Խմբային միաբանվածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խմբային միաբանվածություն
Խմբային դինամիկայի գործընթաց Խմբագրել Wikidata
Sociological concept Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաgroup dynamics, social theory Խմբագրել Wikidata
Հիմնական թեմաattachment theory Խմբագրել Wikidata

Խմբային միաբանվածություն, սոցիալական հոգեբանության մեջ խմբի անդամների կողմից խմբի նկատմամբ նվիրվածության աստիճան։ Խմբային միաբանվածությունը խմբային դինամիկայի գործընթացներից մեկն է[1]։

Ուսումնասիրության մոտեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային միաբանվածությունը դիտարկվում է երեք տարբեր տեսանկյուններից[1].

  • Խմբի անդամների միմյանց նկատմամբ փոխադարձ վերաբերմունքը։ Խմբային միաբանվածությունն այս դեպքում որոշվում է խմբի բոլոր անդամների միմյանց նկատմամբ ունեցած համակրանքի հանրագումարով։
  • Խմբի գրավչությունն իր յուրաքանչյուր անդամի համար։ Խմբային միաբանվածությունն այս դեպքում որոշվում է այն գործոնների հանրագումարով, որն անհատին պահում է խմբում։
  • Արժեքային-կողմնորոշիչ միասնություն։ Խմբային միաբանվածությունն այս դեպքում որոշվում է խմբի անդամների գնահատականների համընկնման աստիճանով, որոնք արտաքին են մի խումբ առարկաների և երևույթների նկատմամբ։

Մյուս կողմից, խմբային միաբանվածությունը կարելի է բաժանել չորս հիմնական բաղադրիչների[2].

  • սոցիալական հարաբերություններ,
  • գործարար (նպատակային) հարաբերություններ,
  • միասնության զգացում,
  • զգացմունքային ընկալում։

Խմբային միաբանվածության ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային միաբանվածության բարձր աստիճանը նշանակում է, որ խմբի անդամները կիսում են ընդհանուր նպատակները և ինտեգրված են լավագույն ձևով։ Այս դեպքում ամենակարևորը համատեղելիության ամենաբարձր` հոգեբանական և սոցիալ-հոգեբանական մակարդակներն են։ Դրանք արտահայտվում են հետևյալ ընդհանուր ցուցանիշներով, որոնց աճը համապատասխանում է խմբային միաբանվածության աճին[1].

  • խմբի անդամների՝ միմյանց նկատմամբ դրական ընտրություն կատարելու հաճախությունը,
  • հաղորդակցական կապերի ամրությունը,
  • անդամների համար խմբի գրավչության աստիճանը,
  • մասնակցությունը խմբի կյանքին,
  • խմբի ազդեցությունն իր անդամների վրա,
  • կողմնորոշում դեպի կարևորագույն արժեքները,
  • առարկայական-արժեքային միասնությունը։

Համաձայն Միացյալ Թագավորության կառավարական հանձնաժողովի կողմից հրապարակված «State of the English Cities» (հայերեն՝ Անգլիական քաղաքների վիճակը) զեկույցի` խմբային միաբանվածության համար կարևոր են հետևյալ ցուցանիշները.

Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունված է համարել, որ կապերը, որոնք խմբի անդամներին կապում են միմյանց և ընդհանուր առմամբ նաև իրենց խմբի հետ, ինքնաբերաբար չեն զարգանում։ Տարիների ընթացքում սոցիոլոգները տարբեր կերպ են մեկնաբանել խմբային միաբանվածության երևույթը։ Ոմանք ենթադրում են, որ խմբի անդամների համախմբվածությունը զարգանում է համամասնակցության, թիմային աշխատանքի, ինչպես նաև միջանձնային ու խմբային «ձգողականության» ուժեղացված զգացումից։

Ենթադրվում է, որ ատրակցիան, նվիրվածությունն ընդհանուր գործին և միասնական արժեքային համակարգը ևս խմբային միաբանվածության պատճառ են հանդիսանում։

Ատրակցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ամերիկացի հոգեբան Լեոն Ֆեսթինգերը և իր գործընկերները առաջարկել են մի տեսություն, ըստ որի՝ խմբի միաբանվածության համար անհրաժեշտ է հարգալից վերաբերմունք համայնքի ներսում գտնվող անդամների, ինչպես նաև ամբողջ խմբի նկատմամբ[3]։ Փոխարենը, 1965 թվականին սոցիոլոգներ Ալբերտ և Բերնիս Լոթերը պնդում էին, որ խմբի ներսում միջանձնային գրավչությունը բավարար է խմբի միաբանվածությունը բացատրելու համար[4]։ Այլ կերպ ասած՝ խմբային միաբանվածությունը գոյություն ունի, երբ դրա անդամները փոխադարձ դրական զգացողություններ ունեն միմյանց նկատմամբ։

Ավելի ուշ՝ 1992 թվականին որոշ տեսաբաններ գրեցին, որ խմբային միաբանվածությունն ընդհանուր առմամբ հիմնված է համայնքի նկատմամբ համակրանքի վրա. գաղափար, որը հիշեցնում է սոցիալական ինքնության տեսությունը[5][6]։ Ըստ բրիտանացի հոգեբան Մայքլ Հոգգի՝ խմբի միաբանվածությունը որոշվում է սոցիալական գրավչությամբ, որը վերաբերում է «որոշակի սոցիալական խմբի անդամների միջև առկա ձգողականությամբ»[5]։ Հոգը բացատրում է, որ սոցիալական գրավչությունն ինքնադասակարգման տեսության միջոցով վերածվում է համախմբվածության, ըստ որի անհատները, հաշվի առնելով այլ մարդկանց հետ նմանություններն ու տարբերությունները, մտքում իրենց և մյուսներին դասակարգում են որպես երկու տարբեր խմբերի՝ «յուրայինների» և «օտարների» մաս։ Այս տեսակի դասակարգումից անհատի մտքում ձևավորվում է սոցիալական խմբի մասին կարծրատիպային գաղափար, որը հանգեցնում է նրան, որ անհատը մտածում և վարվում է խմբային նորմերին համապատասխան, այսինքն արտահայտում է իր արտակցիան դրա նկատմամբ։ Այս գործընթացը հայտնի է որպես ինքնաընկալման ապանձնավորում։ Հոգգի տեսության համաձայն՝ սոցիալական գրավչությունը վերաբերում է ապանձնավորված հատկանիշների նմանությանը, խմբի նախատիպին, որը տարբերվում է համայնքի ներսում միջանձնային գրավչությունից։ Կարևոր է նշել, որ խմբային միաբանվածությունն ավելի շատ կապված է խմբային գրավչության, քան խմբի առանձին անդամների նկատմամբ գրավչության հետ[6]։

