիտալ։ Սոցիալական կապիտալը ստեղծում է պատկանելիության զգացում` այդպիսով բարձրացնելով համայնքի ընդհանուր բարեկեցությունը։ Փաթնամը շարունակում է բացահայտել և ուսումնասիրել սոցիալական կապիտալի անկումն Ամերիկայում։ Ժամանակի և ֆինանսական միջոցների սղությունը, սուբուրբանիզացիան, էլեկտրոնային զվարճանքների ազդեցությունը և, թերևս, ամենակարևորը՝ սերնդափոխությունը, ըստ երևույթին, նպաստել են սոցիալական կապիտալի անկմանը։

«Մենք պետք է սովորենք աշխարհին նայել սոցիալական կապիտալի լույսի ներքո»,— ասում է Նյու Հեմփշիր բարեգործական հիմնադրամի նախագահ և «Saguaro Seminar» նախաձեռնության համանախագահ Լյու Ֆելդշտեյնը։ «Մենք պետք է շքամուտքները դիտարկենք որպես հանցավորության դեմ պայքարելու գործիքներ, խնջույքներին վերաբերվենք որպես հանրային առողջությանն ուղղված ջանքեր, իսկ երգչախմբերը դիտարկենք որպես ժողովրդավարության դրսևորում։ Մենք ավելի լավ տեղ կդառնանք, երբ սոցիալական կապիտալի ազդեցության գնահատումը դառնա որոշումների կայացման սովորական պրակտիկա»[2]։

Փիթեր Բլոքը «Համայնք. պատկանելիության կառուցվածքը» գրքում[3] նշում է. «Միջավայրը, որը վերականգնում է համայնքը, հնարավորությունների, առատաձեռնության և նվերների միջավայրն է, այլ ոչ թե խնդիրների լուծման համար վախի և հատուցման միջավայրը»։ Այս միջավայրը մեկ այլ քննարկման առիթ է ստեղծում։ Այն իր քաղաքացիներից պահանջում է հավատարիմ մնալ իրենց՝ տեր կանգնելով իրենց տրված իշխանությանը և ոչ թե համայնքի շահերից բխող որոշումների կայացումը պատվիրակել այլոց։ Համայնքում կարևոր է բոլորի՝ յուրաքանչյուր անդամի և ոչ թե միայն ղեկավարների ներգրավվածությունն ու ներկայացվածությունը։

Համայնքի կառուցման հիմքում ընկած են համոզմունքները։ Հիմնարար համոզմունքներից են ֆունկցիոնալ կազմակերպման, էթիկական, արժեքային, սոցիալական, մշակութային, հոգևոր, տնտեսական, քաղաքական, մարդու իրավունքներին ուղղված և բազմազանությունը արժևորող համոզմունքները։

Համայնքի զգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Համայնքը մի բան է, որը մենք անում ենք միասին։ Այն պարզապես բեռնարկղ չէ»,— ասել է սոցիոլոգ Դևիդ Բրեյնը[4]։ Ենթակառուցվածքները, ճանապարհները, ջուրը, կոյուղագիծը, էլեկտրաէներգիան և բնակֆոնդը ապահովում են այն միջավայրը, որտեղ մարդիկ ապրում են։ Հենց այս միջավայրում է, որ մարդիկ միասին անում են այն, ինչը նրանց թույլ է տալիս գոյատևել։ Այդ գործունեությունը ներառում է տարբեր ասպեկտներ, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, բիզնեսը, ժամանցը և հոգևոր տոնակատարությունները։ Մարդիկ, որոնք աշխատում են ընդհանուր ըմբռնումներով և ակնկալիքներով, ուժեղ համայնքի հիմքն են։

Համայնքի սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան համայնքների ձևավորման մի քանի ուղիներ, որոնք հետագայում ազդում են նաև դրանց հզորացման վրա։

