Կայարան երկուսի համար
Կայարան երկուսի համար ռուս.՝ Вокзал для двоих | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1] |
Թվական | փետրվարի 11, 1983[2], մայիսի 8, 1983[2], հոկտեմբերի 28, 1983[2], նոյեմբերի 3, 1983[2], փետրվարի 24, 1984[2], սեպտեմբերի 6, 1984[2], փետրվարի 20, 1985[2], հոկտեմբերի 12, 1985[2] և մարտի 12, 1987[2] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Էլդար Ռյազանով[1] |
Սցենարի հեղինակ | Էմիլ Բրագինսկի և Էլդար Ռյազանով |
Դերակատարներ | Լյուդմիլա Գուրչենկո, Օլեգ Բասիլաշվիլի, Նիկիտա Միխալկով, Նոննա Մորդյուկովա, Միխայիլ Կոնոնով, Էլդար Ռյազանով[3], Ստանիսլավ Սադալսկի[3], Տատյանա Դոգիլևա[3], Անաստասիա Վոզնեսենսկայա, Օլգա Վոլկովա, Ալեքսանդր Շիրվինդտ, Ռաիսա Էտուշ և Ալլա Բուդնիցկայա |
Օպերատոր | Վադիմ Ալիսով |
Երաժշտություն | Անդրեյ Պետրով |
Պատմվածքի վայր | ԽՍՀՄ |
Նկարահանման վայր | Լյուբերցի, Մոսկվայի Ռիժսկի երկաթուղային կայարան, Վիտեբսկի երկաթուղային կայարան, Լոսինոօստրովսկայա, Մոսկվա, Տագանկայի հրապարակ, Նովոյե Գրիշինո և Կովերյանկի |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 141 րոպե |
«Կայարան երկուսի համար» (ռուս.՝ «Вокзал для двоих»), ռեժիսոր Էլդար Ռյազանովի խորհրդային մելոդրամատիկ կինոֆիլմը, որը թողարկվել է 1982 թվականին։ Գլխավոր դերերը կատարել են Օլեգ Բասիլաշվիլին և Լյուդմիլա Գուրչենկոն։ 1983 թվականին ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1984)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցրտաշունչ ձմեռային երեկոյին Սիբիրում ինչ-որ տեղ ուղղիչ-աշխատանքային գաղութում անցնում է երեկոյան ստուգումը։ Ստուգայցից հետո բանտարկյալ Պլատոն Սերգեևիչ Ռյաբինինին հայտնում են, որ նրա մոտ ժամադրության է եկել կինը և բանտից 10 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում վարձել սենյակը, ինչպես նաև նրան հրահանգում են գնալ տեղացի վարպետի մոտ և վերցնել ակորդեոնը։ Նա իրավունք ունի հրաժարվել ժամադրության գնալուց, բայց չի կարող հրաժարվել ղեկավարության հանձնարարությունը կատարելուց։ Նրան թողնում են մինչև առավոտյան ստուգումը՝ զգուշացնելով, որ ուշացումը հավասարազոր է փախուստի։ Պլատոնւ գյուղ գնալու ճանապարհին հիշում է այն, ինչ տեղի էր ունեցել իր հետ դատապարտվելուց առաջ։
Պլատոնը Մոսկվա-Դուշանբե գնացքով մեկնում է Գրիբոյեդով քաղաք։ Զաստուպինսկ միջանկյալ կայարանում նա պատրաստվում է ճաշել կայարանամերձ ռեստորանում։ Ճաշը այնքան նողկալի է լինում, որ Պլատոնը հրաժարվում է ուտել և որոշում է հեռանալ։ Մատուցողուհի Վերա Նեֆյոդովան պահանջում է վճարել, Պլատոնը հրաժարվում է, և վեճի ընթացքում նա չի նկատում, թե ինչպես է իր գնացքը հեռանում։ Կայարանի պետի տեղակալը Պլատոնին խոստանում է նստեցնել հաջորդ գնացքը նույն օրվա երեկոյան։ Ոստիկանության լեյտենանտ Նիկոլաշան Պլատոնին համոզում է, որ ավելի լավ է վճարել ճաշի համար, քանի որ արձանագրությունը կլինի ավելի թանկ, և Պլատոնը Վերային վճարում է այն ճաշի համար, որն ինքը չէր կերել։
