Համայնքային ծառայություն
Համայնքային ծառայություն կամ համայնքային աշխատանք, անհատի կամ մի խումբ մարդկանց կողմից չվարձատրվող աշխատանք, որն ուղղված է իրենց համայնքի բարօրությանն ու բարելավմանը[1]: Այն կարող է տարբերվել կամավորությունից, քանի որ համայնքային աշխատանքը միշտ չէ, որ կատարվում է կամավոր հիմունքներով և կարող է լինել հարկադիր։ Մարդիկ կարող են համայնքային աշխատանք կատարել ոչ միայն անձնական շահի համար, այլև տարբեր պատճառներով, որոնցից են համայնքի նկատմամբ քաղաքացիական պարտավորությունը, դատարանի կողմից որպես պատժի այլընտրանքային ձև նշանակվելը, դպրոցի կամ դասարանի կողմից հանձնարարություն լինելը և որոշակի արտոնություններից օգտվելու համար նախապայման կամ պահանջ լինելը։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ կարող են համայնքային ծառայություն իրակացնել տարբեր պատճառներով՝
- Համայնքային ծառայությունը հաճախ հանդես է գալիս որպես քաղաքացիական պարտականության ձև: Օրինակ՝ Գերմանիայի որոշ համայնքներում բնակիչները պարտավոր են կատարել համայնքային աշխատանք՝ լինի դա ձեռքով, թե ժամանակակից սարքավորումներով: Համայնքային ծառայությունը կարող է լինել նաև զինվորական ծառայությանն այլընտրանք:
- Դատական մարմնի կողմից համայնքային ծառայությունը կարող է նշանակվել որպես հարկադիր աշխատանք՝ քրեական հանցագործությունների համար նշանակվող այլ պատիժների փոխարեն կամ դրանց հետ մեկտեղ: Այս դեպքում համայնքային աշխատանքը միջոց է, որպեսզի հանցագործները հասարակությանը փոխհատուցեն իրենց արարքների համար: Համայնքային ծառայության այս տեսակը երբեմն անվանում են «հատուցում համայնքին» կամ «փոխհատուցում»[2]:
- Ուսումնական հաստատությունները կարող են ուսանողներից պահանջել համայնքային աշխատանքի իրականացում՝ որպես իրենց դասընթացի մաս: Օրինակ՝ ուսանողներից կարող է պահանջվել մասնակցել համայնքային աշխատանք կատարելու վերաբերյալ կրթական ծրագրերի: Համալսարանը կարող է նաև համայնքային աշխատանք պահանջել ավարտական կուրսում ամենաբարձր ակադեմիական առաջադիմություն ունեցող ուսանողից՝ նրան գերազանցիկի կարգավիճակ շնորհելու համար։
- Միացյալ Թագավորությունում որոշ արտոնություններ ստանալու համար քաղաքացիները պետք է բավարարեն որոշակի պահանջների, այդ թվում՝ համայնքային աշխատանք կատարել։
- Շվեդիայում համայնքային աշխատանքի իրականացումը կարող է համարվել պայմանական ազատազրկում[3]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթական նպատակներով համայնքային ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնակարգ կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգների կրթական որոշ հաստատություններում ավագ դպրոցն ավարտելու համար աշակերտներից պահանջվում է որոշակի ժամաքանակով համայնքային ծառայություն իրականացնել: Օրինակ՝ Վաշինգտոնի որոշ ավագ դպրոցներում աշակերտները պետք է 200 ժամ համայնքային ծառայություն կատարեն՝ ավարտական վկայական ստանալու համար[4]: Վաշինգտոն նահանգի որոշ դպրոցներ էլ, այդ թվում՝ Սիեթլի հանրակրթական դպրոցները, հստակ տարբերակում են մտցնում «համայնքային ծառայության» և «համայնքային աշխատանքի միջոցով ուսուցման» միջև: Այս հաստատություններում աշակերտները պարտավոր են ոչ միայն կատարել համայնքային աշխատանք, այլև ցույց տալ, թե ինչպես է այդ գործունեությունը նպաստել իրենց կրթությանը: Եթե ավագ դպրոցի աշակերտը մասնակցում է Անհատական ձգտման միջոցով առաջխաղացման (AVID) դասընթացի, հաճախ պահանջվում է համայնքային աշխատանքի իրականացում: Թե արդյոք ԱՄՆ հանրակրթական դպրոցները կարող են կամավորական աշխատանքի որոշակի ժամաքանակ պահանջել ավագ դպրոցն ավարտելու համար, վիճարկվել է «Իմեդիատոն ընդդեմ Ռայ Նեք դպրոցական շրջանի» գործում, որտեղ դատարանը որոշել է, որ այդտեղ խախտում չկա։
Թեև շատ այլ ավագ դպրոցներում, որտեղ համայնքային աշխատանքը պարտադիր չէ ավարտական վկայական ստանալու համար, զգալի թվով աշակերտներ ինքնակամ ներգրավվում են իրենց համայնքների աշխատանքների մեջ: Օրինակ՝ Կալիֆոռնիայի Պալո Ալտո քաղաքում ավագ դպրոցի աշակերտները տարեկան մոտ 45 000 ժամ համայնքային ծառայություն են իրականացնում[5]: Արդյունքում, դպրոցում գործող «Քոլեջի և կարիերայի կենտրոնը» ամեն տարի իրենց նվիրված աշխատանքի համար 250-300 աշակերտի շնորհում է Կամավորական ծառայության համար նախագահի մրցանակ:
Սկսած 2010 թվականից՝ ավագ դպրոցի դանիացի աշակերտները հատուկ դիպլոմ են ստանում, եթե առնվազն 20 ժամ կամավորական աշխատանք են կատարում[6]:
Միջազգային բակալավրիատի (IB) ծրագրում նախկինում գործում էր 150-ժամյա «CAS»-ի (ստեղծագործություն, գործողություն և ծառայություն) պահանջ: Սրա շրջանակներում ուսանողները պարտավոր էին 50 ժամ համայնքային աշխատանք կատարել և ներկայացնել դրա վերաբերյալ գրավոր էսսե՝ որպես IB դիպլոմ ստանալու նախապայման[7]:
Բարձրագույն կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև պաշտոնապես պարտադիր չէ, սակայն մի շարք համալսարաններ ընդունվելու համար պահանջվում է որոշակի ժամաքանակով համայնքային աշխատանքի իրականացում: Այնուամենայնիվ, որոշ համալսարաններ նախապատվությունը տալիս են աշխատանքային փորձին, քան համայնքային ծառայությանը, իսկ մյուսները պահանջում են, որ իրենց ուսանողները շարունակեն որոշակի ժամաքանակի համայնքային աշխատանք իրականացնել՝ ավարտական դիպլոմ ստանալու համար: Որոշ ուսումնական հաստատություններ նաև առաջարկում են «համայնքային ծառայություն» անվամբ հատուկ դասընթացներ, որի համար ուսանողները ստանում են ակադեմիական կրեդիտներ, եթե լրացնում են համայնքային ծառայության համար սահմանված ժամաքանակը: Հյուսիսային Ամերիկայի ուսանողական միավորումների նման որոշ ակադեմիական ընկերակցություններ ունեն անդամակցության պահանջներ, որոնց մեջ մտնում է պարտադիր համայնքային ծառայությունը: Ավելին, որոշ ընկերակցություններ պահանջում են իրենց բոլոր անդամներից ողջ անդամակցության ընթացքում շարունակել համայնքային աշխատանքներ կատարել:
Գոյություն ունեն ուսանողական բազմաթիվ կազմակերպություններ, որոնց նպատակը համայնքային ծառայությունն է։ Դրանցից ամենամեծը «Alpha Phi Omega»-ն է: Համայնքային ծառայության նախագծեր իրականացնում են նաև կանանց ակումբները և եղբայրությունները:
1980-ական թվականներից սկսած՝ համալսարանները սկսեցին համայնքին ծառայելու միջոցով ուսումը կիրառել որպես մանկավարժական մեթոդ: 1985 թվականին համալսարանների նախագահները հիմնեցին գործընկերություն ՝ նպատակ ունենալով իրենց համալսարաններում խթանել համայնքային ծառայությունը: Այս դաշինքը, որը կոչվեց «Campus Compact»[8], բազմաթիվ այլ ուսումնական հաստատությունների համար ուղի հարթեց ՝ նախաձեռնելու համայնքին ծառայելու միջոցով ուսուցման վերաբերյալ դասընթացներ և միջոցառումներ:
Համայնքին ծառայելու միջոցով ուսուցման դասընթացները զգալիորեն տարբերվում են իրենց տևողությամբ, որակով և ուսումնական ծրագրի շրջանակներում «ծառայության» և «ուսուցման» վրա դրված շեշտադրմամբ: Այնուամենայնիվ, ծառայության միջոցով ուսուցման տիպիկ դասընթացն ունի հետևյալ ընդհանուր գործոնները.
