Հակոբ Անասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Անասյան
Ծնվել էմայիսի 15, 1904(1904-05-15)
ԾննդավայրԷսքիշեհիր, Թուրքիա
Մահացել էհունվարի 28, 1988(1988-01-28) (83 տարեկանում)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ազգությունհայ
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու (1962)
Մասնագիտությունբանասեր

Հակոբ Սեդրակի Անասյան (1904, մայիսի 15, Էսքիշեհիր (Թուրքիա)-1988, հունվարի 28, Լոս Անջելես), պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, մատենագետ, ձեռագրագետ։ Պատմական գիտությունների թեկնածու (1962), Լա Վեռնի ամերիկահայկական միջազգային քոլեջի պատվավոր դոկտոր (1984)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Վենետիկի Ս.Ղազար կղզու Մխիթարյան վարժարանը (1925), Փարիզում հետևել Կ. Բասմաջյանի հայագիտական դասընթացներին (1931-1934)։ 1936 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1936-1947 թվականներին՝ գիտաշխատող ԵՊՀ-ում, 1947-1976 թվականներին՝ ԳԱ պատմության ինստիտուտում, 1979-1988 թվականներին՝ Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) Մերձավորարևելյան լեզուների ուսումնական կենտրոնում։ Եղել է նույն համալսարանի Գրիգոր Նարեկացու անվան հայագիտական ամբիոնի պատվավոր անդամ։ Աշխատակցել է հայ պարբերական մամուլին («Երկունք», «Էջմիածին», «»Պատմա-բանասիրական հանդես», «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Սիոն», «Շողակաթ» և այլն)։ Տիրապետել է հին և նոր բազմաթիվ լեզուների։

Անասյանը հեղինակ է հարյուրից ավելի աշխատությունների, որոնք հիմնականում նվիրված են միջնադարյան Հայաստանի քաղաքական կացությանը, կրոնի պատմությանը, մշակույթին, գրականությանը, լեզվին, մատենագրությանն ու մատենագիտությանը։ Նա զգալի ավանդ ունի հայ ազգ-ազատագրական շարժումների պատմության ուսումնասիրման բնագավառում։ «Նպաստ մը հայոց ազատագրական պատմության (ԺԷ դար) Մահտեսի Շահմուրատ և Հովհաննես Թութունջի» (1934), «XVII դ ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում» (1961), «Ստեփանոս Սալմաստեցի»[1] և այլ աղբյուրագիտական ու պատմագիտական մենագրություններում իր իսկ հայտնաբերած վավերագրերի միջոցով վեր է հանել հայ ազատագրական շարժումների չուսումնասիրված կամ պակաս ուսումնասիրված շատ դրվագներ, լուսաբանել հայ ժողովրդի ծանր վիճակը թուրք-պարսկական տիրապետությունների ներքո, արժեքավոր նոր տվյալներ ի հայտ բերել ֆրանսիական և հաբեշական արքունիքների հետ հայ քաղաքական շրջանակների հարաբերությունների վերաբերյալ։

Աղբյուրագիտական, բնագրագիտական կարևոր նշանակություն ունեն «Հայկական աղբյուրները Բյուզանդիայի անկման մասին» (1957), «Հովհաննես Կամենացի. Պատմութիւն պատերազմին Խոթինու» (1964)[2], «Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ» (1969), «Գրիգոր Շղթայակրի պատմական մեծ հիշատակարանը» (1980) և այլ աշխատություններ։ Անասյանը կազմել և հրատարակել է վերոհիշյալ հեղինակների երկերի գիտաքննական բնագրերը՝ մանրամասն ծանոթագրություններով։ «Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ» ուսումնասիրությունը կարևոր ներդրում է հայ մատենագրության պատմության մեջ։ Նա հայտնաբերել է Վարդան Այգեկցու «Գիրք հաստատութեան և արմատ հաւատոյ»[3] (Մատենադարան, ձեռ. № 2080) դավանական բնույթի ժողովածուն, «Վասն շատահաջ քննողացն հանդիմանութիւն» նամակը և «Վասն անիրաւ բամբասողաց եկեղեցւոյս Հայաստանեայց» գրվածքը։ Անասյանը նորովի է ներկայացրել առակագիր Վարդան Այգեկցուն՝ որպես իր ժամանակի մեծագույն աստվածաբաններից մեկի։ «Արմատ հաւատոն» նվիրված է Հայ եկեղեցու դավանության և նրա կարգերի պաշտպանությանը՝ «ընդդեմ երկաբնակաց և ամենայն հերձուածողաց»։ «Արմատ հաւատոն» ընդգրկում է և՛ դավանական, և՛ ծիսական խնդիրներ։

