Հակոբ Տեր-Հակոբյան (Իրազեկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հակոբ Տեր-Հակոբյան (Իրազեկ), պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ավագ քարտուղար՝ 1919 թվականի օգոստոսի 5-ից մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը, հասարակական գործիչ, գրող, Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության անդամ:[1][2]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Տեր-Հակոբյանը ծնվել է 1881 թվականին Գողթան գավառի Վերին Ազա գյուղում: Կրթությունը ստացել է իր ծննդավայրում, ապա` Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Ճեմարանն ավարտելուց հետո նվիրվել է ուսուցչական գործունեությանը՝ միաժամանակ ստանձնելով ազգային և կուսակցական պատասխանատու պարտականություններ` Կովկասում և Իրանում:[3][4]

1916-1917 թվականներին պաշտոնավարել է Մեծ Հայքի պատնական Պարսկահայք նահանգի Սալմաստ գավառում:[5]

Ռուսաստանում փետրվարյան հեղափոխությունից հետո՝ 1917 թվականին, վերադառնալով Կովկաս, Հակոբ Տեր-Հակոբյանը լծվում է կուսակցական, կրթական և պետական-հասարակական աշխատանքների՝ մասնակցելով Երևանի, Ալեքսանդրապոլի (Գյումրի) ու Անդրկովկասի գյուղացիական համագումարներին և Հայաստանում տեղի ունեցած հետագա բոլոր շարժումներին:[6]

Այդ ժամանակաշրջանում նա ընտրվում է Երևանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի և Հայոց ազգային խորհրդի անդամ, միաժամանակ աշխատելով կոոպերատիվ (համագործակցական) շարժման մեջ՝ ժողովրդականացնելով և տարածելով այդ շարժումը իր գրություններով և գործնական մասնակցությամբ:[7]

Ընտրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության անդրանիկ խորհրդարանի անդամ և իբրև առաջին քարտուղար, 1919 թվականի օգոստոսի 5-ից մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, հմտորեն կատարել է այդ աշխատանքը:[8]

Հակոբ Տեր-Հակոբյանը 1920 թվականի աշնանը՝ Հայաստանի դեմ ռուս-թուրքական համատեղ ագրեսիայի ժամանակ, կառավարության անդամների հետ մեկնել է Ալեքսանդրապոլի ռազմաճակատ։ Թրքական հարձակումը ստեղծել էր մեծ սպառնալիք Հայաստանի Հանրապետության բուն գոյության համար։ ՀՀ կառավարության նախարարներն ու զանազան գործիչները ռազմաճակատ էին մեկնել՝ պաշտպանության գործը կազմակերպելու և ժողովրդի ոգին բարձրացնելու համար: Տեր-Հակոբյանը վկայում է Հովհաննես Քաջազնունու, Լևոն Շանթի, Սիրական Տիգրանյանի և Վահան Նավասարդյանի հետ իր ուղևորությունը դեպի Ալեքսանդրապոլ: Հիշում է, թե Քաջազնունին պնդում էր, որ ինքը իբրև հասարակ զինվոր ռազմաճակատ գնա՝ կռվողներին խրախուսելու և նրանց կողքին կռվելու համար:[9][10]

Մասնակցությունը Փետրվարյան ապստամբությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի խորհրդայնացումից հետո, Հակոբ Տեր-Հակոբյանը մնում է Երևանում: Շուտով նա դարձյալ աշխատանքի է լծվում որպես փետրվարյան ապստամբության առաջնորդներից մեկը և 1921 թվականի փետրվարին 18-ին ապստամբ ուժերի հետ Կոտայքից Երևան է իջնում:[11]

Հայրենիքի փրկության կոմիտեի կառավարության մեջ Հակոբ Տեր-Հակոբյանը ստանձնում է պարենավորման նախարարի պաշտոնը, սակայն ամբողջ ժամանակ գտնվում էր Ղամարլուի ճակատում՝ իբրև հսկող ու ղեկավարող, ինչպես նաև սատարող ու ոգևորող՝ կռվող ժողովրդային ուժերի համար:[12]

Ապստամբության ավարտից հետո, ժողովրդական ապստամբ ուժերը՝ հետապնդվելով Կարմիր բանակից, անցնում են Պարսկաստան: Հակոբ Տեր-Հակոբյանը Արաքսը անցնողներից վերջինն է եղել:[13]

