Հակոբ Չիլինգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Չիլինգարյան
Ծննդավայր Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայր Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն

Հակոբ Չիլինգարյան (Աշոտ Հայկունի), Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1912, Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն), ՀՅԴ գործիչ, ռուսական բանակի սպա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Չիլինգարյանը (Աշոտ Հայկունի) ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Եղել է ՀՅԴ Կարսի կառույցի մշտական և առանցքային գործիչներից, ռուսական բանակի նախկին սպա։ Ռուս-ճապոնական պատերազմի նախօրեին, խուսափելով զինվորական ծառայությունից, 1903 թվականին Բաքվից անցել էր Կարս, որտեղ լծվել էր կուսակցական աշխատանքի՝ իրեն նվիրելով Երկիր անցնող խմբերի կազմավորման ու զինման գործին։ Հակոբ Չիլինգարյանը 1903 թվականին Արամ Մանուկյանի հետ միասին լինում է ՀՅԴ Կարսի «Ջրաբերդ» կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը։ Ռուբեն Տեր-Մինասյանի բնորոշմամբ 1903-1904 թվականներին Կարսում նա էր «Դաշնակցութեան տէրն ու տնօրէնը», ղեկավարում էր դրամական հավաքույթները, վիճակախաղերը, զենք ու զինամթերք ձեռք բերելու և դրանք Կարսի մարզի ՀՅԴ զինապահեստները փոխադրելու գործը։ 1904 թվականի հունվարին Չիլինգարյանն ակտիվ մասնակցություն է ունենում Ալեքսանդրապոլի պետական զինապահեստի «մաքրագործման» հերթական արարին։

Հակոբ Չիլինգարյանը 1904 թվականի աշնանը ՀՅԴ շատ գործիչների նման ձերբակալությունից խուսափելու համար ստիպված հեռանում է Կարսի մարզից։ Հայ-թաթարական կռիվների օրերին (1905-1906) Ստեփան Տեր-Մկրտչյանի և Լևոն Քալանթարյանի հետ ձեռնամուխ է լինում Տուլայից և այլ քաղաքներից զենքի գնման և փոխադրման գործին, որի համար հասնում է մինչև Վլադիվոստոկ և Խարբին։ 1906-1908 թվականներին եղել է Վլադիկավկազի Հ. Յ. Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ։ Նույն կոմիտեի հանձնարարությամբ այցելել է Ստավրոպոլ, Արմավիր, Պյատիգորսկ, Դոնի Ռոստով, գնել զենք ու զինամթերք և դրանք հասցրել Հայ Յեղափոխական Դաշնակցության Վլադիկավկազի և Թիֆլիսի կենտրոնական կոմիտեներին։ Ցարական ռեակցիայի տարիներին (1908-1911 թթ.) նրան ևս ձերբակալում են՝ մի շարք մեղադրանքների կողքին մեղադրելով նաև խմբապետ Միհրանի (Գաբրիել Քեշիշյան) սպանությանը գործուն աջակցություն ունենալու մեջ։

Հակոբ Չիլինգարյանը, չդիմանալով բանտի ծանր պայմաններին, 1912 թվականի սկզբին, մինչև դատավարությունը, ծանր հիվանդությունից մահանում է Վլադիկավկազի բանտում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիւլխանդանեան Աբրահամ, Յեղափոխական դէմքեր,«Հայրենիք» ամսագիր, 1936, թիւ 1։
  • ՀՅ Դաշնակցության մեծ դատավարության թղթածրարները, կազմեց Աւագ Յարութիւնեան, «Վէմ (համահայկական հանդես)», խմբ. Գ. Խուդինեան, Երեւան, 2011, թիւ 3, էջ 221-240, թիւ 4, էջ 182-209։
  • Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Ա. հատ., Թեհրան, 1982, Երեւան, 1990։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]