Խաղարկային կինոյի ժանրեր
Արտաքին տեսք
(Վերահղված է Խաղարկային կինոյի ժանրերըից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Խաղարկային կինոյում ընդհանուր ժանրային դասակարգում գոյություն չունի։ Տարբեր կինոարվեստաբաններ ժանրերի իրենց ընդունելի ցուցակն են տալիս։ Այսպիսով կինոյի ժանրերի մասին խոսելը հարաբերական է։ Այս ցուցակը առավել ընդունված տարբերակն է։
- Արկածային - արկածային կինոնկարում հերոսները հայտնվում են տարբեր բարդ և խճճված իրադրություններում, որտեղից դուրս են պրծնում իրենց հնարամտության, արագ կողմնորոշվելու և չարագործին խաբելու միջոցով։ Մեծ մասամբ կինոնկարը ավարտվում է « հեփի էնդ» - ով (անգլ. happy end - երջանիկ ավարտ)։
- Գոթիկա (կամ նեոգոթիկա) - այս ժանրում կինոնկարներ են վամպիրների, ոգիների և այլոց մասին։ Կինոնկարները ընդհանրապես բնորոշվում են մռայլ մթնոլորտով, մութ տոներով և նեոգոթական ոճի շորերով և դեկորացիաներով։
- Դետեկտիվ - այս ժանրի ստեղծագործությունները անպայման պարունակում են հանցավոր արարք, որին հետևում է քննությունը, գործի և հանցավորների բացահայտումը։ Որպես կանոն հանդիսատեսի մոտ պետք է առաջանա սեփական վարկած և հետաքննությունը վարելու ցանկություն։
- Դրամա - ժանրին հատուկ է կոնֆլիկտային գործողությունները, երկխոսությունների և մենախոսությունների առատությունը։ Դրաման հիմնականում պատկերում էմարդու անձնական կյանքը և նրա հակասությունը հասարակության հետ։ Շատ անգամ շեշտը դրվում է համամարդկային հակասությունների վրա, որոնք արտացոլված են կոնկրետ հերոսների գործողություններում։
- Ողբերգություն - ի տարբերություն թատերական ողբերգության, կինոյում նա առանձնանում է, որպես առանձին ժանր։ Ողբերգության հիմքը հանդիսանում է անձի ընդհարումը աշխարհի, հասարակության հետ։ Դա ուժեղ կրքերի և բնավորությունների պայքար է։ Սակայն, ի տարբերություն դրամայի, ողբերգությունը ավարտվում է գլխավոր հերոսի վախճանով։
- Երաժշտական ֆիլմ - մյուզիքլ կամ օպերետ է, տեղափոխված թատերական բեմից էկրան։ Երաժշտական ֆիլմը հարուստ է երգերով, պարերով, հարուստ գեղեցիկ դեկորացիաներով և շորերով։ Պարտադիր առկա են մելոդրամայի էլեմենտները և հաճախ ավարտվում է « հեփի էնդ» - ով։
- Էրոտիկ ֆիլմեր - այս ժանրը ուղղված է հիմնականում հանդիսատեսի մոտ սեքսուալ և էրոտիկ ֆանտազիաներ առաջացնելուն։ Հիմնականում ուղղված է տղամարդ հանդիսատեսին։ Անչափահասներին արգելվում է դիտումը։
- Պոռնոֆիլմեր - էրոտիկ կինոնկարների ավելի բաց ձևն է։ Շատ երկրներում այս ժանրի կինոնկարների ցուցադրումը արգելված է։ Թույլատրվում է միայն ցուցադրումը փակ ակումբներում և ձայնագրությունների վաճառքը։
- Ընտանեկան ֆիլմ - մանկական և այն կինոնկարներն են, որոնք նախատեսված են դիտելու ընտանիքով։ Այս ժանրի կինոնկարները զուրկ են բռնության տեսարաններից, պարունակում են մելոդրամայի և կատակերգության էլեմենտներ։
