Սոցիալական փիլիսոփայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական փիլիսոփայությունը որպես այդպիսն ծագել է շատ վաղուց։

Մշակույթի պատմության մեջ հասարակության մասին առաջին գիտելիքները ձևավորվել են դեռևս անտիկ աշխարհում, մինչդեռ հասարակության մասին գիտությունները ձևավորվել են շատ ավելի ուշ։ Մինչև օրս էլ կան որոշ մտածողներ, ովքեր կասկածի տակ են դնում հասարակության մասին գիտության գոյության հարցը և իրենց տեսակետը հիմնավորում են՝ ելնելով նրանից, որ հասարակությանը կազմված է ազատ կամքով և ստեղծագործական գործունեությամբ օժտված անհատներից, որոնց գործունեությունն օրինաչափության չի ենթարկվում։ Այդ իսկ պատճառով էլ հասարակության մեջ չկան և չեն էլ կարող լինել օբյեկտիվ օրենքներ և օրինաչափություններ, և նման պարագայում խոսել հասարակական գիտության գոյության մասին անիմաստ է։

Գույությունի ունի նաև հակառակ տեսակետը (մարքսիստների, ստրուկտուրալիստների ), համաձայն որի՝ հասարակության օրենքները գոյություն ունեն մարդկանց կամքից ու գիտակցությունից անկախ, և հասարակական զարգացման օրենքներն ու օրիաչափությունները նույնքան օբյեկտիվ են և անհարժեշտ, որքան բնության օրենքները։ Ըստ այդմ էլ նույնքան օբյեկտիվ են հասարակության մասին գիտությունները, որքանով որ օբյեկտիվ են բնության մասին գոյություն ունեցող գիտությունները։

Մինչև 19-րդ դարի կեսերը փիլիսոփայության մեջ գերակայողը եղել է հասարակության իդեալիստական մեկնաբանությունը։ Հասարակության զարգացման օրենքներն ու օրինաչափությունները իդելաիստորեն էին բացատրվում ոչ միայն իդեալիստները, այլև մատերիալիստները։ Եվ ինչպես հաճախ ասում էին մատերիալիստները, մատերիալիստներն էին ներքևում՝ այսինք՝ բնության երևույթները բացատրելու բնագավառում, և իդելաիստներ՝ վերևում, այսինքն՝ հասարակական երևույթների բացատրման բնագավառում։

Օբյեկտիվ իդեալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբյեկտիվ իդեալիզմը հասարակության զարգացման հիմքն ու շարժիչ ուժը տեսնում է տիեզերական, գերբնական ուժերի ու աստվածների մեջ։ Ըստ այդ մտածողների՝ հասարակության զարգացում ըպայմանավորված է կա՛մ գերբնական ուժերով, կա՛մ աստվածային կամքով և նախախնամությամբ, կա՛մ էլ գիտակցությամբ և կամքով օժտված առանձին անհատների գործունեությամբ։ Փաստորեն, հասարակության իդեալիստական ըմբռնումը գերագնահատել է առանձին անհատների, հանճարների տեղն ու դերը սոցիալական գործընթացների մեջ՝ նրանց համարելով պատմության կերտողներ, և նրանց անուններով էլ կոչվել են նույնիսկ դարաշրջաններ, օրինակ՝ Հուլիոս Կեսարի, Նապոլեոնի, Ստալինին և այլոց։ Եվ դա հանգեցրել է անձի պաշտամունքի, օրինակ՝ Խորհրդային տարիներին՝ Լենինի և Ստալինի պաշտամունքին։ Չնայած դրան՝ մարքսիզմ-լենինիզմը, լինելով մատերիալիստական-դետերմինիստական ուսմունք, արմատապես մերժել է անձի պաշտամունքը, պատմության կերտող համարել է ժողովրդական զանգվածներին։ Միաժամանակ անտեսվել և թերագնահատվել է ժողովրդական զանգվածների դերը պատմության մեջ։

Ռեակցիոն զանգվածի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակության մասին գոյություն ունեցող տեսություններից մեկն էլ ռեակցիոն զանգվածի տեսությունն է։ Ըստ այդ տեսության՝ մեծագույն անհատների ցանկացած վեհ գաղափար կամ նպատակ անմիջապես խեղաթյուրվում և իր հակադրությանն է վերածվում, հենց որ նրան կպչում է մութ և խավար զանգվածի ձեռքը։ Հասարակության օբյեկտիվ-իդեալիստական մեկնաբանությունների մեջ առանձնանում է տեխնոկրատական իդեալիզմը, որը հասարակության զարգացման շարժիչ ուժ է համարում գիտատեխնիկական միտքը, գիտության և տեխնիկայի հանճարներին։ Այս ուսմունքի կողմնակիցները համոզված են, որ գիտատեխնիկական հեղափոխության դարաշրջանում գիտական հայտնագործությունները աստիճանաբար ավելի ու ավելի առանցքային և կենտրոնական տեղ են գրավում հասարակության զարգացման մեջ, և դրան զուգընթաց գիտատեխնիկական առաջընթացի կառավարիչները և մենեջերն են ղեկավարելու հասարակությունը։