Հայագիտության նվաճումներից է Անասյանի «Հայկական մատենագիտություն. Ե-ԺԸ դդ» կոթողային աշխատությունը։ Հրատարակվել են բազմահատոր այս աշխատության միայն առաջին երեք հատորները (1959, 1976, 2002)։ Գիրքն ունի աղբյուրագիտական, բնագրագիտական, ձեռագրագիտական, պատմագիտական, բանասիրական արժեք և հայ մատենագրության համապարփակ մի հանրագիտարան է։ Այստեղ ներկայացվել է հայկական մատենագրության շուրջ 1500-ամյա ձեռագիր և տպագիր ժառանգությունը, հանրագումարի են բերվել ու գնահատվել հայ մատենագրության անցած բազմամյա ուղու արդյունքները։ Անասյանը գիտականորեն դասակարգել է հայկական բնագրերը, բացահայտել խմբագրությունների ժամանակային սահմանները, փոխադարձ աղերսն ու առնչությունները, նշել հիմնական ու օժանդակ գրականությունը, աշխատությունների մասին գրված գրախոսականները։ Նա կազմել է նաև Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի (1953), Մխիթար Գոշի (1954), Եղիշեի (1957), Կիրակոս Գանձակեցու (1961), Կոստանդին Երզընկացու (1962), Արիստակես Լաստիվերցու (1963), Սայաթ-Նովայի (1963) երկերի մատենագիտությունները։

Մեծ է Անասյանի դերը Հայ եկեղեցու պատմության, դավանանքի, աստվածաբանական գրականության ուսումնասիրման ասպարեզում։ Արժեքավոր են հատկապես Աստվածաշնչի հայերեն թարգմանության և նրան աղերսվող «Աստվածաշունչ մատյանի հայկական բնագիրը» (1966, 1972), «Էջմիածնի տպարանի սուրբ գրային հրատարակությունները» (1972), «Հայ համաբարբառային գրականությունը և հայ մատենագրության համաբարբառը» (1972) հետազոտությունները։ Անասյանը հանգել է այն եզրակացության, որ Աստվածաշնչի հայերեն հնագույն թարգմանությունը կատարվել է մինչև 431-ը, ասորական Պեշիտտայից։ Առանձին ուսումնասիրման նյութ է դարձրել «Ներսես Շնորհալին և Արմատ հաւատոյ» ժողովածուն, բացահայտել այդ ժողովածուի աղբյուրները՝ հանձինս Իրենեոս Լուգդոնացու, Բիտալիոս Անտիոքացու, Գրիգոր Սքանչելագործի, Հակոբ Սրճեցու, Զենոբ Եդեսացու, Դահեղա Եդեսացու, Կղեստինոս Հռոմայեցու և Բարսումա Անտիոքացու ստեղծագործությունների։