- Թրիլեր (անգլ. - թրթիռ) - այսպես են անվանվում այն կինոնկարները, որոնք ձգտում են հանդիսատեսի մոտ առաջացնել հուզմունք, սրտատրոփ սպասում և սարսափելի իրադարձության կանխազգացում։ Ժանրը հստակ սահմաններ չունի։ Հաճախ թրիլլեր են համարում դետեկտիվ, արկածային ժանրի կինոնկարները, որտեղ շեշտը դրված է առանձնահատուկ հանցագործության նախապատրաստման վրա։ Երբեմն էլ սարսափ ֆիլմերն են թրիլլեր համարում։
- Միստիկական թրիլեր - Կինոնկար է թրիլլերի և սարսափ ֆիլմի սահմանում։ Հերոսները ընդհարվում են անհասկանալի, միստիկական իրողության հետ։ Հաճախ խոսքը օկկուլտիզմի, կախարդության, նեռի գալստյան և այլնի մասին է։
- Հոգեբանական թրիլեր - կինոնկար է, որտեղ հուզմունքն ու լարումը առաջանում է հերոսների բնավորության հակազդեցությունից, նրանց պահվածքից, ասածի սխալ մեկնաբանությունից։
- Աղետ ֆիլմ - Այս տիպի կինոնկարներում հերոսները ենթարկվում են աղետի և աշխատում են փրկվել։ Խոսքը կարող է գնալ բնական (երկրաշարժ, պտտահողմ, հրաբուխ և այլն) կամ տեխնոգեն աղետի (ատոմակայանի, օդանավի, գնացքի վթարներ և այլն)։
- Կենսագրական ֆիլմ - կինոնկար է հիմնված հայտնի մարդու կենսագրականի վրա։
- Կատակերգություն - այս ժանրի կինոնկարները նպատակ ունեն ծիծաղեցնել հանդիսատեսին, ժպիտ առաջացնել, բարելավել տրամադրությունը։
- Իրադրության կատակերգություն - սա կատակերգության դասական տեսակն է, որտեղ հերոսները հիմնականում հայտնվում են ծիծաղելի, հետաքրքիր իրավիճակներում։
- Պարոդիա - այս ժանրը հիմնականում ծաղրանքով անդրադառնում է, նախկինում նկարահանված հայտնի կինոնկարներին։
- Ֆարս - թեթև բովանդակությամբ կինոկատակերգություն է, զուտ արտաքին կատակերգական հնարքներով։
- Մարտաֆիլմ - «action movie» (էքշն ֆիլմ) այս ժանրը ցուցադրում է «բարին պետք է բռունցքներով լինի» դրույթը։ Կինոնկարները խորը բովանդակություն չունեն։ Գլխավոր հերոսը ընդհարվում է չարին, նրա ամենտարբեր ձևերին՝ հանցագործություն, կաշառակերություն, տերորիզմ, սպանություն։ Ուրիշ ելք չգտնելով հերոսը որոշում է դիմել բռնության հանուն բարու հաղթանակի։ Արդյունքում սպանվում են ոչ մեկ տասնյակ չարագործներ։ « Հեփի էնդ» - ը այս ֆիլմերի պարտադիր պայմանն է, չարը պետք է պատժվի։
- Վեստեռն - այս ենթաժանրի դասական կինոնկարներում դեպքերը տեղի են ունենում Ամերիկայի Վայրի Արևմուտքում, XIX դարում։ Հակամարտությունռ հիմնականում ծագում է հանցագործների հրոսակախմբի և իշխանության ներկայացուցիչների կամ գլխագնի որսորդների (անգլ. bounty hunter) միջև։ Ինչպես սովորական մարտաֆիլմում հակամարտությունը լուծվում է կրակոցներով և բռնությամբ։ Վեստեռները տոգորված են ազատության և անկախության գաղափարներով, որը հատուկ էր Միացյալ Նահանգների արևմուտքին։