- ծառայության բաղադրիչ, որի ընթացքում ուսանողը ժամանակ է ծախսում համայնքին ծառայելով` բավարարելով իրական կարիքներ,
- ուսուցման բաղադրիչ, որի ընթացքում ուսանողները փնտրում կամ ստանում են տեղեկություններ՝ հաճախ և՛ միջանձնային, և՛ ակադեմիական, որոնք նրանք ներառում են իրենց ծառայության մեջ,
- խոհածության բաղադրիչ, որը ծառայությունն ու ուսումը կապում է միմյանց։
«Ծառայելու միջոցով ուսում» տերմինի մեջ խոհածությունը ցույց է տալիս, որ այն կենտրոնական դեր ունի այդ գործընթացում[9]: Խոհածությունը, ըստ էության, պլանավորված ժամանակ է՝ սեփական փորձառությունների և մտքերի մասին խորհրդածելու համար: Այն կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ օրագրեր, բլոգներ և քննարկումներ:
Ծառայելու միջոցով ուսուցման դասընթացները նյութն ուսուցանում են համատեքստում, որն օգնում է ուսանողներին ավելի արդյունավետ սովորել և կիրառել իրենց սովորածը: «Որտե՞ղ է ծառայելու միջոցով ուսուցման մեջ ուսումնառությունը» գիրքը մատնանշում է, որ «ծառայելու միջոցով ուսուցման մեջ ներգրավված ուսանողները հայտնվում են իրական իրավիճակներում. նրանք ծանոթանում են իրական մարդկանց հետ, որոնց կյանքի վրա ազդում են ուսուցման ընթացքում քննարկվող խնդիրները... Արդյունքում, նրանք ունենում են բազմաթիվ հարցեր՝ իրական հարցեր, որոնց պատասխանները ցանկանում են գտնել»[10]: Այսպիսով, ուսանողները հետաքրքրություն և մոտիվացիա ունեն սովորելու նյութերը ՝ իրենց հարցերի պատասխանները գտնելու համար:
Համայնքին ծառայելու միջոցով ուսումը նպատակ ունի խրախուսել ուսանողներին շարունակել իրենց համայնքին ծառայել նույնիսկ դասընթացն ավարտելուց հետո[11]: Այն օգնում է լուծել Միացյալ Նահանգներում համալսարանական տարիքի անձանց շրջանում համայնքային աշխատանքներին մասնակցելու պակասը[12]:
Համայնքին ծառայելու միջոցով ուսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրանք, ովքեր ծառայում են իրենց համայնքին, կարող են արժեքավոր բաներ քաղել իրենց այդ փորձից և օգտագործել նորահայտ գիտելիքները կամ միջանձնային բացահայտումները՝ բարձրացնելու իրենց հետագա համայնքային աշխատանքի որակը կամ շրջապատի մարդկանց վրա դրական ազդեցություն ունենալու համար։ Համայնքային աշխատանքից առավելագույնս օգուտ քաղելու համար կարևոր է ուսումնառության և համայնքային աշխատանքի ներդաշնակ համադրումը: Միաժամանակ և՛ ուսուցման, և՛ համայնքային աշխատանքի մեջ ներգրավվելը բարելավում է ուսանողի միջավայրը, տալիս է կյանքի արժեքավոր դասեր և ձևավորում նրա բնավորությունը:
Համայնքին ծառայելու միջոցով ուսումը «վերաբերում է ինչպես առաջնորդության հմտությունների զարգացմանը, այնպես էլ ավանդական գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը»[13]: Այսպիսով, համայնքային աշխատանքի և ուսման զուգահեռ իրականացումը մարդկանց սովորեցնում է արդյունավետ լինել ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ իրենց համար կարևոր գործերում: Համայնքին ծառայելը կարող է ինչպես հարստացնել մարդկանց անձնական կյանքը՝ ապահովելով իմաստալից փորձառություններ, անձնական աճի հնարավորություններ, այլև կարող է մեծացնել նրանց հեռանկարները տարբեր ծրագրերում: Համայնքին ծառայելը զուգակցելով սովորելու հետ և դրանց միջև հավասարակշռություն պահպանելով՝ համայնքային աշխատանքը կարող է դառնալ ավելին, քան պարզապես ծառայության գործողություն: Ծառայելու միջոցով ուսուցման նպատակը փոքր գործողությունների միջոցով մեծ փոփոխությունների հասնելն է: Համայնքին ծառայելը ամբողջական փորձ է, որը ոչ միայն օգուտ է բերում ուրիշներին, այլև անձնական աճի կատալիզատոր է։
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ֆեյեթվիլի պետական համալսարանի` «ծառայելու միջոցով ուսումն ուսանողներին ներգրավում է համայնքային աշխատանքի մեջ՝ միաժամանակ նրանց հնարավորություն ընձեռելով կիրառել այդ փորձառություններն իրենց ակադեմիական և անձնական աճի համար: Դա գործնական ուսուցման տեսակ է, որը նախատեսված է բարելավելու և խորացնելու ուսանողների` դասընթացի յուրացումը: Ծառայելու միջոցով ուսումը նման է գործնական ուսուցման այլ ձևերին՝ պրակտիկային և համագործակցային կրթությանը, քանի որ այն նույնպես ուսանողակենտրոն է, գործնական բնույթ ունի և անմիջականորեն առնչվում է ուսումնական ծրագրին[14]:
Պրոֆեսոր Ֆրեդի Կարդոսան «համայնքին ծառայելու միջոցով ուսում»-ը սահմանում է որպես կրթական մեթոդ, որի շրջանակներում դասախոսությունները նվազագույնի են հասցվում և շեշտը դրվում է ինտերակտիվ, գործնական աշխատանքների վրա: Այն ուսանողներին կրթում է և միաժամանակ ուղղորդում համայնքային աշխատանքների ժամանակ ու խրախուսում խորհրդածել իրենց ունեցած փորձառության մասին (օրինակ՝ ինչ են արել, ինչ են սովորել տվյալ համայնքային աշխատանքից և ինչպես է դա ազդել իրենց վրա)։ Այս մեթոդը նպատակ ունի ձևավորել բնավորություն, տալ խնդիրներ լուծելու հմտություններ և խթանել քաղաքացիական պատասխանատվությունը[15]: Կարդոսան շեշտել է ուսանողի՝ իր փորձառության վերաբերյալ խորհրդածելու կարևորությունը: Ըստ նրա՝ ուսանողը պետք է ժամանակ հատկացնի վերլուծելու իր ձեռքբերած փորձը, դիտարկումներն ու գործողությունները, ինչպես նաև հանդիպած խնդիրները և թե ինչպես է պատրաստվում կիրառել իր սովորածը այդ խնդիրները լուծելու համար։ Ըստ էության՝ ծառայելու միջոցով ուսումը ձգտում է կապել անձնական և միջանձնային աճը ճանաչողական զարգացման հետ՝ միաժամանակ ուսանողներին տրամադրելով էական գիտելիքներ՝ իրենց շրջապատող աշխարհը հասկանալու համար: Ըստ էության, ծառայողական ուսուցումը նպատակ ունի ինտեգրել անձնական և միջանձնային զարգացումը ճանաչողական աճի հետ, միաժամանակ ուսանողներին տրամադրելով էական գիտելիքներ աշխարհն ավելի լավ հասկանալու համար[16]:
«Character.org»-ի սահմանմամբ՝ «ծառայելու միջոցով ուսումը տարբերվում է համայնքին ծառայելուց: Ծառայելու միջոցով ուսումը բաղկացած է մի քանի հիմնական բաղադրիչներից: Առաջին հերթին, այն ներառում է առաջնորդություն, որի շրջանակներում ուսանողները համայնքային աշխատանքի ընթացքում ստանձնում են առաջնորդի դեր: Երկրորդ կարևոր տարրը խորհրդածությունն է, որի ժամանակ ուսանողները վերլուծում են իրենց փորձառությունը և դրա ազդեցությունն անձնական ու ակադեմիական աճի վրա: Երրորդ բաղադրիչը ակադեմիական է, որտեղ համայնքային աշխատանքը կապվում է ուսանողների ակադեմիական ուսումնառության հետ: Բացի այդ, ծառայելու միջոցով ուսումը տալիս է տոնելու հնարավորություն, երբ համայնքային աշխատանքի հաջող ավարտից հետո ուսանողները նշում են իրենց ձեռքբերումները: Համայնքային աշխատանքն ավարտելուց հետո ուսանողները ժամանակ են հատկացնում իրենց ջանքերի դրական ազդեցությունը հասկանալու համար: Ավելին, համայնքին ծառայելու միջոցով նրանք նաև ընդլայնում են ակադեմիական առարկաների վերաբերյալ իրենց գիտելիքները, ինչպիսիք են աշխարհագրությունը, մաթեմատիկան կամ գիտությունը»[17]:
Ծառայելու միջոցով քննադատական ուսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքին ծառայելու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համալսարաններում ի հայտ եկավ համայնքին ծառայելու միջոցով ուսման մեկ այլ ոլորտ՝ քննադատաբար ծառայելը: Ուսման այս մեթոդը նպատակ ունի ուսանողներին խրախուսել քննադատաբար վերլուծել սոցիալական խնդիրները, հասկանալ խնդիրների բուն պատճառները և մշակել կայուն ու արդյունավետ լուծումների ռազմավարություններ: Ծառայելու միջոցով քննադատական ուսումը կենտրոնանում է ուսման և դասավանդման այնպիսի մեթոդների վրա, որոնք ուղղված են ուժերի վերաբաշխմանը և համակարգային անհավասարությունների վերացմանը՝ ուսանողների համայնքային ներգրավվածության միջոցով: Ըստ Տանյա Միտչելի՝ ծառայելու միջոցով քննադատական ուսմանը հասնելու համար պահանջվում է երեք տարբեր մոտեցում: Դրանք են՝ մարգինալացված խմբերի հզորացում՝ իշխանության վերաբաշխման միջոցով, իմաստալից գործընկերային հարաբերությունների զարգացում՝ ինչպես համայնքի անդամների, այնպես էլ կրթական պրոցեսի մաս կազմող մասնակիցների հետ, և ծառայողական ուսուցումը որպես էական սոցիալական փոփոխությունների գործիք դիտարկելը[18]: Այս ոլորտի հիմնական նպատակն է կապել ուսանողների կողմից իրականացվող համայնքային աշխատանքը նրանց ակադեմիական ուսման հետ: Այնուհետև ուսանողները սկսում են խորհել, թե ինչպես է իրենց համայնքային աշխատանքը նպաստում տվյալ համայնքներում քաղաքական և սոցիալական փոփոխություններին: Ծառայելու միջոցով քննադատական ուսումը շեշտը չի դնում աղքատության մեջ գտնվող անհատների հատուկ կարիքների բավարարման վրա: Ավելի շուտ, դրա նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես ուսանողները կարող են ակտիվորեն նպաստել սոցիալական փոփոխություններին և մարտահրավեր նետել այն կառույցներին, որոնք նպաստում են անհավասարություններին այն համայնքներում, որոնց ծառայում են այդ ուսանողները[18]:
Ծառայելու միջոցով քննադատական ուսման նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառայելու միջոցով քննադատական ուսումը ծագել է 1902 թվականին Ջոն Դյուիի գաղափարների շնորհիվ: Նրա հիմնական նպատակն էր կրկին կապել կրթությունը համայնքների հետ: Նա պնդում էր, որ ուսանողների համար շատ կարևոր է ակադեմիական ուսումը կապել իրենց անձնական փորձի հետ: Ըստ նրա՝ այս մոտեցումը կնպաստի սոցիալական զարգացմանը և կբարելավի համայնքի բարեկեցությունը[19]: Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում առաջադեմ առաջնորդ Քիլպատրիկը կրթական պրակտիկայում ներմուծեց «նախագծային մեթոդը»[19]: Նա շեշտում էր դասասենյակներից դուրս գտնվող անձանց կենսապայմաններին ուղղված սոցիալական բարեփոխումներ իրականացնելու կարևորությունը[19]:
Ծառայելու միջոցով քննադատական ուսման վերաբերյալ քաղաքականություն մշակելու փորձերը սկսվել են 1950-ական թվականներին և շարունակվել մինչև 1960-ական թվականները[19]: 1950-ական թվականների ընթացքում «Քաղաքացիական կրթության նախագիծը» դասարաններում ուսուցումը համայնքային աշխատանքների հետ կապելու նախադեպ ստեղծեց: Այս նախադեպը ճանապարհ հարթեց 1970-ականներին քաղաքական բազմաթիվ նախաձեռնությունների համար՝ կրթության մեջ ինտեգրելու ծառայելու միջոցով քննադատական ուսումը[19]: Բազմաթիվ կրթական հաստատություններ ներկայացրին քաղաքական առաջարկներ, որոնց նպատակն էր ուսումն ինտեգրել համայնքներում քաղաքացիական ներգրավվածության հետ[19]: 1980-ական թվականներին, երբ վերջապես ձևակերպվեցին քաղաքականության մեջ բարեփոխումների պաշտոնական փաստաթղթերը, Ռեյգանի վարչակազմն արդեն փոխել էր քաղաքական ուղղվածությունը պրոգրեսիվիզմից դեպի նեոլիբերալիզմ[19]: Քանի որ վերջին 100 տարիների բարեփոխումները կարծես թե արդյունավետ չեն եղել, կրթական ոլորտի ղեկավարներն ու դպրոցները ծառայելու միջոցով քննադատական ուսումը վերափոխել են զանգվածային շարժումների։ Չսպասելով պետության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ համալսարաններն ու տեղական կազմակերպություններն ինքնուրույն ներառել են ծառայելու միջոցով քննադատական ուսման գաղափարն իրենց ծրագրերում[19]։ Համայնքային աշխատանքը և ծառայելու միջոցով քննադատական ուսումը հանգեցնում են ուսանողների անձնական աճին և նպաստում համայնքների բարելավմանը:
Դատարանի կողմից սահմանված ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանցագործության համար դատապարտված անձին բանտարկելու կամ տուգանելու փոխարեն դատարանը կարող է նրան պարտավորեցնել հասարակական աշխատանք կատարել կամ ծառայել տեղական կազմակերպություններում։ Օրինակ՝ տուգանքը կարող է նվազեցվել հասարակական աշխատանք կատարելու համար սահմանված ժամաքանակի դիմաց: Դատարանը կարող է կոնկրետ աշխատանք սահմանել դատապարտյալի համար կամ կարող է նրան թույլ տալ ընտրել որևէ աշխատանք համայնքում, որը պետք է փաստաթղթավորվի վստահելի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են հասարակականց կազմակերպությունները:
Երբեմն պատիժն ուղղակիորեն կապված է դատապարտյալի հանցագործության հետ: Օրինակ՝ աղբը թափող անձից կարող է պահանջվել մաքրել այգին կամ ճանապարհի եզրը, մինչդեռ հարբած վարորդը կարող է ստիպված լինել դպրոցականների հետ խոսել հարբած մեքենա վարելու վտանգների մասին: Համայնքային աշխատանքի ընտրության հարցում դատավճիռը կարող է ճկունություն ցուցաբերել, սակայն միաժամանակ կարող է արգելել այն գործողությունները, որոնք հանցագործից ակնկալվում է, որ նա կիրականացնի անկախ դատավճռից:
Միացյալ Թագավորությունում համայնքային ծառայությունն այժմ Ներքին գործերի նախարարության կողմից պաշտոնապես սահմանվում է որպես «պարտադիր, չվճարվող աշխատանք»[20]: Պարտադիր չվճարվող աշխատանքը ներառում է մինչև 300 ժամ տևողությամբ գործողություններ, ինչպիսիք են բնապահպանական աշխատանքը, գրաֆիտիների մաքրումը կամ բարեգործական կազմակերպությունում աշխատելը: Բանտային համակարգի բարեփոխման վրա կենտրոնացած «Հովարդի լիգան՝ հանուն քրեական բարեփոխումների» (անգլերեն՝ Howard League for Penal Reform) կազմակերպությունը, որն այս դաշտում ամենահին կազմակերպությունն է, ակտիվորեն հանդես է գալիս պատիժները համայնքային աշխատանքով փոխարինելու օգտին: Այս մոտեցումը նպատակ ունի նվազեցնել բանտերում դատապարտյալների թիվը և միաժամանակ բարելավել նրանց վերաինտեգրման հնարավորությունները հասարակության մեջ:
Համայնքային ծառայություն՝ հաստատությունների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ հաստատություններ պահանջում և/կամ խրախուսում են ուսանողներին կամ աշխատակիցներին կամավոր հիմունքներով մասնակցել համայնքային ծառայության ծրագրերի: Հաստատությունները խթանում են իրենց աշխատակիցների և ուսանողների միջև ընկերական հարաբերությունները՝ շարունակելով կազմակերպել տարբեր միջոցառումներ: Այդ միջոցառումներից են կամավորական աշխատանքները և բարեգործական միջոցառումները, որոնց թվում են նաև քայլարշավները կամ վազքի մրցույթները: Նման գործունեությունը նպատակ ունի օգնել տարբեր համայնքներին՝ միաժամանակ ամրապնդելով մասնակիցների միջև կապերը: Շատ հաստատություններ նաև հնարավորություններ են ստեղծում աշխատակիցների և ուսանողների համատեղ աշխատանքի համար, իսկ ուսանողական խմբերի մեծ մասը սեփական նախաձեռնությամբ զբաղվում է համայնքային ծառայության տարբեր տեսակներով: Յուրաքանչյուր ծրագիր ունի իր ուրույն առանձնահատկությունները, մեծ ժողովրդականություն է վայելում աշխատակիցների շրջանում, իսկ մարդկային ռեսուրսների բաժինը վճռորոշ դեր է խաղում այդ ծրագրերի իրականացման գործում[21]:
2009 թվականին Ջոնս Հոփքինսի համալսարանը՝ նախագահ Ռոնալդ Ջոել Դենիելսի գլխավորությամբ և Բալթիմոր քաղաքի պետական դպրոցների գործադիր տնօրենի հետ համատեղ, մշակել է «Ջոնս Հոփքինսը ժամանակ է տրամադրում դպրոցներին» (անգլերեն՝ Johns Hopkins Takes Time for Schools) ծրագիրը: Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2010 թվականի մարտի 3-ին՝ համալսարանի մարդկային ռեսուրսների և համայնքային հարցերով զբաղվող բաժինների ներգրավմամբ: Ծրագիրը համատեղ աշխատանքի նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցություն և օգնություն տրամադրել Բալթիմոր քաղաքի դպրոցներին: Միաժամանակ, ծրագիրը հնարավորություն է ստեղծում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և անձնակազմի համար՝ ներգրավվելու համայնքային աշխատանքներում: Այս մասնակցության միջոցով նրանք կարողանում են իրենց հմտությունները ծառայեցնել քաղաքի երիտասարդությանը և նպաստել տեղական դպրոցական համակարգի գործառնական ու կրթական կարողությունների բարելավմանը[21]:
Որոշ հաստատություններ իրենց ուսանողներին կամ աշխատակիցներին տրամադրում են որոշակի քանակությամբ հանգստյան օրեր կամ շաբաթներ՝ մասնակցելու իրենց կողմից ընդունելի համայնքային ծառայության ծրագրերի: Արևելյան Կարոլինայի համալսարանն իր լրիվ դրույքով աշխատողներին տարեկան 24 ժամ արձակուրդ է տրամադրում՝ որպես համայնքային ծառայության մեջ ներգրավվելու խթան և փոխհատուցման ձև[22]:
«Fortune 500» ցանկում ներառված ընկերությունների մոտ 40%-ն ունի կամավորության դրամաշնորհային ծրագրեր, որոնց միջոցով նրանք գումար են նվիրաբերում հասարակական կազմակերպություններին՝ որպես իրենց աշխատակիցների կամավորական ջանքերի ճանաչում (օրինակ՝ 500 ԱՄՆ դոլար դրամաշնորհ 25 ժամ համայնքային աշխատանքի համար)[23]:
Ծառայելու կրոնական պատճառները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրոնը համայնքային ծառայության հիմնական շարժիչ ուժերից մեկն է. «Թեև բարեգործությունն ու բարի գործերը նաև աշխարհիկ կարևոր նպատակներ են, կրոնը շարունակում է մնալ համայնքային ծառայության հիմնական շարժիչ ուժերից մեկը»[24]: Բոլոր հիմնական կրոնական խմբերը ընդգծում են բարեգործության, կարեկցանքի և համայնքի արժեքների կարևորությունը[25]:
Պարտադիր համայնքային ծառայությունից բացի, որոշ կրոնական խմբեր շեշտադրում են սեփական համայնքին ծառայելը: Այս կրոնական խմբերն ու եկեղեցիները օգնության ձեռք են մեկնում համայնքին՝ արձակուրդներին երեխաների համար կազմակերպելով Աստվածաշնչի դասընթացներ, աջակցելով Կարմիր Խաչի արյան դոնորության արշավներին, անցկացնելով աշնանային տոնախմբություններ և տրամադրելով անվճար սնունդ։ Նման ծառայությունների շնորհիվ եկեղեցիները կարողանում են օգուտ բերել համայնքներին և ընտանիքներին։ Որոշ եկեղեցիներ ստեղծում են շահույթ չհետապնդող կազմակերպություններ, որոնք օգնում են հանրությանը: Կրոնական խմբերին կից հաճախ գործում են հղիության ճգնաժամային կենտրոններ՝ տեղական համայնքներում աբորտների դեմ պայքարելու համար: Աղքատ մարդկանց կարիքները բավարարելու համար որոշ եկեղեցիներ բացում են անվճար ճաշարաններ կամ հիմնում են անօթևանների կացարաններ: Աշխատող ծնողներին աջակցելու նպատակով՝ որոշ եկեղեցիներ նրանց երեխաների համար առաջարկում են ցերեկային խնամքի ծառայություններ:
Քրիստոնեական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեությունը խթանում է համայնքային ծառայությունը. կամավորական աշխատանքը տարածված է եկեղեցիների շրջանում: Բեյլորի համալսարանի սոցիալական աշխատանքի պրոֆեսոր Դայանա Ռ. Գարլանդը նշում է, որ Միացյալ Նահանգներում եկեղեցիները նշանակալի դեր են խաղում որպես կամավորների հավաքատեղի[26]։ Ընդ որում, նրանք, ովքեր հաճախում են եկեղեցի, ավելի հավանական է, որ կամավորական գործունեությամբ զբաղվեն, քան նրանք, ովքեր չեն հաճախում: Իրենց հավատքը գործնական քայլերի վերածելու նպատակով՝ քրիստոնյաները հիմնադրել են համայնքային ծառայություններ մատուցող ոչ կառավարական բազմաթիվ կազմակերպություններ (ՀԿ-ներ): Նմանատիպ հայտնի կազմակերպություններից են «Սամարացու քսակ»-ը, «Փրկության բանակ»-ը և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի»-ն:
Ավետարանիչ Ռոբերտ Փիրսը հիմնադրել է «Սամարացու քսակ» կազմակերպությունը՝ ոգեշնչվելով իր աղոթքներից մեկով. «Թող իմ սիրտը կոտրվի այն բաների համար, որոնք կոտրում են Աստծո սիրտը»[27]: Ասիայով ճամփորդելուց և աղքատ երեխաների, բորոտների ու որբերի տառապանքը սեփական աչքերով տեսնելուց հետո՝ 1970 թվականին Փիրսը հիմնադրեց «Սամարացու քսակ»-ը: Վերջինս այսօր ամբողջ աշխարհում օգնում է միլիոնավոր մարդկանց՝ տրամադրելով բազմաբնույթ աջակցություն, այդ թվում՝ աղետների ժամանակ օգնություն, բժշկական աջակցություն և երեխաների խնամք: «Սամարացու քսակ» կազմակերպության հայտնի նախագծերից է Ֆրանկլին Գրեհեմի ղեկավարած «Operation Christmas Child» նախագիծը[28]:
«Փրկության բանակ» կազմակերպությունը 1865 թվականին հիմնադրել են Ուիլյամ Բութը և նրա կինը՝ Քեթրին Բութը։ Բութը Լոնդոնի փողոցներում գործող մեթոդիստ հոգևորական էր և քարոզիչ[29]: Նրա հետ հանդիպումներին մասնակցում էին տարբեր խմբեր՝ հարբեցողներ, մարմնավաճառներ և գողեր, որոնք ի վերջո դարձան կազմակերպության առաջին անդամները: Ժամանակի ընթացքում կազմակերպությունն աննախադեպ աճ արձանագրեց՝ ներկայումս ընդգրկելով 126 երկրից 1 442 388 մարդու: «Փրկության բանակի» նշանաբանն է «Անել առավելագույն բարիք», և կազմակերպությունն այս նպատակին հասնում է՝ տրամադրելով այնպիսի օգնություն, ինչպիսիք են ապաստարանը, սնունդը, հագուստը, հոգևոր ուսուցումը և աղետների ժամանակ աջակցությունը:
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթին» կացարաններ է տրամադրում կարիքավոր մարդկանց: Հիմնադրվելով Միլարդ Ֆուլերի կողմից՝ կազմակերպության տեսլականն է «...գործի դնել Աստծո սերը՝ համախմբելով մարդկանց՝ կառուցել տներ, համայնքներ և հույս»[30]: 1976 թվականին իր հիմնադրումից ի վեր, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի»-ն կառուցել կամ վերանորոգել է ավելի քան 800 000 տուն և ամբողջ աշխարհում օգնություն ցուցաբերել ավելի քան 4 միլիոն մարդու[30]: Նրանք նկարագրում են իրենց տեսլականը որպես «...աշխարհ, որտեղ յուրաքանչյուր ոք ունի արժանապատիվ ապրելու վայր»[30]:
Մուսուլմանական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլամը խրախուսում է կամավորությունը՝ կոչ անելով իր հետևորդներին սեփական կամքով տրամադրել իրենց ժամանակը, գիտելիքները և հարստությունը: Իսլամում կրոնի հիմնասյուներից մեկը Զաքաթն է, որը պարտադիր բարեգործության ձև է՝ ուղղված կարիքավորներին օգնելուն: Իսլամում կամավորության երկու տարբեր ձևեր կան[31]։
Կամավորության առաջին ձևը գումար նվիրաբերելն է կամ ֆիզիկապես օգնելը: Սա կարող է դրսևորվել Զաքաթի կամ Սադաքայի ձևով: Կամավորության այս երկու գործողությունները ևս համարվում են պաշտամունքի ձևեր՝ հանուն հոգևոր մաքրագործման: Այս ձևը կոչվում է Ալ-Մուջահադա ֆի սաբիլ Ալլահ բի ալ-Ամվալ, որը նշանակում է՝ «ձգտել Ալլահի ճանապարհին սեփական բարիքներով»[31]:
Կամավորության երկրորդ ձևն ապրանքների և ծառայությունների տրամադրումն է՝ առանց կարիքավորին ֆինանսական օգնության: Առանց ֆինանսական օգնության ծառայություն մատուցելու օրինակ կարող է լինել «հիվանդներին այցելելը, կույրերին ուղեկցելը, նվիրատվությունների հավաքագրումն ու բաշխումը, կացարանների (անօթևանների համար), դպրոցների (աղքատ երեխաների համար), որբանոցների, ծերանոցների, խնամքի տների, հիվանդանոցների կառուցումը և աշխատանքը ոչ կառավարական իսլամական կազմակերպություններում, որոնք սահմանափակ ռեսուրսների պատճառով կամավորների կարիք ունեն»: Մյուս օրինակը «մտավոր աջակցության տրամադրումն է, օրինակ՝ աղքատների համար ուսուցիչ կամ կրկնուսույց լինելը»[31]:
Ծառայելուց ստացած անձնական օգուտները
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքային ծառայությունը մասնակիցներին նաև հնարավորություն է տալիս խորհել հասարակության մեջ իրենց կատարած փոփոխությունների մասին: Համայնքային ծրագրերի որոշ մասնակիցներ կարող են ավելի խորը պատկերացում կազմել համայնքում իրենց դերերի մասին և տեսնել կարիքավորների վրա իրենց ներդրումների ազդեցությունը: Քանի որ համայնքային աշխատանքները բազմաբնույթ են, մասնակիցները գործ են ունենում տարբեր տեսակի մարդկանց, միջավայրերի և իրավիճակների հետ[32]:
Համայնքային աշխատանք կատարելը տալիս է արժեքավոր փորձ և առավելություններ, որոնք կարող են անհատներին առավելություններ տալ իրենց կարիերայում: Ըստ Փոդրիգ ՄակՆիլայի «Կամավորություն. շարժառիթները, օգուտները և անձնական կապերն իռլանդացի կամավորների շրջանում» հետազոտության՝ «Կամավորությունը կարիերայում տարբեր առավելություններ է տալիս՝ կախված, թե կարիերայի որ փուլում է անձը գտնում և ինչ տեսակի կամավորական աշխատանք է կատարում։ Կարիերայի սկզբնական շրջանում կամավորությունը կարող է օգտակար լինել՝ մարդկանց տալով առողջապահության և սոցիալական խնամքի ոլորտում գործնական փորձ, մինչդեռ կարիերայի ավելի հասուն փուլում գտնվող անձինք օգուտ են ստանում աշխատանքի հետ կապված բարձր մակարդակի հարաբերություններից[33]:
Համայնքային ծառայության յուրաքանչյուր նոր ծրագրի հետ մասնակիցները տարբեր ոլորտներում արժեքավոր փորձ են ձեռք բերում: Նրանք այդ փորձն օգտագործում են իրենց հետագա գործունեության մեջ։ Թեև համայնքային ծառայությունն ինքնին արժեքավոր է օգնություն ստացողների համար, նրանք, ովքեր համայնքային աշխատանք են կատարում, հաճախ օգտակար են համարում կանգ առնել և խորհել, թե ինչպես են իրենք փոխում հասարակությունը դեպի լավը: Դպրոցները հաճախ աշակերտներին ընդգրկում են համայնքին ծառայելուն միտված նախագծերում, որպեսզի նրանք սովորեն, թե ինչպես են իրենց անհատական գործողությունները ազդում հանրության բարեկեցության վրա: Երբ մարդիկ ներգրավվում են հանրային աշխատանքներում, նրանք ավելի հստակ պատկերացում են կազմում սեփական ինքնության և կյանքի նպատակների վերաբերյալ[34]:
Համայնքին ծառայելու միջոցով ուսում ստացած անձինք երկար ժամանակ համայնքին ծառայելուց հետո ձեռք են բերում արժեքավոր կենսափորձ: Ի վերջո, համայնքի հետ աշխատելիս ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները կարող են կիրառվել հետագա աշխատանքի ոլորտներում[34]: Համայնքային ծառայության մեջ ներգրավվելը կարող է նաև ուժեղացնել մասնակցի սոցիալական կապերը: Քանի որ համայնքային աշխատանքների մեծ մասը թույլ է տալիս շփվել և աշխատել այլ անհատների հետ, այն օգնում է կամավորներին ցանցեր ստեղծել և կապեր հաստատել այլոց հետ՝ ընդհանուր նպատակին հասնելու համար[35]:
Մարդիկ առավելագույնս օգուտ են քաղում իրենց համայնքային աշխատանքներից, երբ կամավորաբար ժամանակ են տրամադրում՝ օգնելու մարդկանց, որոնց հետ նախկինում երբեք չեն շփվել: Այս անմիջական շփումը թույլ է տալիս մարդկանց կյանքը տեսնել այլ տեսանկյունից և վերագնահատել իրենց կարծիքն ուրիշների մասին: Շատ երիտասարդներ, որոնք ներգրավվում են համայնքային աշխատանքների մեջ, դրանց ավարտից հետո ավելի բազմակողմանի աշխարհայացք են ունենում:
Համայնքային ծառայությանը մասնակցելու մեկ այլ առավելություններից է բազմազանության ավելի խորը ըմբռնումն ու գնահատումը: Այլ մշակույթները գնահատելը և կարծրատիպերը կոտրելը կարևոր է պատասխանատու քաղաքացի և ավելի լավ մարդ դառնալու համար: Մասնակցելով համայնքային այնպիսի նախագծի, որտեղ շփումը պարտադիր է, ձևավորվում են անձնական հարաբերություններ: Այս անձնական հարաբերություններն օգնում են մարդկանց ունենալ ոչ պաշտոնական և շարունակական շփումներ, որոնք ժամանակի ընթացքում հաճախ կոտրում են բացասական կարծրատիպերը:
Այս հարաբերությունները կարող են նաև նպաստել տարբեր թեմաների շուրջ ավելի շատ կարծիքների և տեսակետների ձևավորմանը, որոնք օգնում են մասնակիցներին ավելի բազմազան դառնալ իրենց մտածողության մեջ[36]: Կարծրատիպերը կարելի է սահմանել որպես «անարդար ենթադրություն այն մասին, որ որոշակի հատկանիշ ունեցող բոլոր մարդիկ կամ իրերը նույնն են»[37]: Կարծրատիպերը հաճախ դրսևորվում են արագ դատողություններով՝ հիմնված միայն տեսանելի հատկանիշների վրա: Այս դատողությունները վերածվում են կանխակալ կարծիքի, երբ հավատում ես, որ դրանք միշտ ճիշտ են[38]: Այս կարծրատիպերը կարող են վնասակար լինել ինչպես անձնական, այնպես էլ աշխատանքային հարաբերություննեում: Համայնքային ծառայությունը օգնում է մարդկանց գիտակցել, որ ոչ բոլորն են համապատասխանում այս նախապես ձևավորված պատկերացումներին:
Կարծրատիպեր կոտրելուց բացի, համայնքային աշխատանքը կարող է օգնել մարդկանց գիտակցել, որ նրանք, ում օգնում և ում հետ աշխատում են, ոչնչով չեն տարբերվում իրենցից[39]: Այս գիտակցումը կարող է հանգեցնել ուրիշներին կարեկցելուն: Սովորել հասկանալ ուրիշների կարիքներն ու շարժառիթները, հատկապես նրանց, ովքեր ապրում են մեր կյանքից տարբերվող կյանքով, արդյունավետ կյանք վարելու կարևոր մասն է: Սա օգնում է մարդուն զերծ մնալ ուրիշների մասին կողմնակալ կարծիքներից և հանգեցնում է ավելի բազմազան և ի վերջո ավելի արդյունավետ ու փորձառություններով լի կյանքի[40]:
Բացի այդ, աշխատանքային պաշտոնին համապատասխան կամավորական աշխատանքը կարելի է ավելացնել ռեզյումեում որպես աշխատանքային փորձ: Ըստ «U.S. News & World Report» ամսագրի՝ «եթե կամավորական աշխատանքը համապատասխանում է աշխատանքային պաշտոնին, այն կարելի է ներառել ռեզյումեի «մասնագիտություն» կամ «աշխատանքային փորձ» բաժիններում»[41]: Սա կախված է որպես կամավոր աշխատելու ժամանակահատվածից: Եթե ժամկետը 2 տարուց ավելի է, կարելի է համայնքային ծառայությունը նշել որպես աշխատանքային փորձ[41]:
Ընտրելով ճիշտ ռազմավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիները կառավարությունից անկախ ինքնակազմակերպվելու ցանկություն և ունակություն ունեն՝ իրենց համայնքների կարիքները հոգալու համար: Այնուամենայնիվ, ջանքերի՝ հասարակության վրա դրական ազդեցություն ունենալն ապահովելը պահանջում է հստակ վերլուծություն և ռազմավարություն: Վերլուծությունը բացահայտում է խնդիրների արմատական պատճառները, որոնք պետք է լուծվեն նախագծի իրականացմամբ: Անհատները, ինչպես թաղամասերը, տևական փոփոխություններ են ապրում միայն այն դեպքում, եթե այն գալիս է ներսից, և համայնքային ծառայության ամենաազդեցիկ ձևը այդ ներքին փոփոխությունները խթանելն է:
Նիդերլանդների վարչապետ Աբրահամ Կյոյպերը, որը պաշտոնավարել է 1901-1905 թվականներին, «ոլորտային ինքնիշխանության» կողմնակից է եղել, որը հարգում է հասարակության «միջանկյալ մարմինների»՝ դպրոցների, մամուլի, բիզնեսի և արվեստի անկախությունն ու ինքնավարությունը: Նա հավատում էր, որ յուրաքանչյուր համայնք պետք է ունենա իր սեփական գործունեությունն ու հաստատությունները վերահսկելու և ղեկավարելու ազատություն: Այս համոզմունքը հիմնված էր այն գաղափարի վրա, որ ծնողներն ամենալավն են հասկանում իրենց երեխաների կարիքները, և որ տեղի բնակիչները կարող են առավել արդյունավետ աջակցել ու օգնել իրենց համայնքի մյուս անդամներին: Նրանք, ովքեր համաձայն են նրա տեսակետների հետ, համայնքային ծառայությունը դիտարկում են որպես հզորացման գործիք, որը կարող է օգնել մարդկանց հասնել ավելի լավ զբաղվածության և կենսակերպի՝ խուսափելով նրանից, ինչը նրանք համարում են կործանարար որոշումների կայացում վատ սահմանված նպատակների համար՝ թույլ մշակված համայնքային ծառայության միջոցով:
Իր «Հույսը վերականգնողները» գրքում Էմի Լ. Շերմանն առաջարկում է, որ համայնքային նախաձեռնություններ պլանավորելիս կարևոր է ներգրավել տեղի բնակիչներին, քանի որ նրանք ունեն անմիջական փորձ և պատկերացում իրենց համայնքի ներկա պայմանների և կարիքների մասին[42]: Նրանց պատկերացումները կարող են արժեքավոր ուղեցույցներ լինել արդյունավետ համայնքային աշխատանք կազմակերպելու համար: Նրանց շարժման, փոփոխության կամ նախագծի մաս դարձնելը համայնքի անդամների մեջ ստեղծում է պատկանելության և հույսի զգացում:
Մեկ այլ ուսումնասիրություն նշում է, որ համայնքային աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է տեղական բնակիչներին ավելի ակտիվ ներգրավել որոշումների կայացման գործընթացում և պետք է խթանել համագործակցային գործընկերությունը: Նպատակը «ներքևից վերև մոտեցումն է, որտեղ մասնակիցները դառնում են փոփոխությունների և որոշումների կայացման գործակալներ»[43]: Սա իրականացվում է մի քանի սկզբունքների միջոցով՝ ներառականություն, հավասար գործընկերություն, թափանցիկություն, իշխանության և պատասխանատվության կիսում, հզորացում և համագործակցություն:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Community Service». Merriam-Webster. Արխիվացված օրիգինալից 2021-04-18-ին. Վերցված է 2020-08-01-ին.
- ↑ «(Community) Compensatory service worker definition». Արխիվացված օրիգինալից January 29, 2023-ին. Վերցված է January 29, 2023-ին.
- ↑ Charlotta Hellberg (2012). «Att undanröja villkorlig dom som förenats med samhällstjänst» (շվեդերեն and անգլերեն). Lund University. Արխիվացված օրիգինալից 17 September 2016-ին. Վերցված է 30 July 2016-ին.
- ↑ High School Graduation Requirements Classes of 2008-Beyond Արխիվացված 2007-06-15 Wayback Machine, Seattle Public Schools, G10-00B, revised September 1, 2004
- ↑ «Get Involved Palo Alto». Արխիվացված է օրիգինալից 19 June 2015-ին. Վերցված է 19 February 2016-ին.
- ↑ Students to get recognition for volunteer work Արխիվացված 2011-07-19 Wayback Machine, Danish Ministry of Education, January 8, 2010
- ↑ «Creativity, action, service (CAS)». Diploma Programmer curriculum—core requirements, homepage of the International Baccalaureate Organization. Արխիվացված է օրիգինալից 2010-07-03-ին.
- ↑ «Community Service Learning Program History». Adele H. Stamp Student Union. Արխիվացված է օրիգինալից 13 October 2014-ին. Վերցված է 16 September 2014-ին.
- ↑ Eyler, Janet (1999). Where's the Learning in Service-Learning? (First ed.). San Francisco, CA: Jossey-Bass. էջ 4. ISBN 978-0-7879-4483-4.