Անցնող գնացքով գալիս է Վերայի սիրեկանը՝ ուղեկցորդ Անդրեյը։ Նա բերում է երկու ճամպրուկ սեխ, որպեսզի Վերան դա «իրացնի» տեղական շուկայում, և Վերայի հետ առանձնանում է կուպեում՝ Պլատոնին խնդրելով հսկել սեխը և որպես գրավ վերցնելով նրա անձնագիրը։ Գնացքի կանգառի ժամանակը կրճատվում է, Անդրեյը մոռանում է վերադարձնել Պլատոնի անձնագիրը և այն տանում է իր հետ։ Այսպիսով, Պլատոնը չի կարող նստել հաջորդ գնացքը և ստիպված է մնալ Զաստուպինսկում երկու օր, մինչև Անդրեյը վերադառնա և բերի իր անձնագիրը։
Օրվա ընթացքում Պլատոնն ու Վերան մի քանի անգամ բախվում են կայարանում և ի վերջո հաշտվում։ Հարսանեկան խնջույքից հետո Վերան որոշում է օգնել, որ Պլատոնը գիշերելու տեղ ստանա «Ինտուրիստ» հյուրանոցում, սակայն հերթապահ Մարինան մերժում է։ Երեկոյան Վերան ուշանում է վերջին ավտոբուսից և ստիպված է գիշերել կայարանում՝ Պլատոնի հետ միասին, նրա հետ կիսելով նաև «ցարական» ընթրիքը՝ հարսանեկան խնջույքի ճաշատեսակների մնացորդները։ Գիշերը գրպանահատը գողանում է քնած Պլատոնի դրամապանակը։ Ինչ-որ կերպ գումար ձեռք բերելու համար Պլատոնը ստիպված է շուկայում վաճառել Անդրեյի սեխերը սպեկուլյացիոն գնով։ Երեկոյան նա Վերային հրավիրում է կայարանամերձ ռեստորան։ Ընթրիքի համար նա գումար է վաստակում դաշնամուր նվագելով տեղացի «երաժիշտ» Շուրիկի մեծահոգի թույլտվությամբ։
Պլատոնը Վերային ցույց է տալիս իր կնոջը, որը հեռուստատեսությամբ վարում է եղանակի տեսությունը, և պատմում է, թե ինչպես է նա մեքենա վարելիս մահացու վրաերթի ենթարկել մի մարդու, իսկ ինքն իր վրա է վերցրել նրա մեղքը՝ ասելով, որ ինքն է վարել մեքենան։ Այժմ Պլատոնն սպասում է դատին՝ ստորագրություն տալով չհեռանալու մասին, իսկ Գրիբոյեդով նա գաղտնի է գնացել, որպեսզի տեսնի ծանր հիվանդ հորը, որին վախենում է ազատ արձակվելուց հետո ողջ չտեսնել։ Վերան երկրորդ անգամ փորձում է գիշերելու տեղ գընել Պլատոնի համար «Ինտուրիստում»։ Հերթապահ Յուլիան համաձայնում է, սակայն որոշ ժամանակ անց հրաժարվում է, քանի որ վատ եղանակի պատճառով պետք է բերեն Մոսկվա թռչող զբոսաշրջիկների խումբ։ Պլատոնն ու Վերան գիշերն անցկացնում են դեպոյում կանգնած վագոնի կուպեում։
Հաջորդ օրը Անդրեյը գալիս է և վերադարձնում է Պլատոնի անձնագիր։ Վերան խզում է հարաբերությունները Անդրեյի հետ։ Նրա ու Պլատոնի միջև տեղի է ունենում քաշքշուկ, բայց Անդրեյ հարթում է կոնֆլիկտը ոստիկանության հետ ու մեկնում։ Վերան Պլատոնի համար գնում է գնացքի տոմս։ Այնուհետև նա հայտնում է, որ հեռախոսով կապ է հաստատել Պլատոնի կնոջ հետ (նախկինում Պլատոնը նրան տվել է իր տան հեռախոսի համարը), որպեսզի համոզի նրան չխորտակել ուրիշի կյանքը։ Վերջինս ասել է, որ ինքն ընդհանրապես չի կարողանում մեքենա վարել։ Կառամատույցում Վերան ու Պլատոնը հրաժեշտ են տալիս միմյանց, և Պլատոնը հեռանում է Զաստուպինսկից։
Հուշը ընդհատվում է։ Այդ նույն պահին Պլատոնը հասնում է գյուղ, արհեստանոցից վերցնում է ակորդեոնը և դժկամությամբ գնում ժամադրության իր կնոջ հետ, բայց պարզվում է, որ իր մոտ է եկել ոչ թե կինը, այլ Վերան։ Առավոտյան ոչ Պլատոնը, ոչ էլ Վերան չեն լսում զարթուցիչի ձայնը, իսկ երբ նրանք արթնանում են, մինչև ստուգման սկիզբը մնում է ընդամենը 1 ժամ 20 րոպե։ Պլատոնը ստիպված է վազել մինչև գաղութ 10 կիլոմետր՝ տանելով ակորդեոնով, իսկ Վերա վազում է նրա հետ։ Արդեն բավականին մոտ է ճամբարի ցանկապատը և աշտարակները, բայց հոգնածությունից Պլատոնը այլևս չի կարող գնալ և չի հասցնում ստուգմանը։
