Լեզվական խտրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեզվական խտրականություն (հայտնի նաև որպես լինգվիցիզմ կամ լեզվաբանական խտրականություն), անհատի կամ էթնիկ խմբի քաղաքական և (կամ) տնտեսական իրավունքների խախտում տվյալ տարածքում քանակական կամ սոցիալական գերիշխանություն ունեցող էթնոսի լեզվի չիմացության կամ վատ իմացության պատճառով[1], լեզվական իրավունքների խախտում, ինչպես նաև լեզվի վրա հիմնված անարդարություն կամ կողմնակալություն անձի կամ էթնիկ խմբի նկատմամբ։ Ինչպես խտրականության ցանկացած այլ ձև, կարող է դրսևորվել ինչպես կենցաղային, այնպես էլ պետական մակարդակներում։ Խտրականության կարող է ենթարկվել ինչպես անհատի կամ խմբի մայրենի լեզուն, այնպես էլ լեզվական առանձին բնութագրիչները, ինչպիսիք են՝ առոգանությունը, բառապաշարը, շարահյուսությունը և այլն։ Հաճախ այս բնութագրիչները պատկերացում են կազմում անհատի ծագման, սոցիալական կարգավիճակի, կրթական մակարդակի, բնավորության կամ անհատի այլ հատկությունների մասին, ինչը հետագայում կարող է հանգեցնել նրա նկատմամբ անհիմն և անարդար վերաբերմունքի։

Լեզվական ռասիզմը, որպես լեզվական ռեսուրսների օգտագործում խտրականության համար, կարող է դրսևորվել սոցիալական մեկուսացման կամ ծաղրի, պարոդիայի, չարամիտ սարկազմի տեսքով նրանց նկատմամբ, ում խոսքը չի համապատասխանում տվյալ հասարակությունում ընդունված նորմատիվ չափանիշներին[2]։

Եզրույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լինգվիցիզմ» եզրույթն առաջին անգամ օգտագործվել է 1980-ականների կեսերին լեզվաբան Թովե Սկուտնաբ-Կանգասի կողմից։ Նրա սահմանման համաձայն՝ լինգվիցիզմը «գաղափարախոսություններն ու կառույցներն են, որոնք օրինականացնում և իրականացնում են իշխանության և ռեսուրսների (ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական) անհավասար բաժանումը խմբերի միջև, որոնք տարբերվում են լեզվական հիմքերով»[3]։

«Լեզվական խտրականություն», «լինգվիցիզմ» և «լեզվաբանական խտրականություն» տերմինների հետ մեկտեղ հանդիպում է նաև «լեզվի վրա հիմնված խտրականություն» տերմինը, որն օգտագործվում է միջազգային փաստաթղթերի տեքստերում։

Պատմական օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդիականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվական խտրականությունը աֆրոամերիկացիների նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ աֆրոամերիկացիներ խոսում են անգլերենի հատուկ տարատեսակով, որը իր մեջ համատեղում է բարբառի և սոցիոլեկտի առանձնահատկություններ, և այս պատճառով, հաճախ լինգվիցիզմի առարկա են դառնում։ Աֆրոամերիկյան անգլերենը ամերիկյան հասարակության կողմից հաճախ ընկալվում է որպես ցածր ինտելեկտի կամ կրթության մակարդակի ցուցանիշ։ Ավելին, աֆրոամերիկյան անգլերենը հաճախ անվանում են «ծույլ» կամ «վատ» անգլերեն։

Լեզվաբան Ջոն Մաքուորթերը լինգվիցիզմի այս ձևը բնութագրել է որպես ամենախնդրահարույցը Միացյալ Նահանգներում, որտեղ ուսուցիչների և պոտենցիալ գործատուների կողմից ոչ ստանդարտ լեզվական կառույցները հաճախ «սխալ» են գնահատվում՝ ի տարբերություն մի շարք այլ երկրների, ինչպիսիք են Մարոկկոն, Ֆինլանդիան և Իտալիան, որտեղ դիգլոսիան (երկու կամ ավելի բարբառների կամ լեզուների միջև անցնելու ունակություն) համատարած ընդունված նորմ է, իսկ ոչ ստանդարտ քերականության կամ բառապաշարի օգտագործումը խոսքի մեջ ընկալվում է որպես տարածաշրջանային ծագման ցուցիչ, այլ ոչ թե ինտելեկտի մակարդակի։