- ↑ Eyler, Janet (1999). Where's the Learning in Service-Learning? (First ed.). San Francisco, CA: Jossey-Bass. էջ 86. ISBN 978-0-7879-4483-4.
- ↑ Eyler, Janet (1999). Where's the Learning in Service-Learming? (First ed.). San Francisco, CA: Jossey-Bass. էջեր 46. ISBN 978-0-7879-4483-4.
- ↑ «Economic News Release». Bureau of Labor Statistics. Արխիվացված օրիգինալից 10 September 2014-ին. Վերցված է 16 September 2014-ին.
- ↑ Eyler, Janet (1999). Where's the Learning in Service-Learning?. San Francisco, CA: Jossey-Bass. էջ 10. ISBN 978-0-7879-4483-4.
- ↑ «Definition of Service Learning». uncfsu.edu. Արխիվացված է օրիգինալից 2016-09-25-ին. Վերցված է 2016-09-28-ին.
- ↑ Cardoza, Freddy. The Theology and Theory of Service Learning.
- ↑ Cardoza, Freddy. Introduction to Service Learning.
- ↑ «Service Learning». character.org. Արխիվացված օրիգինալից October 12, 2016-ին. Վերցված է September 22, 2016-ին.
- ↑ 18,0 18,1 Mitchell, Tania (2008). «Traditional vs. critical service-learning: Engaging the literature to differentiate two models». Michigan Journal of Community Service Learning. 14 (2): 40–65. Արխիվացված օրիգինալից 2021-12-05-ին. Վերցված է 2021-12-16-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 19,7 Kraft, Richard J. (February 1996). «Service Learning». Education and Urban Society. 28 (2): 131–159. doi:10.1177/0013124596028002001. ISSN 0013-1245. S2CID 143302144. Արխիվացված օրիգինալից 2024-03-04-ին. Վերցված է 2021-12-16-ին.
- ↑ «How we manage offenders». National Offender Management Service. Արխիվացված է օրիգինալից 2008-08-06-ին.
- ↑ 21,0 21,1 «Community Service Projects Allow Institutions to Give Back While Building Camaraderie Among Employees» (PDF). The Higher Education Workplace. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020-11-26-ին. Վերցված է 2018-05-10-ին.
- ↑ «EN-13: Community Service | AASHE STARS». AASHE. Արխիվացված օրիգինալից 2018-05-11-ին. Վերցված է 2018-05-10-ին.
- ↑ «FAQ – Our database of corporate giving programs». Doublethedonation.com. Արխիվացված օրիգինալից 2021-01-24-ին. Վերցված է 2021-01-30-ին.
- ↑ Serow, RC; Dreyden, JI (1990). «Community service among college and university students: individual and institutional relationships». Adolescence. 25 (99): 553–66. PMID 2264505. Արխիվացված օրիգինալից 13 November 2022-ին. Վերցված է 1 November 2022-ին.
- ↑ Serow, R. C.; Dreyden, J. I. (1990). «Community service among college and university students: individual and institutional relationships». Adolescence. 25 (99): 553–566. ISSN 0001-8449. PMID 2264505. Արխիվացված օրիգինալից 13 November 2022-ին. Վերցված է 1 November 2022-ին.
- ↑ Garland, Diana R.; Myers, Dennis R.; Wolfer, Terry A. (5 January 2009). «Protestant Christian Volunteers in Community Social Service Programs: What Motivates, Challenges, and Sustains Their Service». Administration in Social Work. 33 (1): 23 through 39. doi:10.1080/03643100802508627. ISSN 0364-3107. S2CID 153455551. Արխիվացված օրիգինալից 16 October 2022-ին. Վերցված է October 8, 2022-ին.
- ↑ «History». Samaritan's Purse. Արխիվացված օրիգինալից 31 August 2014-ին. Վերցված է 19 February 2016-ին.
- ↑ «Operation Christmas Child». Samaritan's Purse. Արխիվացված օրիգինալից 18 February 2016-ին. Վերցված է 19 February 2016-ին.
- ↑ «The Salvation Army – History of the Salvation Army». Արխիվացված օրիգինալից 21 February 2016-ին. Վերցված է 19 February 2016-ին.
- ↑ 30,0 30,1 30,2 «About Habitat for Humanity». Habitat for Humanity Int'l. Արխիվացված օրիգինալից 22 February 2015-ին. Վերցված է 19 February 2016-ին.
- ↑ 31,0 31,1 31,2 Sulaiman, Kabuye (June 2011). «Volunteerism From Islamic Perspective» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2023-02-13-ին. Վերցված է 2022-11-14-ին.
- ↑ «Students». Արխիվացված օրիգինալից 2 March 2016-ին. Վերցված է 19 February 2016-ին.
- ↑ «TheGiveandTakeofVolunteeringMotivesBenefi». Google Docs (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-11-14-ին. Վերցված է 2022-11-14-ին.
- ↑ 34,0 34,1 «Evidence of Service-Learning Benefits». Service Learning. Արխիվացված օրիգինալից 2 March 2016-ին. Վերցված է 19 February 2016-ին.
- ↑ «Welcome to the SiteMaker Transition Project». Արխիվացված է օրիգինալից 9 April 2013-ին. Վերցված է 19 February 2016-ին.
- ↑ "Where's The Learning in Service-Learning," Janet Eyler and Dwight E. Giles Jr., Jossey-Bass, 1999, Page 28
- ↑ «Stereotype – Definition of Stereotype by Merriam-Webster». Արխիվացված օրիգինալից 15 February 2016-ին. Վերցված է 19 February 2016-ին.
- ↑ «Why Stereotypes Are Bad and What You Can Do about Them». AAUW: Empowering Women Since 1881 (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017-10-14-ին. Վերցված է 2018-01-04-ին.
- ↑ "Where's The Learning in Service-Learning," Janet Eyler and Dwight E. Giles Jr., Jossey-Bass, 1999, Page 31
- ↑ Phillips, Katherine W. (2014). «How Diversity Works». Scientific American (անգլերեն). 311 (4): 42–47. Bibcode:2014SciAm.311d..42P. doi:10.1038/scientificamerican1014-42. PMID 25314869. S2CID 45436278. Արխիվացված օրիգինալից 2015-03-03-ին. Վերցված է 2015-03-02-ին.
- ↑ 41,0 41,1 Crawford, Hallie. «When and How to List Volunteer Work on a Resume». U.S. News. Արխիվացված օրիգինալից 13 November 2022-ին. Վերցված է 1 November 2022-ին.
- ↑ Sherman, Amy L. (2004-11-04). Restorers of Hope: Reaching the Poor in Your Community with Church-Based Ministries that Work (անգլերեն) (Reissue ed.). Eugene, OR: Wipf & Stock Pub. ISBN 9781592449910.
- ↑ «Have Participatory Approaches Increased Capabilities?». International Institute for Sustainable Development (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-05-11-ին. Վերցված է 2023-05-11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Perez, Shivaun, «Assessing Service Learning Using Pragmatic Principles of Education: A Texas Charter School Case Study». Արխիվացված է օրիգինալից 2020-08-01-ին. Վերցված է 2010-01-01-ին. (2000). Applied Research Projects. Texas State University. Paper 76.