Վերադասները զեկուցում են բանտարկյալի բացակայության մասին և պատրաստվում են դա համարել փախուստ։ Վերան Պլատոնին խնդրում է նվագել ակորդեոնը, բանտի բակում լսում են նվագը և հաշվում, որ նա ներկայացել է առավոտյան ստուգմանը նշանակված ժամին։
Ֆիլմում նկարահանվել են
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյուդմիլա Գուրչենկո – Վերա Նիկոլաևնա Նեֆյոդովա, մատուցողուհի կայարանամերձ ռեստորանում
- Օլեգ Բասիլաշվիլի – Պլատոն Սերգեևիչ Ռյաբինին, դաշնակահար
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկիտա Միխալկով – Անդրեյ, ուղեկցորդ, Վերայի սիրեկանը
- Նոնա Մորդյուկովա – «քեռի Միշա», վերավաճառող
- Միխայիլ Կոնոնով – Նիկոլաշա, ոստիկանության լեյտենանտ
- Անաստասիա Վոզնեսենսկայա – Յուլյա, հերթապահ «Ինտուրիստում»
- Տատյանա Դոգիլևա – Մարինա, հերթապահ «Ինտուրիստում»
- Օլգա Վոլկովա – Վիոլետա, մատուցողուհի
- Ալեքսանդր Շիրվինդտ – Ալեքսանդր Անատոլևիչ (Շուրիկ), դաշնակահար ռեստորանում
- Ռաիսա Էտուշ – Լյուդա, մատուցողուհի
- Թեմուրմալիկ Յունուսով – սեխ վաճառող (լուսագրերում նշված է որպես «Թեմուր Յունուսով»)
- Ստանիսլավ Սադալսկի – հարբեցող կայարանում
- Նինա Պալադինա – սեխ գնող
- Ալլա Բուդնիցկայա – Մաշա, Պլատոնի կինը, եղանակի տեսության վարող հեռուստատեսությամբ
- Վիկտոր Բորցով – ռեստորանի ոչ սթափ հաճախորդ
- Էլդար Ռյազանով – Իվան Կուզմիչ, երկաթուղային կայարանի պետի տեղակալ
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Էլդար Ռյազանով
- Սցենարի հեղինակ՝ Էմիլ Բրագինսկի, Էլդար Ռյազանով
- Բեմադրող օպերատոր՝ Վադիմ Ալիսով
- Բեմադրող նկարիչ՝ Ալեքսանդր Բորիսով
- Կոմպոզիտոր՝ Անդրեյ Պետրով
- Ռեժիսոր՝ Լեոնիդ Չերտոկ
- Մոնտաժող՝ Վալերիա Բելովա
- Հնչյունային օպերատոր՝ Օլեգ Զիլբերշտեյն
- Երգի տեքստի հեղինակ՝ Էլդար Ռյազանով
- Դիրիժոր՝ Սերգեյ Սկրիպկա
- Հագուստի նկարիչ՝ Էդիտ Պրիեդե
- Օպերատոր՝ Պյոտր Կուզնեցով
- Նկարիչ-գրիմարարներ՝ Լյուբով Կուլիկովա, Իրինա Մորոզովա
- Խորհրդատու՝ Նիկոլայ Գրիդասով
- Խմբագիր՝ Լյուբով Գորինա
- Երաժշտական խմբագիր՝ Ռաիսա Լուկինա
- Ֆիլմի տնօրեն՝ Լազար Միլկիս
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարկածներից մեկի համաձայն՝ ճանապարհային պատահարի մեղքն իր վրա վերցրած մարդու պատմությունը վերցվել է կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի և նրա սիրելիի՝ դերասանուհի Լյուդմիլա Մաքսակովայի կյանքից։ Թարիվերդիևը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, բայց քանի որ հետաքննությունը, իսկ այնուհետև դատը տևել է երկու տարի, կոմպոզիտորին ազատել են համաներմամբ[4]։
Լյուդմիլա Մաքսակովան ներկայացրել է իրադարձությունների իր վարկածը, ըստ որի՝ ղեկին եղել է Թարիվերդիևը, ընդ որում՝ եղել են վկաներ[5]։
Սակայն «Հետաքննությունը վարել են...» (ռուս․՝ «Следствие вели…») հաղորդման թողարկումներից մեկում պատմվել է ֆիլմի հետ գրեթե նույնական մի պատմություն, որը տեղի է ունեցել 1972 թվականին Պետուշկի քաղաքում, և որն ավելի քրեական բնույթ է ունեցել, ինչը թույլ է տալիս պնդել, որ հենց դա է հիմք դարձել ֆիլմի սյուժեի համար[6]։