Միասնական արժեհամակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսաբանները կարծում են, որ խմբային միաբանվածությունը միասնության խորը զգացողության, խմբին որպես ամբողջություն պատկանելու արդյունք է[7][8]։ Ներգրավվածությունը համայնքի գործունեության մեջ և նրա անդամների նմանատիպ հատկանիշների ճանաչումը խումբը դարձնում են ավելի միաբան։ Միասնական արժեհամակարգը ստեղծում է համայնքի զգացում, որն ամրապնդում է միասնության կապերը։

Հանձնառություն ընդհանուր գործին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք հետազոտողներ կարծում են, որ համատեղ աշխատանքը` հիմնված ընդհանուր խնդիրների կատարման և կոլեկտիվ նպատակներին հասնելու վրա, ստեղծում է համախմբվածություն[9][10]։ Խմբերի անդամները, որոնք կենտրոնացած են կոնկրետ խնդիրների լուծման վրա, որպես կանոն, հակված են ավելի մեծ փոխկապակցվածություն ցուցաբերելուն և իրենց պատասխանատու են զգում խմբային աշխատանքի արդյունքների համար։ Համարվում է, որ միասնության կապերը, որոնք առաջանում են ընդհանուր նպատակների իրականացմանն ուղղված համատեղ գործունեության արդյունքում, վկայում են խմբային միաբանվածության մասին։ Ի տարբերություն միասնական արժեքային համակարգի և միմյանց նկատմամբ անդամների փոխադարձ վերաբերմունքի` աշխատանքային պարտավորությունները բարենպաստ ազդեցություն ունեն արտադրողականության և աշխատանքի արդյունավետության վրա[11]։

Գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժերը, որոնք սոցիալական խմբերում նպաստում են մարդկանց միավորմանը, կարող են լինել ինչպես դրական (պարգևատրման քաղաքականություն), այնպես էլ բացասական (անդամակցության առավելությունները կորցնելու վախ)։ Խմբային միաբանվածության վրա ազդող հիմնական գործոններն են՝ խմբի անդամների նմանությունը[12][13], խմբի չափը[14], խմբին անդամակցելու դժվարությունը[15], խմբի հաջողությունը[16][17] և արտաքին մրցակցությունն ու սպառնալիքները[18][19]։ Հաճախ այդ գործոնները գործում են այն սոցիալական խմբի հետ անհատի նույնականացման ուժեղացման միջոցով, որին պատկանում է, ինչպես նաև այն գաղափարի շնորհիվ, թե ինչպես խումբը կարող է բավարարել իր անձնական կարիքները։

Խմբի անդամների նմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի անդամների նմանությունը տարբեր ազդեցություն ունի խմբային միաբանվածության վրա` կախված նրանից, թե ինչպես է սահմանվում այս հասկացությունը։ Սոցիոլոգներ Ալբերտ և Բերնիս Լոթերը, որոնք միջանձնային ատրակցիան անվանում են խմբային միաբանվածություն, պարզել են, որ մարդկանց նմանություններն ըստ ծագման և կենսագրական տվյալների (օրինակ՝ ռասայական, էթնիկ պատկանելություն, զբաղմունք, տարիք), ըստ վերաբերմունքի, արժեքների և անհատականության գծերի, որպես կանոն, դրականորեն են նպաստում խմբային միաբանվածության գործընթացի վրա[6]։

Իսկ արդեն սոցիալական ներգրավման տեսանկյունից՝ որպես խմբային միաբանվածության հիմք, խմբի անդամների միջև նմանությունն անհատների համար առիթ է իրենց և մյուսներին դասակարգելու որպես «յուրայինների» և «օտարների»[6]։ Այս տեսանկյունից, որքան ավելի շատ նախատիպային նմանություն զգա անհատն իր և խմբի մյուս անդամների միջև, այնքան ավելի ուժեղ կլինի խմբի միաբանվածությունը[6]։

Բացի այդ` նմանատիպ նախադրյալները մեծացնում են հավանականությունը, որ խմբի անդամները կունենան տարբեր հարցերի շուրջ ընդհանուր կարծիք, ներառյալ խմբի նպատակները, հաղորդակցման մեթոդները և ցանկալի առաջնորդին։ Խմբի կանոնների և նորմերի վերաբերյալ անդամների միջև համաձայնության բարձր աստիճանը հանգեցնում է վստահության բարձրացմանը և համայնքի ներսում դիսֆունկցիոնալ կոնֆլիկտների նվազմանը։ Սա իր հերթին ուժեղացնում է ինչպես էմոցիոնալ, այնպես էլ բիզնես համախմբվածությունը։