Աշխատություններ եւ բնագրային հրատարակութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանր երկեր (ներածութեամբ Ա. Գ. Սանճեանի, Լոս Անջելես, 1987)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բովանդակութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Գ. Սանճեան, Յակոբ Ս. Անասեանի հայագիտական վաստակը (ներածութիւն)
  • Աստուածաշունչ մատեանի հայկական բնագիրը (քնական ուրուագիծ)
  • Էջմիածնի տպարանի սուրբգրային հրատարակութիւնները և Ս. Գրքի քննական հրատարակութեան հարցեր
  • Հայ համաբարբառային գրականութիւնը և հայ մատենագրութեան համաբարբառը (աղբիւրագիտական և բնագրաքննական ուսումնասիրութիւն)
  • Սիմաքեան մի տարընթերցուած՝ Աստուածաշնչի հայերէն գրչագրերում (Վեցիջեանի պատմութեան համար)
  • Բնագրային մի ճշտում՝ Եզեկիէլի գրքի հայերէն թարգմանութեան մէջ
  • Աստուածաշունչ մատեանի անվաւերականները հայ մատենագրութեան մէջ
  • Աւետարանացոյց
  • Վարդան Այգեկցին իր նորայայտ երկերի լոյսի տակ
  • Նորից՝ Վարդան Այգեկցու յանդիմանական նամակի մասին
  • Հայ պատմա-դաւանաբանական գրականութեան թանկարժէք յուշարձանը
  • Ներսէս Շնորհալին և «Արմատ հաւատոյ» ժողովածուն
  • «Արմատ հաւատոյ»-ի աղբիւրներից (Ա) Իրենէոս Լուգդոնացի
  • «Արմատ հաւատոյ»-ի աղբիւրներից (Բ) Բիտալիոս Անտիոքացի և Գրիգոր Սքանչելագործ
  • «Արմատ հաւատոյ»-ի աղբիւրներից (Գ) Յակոբ Սրճեցի, Զենոբ Եդեսացի և Դահեղա Եդեսացի
  • «Արմատ հաւատոյ»-ի աղբիւրներից (Դ) Կեղեսինոս Հռոմայեցի և Բարսումա Անտիոքացի
  • Սուրբ Եփրեմին վերագրուած «Յաղագս Երրորդութեան» ճառը և «Արմատ հաւատոյ» ժողովածուն
  • Հայոց մոլորական համարուած գրքերն ըստ լատինական մի հին ցուցակի
  • Արիստոտելի երկերի հայերէն թարգմանութիւնները
  • «Վեցերորդ մատեան ամենից գրեանցն Արիստոտէլի» (Ղուկաս վրդ. Խարբերդցու թագրմանութիւններից)
  • Պրն. Ժ.-Պ. Մահէի հայագիտական աշխատանքների մասին
  • Հայազգի պատրիարք Արսէն Երուսաղեմացի
  • Բուզանդարանի ռուսերէն թարգմանութիւնը
  • Բուզանդարանի մի նախադասութեան մասին
  • Մովսէս Խորենացու ժամանակագրական համակարգի հարցը
  • Նոր հայեացք աղուանագիտւթեան բնագաւառում
  • Նորից աղուանական այբուբենի հարցը
  • Դէպի Արցախ-Խաչենի պատմութեան խորքերը
  • Կոստանդին Դրագասի փախստեան զրոյցը հայ ժամանակակիցների մօտ
  • Գէորգ Ֆրանցէսի քրոնիկոնի հայերէն անտիպ թարգմանութիւնը
  • Դիտողութիւններ Ստեփանոս Սալմաստեցու կենսագրութեան վերաբերեալ
  • Ստեփանոս Սալմաստեցի (հատուածներ նոր ուսումնասիրութիւնից)
  • Նպաստ մը հայոց ազատագրական պատմութեան. Մահտեսի Շահմուրատ և Յովհաննէս Թութունջի
  • Թուրքական տիրապետութիւնը Հայաստանում ԺԷ. դարում