  1. Տեղանք՝ թաղամասերից մինչև քաղաքներ, կամ որոշակի միջավայր, որտեղ մարդիկ սովորաբար հավաքվում են (օրինակ՝ եկեղեցի կամ ժամանցի վայր)։
  2. Ընդհանուր հետաքրքրություններ և հեռանկարներ, այսինքն՝ ընդհանուր շահեր և արժեքներ ունենալը, նույնիսկ երբ մարդիկ գտնվում են աշխարհագրական տարբեր տարածքներում։
  3. Համատեղ գործունեություն, համախմբվածության և ինքնության զգացում, որի մեջ մտնում է նաև ոչ ֆորմալ համատեղ գործունեությունը, օրինակ՝ պարտականությունների բաշխումը, հարևաններին օգնելը, բայց սրանց նպատակը պարտադիր չէ, որ համայնքի համախմբվածությանը նպաստելը լինի։
  4. Սոցիալական կապեր` անհատների միջև հարաբերություններ, որոնք ստեղծում են համախմբվածության շարունակական զգացում։
  5. Բազմազանություն, որը հիմնականում վերաբերում է ոչ թե էթնիկ խմբերին, այլ համայնքների ներսում սոցիալական կյանքի տարբեր հարթություններին, որտեղ միմյանց կողքին գոյակցում են բազմաթիվ համայնքներ[5]։

Անկախ ձևավորված համայնքի տեսակից՝ հնարավոր է համայնքի կառուցմանն ուղղված գործունեություն ծավալել և փոփոխություն կատարել։ Համայնքի կառուցման ձևերը տարբեր են և կախված են վերը թվարկված գործոններից։ Համայնքները ձեռնարկում են տարբեր միջոցառումներ իրենց հզորացման համար։

Համայնքաշինական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքային այգեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքային այգեգործությունն օգնում է բարելավել տվյալ տարածքը, խթանում է համայնքային հարաբերությունները և խորացնում կապը շրջակա միջավայրի հետ, երբ բնակիչները տնկում են ծառեր և հավաքում թարմ բերք։

Համայնքային տեխնոլոգիական կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքային տեխնոլոգիական կենտրոնները (ՀՏԿ), որոնք ստեղծվել են օրինակ «Free Geek» նախաձեռնության ակտիվիստական մոդելով, համայնքներում դարձել են աջակցության և կազմակերպման կենտրոններ։ Պարզվել է, որ համայնքային այգիների և այլ ֆունկցիոնալ համայնքների նման, ՀՏԿ-ները ևս կարող են խթանել անհատական ​​և կոլեկտիվ արդյունավետությունը, համայնքի հզորացումը և համայնքային կազմակերպումը, համայնքի առողջությունը և բարեկեցությունը, պատկանելիության և համայնք լինելու զգացումը, ռասայական, էթնիկական և դասակարգային գիտակցության զարգացումը և նվազեցնում են թվային տեխնոլոգիաների ոչ հավասար հասանելիությունը, համայնքի թուլացումը և աղքատությունը[6][7]։

ՀՏԿ-ները նպաստում են ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ տեխնոլոգիաների վերաօգտագործման և էլեկտրոնային թափոնների էթիկական կառավարման միջոցով։

Նվերների փոխանակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտությունը, պարը, այգեգործությունը, արհեստագործությունը, մեխանիկան, ցանկացած հմտություն կամ գիտելիք հիանալի հնարավորություններ են ստեղծում համայնքաշինության համար[8]։ Ծառայությունների մատուցումը դրդում է մարդկանց միմյանց օգնելու միջոցով հասնել հարաբերությունների ամրապնդման և փոխըմբռնման։ Նվերների փոխանակումն ուժեղացնում է համայնքը որպես այդպիսին և հիմք դնում համայնքի հետագա հաջողությունների համար՝ շնորհիվ ընդհանուր բարեկեցության և միասնության։

Ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվիզմը (ի տարբերություն համայնքային կազմակերպման) սոցիալական փոփոխությունների հասնելու համար քայլեր ձեռնարկելն է։ Երբ համայնքները միավորվում են ընդհանուր ակտիվիստական մտածելակերպով կամ մոտեցմամբ, դա կարող է հանգեցնել սոցիալական շարժման[9]։

Համայնքային կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպումը համայնքների միավորման հիմնական միջոցն է։ Երբ օգտագործվում է «կազմակերպում» տերմինը, այն սովորաբար նշանակում է, որ քիչ ազդեցիկ մարդիկ միավորվում են՝ որևէ խնդիր լուծելու համար։ Համայնքների կազմակերպման մի քանի ձև կա։ Ամենանոր ձևը սոցիալական ցանցերն են[10]։ Համայնքային կազմակերպումը տարբերվում է ակտիվիզմից, եթե ակտիվիստները մասնակցում են սոցիալական բողոքի ցույցերին՝ չունենալով համայնքներում իշխանությունն ամրապնդելու կամ սոցիալական փոփոխությունների հասնելու կոնկրետ ռազմավարություն[11]։ Ըստ Ֆիլ Բրաունի՝ համայնքի կազմակերպումն այն միջոցն է, որը տվյալ տարածքում նպաստում է սոցիալական համախմբվածությանը և փոխադարձ աջակցությանը, որոնք էլ իրենց հերթին հանգեցնում են բնապահպանական անարդարությունների դեմ իրականացվող հաջող արշավների[12]։