Լեզվական խտրականություն լատինաամերիկացիների նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում այն մարդուն, ով ունի ուժեղ մեքսիկական առոգանություն և օգտագործում է միայն պարզ անգլերեն բառեր, կարող են համարել վատ կրթված, ցածր եկամուտ ունեցող և, հնարավոր է, անօրինական ներգաղթյալ։ Միևնույն ժամանակ, լատինամերիկացին, ով ունի ոչ այնքան նկատելի ակցենտ կամ ընդհանրապես ակցենտ չունի և տիրապետում է հարուստ բառապաշարի, չի լինի խտրականության և սոցիալական նախապաշարմունքների թիրախ։

Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվեբեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսերեն լեզվի խարտիան, որն ընդունվել է 1977 թվականին, բազմիցս մեղադրվել է խտրական լինելու մեջ։ Այս կանոնադրությունը Քվեբեկի հիմնական լեզվական օրենքն է, որի գլխավոր նպատակն է պաշտպանել ֆրանսերենի պաշտոնական լեզվի կարգավիճակը։ Փաստաթուղթը նախատեսում է ֆրանսերենի օգտագործումը պետական հաստատություններում և դպրոցներում, սահմանում է այն որպես աշխատանքային լեզու Քվեբեկի խոշոր և միջին ձեռնարկություններում։ Կանոնադրության համաձայն՝ բոլոր ցուցանակները, գովազդային վահանակները, փողոցների անվանումները և ճանապարհային նշանները պետք է լինեն ֆրանսերեն։ Ցանկության դեպքում անգլերենը կարելի է օգտագործել, պայմանով, որ անգլերեն տառերի չափը չգերազանցի ֆրանսերենի 3/4-ը։ Հետաքրքիր է, որ այլ լեզուներով ցուցանակները կարելի է տեղադրել առանց չափի սահմանափակումների, զուգահեռ ֆրանսերեն տեքստի առկայության պայմանով։

Արդյունքում անգլիախոս բնակչությունը սկսեց զանգվածաբար լքել նահանգը։ Չնայած այն հանգամանքին, որ անգլիախոս բնակչության արտահոսքը նկատվում է դեռևս 1960-ական թվականներից, խարտիայի ընդունումն արագացրեց այն։ Այսպես, 2006 թվականի մարդահամարի տվյալներով, անգլիախոս բնակչությունը նվազել է 180 հազար մարդով[6]։

Այնուամենայնիվ, Քվեբեկի ֆրանսախոս բնակչության կողմից կանոնադրությունը դիտվում է որպես իրենց դեմ լեզվական խտրականությունը կանխելու միջոց։

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ականներին Չինաստանի կառավարությունը սկսել է քարոզել մանդարինի օգտագործումը չինարենի կանտոնական բարբառի տարածման շրջաններում։ Սա վիճաբանության առարկա է դարձել Գուանչժոուի և Հոնկոնգի հետ, որտեղ տարածված է կանտոնական բարբառը։ Հետագայում կանտոնական բարբառը դարձավ Հոնկոնգի՝ որպես ՉԺՀ-ի հատուկ վարչական միավոր հաստատվելու միջոց՝ անկախ (բացառությամբ արտաքին քաղաքականության և պաշտպանության) մայրցամաքային Չինաստանից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Жеребило Т. В. Словарь лингвистических терминов. Изд. 5-е, испр. и доп. — Назрань: ООО «Пилигрим», 2010. — 486 с. ISBN 978-5-98993-133-0.
  2. Tankosić, Ana; Dovchin, Sender (C)overt linguistic racism: Eastern-European background immigrant women in the Australian workplace(անգլ.) // Ethnicities. — 2021. — С. 1—32. — ISSN 1468-7968. — doi:10.1177/14687968211005104
  3. Skutnabb-Kangas, Tove, and Phillipson, Robert, «'Mother Tongue': The Theoretical and Sociopolitical Construction of a Concept.» In Ammon, Ulrich (ed.) (1989). Status and Function of Languages and Language Varieties, p. 455. Berlin, New York: Walter de Gruyter & Co. ISBN 3-11-011299-X.
  4. «Linguistic discrimination against the Tamils». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. «Tamils want an end to Sri Lanka discrimination after election». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. Richard Y. Bourhis & Pierre Foucher, "Bill 103: Collective Rights and the declining vitality of the English-speaking communities of Quebec ", Canadian Institute for Research on Linguistic Minorities, Version 3, November 25, 2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жеребило Т. В. Словарь лингвистических терминов. Изд. 5-е, испр. и доп. — Назрань։ ООО «Пилигрим», 2010. — 486 с. ISBN 978-5-98993-133-0.
  • Skutnabb-Kangas et al. (eds.), Linguistic human rights։ overcoming linguistic discrimination, Walter de Gruyter (1995), ISBN 3-11-014878-1.
  • R. Wodak and D. Corson (eds.), Language policy and political issues in education, Springer, ISBN 0-7923-4713-7.