Սփյուռքահայ հասարակական-քաղաքական շրջանակներում լուրջ քննարկման առարկա դարձավ Խորհրդային Հայաստանում կիրառվող «ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը, որն էլ 1921 թվականի հայկական ժողովրդական փետրվարյան ապստամբության գլխավոր պատճառներից մեկն էր: «Ռազմական կոմունիզմի» վերաբերյալ հնչեցված գնահատականների մեջ առանձնանում են վտարանդության մեջ հայտնված Հայրենիքի փրկության կոմիտեի անդամների տեսակետները: Մասնավորապես, Հակոբ Տեր-Հակոբյանը գրում էր, որ Հայաստանում իշխող բոլշևիկյան Հայհեղկոմի որդեգրած բռնությունների քաղաքականությունը աննախընթաց դաժանություն ուներ: Բոլշևիկները փորձում էին բռնությամբ վարչաձև փոխել՝ մոռանալով, որ բոլոր հեղափոխություններն ու ապստամբությունները բռնությունների ծնունդ են: Իրազեկը նշում է, որ Հայաստանի խորհրդայնացման առաջին իսկ օրվանից սկսված բռնագրավումները շուտով սովորական են դառնում: Հայաստանը զավթած ռուսական բոլշևիկյան բռնակալները Հայաստանի ազգաբնակչությանը թալանում էին ամենուր՝ թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում:

«Եւ որովհետև գործը չափազանց վատ էր կազմակերպուած, իսկ գործադրողն էլ մեծ մասամբ անբարոյ, աւազակ ու պատեհապաշտ տարրեր էին, ուստի «բռնագրաւում» կոչուած կառավարական այդ ձեռնարկութիւնը վերածուեց համատարած կողոպուտի ու դարձաւ իսկական աղէտ ամբողջ երկրի համար»:[14]

Թե՛ վարչապետ Սիմոն Վրացյանը, թե՛ Հայրենիքի փրկության կոմիտեի պարենավորման նախարար Հակոբ Տեր-Հակոբյանը համոզված էին, որ փետրվարյան ապստամբության պատճառների մեջ առանցքային էր բոլշևիկների բռնագրավումների քաղաքականությունը՝ իր ամենադաժան դրսևորումներով[15]:

Տարագրությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Տեր–Հակոբյանն իր գաղափարակիցների հետ ճաշակեց տարագրի կյանքի բոլոր դառնությունները[16]: Նա Թավրիզում մեծ դեր է կատարել իբրև Հայաստանի վերջին կառավարության ներկայացուցիչ: Այնուհետև նա կրկին ընտրել է ուսուցչական ասպարեզը և երկար տարիներ ղեկավարած է տարրական և միջնակարգ դպրոցներ՝ Իրանի մի քանի քաղաքներում: Հետագայում անցել է Իրաք։ 1946 թվականից մինչև 1950 թվականը ստանձնել է Բաղդադի հայկական ազգային դպրոցների տեսուչի պաշտոնը, որից հետո ստիպված է եղել վերադառնալու Իրան՝ Թեհրան[17]:

Հատուկ հիշատակության է արժանի Տեր-Հակոբյանի հույժ արդյունավետ ուսուցչական գործունեության ժամանակաշրջանը` Ատրպատականի հայոց թեմական կենտրոնական միջնակարգ դպրոցում (Թավրիզ) և տեսչական գործունեությունը՝ Նոր Ջուղայում: Իրազեկի աշակերտ-աշակերտուհիները նրան հիշում են ակնածանքով՝ անվանելով «Մեր պարոն Հակոբը»: Ըստ ժամանակակիցների՝ Իրազեկի դասախոսությունները շատ տպավորիչ էին, բովանդակալից, խտացված և պարզ ոճով[18]:

Իրազեկը աշխատակցել է դաշնակցական մամուլի գրեթե բոլոր օրգաններին, մշտապես ստորագրելով` Յ. Իրազեկ, հանդես գալով բանասիրական շատ հետաքրքրական, լուրջ և խնամված հոդվածներով[19]:Աշխատակցել է «Յուսաբեր»-ին, «Հայրենիք»-ներին, «Վէմ»-ին, «Այգ»–ին, «Ալիք»-ին, «Նավասարդ»-ին, «Լոյս»-ին, և այլ թերթերի[20] Իրազեկը եղել է նաև «Դրոշակի» հոդվածագիրներից մեկը։[21]:

Ազգային-հեղափոխական և կրթական վաստակաշատ գործիչ Հակոբ Տեր-Հակոբյանը հանկարծամահ է եղել 1953 թվականի հունիսի 19-ին, Թեհրանում՝ սրտի կաթվածից[22][23][24]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողել է պատմա-բանասիրական արժեքավոր աշխատություններ: Իր վավերական գործերից մեկը՝ «Մօտիկ անցեալից» խորագրով (Փետրվարի 18-ի ընդվզման առնչությամբ) հրատարակել է իր երբեմնի աշակերտ, «Ալիք»-ի աշխատակից և մի քանի տարի «Րաֆֆի» օրացույցը կազմող Արշավիրը (Արշալույս Աբգարյան)[25]:

Իրազեկի հեղինակած աշխատություններից են հետևյալները․

  1. «Մօտիկ անցեալից: Պատմական դէպքեր եւ ապրումներ 1917-1922», Պէյրութ, Համազգային տպարան, 1956թ․։[26][27]
  2. «Հայ ազատագրական շարժումը»:[28]
  3. Պատմութիւն Հնդկահայ տպագրութեան, խմբագրութեամբ Վազգէն Ղուկասեանի, Անթիլիաս, Տպարան կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1986, 560 էջ[29][30]:

Իրազեկը նաև թարգմանիչ է եղել։ Նրա թարգմանությամբ լույս տեսած գրքերից է հետևյալը․

  1. «Ինչ է ֆեդերատիվ հանրապետությունը»-հեղինակ՝ Կրըժնիցկի, Գ.Ն, թարգմանիչ՝ Իրազեկ; Հայ յեղափոխական դաշնակցութիւն. գրքաշար՝ «Աշխատաւոր»-ի գրադարան, № 12, հրատարակիչ՝ Թիֆլիսի՝ տպարան Աշխատաւոր, 1918 թվական: 31 էջ[31]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Քաջազնունի
  2. Լևոն Շանթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարիւր Դէմք՝ Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին։ ԱՍՊԱՐԷԶ, Մայիս 23, 2019 թ․։ [1]
  2. Պատմության այս օրը։ 1953թ. այս օրը մահացավ հասարակական գործիչ, բանասեր Հակոբ Տեր-Հակոբյանը։ 2012թ․ հունիսի 18։ Առաջին լրատվական։ [2]
  3. Հարիւր Դէմք՝ Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին։ ԱՍՊԱՐԷԶ, Մայիս 23, 2019 թ․։ [3]
  4. Պատմության այս օրը։ 1953թ. այս օրը մահացավ հասարակական գործիչ, բանասեր Հակոբ Տեր-Հակոբյանը։ 2012թ․ հունիսի 18։ Առաջին լրատվական։ [4]
  5. Հարիւր Դէմք՝ Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին։ ԱՍՊԱՐԷԶ, Մայիս 23, 2019 թ․։ [5]
  6. Հարիւր Դէմք՝ Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին։ ԱՍՊԱՐԷԶ, Մայիս 23, 2019 թ․։ [6]
  7. Հարիւր Դէմք՝ Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին։ ԱՍՊԱՐԷԶ, Մայիս 23, 2019 թ․։ [7]
  8. Հարիւր Դէմք՝ Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին։ ԱՍՊԱՐԷԶ, Մայիս 23, 2019 թ․։ [8]
  9. Ռուբինա Փիրումյան։ Հայաստանը` ՀՅԴ – Բոլշևիկ հարաբերությունների ոլորտում 1917-1921թթ․՚՚ Պայքար բոլոր ճակատներում։ [9]
  10. Յ. Իրազեկ, «Մօտիկ Անցեալից» (Բէյրութ, Տպարան Համազգայինի, 1956), էջ 72:
  11. Հարիւր Դէմք՝ Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին։ ԱՍՊԱՐԷԶ, Մայիս 23, 2019 թ․։ [10]
  12. Հարիւր Դէմք՝ Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին։ ԱՍՊԱՐԷԶ, Մայիս 23, 2019 թ․։ [11]
  13. Հարիւր Դէմք՝ Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին։ ԱՍՊԱՐԷԶ, Մայիս 23, 2019 թ․։ [12]
  14. Իրազեկ, Փետրուար 18, Յուշամատեան Հ. Յ. Դաշնակցութեան (1890-1950) (կազմ.` Սիմոն Վրացեան), Բոստոն, 1950, էջ 307։
  15. Ստեփանյան Խ․Ռ․։ Խորհրդային Հայաստանում կիրառված «ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը սփյուռքահայ հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ (1920-1930ական թվակակներ)։ Լրաբեր Հասարակական Գիտությունների՚՚, 2015 թվական, № 2, էջեր՝ 138-145։ ISSN 0320-8117[13]
  16. «ԱԼԻՔ»-Ի ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄԵԱԿՆԵՐ․ Յակոբ Տէր-Յակոբեան (Ծննդեան 120-ամեակ՝ 1881-2001 թթ.)։ ԱՐՍԷՆ ՄԱՄԵԱՆ։ Թեհրան, 5 նոյեմբերի 2001 թ.։ Ալիք։ 02/05/2016։ [14]
  17. Հարիւր Դէմք՝ Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին։ ԱՍՊԱՐԷԶ, Մայիս 23, 2019 թ․։ [15]
  18. «ԱԼԻՔ»-Ի ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄԵԱԿՆԵՐ․ Յակոբ Տէր-Յակոբեան (Ծննդեան 120-ամեակ՝ 1881-2001 թթ.)։ ԱՐՍԷՆ ՄԱՄԵԱՆ։ Թեհրան, 5 նոյեմբերի 2001 թ.։ Ալիք։ 02/05/2016։ [16]
  19. «ԱԼԻՔ»-Ի ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄԵԱԿՆԵՐ․ Յակոբ Տէր-Յակոբեան (Ծննդեան 120-ամեակ՝ 1881-2001 թթ.)։ ԱՐՍԷՆ ՄԱՄԵԱՆ։ Թեհրան, 5 նոյեմբերի 2001 թ.։ Ալիք։ 02/05/2016։ [17]
  20. Հարիւր Դէմք՝ Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին։ ԱՍՊԱՐԷԶ, Մայիս 23, 2019 թ․։ [18]
  21. «ԴՐՕՇԱԿ»Ը Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԴԻՄԱԳԻԾՆ ՈՒ ՎԿԱՅԱՐԱՆԸ (ՀՅԴ Պաշտօնաթերթի 120-ամեակին առիթով) Մաս 3։ [19]
  22. Հարիւր Դէմք՝ Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին։ ԱՍՊԱՐԷԶ, Մայիս 23, 2019 թ․։ [20]
  23. Պատմության այս օրը։ 1953թ. այս օրը մահացավ հասարակական գործիչ, բանասեր Հակոբ Տեր-Հակոբյանը։ 2012թ․ հունիսի 18։ Առաջին լրատվական։ [21]
  24. «ԱԼԻՔ»-Ի ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄԵԱԿՆԵՐ․ Յակոբ Տէր-Յակոբեան (Ծննդեան 120-ամեակ՝ 1881-2001 թթ.)։ ԱՐՍԷՆ ՄԱՄԵԱՆ։ Թեհրան, 5 նոյեմբերի 2001 թ.։ Ալիք։ 02/05/2016։ [22]
  25. «ԱԼԻՔ»-Ի ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄԵԱԿՆԵՐ․ Յակոբ Տէր-Յակոբեան (Ծննդեան 120-ամեակ՝ 1881-2001 թթ.)։ ԱՐՍԷՆ ՄԱՄԵԱՆ։ Թեհրան, 5 նոյեմբերի 2001 թ.։ Ալիք։ 02/05/2016։ [23]
  26. Պատմության այս օրը։ 1953թ. այս օրը մահացավ հասարակական գործիչ, բանասեր Հակոբ Տեր-Հակոբյանը։ 2012թ․ հունիսի 18։ Առաջին լրատվական։ [24]
  27. ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book։ Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գրադարան։[25]
  28. Պատմության այս օրը։ 1953թ. այս օրը մահացավ հասարակական գործիչ, բանասեր Հակոբ Տեր-Հակոբյանը։ 2012թ․ հունիսի 18։ Առաջին լրատվական։ [26]
  29. Սուդոկ համացանցային կայքէջ։ Copyright © 2020 ABES / OCLC։ [27]
  30. ՀԱՅ ԳԻՐՔ = Armenian Book։ Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գրադարան։[28]
  31. Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գրադարան։ Հայ գիրք։ [29]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարիւր Դէմք՝ Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին։ ԱՍՊԱՐԷԶ, Մայիս 23, 2019 թ․։ [30]
  • Պատմության այս օրը։ 1953թ. այս օրը մահացավ հասարակական գործիչ, բանասեր Հակոբ Տեր-Հակոբյանը։ 2012թ․ հունիսի 18։ Առաջին լրատվական։ [31]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]