Խմբին անդամակցության դժվարության մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբին անդամակցության ճանապարհին խոչընդոտները (ընտրության խիստ չափանիշներ), որոնք կիրառվում են խմբի նկատմամբ, որպես կանոն, «ոչ անդամների» աչքում այն դարձնում են բացառիկ համայնք։ Որքան ավելի էլիտար է համարվում խումբը, այնքան ավելի հեղինակավոր է դրան անդամակցությունը։ Ինչպես ցույց է տվել 1959 թվականին Արոնսոնի և Միլսի կողմից իրականացված և 1966 թվականին Ջերարդի ու Մեթյուսոնի կողմից հաստատված դիսոնանսային հետազոտությունը, այս ազդեցությունը կարող է առաջանալ դիսոնանսի նվազման պատճառով (տես՝ կոգնիտիվ դիսոնանս)։ Խմբին անդամակցության բարդ ծեսը կարող է խեղաթյուրել անհատի ըմբռնումը խմբի մասին։

Խմբի չափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր խմբերն ավելի համախմբված են, քան մեծերը։ Դա հաճախ բացատրվում է սոցիալական ծուլությամբ. տեսություն, համաձայն որի խմբի առանձին անդամներն ավելի քիչ ջանք են գործադրում՝ իմանալով, որ մյուս անհատները կլրացնեն բաց թողածը։

Փոքր խմբերի դեպքում սոցիալական ծուլությունը բացառվում է, քանի որ համայնքի անդամները գիտակցում են, որ ինչ-որ բանի մեջ իրենց անհատական ներդրումը կարող է նույնականացվել[20]։

Պրիմատոլոգիայում և մարդաբանության մեջ խմբերի չափերի սահմանները տեսականացվում են ըստ Դանբարի թվի։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային միաբանվածությունը կապված է դրական և բացասական մի շարք հետևանքների հետ։

Մոտիվացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմի անդամների համախմբվածությունն ու մոտիվացիան հիմնարար գործոններն են, որոնք նպաստում են ընկերության աշխատանքի արդյունավետությանը։ Հարմարվողականության, ինքնահարգանքի և անձնական մոտիվացիայի աճի շնորհիվ թիմի յուրաքանչյուր անդամ իրեն վստահ զգալու և թիմում հաջողության հասնելու հնարավորություն է ստանում։ Խմբային միաբանվածությունը նվազագույնի է հասցնում սոցիալական ծուլության երևույթը և բարձրացնում թիմի յուրաքանչյուր անդամի մոտիվացիան[21]։

Արտադրողականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետավերլուծությունների մեծ մասը ցույց է տվել, որ որ անմիջական կապ կա համախմբվածության և աշխատունակության միջև[21][22][23][24]։ Երբ համախմբվածությունը պայմանավորված է ատրակցիայով, այն ավելի սերտորեն է կապվում արդյունավետ աշխատանքի հետ[21], քան երբ այն պայմանավորված է ընդհանուր գործին նվիրվածությամբ[21]։

Որոշ խմբերի մոտ այս հարաբերությունն ավելի ուժեղ է արտահայտված։ Այսպիսով, փոքր թվով մասնակիցներ ունեցող համայնքներն ավելի համախմբված և արդյունավետ են, քան մեծ խմբերը[25]։ 2002 թվականին սոցիոլոգ Ա. Քերոնը պարզել է, որ համախմբվածության ֆենոմենը առավել ցայտուն է սպորտային թիմերում՝ նշելով, որ համախմբվածության և արտադրողականության միջև կապը նկատվում է նաև այնպիսի համայնքներում, ինչպիսիք են ռազմական ստորաբաժանումները, փորձարարական խմբերը և և հատուկ առաջադրանքների կատարման համար ստեղծված խմբերը։ Կարծիք կա, որ համախմբվածությունը սերտորեն կապված է փոխկապակցված դերեր ունեցող խմբերի կատարողականի հետ[24]։

Մասնակիցների գոհունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտության համաձայն` համախմբված համայնքների անդամներն ավելի մեծ բավարարվածություն ունեն, քան հակադիր խմբերի անդամները[26][27][28]։ Այս միտումը բնորոշ է բազմաթիվ կազմակերպությունների, այդ թվում՝ արդյունաբերական, սպորտային և կրթական հաստատությունների։ Համախմբված համայնքների անդամները նաև առավել լավատես են և ավելի քիչ են տառապում սոցիալական խնդիրներից[29]։

Որպես օրինակ վերցնենք հետևյալ ուսումնասիրությունը։ Փորձերից մեկին մասնակցել է բնակելի շենքի կառուցման վրա աշխատող որմնադիրների և ատաղձագործների մի խումբ[30]։ Առաջին հինգ ամիսների ընթացքում նրանց ղեկավարը ձևավորել է խմբեր, որտեղ նրանք պետք է աշխատեին՝ ընդորում անընդհատ փոխելով այդ խմբերի անդամներին։ Դա արվել է, որպեսզի շինարարները ծանոթանան բոլոր նրանց հետ, ովքեր աշխատում էին այս նախագծի վրա. աշխատանքի ընթացքում փորձի մասնակիցների մոտ որոշակի համակրանք և հակակրանք էր առաջացել այդտեղ առկա մարդկանց նկատմամբ։ Այնուհետև փորձարարը ձևավորեց համախմբված խմբեր՝ միավորելով միմյանց հավանող մարդկանց։ Արդյունքում պարզվել էր, որ որմնադիրներն ու ատաղձագործներն ավելի գոհ էին, երբ աշխատում էին միաբանված խմբերում։

Զգացմունքային հարմարվողականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համախմբված խմբերի անդամներն էմոցիոնալ առումով ավելի հեշտ են հարմարվում, քանի որ նրանք ավելի քիչ անհանգստություն և լարվածություն են զգում[31][32], և ավելի լավ են կարողանում հաղթահարել սթրեսը[33][34]։

Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ ընդհանուր գործին նվիրվածության արդյունքում առաջացած համախմբվածությունը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ կոլեկտիվ որոշումների կայացման վրա, երբ խումբը սթրեսային վիճակում է[34]։ Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է երեք հոգուց բաղկացած քառասունվեց թիմ. դրանցից յուրաքանչյուրը պետք է ընտրեր նավթահորերի հորատման լավագույն տեղամասերը։ Հետազոտությունը հիմնված էր խմբի միաբանվածության աստիճանի և առաջադրանքի կատարման սեղմ ժամկետների վրա։ Արդյունքում, ցածր համախմբվածություն և առաջադրանքը կատարելու ոչ հրատապ անհրաժեշտություն ունեցող խմբերը կարճ ժամանակում ավելի վատ աշխատանք կատարեցին, քան բարձր համախմբվածություն և հրատապություն ունեցող խմբերը։ Սա ցույց է տալիս, որ գործողությունների համահունչ լինելը կարող է նպաստել սթրեսի ժամանակ խմբային որոշումների կայացմանը։

Համապատասխանության ճնշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաբան խմբերում մարդիկ ավելի մեծ ճնշում են զգում, քան ոչ միաբան խմբերում գտնվողները։ Խմբային մտածողության տեսությունը ենթադրում է, որ նման ճնշումը խոչընդոտում է խմբի կողմից կայացված որոշումների քննադատական ընկալմանը։ 2003 թվականին շվեյցարացի մարդաբան Ջորդանոն ենթադրել է, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ խմբում մարդիկ շփվում են միմյանց հետ և ստեղծում բազմաթիվ հնարավորություններ համայնքի մյուս անդամների վրա ազդելու համար։ Դա տեղի է ունենում նաև այն պատճառով, որ համայնքի անդամը մյուս անդամներին ընկալում է որպես իր նման և այդպիսով ավելի պատրաստակամորեն ենթարկվում համապատասխանության ճնշմանը։ Մեկ այլ պատճառ էլ այն է, որ մարդիկ գնահատում են խումբը և ավելի պատրաստակամորեն են ենթարկվում ճնշմանը՝ համայնքի ներսում իրենց հարաբերությունները պահպանելու կամ բարելավելու համար։

Անհատների անօրինական գործունեությունը նաև կապում են համապատասխանության ճնշման հետ։ 2001 թվականին Դանա Հեյնին պարզել է, որ մի խումբ ընկերների ներգրավումն անօրինական գործունեության մեջ «մոտիվացնում է» իրենց մեկ այլ մտերիմ անձի միանալու անօրինական այդ գործողություններին։ Ավելին, նրանք, ում շփման շրջանակն ամբողջությամբ կապված է քրեական աշխարհի հետ, ամենայն հավանականությամբ հենց իրենք էլ ներգրավված են եղել անօրինական գործունեության մեջ։ Մեկ այլ հետազոտություն էլ ցույց է տվել, որ այն դեռահասները, որոնք ընկերներ չունեն, անօրինական գործունեությամբ չեն զբաղվել՝ ի տարբերություն նրանց, ովքեր ունեցել են առնվազն մեկ այդպիսի ընկեր[35]։ Այլ հետազոտություններ ևս նմանատիպ արդյունքներ են տվել[36][37][38][39][40]։

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ և Բերնիս Լոթերն ուսումնասիրել են, թե ինչպես է խմբային միաբանվածությունն ազդում անհատական ​​ուսուցման վրա։ Նրանք ցանկանում էին ստուգել ուսուցման արդյունավետությունը՝ կախված նրանից, թե ում հետ են սովորելու երեխաները՝ հասակակիցների հետ, որոնք նրանց դուր են գալիս, թե աշակերտների հետ, որոնց նկատմամբ նրանք հակակրանք ունեն[41]։ Ենթադրվում էր, որ խմբի անդամների միջև փոխկապվածության մակարդակը կհամապատասխանի նրանց համախմբվածությանը։ Նրանք պարզել են, որ բարձր IQ ունեցող երեխաներն ավելի լավ են կատարում առաջադրանքները, երբ սովորում են սերտ խմբերում։ Ցածր IQ ունեցող երեխաների համար, սակայն, համախմբվածության գործոնը շատ բան չի փոխել։ Այնուամենայնիվ, սերտ խմբերում նման աշակերտների մոտ նկատվել է արդյունավետության բարձրացման փոքր միտում։ Հետազոտողները ենթադրում են, որ եթե երեխաները աշխատեին իրենց դուր եկած աշակերտների հետ, նրանք ավելի շատ ցանկություն կունենային սովորելու։

Հոգեբանական անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունները ցույց են տալիս, որ խմբային միաբանվածությունը հոգեբանական անվտանգության կարևոր պայման է, որն իր հերթին խմբի համար բերում է բազմաթիվ առավելություններ[42][43]։

Պետական քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի ամռանը Մեծ Բրիտանիայի հյուսիսային արդյունաբերական քաղաքներում (Օլդեմ, Բրեդֆորդ և Բերնլի) տեղի ունեցած անկարգություններից հետո սոցիալական համախմբվածությունը դարձավ բրիտանական սոցիալական քաղաքականության կարևոր ասպեկտ։ Այս իրադարձություններն ուսումնասիրելիս՝ ակադեմիկոս Թեդ Քենթլը մեծապես հիմնվում էր սոցիալական համախմբվածության հայեցակարգի վրա, իսկ լեյբորիստական նոր կառավարությունը (հատկապես այն ժամանակվա ներքին գործերի նախարար Դևիդ Բլանքեթը) իր հերթին լայնորեն քարոզում էր այս հայեցակարգը։ 2003 թվականին իր «Համախմբվածության տարին» գրքում Runnymede Trust հիմնադրամը նշում է. «Եթե ​​2002 թվականին Runnymede-ի բառապաշարին ինչ-որ հիմնաբառ ավելացավ, ապա դա «համախմբվածություն» եզրույթն էր։ Բազմազգ Մեծ Բրիտանիայի ապագայի հանձնաժողովի զեկույցի հրապարակումից մեկ տարի անց Քենթլի, Դենեմի, Քլարքի, Օուսլիի և Ռիչիի զեկույցները բրիտանական ռասայական բանավեճերում համախմբվածության հարցը առաջին պլան մղեցին»[44]։

