Խևահավեր (ցեղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խևահավեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Խոլահավազգիներ (Suliformes)
Ընտանիք Խոլահավեր (Sulidae)
Ցեղ Խևահավեր (Morus)
Լատիներեն անվանում
Morus
Հոմանիշներ
  • Moris
Տիպիկ ներկայացուցիչներ
Տեսակներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 174698
NCBI 37577
EOL 104263


Խևահավերը (լատ.՝ Morus) խոլահավազգիներ (Suliformes) կարգի խոլահավեր (Sulidae) ընտանիքին պատկանող ծովային խոշոր թռչունների ցեղ է[1]։

«Morus» բառն առաջացել է հին հունարենից, որում «moros» բառը նշանակում է «հիմար, խենթ»։ Անվանումը տրվել է խոլահավերի և խևահավերի բազմացման ժամանակ նրանց ցուցաբերած վախի բացակայության պատճառով, ինչը թույլ է տալիս հեշտությամբ սպանել նրանց[2]։

Խոշոր սև-սպիտակ թռչուններ են՝ գլխի վրա դեղին բծերով։ Թևերը երկար են, սրածայր։

Ցեղը բաղկացած է երեք տեսակից. Հյուսիսային խևահավը (Morus bassanus) Հյուսիսային Ատլանտիկայում ամենամեծ ծովային թռչունն է՝ թևերի մինչև 2 մետր բացվածքով։ Մյուս երկու տեսակները հանդիպում են բարեխառն գոտիների ծովերում, որոնք հարում են Աֆրիկայի հարավային մասին, հարավային Ավստրալիային և Նոր Զելանդիային։

Խևահավերը ձկներ են որսում՝ բարձրությունից սուզվելով ծովը և հետապնդելով իրենց զոհին ջրի տակ, և դրա համար մի շարք հարմարեցումներ ունեն.

  • Նրանք չունեն արտաքին քթանցքներ. փոխարենը դրանք գտնվում են բերանի ներսում։
  • Ունեն օդապարկեր դեմքի և կրծքավանդակի մաշկի տակ, որոնք գործում են փուչիկավոր թաղանթի պես՝ մեղմելով ջրի հարվածը։
  • Երկակնյա տեսողության համար աչքերի դիրքը բավականաչափ առջևում է, ինչը նրանց թույլ է տալիս ճշգրիտ գնահատել հեռավորությունները։

Խևահավերը կարող են սուզվել 30 մ բարձրությունից՝ ջրին բախվելիս հասնելով 100 կմ/ժ արագության, ինչը նրանց թույլ է տալիս ձուկ որսալ շատ ավելի մեծ խորություններում, քան թռչող թռչունների մեծ մասին։

Թռչնաբան Բրայան Նելսոնն առաջարկել է կապյան խևահավը, ինչպես նաև ավստրալիական խևահավը, համարել հյուսիսային խևահավի գերտեսակի ալոպատրիկ տեսակներ։ Կապյան խևահավն ավստրալիական խևահավից տարբերվում է միայն աչքերի շուրջ չփետրակալած մաշկի մի քիչ ավելի փոքր մասով, ավելի մուգ ծիածանաթաղանթով և պոչի չորս կենտրոնական փետուրների սև գույնով։ Կապյան խևահավի հետ խառնածին ձևեր հազվադեպ են առաջանում։

Զուգավորում և բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խևահավերը կղզիներին և ափերին բնադրող գաղութներ են կազմում։ Սովորաբար ածում են մեկ կավճակապույտ ձու[3]։ Թխսաբծեր չունեն և ձվերը տաքացնելու համար օգտագործում են իրենց թաղանթավոր թաթերը։ Հասունանում են մոտ 5 տարեկանում։ Տարին դեռ չլրացած թռչուններն ամբողջովին սև են, իսկ հետագայում ոչ լրիվ հասուն թռչունների փետրավորության մեջ ավելի ու ավելի շատ են դառնում սպիտակ փետուրները։

Կարգաբանություն և էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խևահավեր ցեղը ներառում է 3 ժամանակակից տեսակ, հայրախոլահավեր ցեղը՝ մեկ տեսակ՝ աբբոթի խոլահավը, իսկ մնացած խոլահավերը գտնվում են Խոլահավեր համանուն ցեղում։ Սակայն որոշ հեղինակավորություններ կարծում են, որ Խոլահավեր (Sulidae) ընտանիքի բոլոր տեսակները պիտի համարվեն ցեղակից։ Ժամանակին խևահավերի տարբեր տեսակները մեկ տեսակ էին համարվում։

