Լյուիս Հայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուիս Հայն
անգլ.՝ Lewis Wickes Hine
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 26, 1874(1874-09-26)[1][2][3][…]
ԾննդավայրՕշկոշ, Վիսկոնսին, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 3, 1940(1940-11-03)[3][4][5] (66 տարեկան)
Մահվան վայրՀաստինգս-օն-Հադսոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ[6]
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Նյու Յորքի համալսարան և Չիկագոյի համալսարան
ԵրկերՇոգեպոմպով աշխատող մեխանիկ, 1920 թ.
Մասնագիտությունսոցիոլոգ, լուսանկարիչ և արվեստների գործիչ
Lewis Hine Վիքիպահեստում

Լյուիս Հայն (անգլ.՝ Lewis Wickes Hine, սեպտեմբերի 26, 1874(1874-09-26)[1][2][3][…], Օշկոշ, Վիսկոնսին, ԱՄՆ - նոյեմբերի 3, 1940(1940-11-03)[3][4][5], Հաստինգս-օն-Հադսոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լուսանկարիչ և սոցիոլոգ, վավերագրական լուսանկարչության վարպետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուիս Հայնը ծնվել է Վիսկոնսին նահանգի Օշկոշ քաղաքում։ Այն բանից հետո, երբ հայրը մահացել է դժբախտ պատահարից, տղան երկար ժամեր աշխատել է գործարանում և խնայել իր գումարը քոլեջի կրթության համար՝ անմիջականորեն ճանաչելով և բացահայտելով այն, ինչն ավելի ուշ սկսել է լուսանկարել։ Նա սովորել է հայրենի քաղաքի դպրոցում, ապա Չիկագոյի և Նյու Յորքի համալսարաններում, որտեղ և ստացել է մագիստրոսի աստիճան:

1901 թվականին Հայնը սկսել է դասավանդել Նյու Յորքի էթիկական մշակույթի դպրոցում։ Երկու տարի անց նա ձեռք է բերել ֆոտոխցիկ և ատրճանակ՝ մագնեզիումի բռնկման համար: Փորձերի և սխալների ճանապարհով սովորել է տիրապետել իր գործիքներին և լուսանկարներ անել, որոնք պետք է ցուցադրեին դպրոցական կյանքը:

20-րդ դարի սկզբին Լյուիս Հայնն աշխատել է որպես սոցիոլոգիայի ուսուցիչ Նյու Յորքի հրեական-սլավոնական գետտոյում: Նա սկսել է լուսանկարել 1905 թվականին։ Նրա առաջին լուսանկարները պատմում էին ներգաղթյալների ճակատագրի մասին, որոնք անընդհատ գաղթում էին դեպի ԱՄՆ, ցույց էին տալիս նրանց աղքատությունը, շփոթվածությունը, և ավելի լավ ապագայի հանդեպ ունեցած անհագ հույսը եթե ոչ իրենց, ապա գոնե իրենց երեխաների համար։ Նրա աշխատանքները տոգորված էին հումանիստական պաթոսով, և սոցիալական օրենսդրության շուտափույթ իրականացման համար պայքարող նոր պարբերագրերը սիրով տպում էին դրանք։ Հաջողությամբ ոգեշնչված՝ Հայնը հեռացել է դպրոցից և դարձել պրոֆեսիոնալ լուսանկարիչ։

Թմբուկի մոտ կանգնած փոքրիկ երեխա, 1876 թ.

1908 թվականին Լյուիս Հայնը դարձել է ԱՄՆ-ի Մանկական աշխատանքի ազգային կոմիտեի (National Child Labor Committee) հաստիքային լուսանկարիչ, որը սկսել է ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին արշավը արտադրության մեջ երեխաների շահագործման դեմ: Գրեթե 10 տարի նա շրջել է ԱՄՆ-ի ամբողջ տարածքով՝ ատլանտյանից մինչև խաղաղօվկիանոսյան ափ։ Տարբեր պատրվակներով՝ ձևանալով ապահովագրական գործակալ, վաճառող, քարոզիչ կամ ծայրահեղ դեպքում՝ որպես արդյունաբերական լուսանկարիչ, նա ներթափանցել է գործարաններ և ֆաբրիկաներ, որտեղ օգտագործվում էր մանկական աշխատանքը։ Հայնը լուսանկարել է մանկահասակ աշխատողներին. հանքափորների, ջուլհակների, նավահանգստային բեռնակիրների, հնոցապանների, բատրակների, աղբահավաքների: Հայտնի «Տեսիլք» լուսանկարը, որտեղ ներկայացված է ջուլհակի դազգահից դեպի ֆաբրիկայի պատուհանը շրջված փոքրիկ աղջիկ, դարձել է մանկական աշխատանքի դեմ պայքարի խորհրդանիշ: Այս ժամանակաշրջանի իր լուսանկարները լուսանկարիչը հակիրճ անվանել է «կորած սերնդի պատկերասրահ»:

1918-ին Հայնը մտել է Կարմիր խաչ, որից հետո նա ուղարկվել է Ֆրանսիա, որտեղից մեկնել է Իտալիա, ապա՝ Հունաստան։ Նյու Յորք նա վերադարձել է արդեն 1919 թվականին[7]։ 1920-1930-ականներին Հայնը շարունակում էր լուսավորել Ամերիկայի աշխատավորների կյանքը։ Այս ժամանակի ամենահայտնի աշխատանքներից է լուսանկարների շարքը, որը նվիրված է Նյու Յորքի 102-հարկանի Էմփայր Սթեյթ Բիլդինգ երկնաքերի կառուցմանը: Զբաղվելով կիսակառույց երկնաքերի նկարահանումներով՝ նա իր վրա է վերցրել բոլոր ռիսկերն ու ողջ պատասխանատվությունը։ Առավել որակյալ ու յուրահատուկ լուսանկարներ ստանալու համար Հայնը ստիպված է եղել նկարահանել կողովից, որը հատուկ նրա համար են նախագծել։ Ընդ որում այդ զամբյուղը գտնվում էր ավելի քան 304 մետր բարձրության վրա և կախված էր Հինգերորդ պողոտայի վրա: Այս աշխատանքներն այլևս չեն արտացոլում աշխատանքային դասի ծանր վիճակը, դրանք ավելի շուտ ողողված են ամերիկյան շինարարների նվաճումների հանդեպ հպարտությամբ: Լուսանկարիչն ավելի շատ ուշադրություն է սկսել հատկացնել կադրի կառուցվածքի և հորինվածքի վրա:

Նրա կյանքի վերջին տարիները լի էին մասնագիտական պայքարով՝ պետական և կորպորատիվ հովանավորության կորստի պատճառով: Նա մահացել է 1940 թվականի նոյեմբերի 3-ին Նյու Յորքի Դոբբս-Ֆերի հիվանդանոցում վիրահատությունից հետո։ Լյուիս Հայնը 66 տարեկան էր[8]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Lewis Hine
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lewis Wickes Hine — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 Luminous-Lint — 2005.
  5. 5,0 5,1 5,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  6. https://www.moma.org/artists/2657
  7. 20-րդ դարի լուսանկար: Քյոլնի Լյուդվիգի թանգարան / թարգմ. անգլ. Ա.Ա. Սոսինովա. — Հրատարակչություն АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
  8. The New York Times; November 4, 1940; "Lewis W. Hine; Photographer Whose Pictures Showed Conditions in Factories", p. 19

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sampsell-Willmann K. Lewis Hine as social critic. Jackson: University Press of Mississippi, 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]