Կառավարության կողմից պատվիրված «Անգլիական քաղաքների վիճակը» թեմատիկ զեկույցների համաձայն` կան սոցիալական համախմբվածության հինգ տարբեր ասպեկտներ՝ նյութական պայմաններ, պասիվ հարաբերություններ, ակտիվ հարաբերություններ, համերաշխություն, ներառականություն և հավասարություն։ Զեկույցը ցույց է տալիս, որ նյութական պայմանները հիմնարար նշանակություն ունեն սոցիալական համախմբվածության համար, հատկապես այնպիսի բաղադրիչները, ինչպիսիք են զբաղվածությունը, եկամուտները, առողջապահությունը, կրթությունը և բնակարանային ապահովումը։ Համայնքների միջև և դրանց ներսում հարաբերությունները վատթարանում են այն դեպքերում, երբ մարդիկ աշխատանք չունեն և բախվում են դժվարությունների, պարտքերի, անհանգստության, ցածր ինքնագնահատականի, վատ առողջության, անհրաժեշտ հմտությունների բացակայության և վատ կենսապայմանների հետ։ Այս հիմնական կարիքները հիմք են հանդիսանում ամուր սոցիալական կառուցվածքի և սոցիալական առաջընթացի կարևոր ցուցանիշների համար։

Համախմբվածության երկրորդ հիմնական սկզբունքը սոցիալական կարգն է, անվտանգությունը և վախից ազատությունը կամ «պասիվ սոցիալական հարաբերությունները»։ Հանդուրժողականությունն ու հարգանքն այլ մարդկանց նկատմամբ, կայունության և անվտանգության հետ մեկտեղ, ներդաշնակ քաղաքային հասարակության առանձնահատկությունն են։

Երրորդ ասպեկտը վերաբերում է առանձին անհատների և համայնքների միջև դրական փոխազդեցություններին կամ «ակտիվ սոցիալական հարաբերություններին»։ Նման շփումներն ու կապերը պոտենցիալ ռեսուրսներ են, քանի որ դրանք մարդկանց և կազմակերպություններին տրամադրում են փոխադարձ աջակցություն, տեղեկատվություն, վստահություն և տարբեր տեսակի փոխառություններ։

Չորրորդ ասպեկտը վերաբերում է քաղաքացիական հասարակության հիմնական ինստիտուտներում մարդկանց սոցիալական ներառման կամ ինտեգրման աստիճանին։ Այն նաև ներառում է մարդկանց՝ քաղաքին պատկանելու զգացումը և և տարբեր փորձառություն ունեցող մարդկանց համատեղ փորձի, ինքնության և արժեքների ուժը։

Վերջապես, սոցիալական հավասարությունը վերաբերում է հնարավորությունների կամ նյութական պայմանների մատչելիության արդարության կամ անհավասարության մակարդակին, ինչպիսիք են եկամուտը, առողջությունը, կյանքի որակը կամ հեռանկարները։ Աշխատանքի փոփոխվող բնույթի և ապագայի անորոշության պայմաններում սոցիալական հավասարության ձգտելով՝ Համաշխարհային բանկն իր «Համաշխարհային զարգացման մասին զեկույց 2019»-ում կոչ է անում կառավարություններին մարդկային կապիտալում ավելացնել ներդրումները և ընդլայնել սոցիալական պաշտպանությունը։

Հասարակական մակարդակում Ալբրեկտ Լարսենը սոցիալական համախմբվածությունը սահմանում է որպես «ազգի համոզմունք, որ նրանք պատկանում են բարոյական համայնքին, որը թույլ է տալիս նրանց վստահել մեկմեկու»։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և Դանիայի համեմատական ​​ուսումնասիրության մեջ նա ցույց է տալիս, որ հայրենակիցների վստահությունը մեծապես ազդում է սոցիալական անհավասարության մակարդակի և այն բանի վրա, թե ինչպես են «աղքատ» և «միջին» խավերը ներկայացված լրատվամիջոցներում[45]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային միաբանվածությունը սպորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային միաբանվածությունը միշտ չէ, որ հանգեցնում է արդյունավետության։ 2001 թվականին հետազոտողներ Պասկևիչը, Էստաբրուքսը, Բրոուլին և Քերոնը նշել են, որ համախմբվածությունը կարող է կապված լինել համապատասխանության ճնշման, խմբային մտածողության և ապանհատականացման հետ։ Այնուամենայնիվ, սպորտային հոգեբանության ոլորտում խմբային միաբանվածության հնարավոր վնասակարության վերաբերյալ հետազոտությունները սահմանափակ են։ Ըստ Պասկևիչի և այլոց 2001 թվականին արված ուսումնասիրության՝ համախմբվածության բացասական հետևանքների վերաբերյալ աշխատությունների բացակայության պատճառներից մեկը կարող է լինել այն փաստը, որ հետազոտողները, մարզիչները և մարզիկները դա ընկալում են որպես բացառապես շահավետ երևույթ։