- Գանգստերական - այս ենթաժանրի կինոնկարների գործողությունները հիմնականում տեղի են ունենում Միացյալ Նահանգներում 1930- ական թվականներին, գանգստերական խմբավորումների ծաղկման ժամանակ։ Հիմնական բովանդակությունը պայքարն է տարբեր խմբավորումների միջև։
- Կարատե ֆիլմ - այս ենթաժանրի կինոնկարները քիչ են տարբերվում մարտաֆիլմերից, բայց կարատե կինոնկարների հերոսները պայքարում են հրազենով, այլ օգտագործում են արևելյան մարտարվեստի իրենց հմտությունները։
- Մելոդրամա - այս ժանրի կինոնկարները բացահայտում են հերոսների հոգեկան և զգայնական աշխարհը հաճախ առավել վառ, էմոցիոնալ իրավիճակներում՝ բարու և չարի, սիրո և ատելության հակասության հիման վրա։
- Սիրո պատմություն - նման կինոնկարներում պատկերվում է գեղեցիկ և խոր սեր, որ հաճախ չի ընդունում շրջակա միջավայրը և խանգարում են բարդ իրադրությունները։
- Պատմական - այս ժանրի կինոնկարները կամ նկարագրում են կոնկրետ պատմական իրադրություններ, կամ էլ սյուժեն ներհյուսված է այդ իրադրությունների մեջ։
- Պատերազմական - կինոնկարներ են պատերազմի մասին։ Հիմնականում հակապատերազմական շեշտադրում է։
- Սարսափ ֆիլմեր - այս ժանրի կինոնկարները կոչված են վախեցնել հանդիսատեսին, ստեղծել լարված սարսափի մթնոլորտ, ինչ որ սարսափելի իրադրության կանխազգացում առաջացնել։ Սյուժեն հիմնականում կառուցված է հանգիստ քաղաքում սերիական մարդասպանի հայտնվելով։ Խաղաղ միջավայրում կարող է հայտնվել նաև գենետիկ մուտանտ, այլմոլորակայիններ, զոմբիներ և այլն։ Կինոնկարները հիմնականում հարուստ են մարդկային խեղված մարմիններ ցուցադրող սարսափազդու տեսարաններով։
- Ֆանտաստիկ ֆիլմ - այս ժանրի կինոնկարներում երևակայականը գերիշխում է իրականությանը։ Գործողությունները տեղի են ունենում ապագայում, անցյալում կամ էլ «զուգահեռ կյանքում»։
- Ֆենտեզի - ենթաժանր է, հիմքում հատուկ «հեքիաթային» հորնված աշխարհ է։ Այդ աշխարհը հիշեցնում է միջնադարը, բնակեցված է դիցաբանական էակներով, լցված ե կախարդությամբ և մոգությամբ։
- Ֆանտասմագորիա - կինոնկարներ են իրականությունից կտրված ինչ որ մի բանի մասին, պատկերում են տարօրինակ երևույթներ, հիվանդագին ֆանտազիաներ։
- Տիեզերական Օպերա - այս կինոնկարների գործողությունները տեղի են ունենում հեռու ապագայում, հեռավոր մոլորակների վրա, տիեզերական կայաններում։ Դասական օրինակը «Աստղային պատերազմներ» կինոնկարներն են։
- Կիբերպանկ - ենթաժանր է, որի կենտրոնում համակարգիչներն են, բարձր տեխնոլոգիաները և պրոբլեմները, որոնք ծագում են գիտական առաջընթացի արդյունքները ճիշտ չօգտագործելուց։ Հիմնականում պատկերված է հակերների պայքարը հզոր տրանսազգային կորպորացիաների դեմ։
- Պոստապոկալիպտիկա - ենթաժանր է, որը պատկերում է հասարակության կյանքը ինչ-որ գլոբալ աղետից հետո (օրինակ՝ գլոբալ տաքացում, համաշխարհային պատերազմ, մոլորակի բախումը աստերոիդի հետ և այլն)։