Արձակումից ուշանալու պատմությունը նույնպես վերցված է իրական կյանքից. 1953 թվականին Յարոսլավ Սմելյակովին, որը պատիժը կրում էր ճամբարում, ազատ են արձակել ընկերների հետ հանդիպման գնալու համար՝ կալանավայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նա առավոտյան ուշ է արթնացել և կարող էր ուշանալ առավոտյան ստուգումից, և ընկերները նրան օգնել են տեղ հասնել[7]։
«Քեռի Միշայի» հանգուցյալ ամուսնու լուսանկարը Վադիմ Սպիրիդոնովի նկարն է Ֆեոդոր Սավելևի դերում «Հավերժական կանչ» (ռուս.՝ «Вечный зов») ֆիլմից։ Ֆիլմում օգտագործվել են «Sony» ընկերության առաջին գունավոր հեռուստացույցներից մեկը, մոդել «Trinitron KV-1210» և ճապոնական «JVC» ընկերության VHS ստանդարտի առաջին շարժական տեսամագնիտոֆոններից մեկը, «HR-4100 EG» մոդելը՝ արտաքին «AA-P41EG» էներգամատակարարման համակարգով։
Խորհրդային ժամանակներում մահվան ելքով ավտովթարի համար դատապարտվածը պետք է պատիժը կրեր ոչ թե ֆիլմում ցուցադրված ռեժիմային գաղութում, այլ գաղութ-ավանում, որտեղ նրան կարող էին թույլ տալ ապրել ընտանիքի հետ[8]։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջինը նկարահանվել է եզրափակիչ տեսարանը, որտեղ գլխավոր հերոսները դաշտով վազում են դեպի գաղութ։ Լյուդմիլա Գուրչենկոյի խոսքով՝ նկարահանումներն անցկացվել են «ինչ-որ տեղ Լյուբերցիում» 28 աստիճան սառնամանիքի պայմաններում[9]։
- Գնացքների ժամանման ու մեկնումի կադրերը նկարահանվել են Մոսկվայի Ռիգայի կայարանում[10], որը փակուղային է, չնայած սյուժեի համաձայն՝ երկաթուղային կայարանը տարանցիկ է։ Սպասասրահում Պլատոնի ու Վերայի գիշերելու և Պլատոնի մեկնումից առաջ նրանց զրույցի տեսարանները նկարահանվել են Լենինգրադի Վիտեբսկի կայարանում։ Պլատոնի ու Վերայի անցումը կանգնած վագոն և դրա ներսի նկարահանումները կատարվել են ոչ հեռու գտնվող Ամերիկյան կամուրջների և Լենինգրադ-Մոսկովյան վերանորոգման ու սարքավորման դեպոյում (վագոնի լվացում)։ Կառամատույցնի շատ տեսարաններ, ինչպես նաև կամրջով գլխավոր հերոսուհու անցումը նկարահանվել է «Լոսինոոստրովսկայա» կայարանում։ Վագոնը, որտեղ գլխավոր հերոսները գիշերել են, «Էքսպրես» ֆիրմային գնացքի վագոն է (կադրում, որտեղ գնում են վագոնների ստուգողները, երևում է «Էքսպրես» գրությունը)։
- Շուկայի տեսարանները նկարահանվել են Մոսկվայում՝ Տիշինսկի շուկայում։
- Տեսարանը, որտեղ Պլատոնը Վերային տանում է սայլակով, նկարահանվել է Տագանսկայա հրապարակում։
- Գաղութը որտեղ Ռյաբինինը կրում է իր պատիժը նկարահանվել է Իշկանսկայա անչափահասների դաստիարակչական գաղութում՝ Մոսկվայի մարզի Դմիտրովսկի շրջանի Նովոյե Գրիշինո գյուղում։ Նույն շրջանի Կովերյանկի գյուղում գտնվում են այն տները, որտեղ նկարահանվել է Վերայի հետ Պլատոնի հանդիպումը (տներից մեկը նկարահանվել է ճակատամասից, իսկ մյուսում իրականացվել են ինտերիերային նկարահանումներ[8]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդույթի համաձայն՝ ֆիլմի գլխավոր երգի համար տեքստը գրել է Էլդար Ռյազանովը, սակայն, ինչպես նախկինում է եղել, նա չի համարձակվել նրանց առաջարկել կոմպոզիտոր Անդրեյ Պետրովին իր անունից և նրան ներկայացրել է որպես Դավիթ Սամոյլովի բանաստեղծություն։ Մեղեդին, որը երգում է Վերան, «Raindrops Keep Fallin’ on My Head» երգն է, որը գրել է կոմպոզիտոր Բերտ Բակարակը «Բուտչ Քեսիդի և Սանդենս Քիդ» ֆիլմի համար։ Խորհրդային Միությունում հայտնի էր երգի ֆրանսերեն տարբերակը՝ «Toute la pluie tombe sur moi» Սաշա Դիստելի կատարմամբ։