Լուսանկար Գիտական անվանում Հայերեն անվանում Տարածվածություն
Morus bassanus adu.jpg Morus bassanus Հյուսիսային խևահավ Գոլֆստրիմի ազդեցության տակ գտնվող Հյուսիսային Ատլանտիկայի ափերը
Cape Gannet - Morus capensis.JPG Morus capensis Կապյան խևահավ Հարավային Աֆրիկայում (երեք կղզի Նամիբիայում և երեք կղզի ՀԱՀ-ում)
Morus serrator - Dunalley.jpg Morus serrator Ավստրալիական խևահավ Նոր Զելանդիայի, Վիկտորիայի և Թասմանիայի ափերը

Բրածո խևահավերի մեծ մասը ուշ միոցենից կամ պլիոցենից է, երբ ծովային թռչունների բազմազանությունն ընդհանուր առմամբ շատ ավելի մեծ էր, քան այսօր։ Պլեյստոցենի վերջում տեսակների անկման պատճառը պարզ չէ. իր դերը կարող էր խաղալ ծովային կաթնասունների տարածման պատճառով մրցակցության աճը։

Խևահավերը շատ ավելի լավ են արձանագրված բրածոներում, քան խոլահավեր ցեղը, թեև վերջինս այսօր ավելի մեծաթիվ է։ Պատճառները պարզ չեն. խոլահավերը, հավանաբար, ավելի հարմարված են եղել կամ պարզապես «բախտը բերել» է հայտնվել ճիշտ վայրերում՝ ուշ պլիոցենի էկոլոգիական փոփոխությունների հետ կապված մարտահրավերներին դիմակայելու համար, կամ բազում այլ բրածո խոլահավեր դեռ սպասում են հայտնաբերմանը։ Հատկանշական է, որ խևահավերն այսօր սահմանափակված են միայն բարեխառն գոտիների օվկիանոսներով, իսկ խոլահավերը հանդիպում են նաև արևադարձային ջրերում, մինչդեռ նախապատմական խևահավերի տեսակներից մի քանիսն ավելի հասարակածային տարածում ունեին, քան այսօրվա նրանց ցեղակիցները։

Խևահավերի բրածո տեսակներն են.

  • Morus loxostylus (վաղ միոցեն, ԱՄՆ-ի արևելյան ափ) – ներառում է M. atlanticus
  • Morus olsoni (միջին միոցեն, Ռումինիա)
  • Morus lompocanus (ուշ միոցեն, Լոմպոկ, ԱՄՆ)[4]
  • Morus magnus (ուշ միոցեն, Կալիֆոռնիա)
  • Morus peruvianus (ուշ միոցեն, Պիսկո, Պերու)
  • Morus vagabundus (ուշ միոցեն, Կալիֆոռնիա)[4]
  • Morus willetti (ուշ միոցեն, Կալիֆոռնիա), նախկինում Խոլահավերում էր[4]
  • Morus sp. (ուշ միոցեն, Շարքթութ Հիլլ, Կալիֆոռնիա, ԱՄՆ. Միլլեր 1961) – հավանաբար M. magnus
  • Morus sp. 1 (ուշ միոցեն/վաղ պլիոցեն, Լի Քրիքի հանք, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ)
  • Morus sp. 2 (ուշ միոցեն/վաղ պլիոցեն, Լի Քրիքի հանք, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ)
  • Morus peninsularis (վաղ պլիոցեն)
  • Morus recentior (միջին պլիոցեն, Կալիֆոռնիա)
  • Morus reyanus (Ուշ պլեյստոցեն, ԱՄՆ-ի արևմտյան ափ)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «IOC World Bird List 11.1» (անգլերեն)։ doi:10.14344/ioc.ml.11.1 
  2. Jobling James A. (2010)։ The Helm dictionary of scientific bird names : from aalge to zusii։ London: Christopher Helm։ ISBN 978-1-4081-3326-2։ OCLC 659731768 
  3. Brood Operations: Keeping Brood, Egg Collection, and Incubation։ Oxford, UK: Blackwell Publishing։ էջեր 136–163 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Miller Loye (1961-09)։ «Birds from the Miocene of Sharktooth Hill, California»։ The Condor 63 (5): 399–402։ ISSN 0010-5422։ doi:10.2307/1365299