Համայնքաշինություն և շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքաշինությունը կարող է հիմք դառնալ ավելի մեծ կազմակերպական գործունեության համար, ինչպիսիք են շրջակա միջավայրի և առողջության վրա թունավոր թափոններով աղտոտվածության բացասական ազդեցությունը, էկո-սոցիալական արդարությունը, էկոլոգիական արդարությունը և նման գործունեության հետևանքով ճնշված ու մարգինալացված համայնքների կրած անհամաչափ վնասը։ Շատ մարդիկ՝ հատկապես նրանք, ովքեր արտոնյալ դիրքերում են, չեն համարում, որ նախկինում էական ուշադրության արժանացած էկոլոգիական խնդիրները՝ բնական ռեսուրսների պահպանումը, վտանգված տեսակների պաշտպանությունը, արևադարձային անտառների ոչնչացումը, օզոնային շերտի քայքայումը, թթվային անձրևի հետևանքների մեղմացումը, ինչպես նաև այլ ազգային գլոբալ խնդիրները, անմիջականորեն ազդում են իրենց կամ իրենց համայնքների վրա։ Նախկինում բնապահպանական այս խնդիրների վրա կենտրոնանալը նպաստել է, որ բնապահպանական շարժումները հիմնականում բաղկացած լինեն միջին և միջինից բարձր խավի անհատներից։

Այնուամենայնիվ, քանի որ բնապահպանական և սոցիալական խնդիրները դառնում են ավելի ու ավելի համատարած, Գլոբալ Հյուսիսում արտոնյալ տարածքները նոր մոտեցումներ են որդեգրում և միջոցառումներ ձեռնարկում՝ հաշվի առնելով այդ խնդիրների գլոբալ բնույթը և դրանց տեղական դրսևորումները։ Նմանատիպ հարցերով զբաղվող խմբերը կարող են լինել նույնքան ազդեցիկ, որքան Միավորված ազգերի կազմակերպությունը[13] կամ նույնքան փոքր և տեղական, որքան թաղամասերը[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Putnam, Robert D. (2000) Bowling Alone: The Collapse and Revival of American Community (Simon & Schuster, New York).
  2. bettertogether.org Արխիվացված 2006-07-14 Wayback Machine
  3. Block, Peter (2008) Community: The Structure of Belonging (Berrett-Koehler Publishers, Inc. San Francisco).
  4. Brain, David, "Placemaking and Community Building," Presentation at the University of Miami School of Architecture (Coral Gables, Fl: March 2004).
  5. Brown, Phil. «Who is the Community?/What is the Community?» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  6. Izlar, Joel (2019 թ․ օգոստոսի 21). «Local–global linkages: Challenges in organizing functional communities for ecosocial justice». Journal of Community Practice (անգլերեն): 1–19. doi:10.1080/10705422.2019.1657536. ISSN 1070-5422.
  7. Davies, Steven; Wiley-Schwartz, Andrew; Pinkett, Randal D.; Servon, Lisa J. (2003). Community Technology Centers as Catalysts for Community Change (PDF). The Ford Foundation.
  8. «Community Building through Gifts». Abundant Community. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  9. «Introduction to Activism». Permanent Culture Now. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  10. Obar, Jonathan; Lampe, Clifford; Zube, Paul. «Advocacy 2.0: An Analysis of how Advocacy Groups in the United States Perceive and Use Social Media as Tools for Facilitating Civic Engagement and Collective Action». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.(չաշխատող հղում)
  11. Chambers, Edward T. (2003 թ․ հուլիսի 22). Roots for Radicals: Organizing for Power, Action, and Justice. Bloomsbury Academic. ISBN 0826414990.
  12. Brain, David, "Placemaking and Community Building," Presentation at the University of Miami School of Architecture (Coral Gables, Fl: March 2004).
  13. «60 Ways the United Nations Makes a Difference». The United Nations. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  14. «Reference/Links: Environmental Groups». Natural Resources Defense Council. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.