Մատերիալիստական ուսմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Մարքս (1818-1883)

Հասարակության մասին մատերիալիստական մոտեցումը մշակվել է Կառլ Մարքս կողմից։ Ըստ Մարքսի՝ հասարակության զարգացման հիմքում ընկած են ոչ թե մտքերն ու գաղափարները կամ գերբնական ուժերն ու աստվածային նախախնամությունը, այլ նյութական բարիքների արտադրության եղանակը։ Հակադրվելով հասարակության մասին իդեալիստական մոտեցումներին՝ Մարքսը գտավ, որ ոչ թե հասարակական գիտակցությունն է որոշում հասարակական կեցությունը, այլ հասարակական կեցությունն է որոշում հասարակական գիտակցությունը։ Հասարակության մասին մատերիալիստակ անուսմունքի մշակման շնորհիվ (պատմության մատերիալիստական ըմբռնում ) մատերիալիզմը դարձավ ավելի հետևողական։ Հասարակության զարգացման պատմությունը Մարքսը ներկայացրել է որպես հասարակական-տընտեսական ֆորմացիաների ծագման, զարգացման և հերթափոխման պատմություն, որի հիմքում ընկած է նյութական բարիքների արտադրության եղանակը։ Եվ ինչպես Մարքսն էր ասում, հասարակական-տնտեսական ֆորմացիաները միմյանցից տարբերվում են ոչ թե նրանով, թե ինչ են արտադրում, այլ նրանով, թե ինչպես են արտադրում։

Հասարակական-տնտեսական ֆորմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական-տնտեսական ֆորմացիան հասարակության որոշակի տիպ է, սոցիալական ամբողջական համակարգ է իր զարգացման և գործառման կոնկրետ օրենքներով և օրինաչափություններով։ Հասարակական-տնտեսական ֆորմացիայի հասկացությունը հնարավորություն է տալիս ժողովուրդների պատմական զարգացման մեջ ընդհանուրի հետ միասին տարբերակել մի պատմական ժամանակաշրջանը մյուսից։ Յուրաքանչյուր հասարակական-տնտեսական ֆորմացիա ներկայացնում է մարդկային հասարակության զարգացման մի որոշակի աստիճան, սոցիալ-տնտեսական հարաբերությունների որակապես յուրահատուկ մի համակարգ։ Մարքսը հասարակական բոլոր հարաբերությունները բաժանել է երկու մասի՝ նյութական և գաղափարական։ Ըստ նրա՝ նյութական հարաբերությունների հիմքի վրա ձևավորվում է ամեն մի հասարակարգի բազիսը, իսկ գաղափարական հարաբերությունների վրա ձևավորվում է վերնաշենքը։ Բազիսը և վերնաշենքը կազմում են ամեն մի հասարակական-տնտեսական կոնֆորմացիայի կառուցվածքային հիմնական բաղադրիչները։ Բազիսն արտադրական հարաբերությունների ամբողջությունն է, որոն կազմում են տվյալ հասարակության տնտեսական կառուցվածքը, իսկ վերնաշենքը տվյալ տնտեսական բազիսի հիմքի վրա ծագող հասարակական գաղափարների, հաստատությունների և հարաբերությունների ամբողջությունն է։

Գործոնների տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակության մասին գոյություն ունեցող տեսություններից մեկն էլ գործոնների տեսությունն է։ Այն հասարակությունը դիտարկում է որպես սոցիալական ամբողջական համակարգ և գտնում է, որ այդ համակարգի բոլոր կողմերը փոխկապակցված են մեկը մյուսի հետ և բոլոր կողմերն էլ հավասարապես անհրաժեշտ են ու կարևոր։ Բայց այդ կողմերը չեն զարգանում համաչափ և ներդաշնակ ձևով։ Այդ կողմերից յուրաքանչյուրն ունի իր զարգացման ներքին օրենքներն ու օրինաչափությունները, ինչպես նաև հարաբերական ինքնուրույնությունը։ Ըստ այդ տեսության՝ սոցիալական փիլիսոփայության հիմնական խնդիրն է՝ 1. բացահայտել գործոններից յուրաքանչյուրի տեղն ու դերը, 2. ինչպիսի փոխազդեցության մեջ են մեկը մյուսի հետ, 3. փոխազդեցության արդյունքնում ինչպիսի փոփոխություններ և առանձնահատկություններ են ի հայտ գալիս, որ գործոնն է առաջանցնում կամ ետ մնում, որն ինչպիսի ազդեցություն է ունենում։