«Քեռի Միշան» ներկայացնում է մագնիտոֆոնը մոզամբիկյան երգիչ Աֆրիկ Սիմոնի «Hafanana» երգի ձայնագրությունով։ Այնուհետև «Քեռի Միշայի» մենախոսության ֆոնին հնչում է ABBA խմբի «So Long» երգը։
Ֆիլմում օգտագործվել են նաև Եվգենի Մարտինովի «Яблони в цвету», Ադրիանո Չելենտանոյի «Մնաս բարով», Ռայմոնդ Պաուլսի «Старинные часы», Վլադիմիր Վիսոցկու «Москва — Одесса» երգերը (Գեորգի Գարանյանի ղեկավարած «Мелодия» համույթի հետ կատարմամբ) և այլն։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983:
- XVI համամիութենական կինոփառատոն Լենինգրադում
- Մրցանակ կնոջ դերակատարման համար (Լյուդմիլա Գուրչենկո)
- Մրցանակ խորհրդային կինոկատակերգության զարգացման գործում ունեցած ավանդի համար (Էլդար Ռյազանով)
- «Տարվա լավագույն ֆիլմ» և «Տարվա լավագույն դերասանուհի» «Советский экран» հանդեսի հարցման արդյունքներով
- XVI համամիութենական կինոփառատոն Լենինգրադում
- 1984
- «Վարշավայի սիրեն» քննադատների մրցանակ տարվա լավագույն արտասահմանյան ֆիլմի համար Լեհաստանում
- ԽՍՀՄ պետական մրցանակ
Մասնակցություն կինոփառատոններին
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983 – Կաննի կինոփառատոն (Ֆրանսիա)
- 2000 – Ռուսական կինոյի փառատոն Օնֆլերում (Ֆրանսիա)
- 2004 – «Յունիվերկինո» ռուսական ֆիլմերի կինոփառատոն Նանտում (Ֆրանսիա)
- 2007 – Ռուսական կինոն «Arlequin» կինոփատրանում, Փարիզ (Ֆրանսիա)
- 2009 – «Արբանյակ Լեհաստանի վրա» կինոփառատոն Վարշավայում (Լեհաստան)
- 2010 – «Ռուսական վերածնունդ» փառատոն Սիդնեյում (Ավստրալիա)
- 2012 – «Արբանյակ Լեհաստանի վրա» կինոփառատոն Վարշավայում (Լեհաստան)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0084873/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://www.imdb.com/title/tt0084873/releaseinfo
- ↑ 3,0 3,1 3,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Друзья и женщины». Микаэл Таривердиев: официальный сайт композитора, народного артиста России. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Анжелика Турмас. «Людмила Максакова: «К моему замужеству относились по-разному»». 7 дней. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Следствие вели…» с Леонидом Каневским ]
- ↑ Брагинский Э. В., Рязанов Э. А. Вокзал для двоих. — М.: АСТ, 2008. — ISBN 978-5-17-048780-6
- ↑ 8,0 8,1 Тайны советского кино — «Вокзал для двоих»
- ↑ «Прощай, Примадонна: Неопубликованное интервью Людмилы Гурченко». МК. Культура. 2011 թ․ մարտի 31. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ За кадром на съёмочной площадке «Вокзал для двоих»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կայարան երկուսի համար» ֆիլմը «Մոսֆիլմի» կայքում (ռուս.)
- «Կայարան երկուսի համար» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում (ռուս.)
|