Այնուամենայնիվ, կան տվյալներ, որոնք վկայում են հակառակը։ 1994 թվականին Քերոնը, Պրապավեսիսը և Գրովն ուսումնասիրեցին համախմբվածության և ինքնազսպման վարքի միջև կապը։ Նրանք պարզեցին, որ երբ խմբային միաբանվածության սոցիալական ասպեկտը բարձր էր, ինքնազսպման ընդգծված գծեր ունեցող մարզիկներն ավելի շատ էին արդարանում կարևոր մրցումներից առաջ։ 1994 թվականին Քերոնը և մյուսները հղում անելով այն արդարացումներին, որոնցում անհատը մատնանշել էր գործոններ, որոնք կարող են խանգարել հաջող ելույթին (օրինակ՝ աշխատանք, դպրոց, եղանակ, անձնական խնդիրներ, ալկոհոլի և հիվանդության հետևանքներ)։ Միևնույն ժամանակ, երբ համախմբվածությունը ցածր էր, մարզիկներն ավելի քիչ արդարացումներ էին բերում ի պաշտպանություն իրենց։ Միևնույն ժամանակ, երբ համախմբվածությունը ցածր էր, մարզիկներն ավելի քիչ արդարացումներ էին բերում իրենց պաշտպանության համար։ Հետազոտության արդյունքները քննարկելիս Քերոնն ու մյուս գիտնականներ եկան այն եզրակացության, որ համախմբվածությունը միևնույն ժամանակ և՛ օգտակար է, և՛ վնասակար թիմի համար։ Համախմբված թիմում նկատելի դեր են խաղում այն մարզիկները, որոնք հակված են ինքնասահմանափակման։ Նրանք անձնական պատասխանատվություն են զգում մրցույթի արդյունքի համար և չցանկանալով հուսախաբ անել իրենց թիմակիցներին՝ փորձում են արդարանալ իրենց ձախողման համար։

1998 թվականին Քերոնը և Հաուսենբլասը նշել են, որ համախմբվածության բարձր մակարդակ ունեցող թիմում անդամները կարող են քննադատության ենթարկվել սոցիալական ծուլության հակված գործընկերներին դատապարտելու համար։ Քանի որ այս երևույթի անտեսումը թույլ է տալիս պահպանել թիմի համախմբվածության զգացումը, մարզիկները կարող են համապատասխանության ճնշում զգալ թիմակիցների կամ մարզչի կողմից, ովքեր ցանկանում են «կոծկել» այս խնդիրը։ Քերոնի և մյուսների 1994 թվականին հրապարակված ուսումնասիրությունը պարզել է նաև, որ նման թիմերի մարզիկները զգում են ուրիշների հարձակումը, ուստի նրանք գործում են թիմակիցների ցանկություններին համապատասխան։

Մարզական նվաճումների հետ կապված համախմբվածության և կատարողականի տարբեր ասպեկտներ կարևոր են սոցիալական ծուլության ընկալման համար։ 2006 թվականին ֆուտբոլի պատանեկան լիգայի 118 խաղացողների շրջանում կատարված ուսումնասիրության մեջ Հոյգարդը, Սյաֆվենբոմը և Թոնեսենը պարզել են, որ երբ բարձր սոցիալական համախմբվածությունը զուգորդվում է առաջադրանքների ցածր համախմբվածության և նվազագույն արտադրողականության հետ, ապա սոցիալական ծուլության մակարդակը հասնում է ծայրահեղության։ Այնուամենայնիվ, արդյունավետության աճի դեպքում սոցիալական ծուլության մակարդակը նվազում է՝ հասնելով նվազագույնի՝ առաջադրանքների համախմբվածության բարձր մակարդակի և առավելագույն սոցիալական համախմբվածության համադրությամբ։