  • Հայ-յունական ազատագրական շարժման մի էջ Կանդիայի պատերազմի շրջանից (ԺԷ դ.)
  • ԺԷ դարի ազատագրական շարժումներն Արևմտեան Հայաստանում (Պաշտպանական ելոյթ՝ դիսերտացիայի հրապարակային պաշտպ. առթիւ)
  • Երկու ելոյթ՝ մի դոկտորականի քննարկման առթիւ
  • Թուրքական ֆութուվվաթը և հայերը (Թուրքիայի ձուլողական քաղաքականութեան պատմութիւնից)
  • Բաղդասար Կարնեցու մի յիշատակարանը (1758-1761 թթ.)
  • Իսլամը և քրիստոնեայ հարկատուները - Ա. Մահմեդի դաշնագիրը, բ. Ալիի հրովարտակը
  • Ցեցորայի ճակատամարտի (1620 թ.) և Խոտինի պատերազմի (1621 թ.) արձագանքները հայկական աղբիւրներում
  • Դաւիթ Կիպրացի
  • Տոմարագէտ Ազարիա Ջուղայեցիներ (Համանուն երկու գիտնականների մասին)
  • Տոմարագէտ Ազարիա Ջուղայեցին և «Հայկական սովետական հանրագիտարան»-ը
  • Հայերէն թուաբանական դասագրքերի պատմութեան համար - «Արհեստ համարողութեան» և «Արիթմետիկայ»
  • Գրական նմոյշներ Գրիգոր Շղթայակրից (Ա)
  • Գրական նմոյշներ Գրիգոր Շղթայակրից (Բ)
  • Գրիգոր Շղթայակրի պատմական մեծ յիշատակարանը (1711 թ.)
  • Սայեաթ-Նովայի տաղերը (Մատենագիտական տեսութիւն)
  • Սայեաթ-Նովայի հայերէն տաղերի երաժշտական հրատարակութիւնները (Մատենագիտական տեսութիւն)
  • Սայեաթ-Նովայի ադրբեջաներէն մի նորայայտ տաղը
  • Անծանօթ հեղինակ Թովմաս Ագուլեցին և նրա նորագիւտ երկը (ԺԷ/ԺԸ դար)
  • Թովմաս Ագուլեցին և նրա մեռոներգութիւնը
  • Մի նորայայտ մեռոներգութիւն ևս (Թովմաս Ագուլեցու անտիպ տաղերից)
  • Նոր նիւթեր Վենետիկեան Մխիթարեանների հնագոյն թարգմանութիւնների վերաբերեալ
  • Ոչ թէ Իմինովիչ, այլ Էմինովիչ (պրոֆ. Եորգայի տեսակէտի ժխտումը)
  • Միքայէլ Էմինեսկուի ստեղծագործութեան սոցիալական արժէքը և նրա կապերը հայ գրականութեան հետ
  • Միջնադարեան մի անծանօթ տաղ ադրբեջաներէն լեզուով (Հայկական ՍՍՌ Պետ. մատենադարանի անտիպ նիւթերից)
  • ԺԸ դարում գրուած հայատառ թուրքերէն բժշկարաններ (Երևանի Մաշտոցեան մատենադարանի ձեռագրերից)
  • Աւետիք Բաղդասարեան Տիգրանակերտցու աշխատութիւնները
  • Յոյն գիտնական ևստրատիոս Արգենտէսը և հայերը (ԺԸ դար)
  • Ագուլիսի յիշատակարանը և Տէր-Մկրտչեանների ազգաբանութիւնը
  • «Հայաստանեան մատենագիտութիւն»-ը

Յաւելուած

  • Սահմանել «Հայ մշակոյթի օր»
  • Յոբելեանական ելոյթ (իմ 80-ամեակի առթիւ)
  • Զօրավար Անդրանիկ
  • Բաց նամակ՝ պրն. Գէորգ Աբելեանին
  • Ելոյթ՝ Մեծ Եղեռնի 70-ամեակի առթիւ
  • Շտապ գրուած մի գրախօսութեան մասին
  • Հրատարակել՝ առանց թարգմանելու
  • Արևմտահայերէնի «ինքզինք» դերանուան մասին
  • «Նաւասարդ»-ի հարցազրոյցի առթիւ
  • Անհեթեթ լեզուաբանութիւն
  • Մեսրոպ Մաշտոցը և թոռնիկս
  • Ցանկեր

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]