Լևոն Մուրադյան (թավջութակահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Մուրադյան
Ծնվել էհուլիսի 10, 1959(1959-07-10) (63 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԵրկիրFlag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg Հայկական ԽՍՀ և Flag of Portugal.svg Պորտուգալիա
Մասնագիտությունթավջութակահար
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա

Լևոն Հայրիկի Մուրադյան (հուլիսի 10, 1959(1959-07-10), Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ թավջութակահար, մանկավարժ։ Հայրիկ Մուրադյանի թոռը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Մուրադյանը ծնվել է 1959 թվականի հուլիսի 10-ին Երևանում. «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիր Մարո Մուրադյանի որդին է[1]։ 1977 թվականին ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը (դասատու՝ Ա. Չաուշյան), ապա Մոսկվայի պետական կոնսերվատորիան և ասպիրանտուրան (1986, երկուսում էլ ղեկավարը եղել է Մ. Խոմիցերը)։ 1977-1979 թվականներին սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում (Ա. Չաուշյանի դասարան)։

1960 և 1963 թվականներին Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Դավիթ Խանջյան) կատարել է Պ. Ի. Չայկովսկու Ռոկկոկո-վարիացիաները։

1989 թվականին բնակություն է հաստատել Պորտուգալիայում։ 1990 թվականին դարձել է Լիսաբոնի «Կյուլպեն­կյան» սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, «Solistas» լարային քառյակի թավջութակահարը։ 1996 թվականին սկսել է դասավանդել Էվորայի (Պորտուգալիա) Արվեստի համալսարանում, 2015 թվականին՝ Լիսաբոնի կոնսերվատորիայում։ Վարպետության դասեր է վարում Ջորջիայի (ԱՄՆ) համալսարանում, Կալիֆոռնիայի երաժշտության ինստիտուտում, նաև «Valle De Arlanza», «La nueva generacion musical», «Viana do Castelo» միջազգային փառատոներում (թավջութակ և կամերային երաժշտություն)։

Որպես մենակատար՝ Լևոն Մուրադյանը հանդես է եկել դիրիժորներ Վ. Գերգիևի, Վ. Բ. Դուդարովայի, Գ. Ն. Ռոժդեստվենսկու, Ջանսուղ Կախիձեի, Լ. Ֆոստերի, Ա. Բիրոնի, նաև Ռ. Ահարոնյանի, Վ. Պապյանի, Գ. Վ. Կոստինի, համերգներով՝ Սերգեյ Խաչատրյանի, Լ. Համբարձումյանի, Դ. Չանգի, Կ. Վինսենսի, Գ. Ռապսի, Թ. Լինդերի, Յ. Ե. Ժիսլինի, Աշոտ Տանիայի, Դ. Ռոլանդի, Հ. Մելիքյանի և ուրիշների հետ՝ Մյունխենի, Տալլինի, Ս. Պետերբուրգի, Բուրգոսի, Մադեյրայի, Սինտրայի և այլ հայտնի փառատոներում։

Լևոն Մուրադյանը «Դելլալան եռյակի» հիմադիր-թավջութակահարն է։ Համերգներով շրջագայել է Ռուսաստանում, Իսրայելում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Կորեայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Կիպրոսում, Հայաստանում և այլուր։

Ձայնագրել է մի շարք խտասալիկներ, որոնց թվում են «Քլեյվ Ռեքորդսի» կողմից թողարկված Առնո Բաբաջանյանի և Կոմիտասի ստեղծագործությունները[2]։

2012 թվականին թողարկվել է Լևոն Մուրադյանի և Հայկ Մելիքյանի համատեղ «Յան» խտասալիկը, որում տեղ են գտել 20-րդ դարի հայ կոմպոզիտորներ Ավետ Տերտերյանի, Տիգրան Մանսուրյանի, Հարություն Դելլալյանի և Կարեն Խաչատրյանի սոնատները[2]։

2013 թվականին դաշնակահար Յերոն Ռիմսդիկի հետ Հոլանդական «Մասթեր Ստուդիոյում» ձայնագրել է Դմիտրի Շոստակովիչի և Կարեն Խաչատրյանի սոնատները։ Նույն թվականին ձայնագրել է նաև «Իտալական վիրտուոզներ» խտասալիկը, որում տեղ են գտել Լոկատելլիի, Վալենտինիի և Բոկերինիի ստեղծագործությունները[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 – Համամիութենական մրցույթի 3-րդ մրցանակ (Թբիլիսի),
  • 1985 – Պ. Կազալսի անվան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ (Բուդապեշտ),
  • 1986 – Պ. Ի. Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր (Մոսկվա),
  • 1997 – «Ջուլիո Կարդոնա» մրցույթի 1-ին մրցանակ (Կովիլ, Պորտուգալիա)։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիացի կոմպոզիտոր Վ. Զվագը (թավջութակի սոնատ) և անգլիացի կոմպոզիտոր Ի. Մուդին (թավջութակի կոնցերտ) երկեր են նվիրել Լևոն Մուրադյանին, որը նա ընդգրկել է Վիմ Զուաագի ստեղծագործությունների՝ իր թողարկած խտասալիկում[2]։
  • Նվագում է Ա. Ստրադիվարիուսի թավջութակներով (18-րդ դարի վենետիկյան գործիքով[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png