Նման կերպ 2005 թվականին Հարդին, Էյսը և Քերոնն ուսումնասիրել են 105 մարզիկներից բաղկացած տարասեռ ընտրանքի։ Ըստ ուսումնասիրության արդյունքների` նրանց 56%-ը հայտնել է բարձր սոցիալական համախմբվածության զարգացման հնարավոր թերությունների մասին, մինչդեռ 31%-ը հայտնել է խնդիրների բարձր համախմբվածության հետ կապված թերությունների մասին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Клецина, Ирина Сергеевна. Практикум по социальной психологии. — Издательский дом "Питер", 2013. — 258 с. — ISBN 9785911808365
  2. Forsyth, D.R. Group Dynamics. — 5th Edition. — Wadsworth: Cengage Learning, 2010. — P. 118—122.
  3. Leon Festinger, Stanley Schachter, Kurt Back Social Pressures in Informal Groups // The American Catholic Sociological Review. — 1950-12. — В. 4. — Т. 11. — С. 268. — ISSN 0362-515X. — doi:10.2307/3707362
  4. Lott, A. J. & Lott, B. E. «Group cohesiveness as interpersonal attraction: a review of relationships with antecedent and consequent variables». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. 5,0 5,1 Hogg, Michael A., 1954- The social psychology of group cohesiveness : from attraction to social identity. — New York: Harvester, 1992. — xi, 185 pages с. — ISBN 0-7450-1062-8, 978-0-7450-1062-5, 0-7450-1063-6, 978-0-7450-1063-2, 0-8147-3499-5, 978-0-8147-3499-5
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Michael A. Hogg Group Cohesiveness: A Critical Review and Some New Directions(անգլ.) // European Review of Social Psychology. — 1993-01. — В. 1. — Т. 4. — С. 85–111. — ISSN 1479-277X 1046-3283, 1479-277X. — doi:10.1080/14792779343000031 Архивировано из первоисточника 8 Մարտի 2021.
  7. Kenneth A. Bollen and Rick H. Hoyle. «Perceived Cohesion: A Conceptual and Empirical Examination».
  8. William Foster Owen Metaphor Analysis of Cohesiveness in Small Discussion Groups(անգլ.) // Small Group Behavior. — 1985-08. — В. 3. — Т. 16. — С. 415–424. — ISSN 0090-5526. — doi:10.1177/0090552685163011 Архивировано из первоисточника 31 Դեկտեմբերի 2019.
  9. David Yukelson, Robert Weinberg, Allen Jackson A Multidimensional Group Cohesion Instrument for Intercollegiate Basketball Teams // Journal of Sport Psychology. — 1984-03. — В. 1. — Т. 6. — С. 103–117. — ISSN 0163-433X. — doi:10.1123/jsp.6.1.103 Архивировано из первоисточника 1 Սեպտեմբերի 2019.
  10. Joanne Provo Team effectiveness and decision making in organizations, by Richard A. Guzzo, Eduardo Salas, and Associates. (1995). San Francisco: Jossey-Bass. 414 pp., $39.95 cloth // Human Resource Development Quarterly. — 1996. — В. 3. — Т. 7. — С. 295–297. — ISSN 1532-1096 1044-8004, 1532-1096. — doi:10.1002/hrdq.3920070310
  11. Beal DJ, Cohen RR, Burke MJ, McLendon CL. «Cohesion and performance in groups: a meta-analytic clarification of construct relations». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. Charles A. O'Reilly III, David F. Caldwell, William P. Barnett Work Group Demography, Social Integration, and Turnover // Administrative Science Quarterly. — 1989-03. — В. 1. — Т. 34. — С. 21. — ISSN 0001-8392. — doi:10.2307/2392984
  13. Social identity and intergroup relations. — Cambridge: Cambridge University Press, 2010. — xv, 528 pages с. — ISBN 978-0-521-15365-2, 0-521-15365-4, 978-0-521-24616-3, 0-521-24616-4
  14. Albert V. Carron, Kevin S. Spink The Group Size-Cohesion Relationship in Minimal Groups(անգլ.) // Small Group Research. — 1995-02. — В. 1. — Т. 26. — С. 86–105. — ISSN 1552-8278 1046-4964, 1552-8278. — doi:10.1177/1046496495261005 Архивировано из первоисточника 4 հունվարի 2020.
  15. Harold B Gerard, Grover C Mathewson The effects of severity of initiation on liking for a group: A replication(անգլ.) // Journal of Experimental Social Psychology. — 1966-07. — В. 3. — Т. 2. — С. 278–287. — doi:10.1016/0022-1031(66)90084-9 Архивировано из первоисточника 31 Դեկտեմբերի 2019.
  16. Stephen J. Zaccaro, M. Catherine McCoy The Effects of Task and Interpersonal Cohesiveness on Performance of a Disjunctive Group Task1(անգլ.) // Journal of Applied Social Psychology. — 1988-08. — В. 10. — Т. 18. — С. 837–851. — ISSN 1559-1816 0021-9029, 1559-1816. — doi:10.1111/j.1559-1816.1988.tb01178.x
  17. Dana S. Dunn, Shane M. Murphy, Annemarie I. Murphy Sport Psychology // The Oxford Handbook of Undergraduate Psychology Education. — Oxford University Press, 2015-08-01. — ISBN 978-0-19-993381-5.
  18. David P. Rapkin, William R. Thompson Constraints on Transition Conflict // Transition Scenarios. — University of Chicago Press. — С. 108–148. — ISBN 978-0-226-04047-9, 978-0-226-04033-2, 978-0-226-04050-9.
  19. Martin W. Rempel, Ronald J. Fisher PERCEIVED THREAT, COHESION, AND GROUP PROBLEM SOLVING IN INTERGROUP CONFLICT(անգլ.) // International Journal of Conflict Management. — 1997-03. — В. 3. — Т. 8. — С. 216–234. — ISSN 1044-4068. — doi:10.1108/eb022796 Архивировано из первоисточника 31 Դեկտեմբերի 2019.
  20. Maria Kavussanu, Glyn C. Roberts Motivation in Physical Activity Contexts: The Relationship of Perceived Motivational Climate to Intrinsic Motivation and Self-Efficacy // Journal of Sport and Exercise Psychology. — 1998-09. — В. 3. — Т. 20. — С. 264–280. — ISSN 1543-2904 0895-2779, 1543-2904. — doi:10.1123/jsep.20.3.264
  21. 21,0 21,1 21,2 21,3 Daniel J. Beal, Robin R. Cohen, Michael J. Burke, Christy L. McLendon Cohesion and Performance in Groups: A Meta-Analytic Clarification of Construct Relations. // Journal of Applied Psychology. — 2003. — В. 6. — Т. 88. — С. 989–1004. — ISSN 0021-9010 1939-1854, 0021-9010. — doi:10.1037/0021-9010.88.6.989
  22. Albert V. Carron, Lawrence R. Brawley Cohesion // Small Group Research. — 2000-02. — В. 1. — Т. 31. — С. 89–106. — ISSN 1552-8278 1046-4964, 1552-8278. — doi:10.1177/104649640003100105
  23. Laurel W. Oliver The Relationship of Group Cohesion to Group Performance: A Research Integration Attempt. — Fort Belvoir, VA: Defense Technical Information Center, 1988-07-01.
  24. 24,0 24,1 Stanley M. Gully, Dennis J. Devine, David J. Whitney A Meta-Analysis of Cohesion and Performance // Small Group Research. — 1995-11. — В. 4. — Т. 26. — С. 497–520. — ISSN 1552-8278 1046-4964, 1552-8278. — doi:10.1177/1046496495264003
  25. Brian Mullen, Carolyn Copper The relation between group cohesiveness and performance: An integration. // Psychological Bulletin. — 1994. — В. 2. — Т. 115. — С. 210–227. — ISSN 0033-2909 1939-1455, 0033-2909. — doi:10.1037/0033-2909.115.2.210
  26. James M. Doering New Alliances, New Media, New York // University of Illinois Press. — 2017-04-20. — doi:10.5406/illinois/9780252037412.003.0005
  27. Fred H. Wallbrown <173::aid-pits2310270215>3.0.co;2-r McAllister, L. (1988). A practical guide to CPI interpretation (2nd ed.). Palo Alto, CA: Consulting Psychologists Press, 105 pp., $14.00. // Psychology in the Schools. — 1990-04. — В. 2. — Т. 27. — С. 173–175. — ISSN 1520-6807 0033-3085, 1520-6807. — doi:10.1002/1520-6807(199004)27:2<173::aid-pits2310270215>3.0.co;2-r
  28. <sc>Handbook of Small Group Research</sc>. By A. Paul Hare. New York: Free Press of Glencoe, 1962. 512 pp. $10.00 // Social Work. — 1964-04. — ISSN 1545-6846. — doi:10.1093/sw/9.2.122
  29. Rick H. Hoyle, Anne M. Crawford Use of Individual-Level Data to Investigate Group Phenomena Issues and Strategies // Small Group Research. — 1994-11. — В. 4. — Т. 25. — С. 464–485. — ISSN 1552-8278 1046-4964, 1552-8278. — doi:10.1177/1046496494254003
  30. Raymond H. Zelst Sociometrically Selected Work Teams Increase Production // Personnel Psychology. — 1952-09. — В. 3. — Т. 5. — С. 175–185. — ISSN 1744-6570 0031-5826, 1744-6570. — doi:10.1111/j.1744-6570.1952.tb01010.x
  31. Albert Myers Team competition, success, and the adjustment of group members. // The Journal of Abnormal and Social Psychology. — 1962. — В. 5. — Т. 65. — С. 325–332. — ISSN 0096-851X. — doi:10.1037/h0046513
  32. Marvin E. Shaw, Lilly May Shaw Some Effects of Sociometric Grouping upon Learning in a Second Grade Classroom // The Journal of Social Psychology. — 1962-08. — В. 2. — Т. 57. — С. 453–458. — ISSN 1940-1183 0022-4545, 1940-1183. — doi:10.1080/00224545.1962.9710941
  33. Eric Soetens Elements of human performance: Reaction processes and attention in human skill; A.F. Sanders; Lawrence Erlbaum, Mahwah, NJ, 1998 // Acta Psychologica. — 1999-12. — В. 3. — Т. 103. — С. 331–335. — ISSN 0001-6918. — doi:10.1016/s0001-6918(99)00043-8
  34. 34,0 34,1 Stephen J. Zaccaro, James Gualtieri, David Minionis Task Cohesion as a Facilitator of Team Decision Making Under Temporal Urgency // Military Psychology. — 1995-06. — В. 2. — Т. 7. — С. 77–93. — ISSN 1532-7876 0899-5605, 1532-7876. — doi:10.1207/s15327876mp0702_3
  35. Stephen Demuth Understanding the Delinquency and Social Relationships of Loners // Youth & Society. — 2004-03. — В. 3. — Т. 35. — С. 366–392. — ISSN 1552-8499 0044-118X, 1552-8499. — doi:10.1177/0044118x03255027
  36. Peggy C. Giordano, Stephen A. Cernkovich, M. D. Pugh Friendships and Delinquency // American Journal of Sociology. — 1986-03. — В. 5. — Т. 91. — С. 1170–1202. — ISSN 1537-5390 0002-9602, 1537-5390. — doi:10.1086/228390
  37. DENISE KANDEL, MARK DAVIES FRIENDSHIP NETWORKS, INTIMACY, AND ILLICIT DRUG USE IN YOUNG ADULTHOOD: A COMPARISON OF TWO COMPETING THEORIES* // Criminology. — 1991-08. — В. 3. — Т. 29. — С. 441–469. — ISSN 1745-9125 0011-1384, 1745-9125. — doi:10.1111/j.1745-9125.1991.tb01074.x
  38. K. Paige Harden, Jane Mendle Adolescent Sexual Activity and the Development of Delinquent Behavior: The Role of Relationship Context // Journal of Youth and Adolescence. — 2010-11-11. — В. 7. — Т. 40. — С. 825–838. — ISSN 1573-6601 0047-2891, 1573-6601. — doi:10.1007/s10964-010-9601-y
  39. Thomas J. Dishion, David W. Andrews, Lynn Crosby Antisocial Boys and Their Friends in Early Adolescence: Relationship Characteristics, Quality, and Interactional Process // Child Development. — 1995-02. — В. 1. — Т. 66. — С. 139. — ISSN 0009-3920. — doi:10.2307/1131196
  40. Deanna L. Wilkinson Violent events and social identity: Specifying the relationship between respect and masculinity in inner-city youth violence // Sociological Studies of Children and Youth. — Bingley: Emerald (MCB UP ). — С. 235–269. — ISBN 0-7623-0051-5.
  41. John Bruhn Social Cohesion as a Mediator of Health Outcomes // The Group Effect. — Boston, MA: Springer US, 2009. — С. 145–157. — ISBN 978-1-4419-0363-1, 978-1-4419-0364-8.
  42. Carmeli, Abraham (2009 թ․ օգոստոսի 1). «High-quality relationships, psychological safety, and learning from failures in work organizations». Journal of Organizational Behavior. 30 (6): 709–729. doi:10.1002/job.565.
  43. Schulte, M. (2010 թ․ հոկտեմբերի 22). «The Coevolution of Network Ties and Perceptions of Team Psychological Safety». Organization Science. 23 (2): 564–581. doi:10.1287/orsc.1100.0582.
  44. Berkeley, Rob The Year of Cohesion // Frontline. — Oxford University Press, 2015-07-01. — С. 46–69. — ISBN 978-0-19-871966-3. Архивировано из первоисточника 22 Սեպտեմբերի 2020.
  45. Larsen, Christian Albrekt. The rise and fall of social cohesion : the construction and de-construction of social trust in the US, UK, Sweden and Denmark. — Oxford University Press, 2013. — ISBN 978-0-19-968184-6, 0-19-968184-8

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cartwright, Dorwin (1968). «The Nature of Group Cohesiveness». In Dorwin Cartwright; Alvin Zander (eds.). Group Dynamics: Research and Theory, 3rd Edition. New York: Harper and Row.
  • Schaub, Gary Jr. (Fall 2010). «Unit Cohesion and the Impact of DADT» (PDF). Strategic Studies Quarterly. 4 (3): 85–101.